Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հունիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Արցախի երկու շրջանում

Քաշաթաղ-2

Հուլիսի 25, 2022
Մշակույթ
Արցախի երկու շրջանում
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
419
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Խոժոռաբերդի դիմաց՝ դեպի հարավ, մեկ այլ ժայռեղեն բլուր կա, որի վրա նույնպես ժամանակին, հնարավոր է՝ վաղ միջնադարում, դրանից հետո ամրոց-դիտակետ է գործել։ Առավել հավանական է՝ նույն Խոժոռաբերդի դիտակետերից է եղել։ Խոժոռաբերդի ժայռի վերին մասում մոտ 150 մ երկարությամբ պարիսպ է պահպանվել, որի որոշ հատվածներ քանդվել են։ Այնուամենայնիվ, պարսպի գիծը եւ ամրոցի մուտքը պարզ երեւում են։ Բուն ամրոցից դուրս՝ արեւելյան կողմում, դարձյալ պատերի հետքեր ու հիմքեր կան։ Կոպտատաշ բազալտից են շարված պարիսպները։ Իսկ մոտակա դիտակետում պատաշարերը գլաքարից են, որ տեղ-տեղ են երեւում։

Առավել ցայտուն են տաշված ժայռերը։ Տարածք է հարթեցվել պահապան զինվորների դյուրին շարժի համար։ Զգացվում է՝ դիտակետի հիմնական մուտքն արեւելյան բարձրադիր կողմից է։ Իսկ ներքեւում՝ ժայռաշատ տարածքում, կա գաղտնուղի, որը տանում է դեպի գետ։ Գաղտնուղի կա նաեւ Խոժոռաբերդում՝ ժայռի արեւմտյան կողմում։ Նշված ամրոցների դիմաց՝ գետի աջ ափից սկսվող բլրի գլխին նույնպես միջնադարյան ամրոցատեղի է։ Գրեթե կոնաձեւ այս բլուրը վերին մասում ժայռակերտ է։ Բազալտե ուղղաձիգ ժայռերի թույլ կողմերում պարիսպներ են շարված։ Այս բլուր-ամրոցատեղիի ստորոտում՝ արեւմտյան կողմում, Ղուշչի կոչվող բնակավայրն էր՝ այն ժամանակ անմարդաբնակ։ Այն, որ այս բնակավայրը պատմական անցյալ ունի եւ եղել է հայոց բնօրրան, հուշում են հողամասերի պատաշարերի մեջ պահպանված արձանագիր տապանաքարերը, ինչպես նաեւ թուրքաշեն տների պատերում ագուցված բեկորները, որոնք խաչքարի ու տապանաքարի կտորներ են։ Ընդհանրապես՝ քրդաթրքերը բեկորների են բաժանել շիրմաքարերը եւ օգտագործել որպես շինաքար։ Այստեղ 4 տապանաքար պահպանվել են ամբողջությամբ, ընթերցվում են արձանագրությունները։ Քարերից մեկին գրված է. «Սարգիսի որդի Պալասան. Թւ. ՌՃԼԲ=1132+551=1683թ.», իսկ մյուսը թվագրված է. «ՌՃԻԸ=1128+551=1679թ.»։ Շրջանի ծայր հյուսիսային գյուղերից մեկում՝ Սպիտակաջրում, նույնպես մի քանի ամբողջական խաչքար շարված է հողամասի ցանկապատի մեջ։ Գյուղում պահպանվել են կամարակապ 2 աղբյուր։ Հենց սկզբից զգացվում է՝ հայ վարպետն է կերտել դրանք։ Մեկը գյուղի հյուսիսային կողմում է՝ ճանապարհի եզրին, մյուսը գյուղի վերջում՝ հարավային կողմում։ Կառուցված են նույն ոճով։ Առաջին անգամ այս աղբյուրները տեսել եմ մոտ 12 տարի առաջ։ Հարավային աղբյուրի կամարի ձախ անկյունում մոտ 1 ք/մ մակերեսով քար կա ագուցված՝ արձանագիր է։ Վերին եւ ներքեւի մասերում արաբատառ խոսք է գրված, իսկ մեջտեղում կառուցման տարեթիվն է՝ 1895 թիւ։ Քարի 4 անկյուններում փոքր խաչեր են քանդակված։

19-րդ դարավերջին այս տարածքները հայաթափ էին արդեն։ Իհարկե, որոշ բնակավայրեր՝ Հակը, Զիրկը՝ Աղավնոյի հովտում, Ալիղուլին (այժմ՝ Ղազարապատ)՝ Շալուայի հովտում, հայաբնակ էին։ Հնարավոր է՝ Ղուշչիում նույնպես հայեր ապրել են եւ եղել են քարագործ վարպետներ, կամ այս աղբյուրները կառուցող հայ վարպետը հարեւան հայկական բնակավայրերից է (Խնածախ, Խոզնավար, Տեղ եւ այլն)։ Որպեսզի չզգացվի՝ «ԹԻՎ» բառը հայերեն է գրված, վարպետը որոշ թեքությամբ է գրել տառերը, «Վ»-ն գրել է «ւ»-ով, իսկ խաչերը ծածկել, երեւի, կրաշաղախով։ Նշված աղբյուրի մոտ կան քարայրներ, որոնք եղել են բնակելի նաեւ թրքաքրդերի օրոք։ Քարայրների մոտ պատեր են շարված. դարձյալ զգացվում է հայ վարպետի շնորհը։ Այս գյուղի հարավարեւմտյան կողմում է նշված Ղուշչիղալա կոչվող բարձրադիր, երկար ձգվող հրվանդանը, որի վրա է նախաքրիստոնեական շրջանի ամրոց-բնակատեղին։ Նույն հրվանդանի արեւելյան կողմում՝ Աղավնո գետի աջ ափից մոտ 1 կմ հեռու, ծ. մ. մոտ 1300 մ բարձրության վրա գտնվող ժայռակերտ բլրակի վրա թառած է միջնադարյան հայոց սրբատունը՝ Մկնատամի խաչ մատուռ-եկեղեցին։ 12-րդ դասարանցի դուստրս՝ Գայանեն, ով որոշել էր ճարտարապետ դառնալ, միացել էր մեզ։ Բացի այդ մասնակցում էր Երեւանի Հովհաննես Թումանյանի թանգարանի կողմից հայտարարված «Յոթը սարի հետեւում» մրցույթին եւ պատերազմից 1 օր առաջ Երեւանում արժանացավ առաջին մրցանակի՝ ներկայացնելով Մկնատամի խաչ մատուռ-եկեղեցին։ Միասին չափագրում ենք Մկնատամի խաչ մատուռ-եկեղեցին։ Լեւոնը դրոնով նկարահանում է տարածքը երկնքից։ Ղուշչիի հնամենի ամրոցում ձիերի երամակն է վարգում։

Մկնատամի խաչ մատուռ-եկեղեցին փոքր շինություն է եւ հարավային կողմում ունի կից շինություն. հնարավոր է՝ գրապահոց է եղել։ Բուն մատուռն ունի 1 մուտք՝ արեւմուտքից։ Կառուցված է սրբատաշ կապտավուն բազալտով եւ կրաշաղախով։ Արտաքին չափերն են՝ 4.30×3,15 մ։ Պատերի լայնությունը 57.5 սմ է, բարձրությունը՝ 1.91 մ, ընդհանուր բարձրությունը՝ 2.95 մ։ Խորանի լայնությունը 1.84 մ է, խորությունը՝ 1.06 մ։ Մուտքի բարձրությունը 1.13 մ է, լայնությունը՝ 0.52 մ։ Մկնատամի խաչը կիսաքանդ վիճակում է։ Մատուռը պահպանվել է ամբողջությամբ, սակայն տանիքի սրբատաշ բազալտե սալիկների մի մասը ցած է թափված, քանդված է նաեւ արտաքին ձախ անկյան ստորին մասը: Հատակն ամբողջությամբ քանդված է, բացակայում է խորանի սեղանաքարը։ Շինությունը զուրկ է նախշերից, արձանագրություններից։ Աչքի են ընկնում արեւմուտքից բացված միակ մուտքի նախշազարդ շրջանակը եւ լուսամուտի պսակը։ Եկեղեցու հարավային պատին կից գրապահոցն է (դատելով կառուցվածքից), որն ունեցել է թաղակապ ծածկ, սակայն տանիքն ամբողջությամբ քանդված է, պատերի մեջ պահպանվել են խորշերը, որոնց մեջ ամենայն հավանականությամբ պահվել են գրքեր, մատյաններ։ Արտաքին չափերն են՝ 5.25-5.15 մ։ Արեւելյան պատի մեջ բացված մուտքի անկյունաքարերը սրբատաշ են եւ 1 կտորից։ Աջ կողմից՝ վերին եւ ստորին սալիկների վրա պահպանվել են ծխնիների փոսորակները, իսկ ձախ կողմի անկյունաքարին՝ նիգի փոսորակը։

Ըստ ճարտարապետական հորինվածքի՝ մատուռը 12-13-րդ դարերի կառույց է։ Սամվել Կարապետյանը, վկայակոչելով 1916 թ. Թիֆլիսում լույս տեսնող «Ազգագրական հանդեսի» 26-րդ գլխում (էջ՝ 200) տպագրված լրատվությունը, «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» (Երեւան, 1999 թ., էջ 138-139) գրքում տեղեկացնում է՝ նույն անվամբ սրբավայր է եղել նաեւ Շատախի Թաղ գյուղի մոտակայքում։ Նշված սրբավայր ուխտի են գնացել նաեւ տարածքի քրդերը՝ բուժվելու «Մկնատամ» կոչվող հիվանդությունից։ Ըստ բանավոր զրույցների՝ նույն հիվանդությունից բուժվելու համար Աղավնոյի հովտի սրբավայրը նույնպես եղել է ճանաչված ուխտատեղի տարածքի հայության, ինչպես նաեւ քրդերի համար։ Հավանաբար սա է եղել պատճառը, որ գերության շրջանում՝ 1750-ական թվականներից մինչեւ 1993 թ. գարունը, Մկնատամի խաչ եկեղեցին մահմեդականները չեն ավերել։ Մկնատամի խաչը ծխական եկեղեցի չի եղել։ Այդ մասին հուշում է մկրտության ավազանի բացակայությունը։ Եկեղեցին պահող ժայռե բլրի հարավային կողմում մեծ քարանձավ կա, որը ժամանակին եղել է բնակելի։ Դիմացը պատ է եղել, որից այժմ քիչ բան է պահպանվել։ Հնարավոր է՝ այն ծառայել է որպես կացարան ճգնավորների կամ հոգեւորականների համար։ Բլրի հարավային մասով է հոսում Աղավնոյի փոքրիկ վտակը՝ Սթունիսը, որի ափերին դամբարաններ կան։ Գետակն սկիզբ է առնում համանուն գյուղի մոտակա աղբյուրներից։ Մկնատամի խաչ սրբավայրից մոտ 2 կմ արեւմուտք՝ Սթունիսի ձախ ափին, կիսաքանդ վիճակում կանգուն է հայոց մեկ այլ սրբատուն՝ Սթունիսի 5-9-րդ դարերում կառուցված միանավ, թաղակապ բազիլիկ եկեղեցին, որի արեւելյան կողմում՝ ձորի թեք լանջին, կան խաչքարեր։

Հաջորդ պատմական հուշարձանը, որը նկարահանեցինք, Աղավնոյի վերին հոսանքում՝ գետի կիրճի ժայռերի մեջ պահպանված պատերն են՝ միջնադարյան պարիսպներ։ Դրանք տեսել էի մի քանի տարի առաջ, անցած աշնանը լուսանկարել, սակայն կարեւոր է հնագետների կարծիքը։ Վերջին տարիներին Աղավնոյի վրա կառուցվող փոքր ՀԷԿ-երից մեկի խողովակաշարն անցկացնելիս գետի ձախ ափով կիրճում ճանապարհ է բացվել, որը տանում է տարածքում հայտնի «Տաք ջրեր» տեղանք։ Նույն ճանապարհի աջ կողմում` N. 39 41 35,4, E. 46 16 45,1, Alt. 1520 կոորդինատներում, ժայռերն ու մարդու կողմից կառուցված պատ-պարիսպները համաձուլվել են։ Ըստ հնագետների՝ միջնադարում դրանց գլխին դղյակ է եղել։ Ընդհանրապես Աղավնո գետի ձախակողմը վաղնջական ժամանակներից եղել է բնակելի։ Տարածքով մեկ պատաշարեր ու դամբարաններ, բնակելի կառույցների հիմքեր ու հետքեր են։ Այնպես է ստացվել, որ հազարամյա եւ հարյուրամյա կառույցները միաձուլվել են։ Գետափնյա պարիսպները կառուցված են կոփածո բազալտով, որը շատ է տարածքում։ Տեղ-տեղ ունեն 5-10 մ բարձրություն։ Նույն հուշարձանի վերին հատվածով նույնպես խողովակաշար է անցնում, լայնացվել է «Տաք ջրեր» իջնող ճանապարհը։ Այդ պատճառով հուշարձանի վերին հատվածը, որտեղ եղել են բնակելի կառույցներ, վնասվել է, ծածկվել հողով ու քարերով։ Հուշարձանի դիմաց՝ գետի աջ ափի ժայռերի մեջ քարանձավներ կան, որոնք նույնպես եղել են բնակելի, իսկ մոտ 2 կմ հարավ-արեւմուտք Հերիկ պատմական գյուղն է, որտեղ պահպանվել է Սբ Գեւորգ 17-րդ դարի եկեղեցին, իսկ գյուղի հարավային կողմում՝ մեծ ու կամար մուտքով քարանձավ։ Այս գյուղից ժամանակին ճանապարհ է իջել ձոր եւ կամրջով անցել դեպի ամրոց-դղյակ։ Գետի վրա կամուրջ է եղել. պահպանվել է խելի ավերակը։ Ավարտելով նկարահանումներն ու ուսումնասիրությունը՝ շարունակում ենք ճանապարհը դեպի Հակ գյուղ։

Թեգեր: Քաշաթաղ
Կիսվել2Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ուկրաինա-ադրբեջանական կապերի բնույթը

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5
  • 34 տարի առաջ ծնունդ առավ Արցախյան շարժումը

    24 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist