Ճանաչված արձակագիր Պերճ Զեյթունցյանի (1938-2017) հետ սույն հարցազրույցն արվել է, բնականաբար, տարիներ առաջ, բայց քանի որ նրանում առկա հարցադրումների արդիականությունն ու կարեւորությունն այսօր էլ պահպանվել են, ուստի այն գրողի ծննդյան տարեդարձի (18 հուլիս) առթիվ սիրով ներկայացնում ենք «ՀՀ»-ի ընթերցողի ուշադրությանը:
-Գրողները միտք են հղացնում, զարգացնում են այն, ստեղծագործում։ Արձակագիր-բանաստեղծների զգալի մասը լրացնում կամ հարստացնում է հետագայում ազգային գրականությունը։ Բայց միայն եզակի թվով հեղինակների համար է բացվում դուռը դեպի համաշխարհային գրականություն։ Ինչո՞ւ է այդպես։
-Համաշխարհային գրականության աչքի ընկնող բոլոր գործերը գրված են յուրատեսակ էսպերանտոյով, այսինքն՝ ունենալով ազգային հիմք, միաժամանակ համամարդկային հնչեղություն են ձեռք բերում եւ, ուրեմն, հասկանալի են ամենքին։ Թարգմանվելով այլ լեզուներով, դրանք դառնում են տվյալ գրականության մասնիկը։ Մարկեսն ուղնուծուծով ազգային է՝ շաղախված իր երկրի սովորություններով, լեգենդներով, առասպելներով, բայց տեսեք, թե նրա «մոգական իրապաշտությունն» ինչպիսի լայն արձագանք գտավ աշխարհով մեկ, հասավ նաեւ Հայաստան եւ դարձավ, օրինակ, իմ ամենասիրելի գրողներից մեկը։ Ազգայինի վերածումը համամարդկայինի նախ եւ առաջ տաղանդի արտահայտություն է եւ հենց տաղանդի չափանիշներից մեկը։ Միջակ գործը զուրկ է վերածման հնարավորությունից, այն, ինչպես ասում են, տեղական արտադրանք է եւ առավելագույնը կարող է ապահովել տեղական շուկային։ Լսենք «Եվրոպայի պես հին, Ասիայի պես տխուր» Դանիել Վարուժանին. «Մեր գրականության մեջ արվեստը հայ պետք է ըլլա, իսկ անոր հատակը կամ հիմը կազմող տաղավարը՝ համամարդկային»։ Ես համոզված եմ, որ իր վրա ազդել են երկու միջավայր՝ Վենետիկը եւ Ֆլանդրիան, սակայն նա այդ ազդեցությունները թաթախել է «հայրենի հողին որդան կարմիրի եւ ծովածուփ արյան մեջ»։ Էլի մի մեջբերում Վարուժանից. «Եթե օր մը հոգիս տիրականորեն Արեւելքի երփներանգ գեղեցկությունն Արեւմուտքի մեծության եւ նրբության հետ շաղվէ, նպատակիս հասած եմ»։
-Ի՞նչ պետք է նկատի ունենա գրողը, երբ նյութն իր համար արդեն որոշված է, եւ նա գրասեղանի առջեւ է նստում առաջին կամ նոր գրքի վրա աշխատելու նպատակով։
-Գրողը նոր գործ ձեռնարկելիս պետք է ունենա հետաքրքիր ասելիք, որ մինչ այդ չի ասվել կամ չի ասվել այդպես յուրովի։ Շատ է պատահում (դասական գրականության մեջ բազում են օրինակները), երբ հավան երկը իր նորարարությամբ, իր թարմությամբ, իր անսպասելի հարցադրումներով չի ընկալվում ընթերցողի կողմից։ Ախտորոշումը միանշանակ է. գրողն առաջ է անցել իր ժամանակից։ Եթե դա անձնապես վշտացնում է հեղինակին, ապա գրականության համար տարաձայնությունների այս անհասանելիությունը մի մեծ պարգեւ է, որի արժեքը կհասկանան վաղը, կհասկանան հաջորդ սերունդները։ Սա շատ անհարմարություններ է ստեղծում գրողի համար, նրան քարկոծում եմ, ծաղրում, փնովում, բայց, ինչ արած, հաճախ այս է գրված իսկական գրողի ճակատին։
-Անցյա՞լն է կարեւորում, որ հիշողությունը ու մեր ինքնությունը չկորցնենք։ Ներկա՞ն է սերունդների համար նկարագրում։ Ապագա՞ն է ձգում տեսնել։ Ո՞ր ժամանակի մասին է գրողի խոսքը։
-Գրողը, անցյալի մասին գրի, թե ապագայի, միեւնույն է գրում է ներկայի մասին։ Ներկայի հարցերից դուրս գրողին անհնար է պատկերացնել։ Պատմությանը դիմում են ներկան ավելի լավ հասկանալու համար, ապագային են դիմում՝ միայն ու միայն ներկայի հարցադրումների կտրվածքով։ Անցյալն ու ապագան գրողի մեջ ներկայի հանդերձանքն են եւ ներկայի արտահայտման տարբեր կերպերը։ Րաֆֆու ու Ֆեյխտվանգերի պատմավեպերը գրված են իրենց ժամանակի թելադրանքով։ Բրեդբերիի վաղվա օրվան ուղղված ֆանտաստիկան իր ժամանակի խնդիրներն է լուծում։ Ուրեմն, անցյալը եւ ապագան միջոց են, իսկ ներկան՝ գրականության նպատակը։
-Ի՞նչ եք զգում անձամբ Դուք, երբ հերթական գործն արդեն ավարտված է։
-Տարբեր կերպ են ընկալվում ձեռագիրը, մեքենագրված էջերը եւ գիրքը։ Գործը կամաց-կամաց հեռանում է քեզանից… Նա այլեւս քոնը չէ նաեւ այն իմաստով, որ արդեն անկարող ես որեւէ բան փոխել, որի անհրաժեշտության համար հետո ես գլխի ընկել։ Ես, անշուշտ, մոտավորապես գիտեմ, թե ի՞նչ որակի գործ եմ գրել, ընդգծում եմ՝ մոտավորապես։ Կան մի քանի հոգի, թվով քիչ, որոնց անվերապահորեն հավատում եմ եւ որոնց կարծիքն իմանալուց հետո ավելի ինքնավստահ եմ դառնում, կամ… կորցնում ամեն ինչ։ Որպեսզի այդպիսի ֆիասկո չապրեմ, գիրքը ձեռագիր վիճակում եմ տալիս նրանց եւ սրտատրոփ սպասում նրանց կարծիքին։
-Եթե, իրոք, ուրիշ մոլորակի վրա կյանք լիներ, եւ գային այնտեղից ու ասեին, որ Ձեր կողմից գրված այդքան հրաշալի ստեղծագործություններից մեկը պետք է տանեն նրանց հսկա գրադարանի համար, ստույգ ո՞ր գիրքը կառաջարկեիք։ Ո՞ր երկն եք հատկապես առանձնացնում։
-Գուցե «Արշակ Երկրորդ» վեպը, մեկ էլ երեւի «Քսաներորդ դարի լեգենդը» (կամ «Կլոդ Ռոբերտ Իզերլի»), որը շատ է թարգմանվել օտար լեզուներով։ Չգիտեմ՝ սա բարդ հարց է, որ կուզենայի միայն իմ սեփական ականջներին խոստովանել…
-Հրաշալի գրող ունենք՝ Լեւոն Զավեն Սյուրմելյան։ Քանի ապրում էր, գովեստի խոսքեր էին շռայլում իր հասցեին։ Նա վերջերս մահացավ, իսկ վերջին հրաժեշտը ընդհամենը մի քանի հոգի դուրս եկան տալու։ Տեղյակ էիք դրա մասին։
-Անձամբ ծանոթ եմ եղել Լեւոն Զավեն Սյուրմելյանին, հետաքրքիր մարդ էր եւ նույնքան հետաքրքիր գրող։ Սարոյանից հետո մեր երկրորդ հարստությունն է ամերիկյան հողի մեջ, եթե հայերն այդքան երախտամոռ են եղել, վայ մեր ազգին, վայ մեր մշակույթին…
-Շառլ Ազնավուր, Ջեյմս Բաղիյան, Գառզու, Զարուհի Դոլուխանյան, Լեոնիդ Ենգիբարյան, Լուսինե Զաքարյան… Ինչպե՞ս կավելացնեիք այս ցուցակը։
-Պետք չէ անունները թվի վերածել, մանավանդ՝ թվարկել։ Ամեն մարդ թող ինքը գուշակի թվերը եւ անունների ցուցակը։ Ձեր ցուցակից ես անվերապահորեն ընտրում եմ Շառլ Ազնավուրին, թեեւ այնտեղ էլի շատ արժեքավոր անուններ կան։
-Երկխոսո՞ւմ եք երբեմն հայելուց Ձեզ նայող Պերճ Զեյթունցյանի հետ, երբ Դուք, ասենք, կանգնած նրա առջեւ՝ սափրվում եք։
-Եթե ձեր հարցից հետո կանգնեի հայելու առաջ, տխրությամբ եւ նախատինքով կհարցնեի նրան, ով ինձ նայում է այնտեղից. ինչո՞ւ ես տարեցտարի մեծանում, տարիք առնում… Ո՞վ է դրանում մեղավոր, ե՞ս, թե՞ հայելին։ Հայելին պետք է փոխել կամ սովորել առանց հայելու նայելուն սափրվել…
-«Գիշերային Երեւան» հասկացությունը կար։ Այն ցայսօր պահպանվո՞ւմ է արդյոք։
-Գիշերային Երեւանը ետեւում մնաց։ Նախ՝ տարիքս անցավ, ներկայիս իմ տարիքը ավելի համապատասխանում է ցերեկային Երեւանին։ Բացի այդ, մենք բառիս բուն իմաստով շատ խավար օրեր տեսանք, գիշերը կորցրեց իր խորհրդավոր հմայքը եւ դարձավ ատելի։
-Ի՞նչ կցանկանայիք ավելացնել վերջում։
-Կցանկանայի, որ հայ մարդը մեկընդմիշտ գիտակցեր, որ ինքը մշակույթից ավելի բարձր բան չունի, եւ որ մշակույթն իր իսկ ներկայությունն է ժամանակի մեջ, իր ինքնության վկայականը եւ անձնագիրը դեպի մեծ աշխարհ…
Արթուր ՂՈւԿԱՍՅԱՆ