Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մարտի 28, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Հայ լեզվի, հայ խոսքի աշխատավորը

Թե ինչու գրողն ընտրեց Նար-Դոս գրական անունը

Հուլիսի 13, 2022
Մշակույթ
Հայ լեզվի, հայ խոսքի աշխատավորը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
58
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Ասի, որ համեստ էր, բայց դա սովորական համեստություն չէր, այլ տարօրինակ մի երեւույթ. ամաչում էր անգամ նոր զգեստը եւ նոր կոշիկը հագնել անմիջապես. նախ տալիս էր եղբորը կամ եղբոր որդուն, որ հագնեն միառժամանակ, մինչեւ որ կանցներ դրանց փայլն ու ճռճռոցը: Ինչպես գրականության մեջ, այնպես էլ կյանքում տանել չէր կարողանում պոռոտ ու ճռճռան բաներ: Սիրում էր «պարզին վսեմությունը»: Երբ իր գրվածքները գովում էին մոտը, կարմրում էր, ամաչում եւ խոսք չէր գտնում ասելու: Համեստ էր այն աստիճան, որ չէիր ուզում հավատալ, թե այդ մարդը թիֆլիսեցի է՝ սրախոս լոթիների եւ կենսուրախ մոքալաքների հայրենակիցը: Ավելի շուտ թվում էր՝ հանկարծ լուսավորականության կենտրոն ընկած գյուղական մի անհամարձակ ուսուցիչ…»:

Ստեփան ԶՈՐՅԱՆ

Խոսքը Նար-Դոսի մասին է՝ թիֆլիսեցի բրդավաճառի ընտանիքում ծնված Միքայել Հովհաննիսյանի, որի գրական անվան պատմությանը, կարծում եմ, արժի անդրադառնալ ի սկզբանե. նարդոսը մեղրատու ծաղիկ է, որ աճում է նաեւ Անդրկովկասում: Մի անգամ բրդավաճառությամբ մի կերպ ընտանիք պահող հայրը ծանր հիվանդանում է: Տատի խորհրդով հիվանդը նարդոսից պատրաստված հյութ է խմում եւ ապաքինվում: Դա զարմացնում է փոքրիկ Միքայելին, եւ նա սկսում է արտակարգ սեր տածել նարդոս ծաղկի հանդեպ: Հետագայում այդ ծաղկի անունը դարձնում է իր գրական անունը: Վիպասանը ծաղկի անունը բաժանել է երկու մասի եւ դրանք միացրել միության գծիկով: Երազում էր երկու տղա ունենալ, մեկի անունը դնել Նար, մյուսինը՝ Դոս: Իր այս երազանքն իրականացնելուց հետո պետք է դեն գցեր միության գծիկը եւ իր անունը գրեր այնպես, ինչպես հրաշագործ ծաղկի անունն է գրվում: Բայց գրողն ունեցավ միայն մեկ տղա՝ երգիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Նար Հովհաննիսյանին, եւ միության գծիկով երկատված անունը ժառանգություն թողեց եկող սերունդներին: Եվ թողեց գրական ահռելի հունձք՝ որպես հոգեբանական ռեալիզմի շքեղ ներկայացուցիչ:

Հայ լեզվի, հայ խոսքի ապագա աշխատավորը ծնվել է Թիֆլիսում, նախնական կրթությունն ստացել է Սուրբ Կարապետ եկեղեցու ծխական դպրոցում, ապա ուսումը շարունակել քաղաքային Նիկոլաեւյան երկդասյայում, այնուհետեւ ընդունվել է Քութայիսի նահանգի Խոնի ուսուցչական սեմինարիան, սակայն կիսատ է թողել ապրուստի միջոցներ չունենալու պատճառով. հայ գրողների գերակշիռ մասին բաժին հասած չարաբաստիկ ճակատագիր… Վերադառնալով Թիֆլիս՝ ճարահատյալ փականագործություն է սովորում Միքայելյան արհեստագործական դպրոցում: Այստեղ էր ուսանում նաեւ Ալեքսանդր Ծատուրյանը՝ ողջ կյանքում թշվառության գերի ապագա բանաստեղծը:

Մեկ տարվա արհեստագործական ուսումնառությունից հետո գրողական ձիրքը անում է իրենը՝ անցնում է լրագրության գործին՝ պատասխանատու քարտուղար «Նոր Դար»-ում, սրբագրիչ՝ «Աղբյուր-Տարազ» պարբերականում: Այդ օրերի իրողություններն են նկարագրված գրողի «Նեղ օրերից մեկը» պատմվածքում:

Ասենք, որ Նար-Դոսի գրական գործունեությունն սկսվել է բանաստեղծությամբ. նրա չափածո գործերից լույս են տեսել «Արաքս» հանդեսում, «Սոխակ Հայաստանի» ժողովածուում: Տպագրել է նաեւ պատմվածքներ ու ֆելիետոններ: Ուժերը փորձել է նաեւ դրամատիկական ժանրում՝ «Մայինի գանգատը», որը չի պահպանվել, «Մեղր եւ ճանճեր», «Եղբայր» պիեսները: «Նոր Դար» թերթում Միխո-Օհան ստորագրությամբ հաջորդաբար հրապարակվել են նրա «Ճշմարիտ բարեկամը», «Նունե», «Բարերար եւ որդեգիր» վիպակները, «Քնքուշ լարեր», «Զազունյան» վեպերը՝ գործեր, որոնցում գործող անձինք հասարակական պարտքը կատարելու գիտակցությամբ զոհաբերում են իրենց անձնականը:

Գրողի ընկալմամբ՝ խավարի ու թշնամանքի միջավայրում կատարյալ չարիք են գործում տգիտությունն ու սնահավատությունը, վայրագությունն ու հարբեցողությունը՝ «Սաքուլն ուխտ գնաց», «Ինչպես բժշկեցին»: Հեղինակը պատկերում է երեխաների, որոնք չունեն մանկություն, կանանց, որոնց բաժին են ընկել հանապազօրյա հացի հոգսը, ծանր աշխատանքը: Այս մարդկանց կյանքը ներկայացնող յուրաքանչյուր պատմվածք մի իսկական դրամա է: Ասվածի խտացումն է «Աննա Սարոյան» վիպակը, որի գլխավոր հերոսուհի Աննան խորհրդանշում է սոցիալական մի ամբողջ խավի ողբերգությունը:

Դեռ բանաստեղծելու շրջանից է Նար-Դոսն ապրել այս խավի ողբերգությունը՝ գրելով.

Ամառ թե ձմեռ, միշտ, ամեն անգամ

Դռնեդուռ որքա՜ն մարդիկ են շրջում,

Ամենքը տկար, նոթի, մերկանդամ,

Արցունքն աչքերին՝ «հա՜ց, հա՜ց» են մուրում…

Գրողը քննադատաբար է նայել բուրժուական հասարակությանը, մերժել նյութապաշտությունը, դրամական շահատակությունը, եսամոլությունն ու կեղծիքը, խորապես զգացել վաշխառուների ճիրաններում, թշվառության ու տգիտության մեջ տառապողների ցավը: Եվ այս ամենը ներծծվել են իր հոգում, վերածվել գրի ու գրականության՝ «Խեղճ մարդիկ», «Մեր թաղը», այլ գործեր:

Այսուհանդերձ, ողջ կյանքում նեղ օրեր ապրած մտավորականին համբավ, գնահատանք ու խոնարհում էին բերելու «Պայքար», «Մահը» վեպերը, ոչ պակաս՝ «Ես եւ Նա», «Սպանված աղավնին» գրական գոհարները՝ Նար-Դոս անունը հավերժորեն շաղկապելով մեր գրականության փառապսակին:

«Նար-Դոսը մեր խոսքի լուրջ վարպետներից է եւ մեր գրականության փառքերից մեկը,- գրել է Ավետիք Իսահակյանը:- Նրա հոգին առաքինությունների բյուրեղացումն էր եւ մարդասեր, ընկերասեր, կարեկցող, ազնիվ եւ համեստ…Նրա մեջ մարդը եւ գրողը իրարից անբաժան էին եւ իրար չժխտող…»:   

Թեգեր: Նար-ԴոսՍտեփան Զորյան
ԿիսվելTweetԿիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Նուրբ հզորության ելեւէջները

Նուրբ հզորության ելեւէջները

Մարտի 28, 2023
Գիրք, որի էջերում արեւելքի լույսն է ու ջերմությունը

Գիրք, որի էջերում արեւելքի լույսն է ու ջերմությունը

Մարտի 24, 2023

Հպարտ ենք ձեզնով

«Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին»

Փոքրիկ երգիչների մեծ հաղթանակները…

Հոբելյանական հուշապատում

Վաստակաբեռն բանաստեղծի նոր նվաճումը

Հայրավանք. երեկ եւ այսօր

Հաջորդ Հոդվածը
Արմավիր-Վոլոգդա՝ համագործակցության կամուրջներ

Արմավիր-Վոլոգդա՝ համագործակցության կամուրջներ

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • «Կայսերական մեծության» մորմոքը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Այց անմահ հերոսներին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist