Երեւան-Գյումրի մայրուղին անցնում է Արագածոտնի մարզի Ագարակ բնակավայրով, որի արեւմտյան վերջնամասում՝ ծովի մակերեւույթից 1090 մ բարձրությամբ վրա է համանուն հնավայրը։ Ժամանակին, երբ բացել են ճանապարհը, մեծ վնաս են հասցրել նաեւ հնավայրին։ Այնուամենայնիվ, նույն ճանապարհի աջ ու ահյակ կողմերում մոտ 120 հա-ի վրա պահպանվել է հազարամյակների առեղծվածային հնավայրը՝ հոգեւոր-ծիսական կենտրոնով, որի նմանը, հնարավոր է, ոչ մի տեղ չկա։
Աշտարակ քաղաքից Թալինի ուղղությամբ, ճանապարհի ձախ կողմում, տուֆակերտ բնական ժայռեր են, որոնց վերջնամասում դուրս է ցցված կենդանու, առավել նման է ձիու, ինչ-որ տեղ խոյի գլուխ պատկերող ելուստը։ Երբ մոտենում ենք ժայռերին, զգացվում է՝ հազարավոր տարիներ առաջ մարդը մշակել է բնականը եւ տեսք տվել քարին։ Այս հատվածում նաեւ աստիճաններ ու ուղղանկյուն փոսորակ է քանդակված։ Իմ կարծիքով՝ այստեղ առկա է նաեւ հայկական սֆինքսը։ Կենդանու գլուխ պատկերող քարաելուստը, հնարավոր է, եղել է բնական, բայց հետագայում այն մշակվել է՝ խորհրդանշելով որեւէ աստված, կուռք։ Նույն ելուստի հատկապես վերին մասում զգացվում է մարդ-վարպետի աշխատանքի հետքը. պահպանվել են փոսորակներ, այլ քանդակներ։ 2001-ին սկսված հնագիտական պեղումների արդյունքներից եզրակացվել է՝ տարածքը բնակեցվել է Ք. ա. 3-րդ հազարամյակի առաջին քառորդից: ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, ով ղեկավարել է պեղումները, ասել է. «Պարզվում է՝ «Ագարակ» հնավայրում շատ բան վերաբերում է վաղ բրոնզե դարին, որը Հայաստանում սկսվում է մ. թ. ա. 3400 թվականից: Այնպես որ, այս բնակավայրն ավելի հին է, քան Գիզայի բուրգերը…»։ Այստեղ խոշոր բնակատեղի է եղել նաեւ Երվանդունիների ու Արտաշեսյանների օրոք:
Հուշարձանի՝ ճանապարհի 2 եզրերին մշակված հետքերով տուֆի ժայռի հսկայական հրապարակներ են, որոնց վրա պահպանվել են կառույցների, ժայռի մեջ փորված եւ քարակոփ գերեզմանների, զոհարանների, հնձանների, հորերի, թոնիրների, ակնհայտ կիրառական նշանակություն ունեցող փոսիկների, առվակների եւ այլ փորվածքների հետքեր: Ճանապարհի հարավային կողմի հարթակում շատ են գերեզմանափոս հիշեցնող փոսորակները, որոնցից կեսը չափերով փոքր են, պարզ է՝ պատկանել են երեխաների։ Նույն փոսորակների հարեւանությամբ կա հնձան, մոտը՝ զոհասեղան։ Գրեթե նույն հնձանը եւ զոհասեղանը կան նաեւ հարթակի հարավային կողմում։ Հնարավոր է՝ նույն պահին հնձանում խաղողն են ճմռել, իսկ մոտի զոհարանում զոհ են մատուցել, եւ խաղողի հյութն ու արյունը լցվել են տաշտակի մեջ։ Իհարկե, սա կարծիք է, սակայն նշված պատկերները դա են վկայում։ Այս հատվածում՝ ժայռի վերջնամասում, պեղումների արդյունքում հայտնաբերվել են Վանի թագավորության (ուրարտական) ժամանակաշրջանի դամբարանախորշեր, Ք. ա. 8-6-րդ դդ. խեցեղեն: Դամբարանախորշերից մեկը, որ հայտնաբերվել է 2004 թ., վիմափոր դամբարանն է՝ կազմված նախամուտքից, մուտքից եւ սրահից: Կամարաձեւ առաստաղով դամբանասրահը հատակագծում ուղղանկյուն է, երկայնական առանցքով ուղղված հարավից հյուսիս: Սրահի երեք պատերն օժտված են մեծ եւ փոքր որմնախորշերով: Հնարավոր է՝ եղել է արքայի կամ իշխանի գերեզման, որտեղ բացի նրանից թաղվել են այլ մարդիկ եւս։ Հարավային հարթակի գրեթե միջնամասում գոյություն է ունեցել մեծ հնձան, որտեղից ճմռված խաղողի հյութը հոսել է տարբեր առվակներով եւ լցվել մի քանի վիմափոր տաշտակի մեջ։ Այն, որ այս հնավայրը մի քանի հազարամյակներ շարունակ եղել է ծիսական-պաշտամունքային տարածք, պատմում են ժայռին քանդակված երեւույթները։ Այստեղ նաեւ առկա են կառույցների հիմքեր, որոնց ներսում հոր-կարասներ կան, ամբարներ։
Հնավայրի մոտով է անցնում Ամբերդ գետը, որը ժամանակի ընթացքում հոսել է նույն ժայռերի մոտով, բացել դրանք եւ հետագայում փոխել հունը, իհարկե, ոչ շատ հեռու։ Ժայռ-հարթակի հարավային ու արեւմտյան կողմերում պատեր են պահպանվել՝ կառույցներ են, պարիսպներ։ Ճանապարհի հյուսիսային հատվածում նույնպես ժայռի վրա կան առվակներ, փոսորակներ, սակայն դրանք, համեմատած հարավային կողմինի հետ, քիչ են։ Այս հատվածում ավելի շատ են կառույցները, որոնցից հատկապես կարեւորվում է գրեթե քառակուսի մակերեսով մի շինություն, որի պատերի ներքին մասերն են պահպանվել։ Այն եղել է քառանկյուն կառույց՝ մեջտեղում՝ կրակարան-ատրուշանը։ Պարզ է՝ բնակավայրի հեթանոսական տաճարն է եղել։ Շինության կից կան այլ կառույցներ եւս։ Արեւմտյան կողմում դամբարանափոս կա։ Հնավայրն ուսումնասիրող եւ պեղող գիտնականները կարծում են, որ «Ագարակը» մեր թվարկությունից առաջ գոյություն է ունեցել 5 փուլերով. 1-ին՝ 29-25-րդ դդ., 2-րդ՝ 18-16-րդ դդ., 3-րդ՝ 15-9-րդ դդ., 4-րդ՝ 8-5-րդ դդ., 5-րդ՝ 4-1-ին դդ.։ Ըստ մասնագետների. «Քրիստոնեական ծեսով թաղումները փաստում են, որ վաղ միջնադարում հուշարձանի տարածքն օգտագործվել է որպես գերեզմանոց: Հուշարձանի բնակեցման վեցերորդ եւ յոթերորդ փուլերը վերաբերում են զարգացած եւ ուշ միջնադարին»:
Այսօր հնավայրի հարեւանությամբ է Ագարակ գյուղը, որն արդեն պարզ է՝ ունի հազարամյակների պատմություն։ Սակայն կա խնդիր՝ մենք անտարբեր ենք մեր հրաշքների հանդեպ։ Մի քանի անգամ վերջին 2 տարվա ընթացքում այցելել եմ Ագարակի հնավայր, տարբեր մարդկանց ցույց տվել դրա հրաշքները։ Բայց ոչ մի անգամ չեմ հանդիպել զբոսաշրջիկների։ Բացի այդ, ժամանակին, երբ կառուցում էին նշված մայրուղին, կարող էին շրջանցել հնավայրը։ Նշեմ, որ նույն ճանապարհի վրա՝ Ներքին Բազմաբերդի տարածքում է նաեւ ուրարտական շրջանի մի ամրոց՝ հայտնի «Զաքարի բերդ» անվամբ։ Այն նույնպես վնասվել է՝ բաժանվելով 2 մասի։ Ինչ խոսք, լավ է, երբ կառուցվում են ճանապարհները, բարեկարգվում, սակայն չպետք է անտեսվեն պատմական հուշարձանները։ Ընդհակառակը՝ դրանց պետք է մեծ ուշադրություն դարձվի։ Զբոսաշրջիկներին, բացի արդեն հայտնի տեղերից, պետք է ծանոթացնել նաեւ Ագարակի ու Զաքարի ամրոցի հետ, որոնք հազարամյակների պատմություն ունեն ու պատմելու շատ բան։ Մեծ խնդիր է նաեւ նշված եւ այլ հուշարձանների տարածքներում աղբ կուտակելը։