Հայ ավետարանականների շարքում իր խնկելի տեղն ունի վերապատվելի Ահարոն Շիրաջյանը, այր, ով Հայոց մեծ եղեռնի տարիներին հայտնի էր որպես որբերի սիրելի հայրիկ, անապաստան հայուհիների պաշտպան ու բարերար:
«Պատվելիի որբանոց», «Հալեպի օրհնության տուն». այսպես է կոչվել Հալեպի Ագապա թաղամասում նրա նախաձեռնությամբ բացված որբանոցը, որտեղ մինչեւ 1924 թ. ապաստան է գտել շուրջ 13 հազար որբ: Որբանոցում նրանք սովորել են տարբեր արհեստներ, կրթություն են ստացել, դաստիարակվել հայեցի ու քրիստոնեական արժեքներով:
Եվ ահա Շիրաջյանի հիշատակին ու նրա ազգանվեր գործունեությանը նվիրված, հիրավի, բարձրակարգ մի բեմականացում՝ Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության եւ Հայաստանյայց ավետարանական եկեղեցու «Հայասա» թատերախմբի մատուցմամբ:
«Հայրիկը». այսպիսին էր Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմը զարդարած ներկայացման անվանումը (բեմադրիչ՝ Նունե Աբրահամյան): Իսկ դահլիճը հանդիսատեսի պակաս չուներ, որի առաջ բացված առաջին իսկ տեսարանը նրա հայացքը գամելու էր բեմին. կարմիր քոլոզավոր ու դեմքի դաժան արտահայտությամբ թուրք զինվորականը՝ Էֆենդին (դերակատար՝ Արա Գեւորգյան), զրուցելով մի կնոջ հետ, խոսում է հայ ժողովրդի վերջնական բնաջնջման, հայ որբուկների առուծախի, նրանց թրքացման մասին, բողոքում, որ որբանոցում երեխաներին թույլատրված է հայերեն կարդալ ու գրել: Հետո իր դժգոհությունն արտահայտելու էր նաեւ որբանոցի հիմնադիր Շիրաջյան-Հայրիկին (Սմբատ Ստեփանյան), բայց ապարդյուն. նա հավատարիմ էր մնալու իր առաքելությանը՝ փայփայելով ու սրտի ողջ գորովը պարգեւելով դժոխքից մազապուրծ երեխաներին:
Ներկայացման առանցքում որբանոցային տեսարաններ են՝ իրար ձեռքից երբեմն-երբեմն հաց խլող, երբեմն ծնողների կարոտից թաքուն արտասվող, երբեմն էլ խմբակային ուրախությամբ որբանոցային տխրությունը ցրող ութից-տասը երեխաներ, նրանց Տուտու մայրիկը (Կարինե Ջանջուղազյան)՝ իր անզուգական դիմախաղով, բեմական կեցվածքով ու վարպետությամբ: Հիվանդ որբուկների վրա դողացող ու հարեհաս բժիշկ Ալթունյանը (Զոհրաբ Բեկյան), արաբ Սեիդը (Արշակ Սեմիրջյան): Բոլորն իրենց հատկանշական կերպարի մեջ են՝ առինքնող ու ասպետաբարո Հայրիկը՝ սկզբունքային ու մանկափրկիչ իր առաքելությանը հավատարիմ՝ թող հայու բեկորները փողոցում չմեռնին: Կյանքով, աշխույժով լեցուն Տուտու մայրիկը՝ իր փայփայելի ճժերով, բժիշկը՝ հիվանդների հանդեպ սրդողած իր վերաբերմունքով, սպասարկու ու ոսկեպաշտ արաբ Սեիդը՝ քծնալի, երբեմն էլ անսիրտ կատարածուի հրաշալի իր կերպավորումով: Իսկ երեխաների խաղը. սա արդեն բառերով աննկարագրելի է, նրանցից յուրաքանչյուրը՝ մեկիկ-մեկիկ համբուրելի…
Որբանոցային, բայց կյանքով լեցուն միջավայր, ջերմությամբ շնչող մի մեծ ընտանիք: Իսկ ներկայացման ավարտը՝ հայ մարդուն բնորոշ լավատեսության փայլուն խորհրդանիշ՝ հարսնացուի ճերմակ քողի տակ է արդեն չափահաս դարձած որբուկ Վերոնիկը… Ասել է, թե կյանքը հաղթել է մահին: Եվ որպես պատվիրան է հնչում ազդու այն խոսքը, թե՝ դուք որբ չեք, դուք ընտանիք ունիք: Դուք հայ եք, դուք պիտի ապրիք: Դուք ապառաժ եք, ժայռ եք ու վրեժ…
Ներկայացումն ավարտվեց, բայց հուզված հանդիսատեսին դեռ անակնկալ էր սպասում. բեմ բարձրացավ որբուկների պաշտելի Հայրիկի՝ Ահարոն Շիրաջյանի թոռը՝ Ջոն Շիրաջյանը: Շնորհակալություն հայտնելով ներկայացման նախաձեռնողներին՝ նա ասաց. «Հայրս կպատմեր, թե ինչպես իմ մեծ հայրիկը մղձավանջներ կունենար եւ դժվարություն ուներ գիշերները քնանալու: Ըստ իմ հոր՝ իր մղձավանջներն արդյունք էին իր չարչարանքներու դաժան թուրքի ձեռքով: Նշեմ, որ ան իր ձեռքի եւ ոտքերու եղունգները կորսնցուցած էր թրքաբարո արարքներու որպես արդյունք: Մեծ հայրիկս երբեք խտրականություն չէր դներ իր հարազատ զավակներուն եւ իր որբերուն միջեւ: Բոլորն իրեն համար հարազատ էին: Անոնք կը հագնեին նույնանման հագուստներ, կկերակրվեին նույն ուտելիքներով եւ կստանային հավասար սեր ու գուրգուրանք…»:
Իսկ էկրանին հայտնվեց եւ հոր մասին սրտի խոսք ասաց մեծ հայի ու բարերարի դուստրը՝ Արանուշ Շիրաջյանը: Եվ ավելի ամբողջացավ ներկայացման գլխավոր հերոսի խնկարկելի կերպարը, հայի, ով իրապես հալածվել էր, եղունգահան տառապանքների ենթարկվել, բայց մնացել անընկճելի: Նաեւ նրա մասին էր դահլիճում հնչող բարձր այն խոսքը, թե «մարգարեների պես հալածվեցին, տվեցին իրենց արյունը, բայց հաղթեցին…»: Ու նաեւ. «Որքան կատաղի ալիքներ են զարկվել քեզ, բայց միշտ փշրվել են…»:
Եվ դեռ փշրվելու են. նաեւ սա էր «Հայրիկ» ներկայացման զորացնող խորհուրդը: