Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Հայոց մշակույթի մրգահասը դեռ առջեւում է…»

Երկու մուսաների պատվախնդիր սպասավորը

Հուլիսի 26, 2022
Մշակույթ
«Եվ ո՞ւր, եւ ո՞ւր է կանչում կապույտը…»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
185
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Արեւշատ Ավագյանը բացառիկ տաղանդով օժտված գեղանկարիչ է բանաստեղծության մեջ: Հողածին ու հողաբույր նրա պոեզիայում բոլոր առարկաները երկինքոտ են: Հողն ու երկինքը արտացոլված են իրար մեջ, եւ այդ արտացոլանքն այնպիսի գույներ է տալիս, որ նկատված են թերեւս միայն հեղինակի կողմից: Այդ նույն տպավորությունն ես ստանում նկարիչ Արեւշատ Ավագյանի կտավներից: Գեղանկարչության մեջ նա նույն անկրկնելի բանաստեղծն է: Հողի եւ երկնքի հարեւանությունն իրար մեջ, նրանց արտացոլանքն է Ավագյանի գեղանկարչության հիմքն ու հավատամքը: Այստեղից էլ Հայաստանի բիրտ ու դաժան, խիստ ու խոժոռ բնության այնքան քնքշությունը, ես կասեի, գերող կանացիությունը, գույների մեղմությունն ու նրանց ինքնադրոշմ կերպավորումը»:

Համո ՍԱՀՅԱՆ

Սակավ է պատահում, երբ մուսաները կրկնակի բարեհաճությամբ են ընտրում իրենց սիրեցյալներին՝ նրանց մեջ սերմանելով ստեղծագործական արարումների ազգաշահ հունդը: Այդ ընտրյալներից է Արեւշատ Ավագյան բանաստեղծ-գեղանկարիչը՝ անհատնելի ասելիքով ու անսպառ եռանդով մի արվեստագետ, որի հոգու երկինքը մշտապես զրնգում է պոեզիայով ու այն գեղեցկորեն երանգավորվում վրձնի հեքիաթային կերպավորումներով.

Ես ծիծեռնակի հայրենակիցն եմ,

Արագիլի անդավաճան ընկերը,

Որ երազից հյուսված

Բներ է դնում բարդիների վրա…

Ծնունդով հայոց ծիծեռնակի՝ Աշտարակ քաղաքից է Արեւշատ Ավագյանը, հեղինակ 30-ից ավելի բանաստեղծական, արձակ եւ մանկական ժողովածուների: Բանաստեղծ, որի ընթերցողը սովորականից վեր, տեսանող ու ընկալունակ-խուզարկու պիտի լինի՝ թափանցելու, տեսնելու, ընկալելու համար զարմանահրաշ այն աշխարհը, որը միայն ու միայն իրենն է՝ բանաստեղծինը՝ լի կենսաթրթիռներով, «տիեզերքի սրտխփոցներով», սիրանյութով ու հոգենյութով: Ահա ինչ «բանալի» է մեզ հուշում նա իր հերթական գրքերից մեկի նախաբան խոսքում՝ մտնելու համար ստեղծագործական իր տիրույթներ. «Իմ առաջին «Ակունքներ» գրքից մինչեւ այս «Տարերքների տարերգը» ես փորձել եմ տեսնել հողի, ջրի, օդի եւ կրակի բոլոր խորքային տարերային, տեսանելի, լսելի եւ կռահելի կենսառիթմերը: Փորձել եմ հայտնագործել այն կենսական հոգեշնչող տարրը, որ աներեւույթ է, չի երեւում, բայց նրանով է Արարողը կենդանություն, լույս, հույս եւ կյանք տվել իր երկրային նմանակին… Այդ հինգերորդ աստվածային տարերքը  հոգենյութն է..»: Ահա. պոեզիայի սիրահար ընթերցողն ու, ինչու ոչ, նաեւ գրականագետը պիտի զորու լինեն ընկալելու եւ ըմբոշխնելու ավագյանական պարզ ու բարդ գրի «հոգենյութը»: Այս առումով անմրցակից է բանաստեղծը: Նաեւ՝ պատկերավորման ու անսպասելի «հայտնագործությունների», թեմատիկ ընդգրկումների, բանաստեղծական  անպարագիծ հորիզոնների ու գունեղության պարագաներում:

Արեւշատ Ավագյանը, պատկառելի իր հունձքով, հայրենիքի սահմանները վաղու՜ց ի վեր հատած բանաստեղծ է՝ արժանիորեն գնահատված ու թարգմանված աշխարհի տասնյակ լեզուներով: Եվ ոչ միայն բանաստեղծ, այլեւ՝ գեղանկարիչ: «Բանաստեղծն իր արվեստում եւս հավատարիմ է մնացել իրեն՝ մնացել է բանաստեղծ,- գրել է մեր ժողովրդի ու գրականության լիտվացի մեծ բարեկամ Էդուարդաս Մեժելայտիսը:- Յուրաքանչյուր նկար բանաստեղծական փոխաբերություն է: Իր հայրենիքի, իր բանաստեղծական աշխարհի, իր հեքիաթի եւ մարդկային հարաբերությունների բանաստեղծականացումը հրաշալի է: Բայց Արեւշատը միայն բանաստեղծ չէ, նա բանաստեղծ իմաստասեր ու փիլիսոփա է: Գույների պոեզիայով նա ինձ՝ արվեստասերիս, տանում է գեղեցկության աշխարհը, որտեղ մարդկային հոգին մաքրվում է՝ հասնելով կատարսիսի…»:

Գեղանկարչության մեջ եւս անշփոթելի իր ձեռագիրն հաստատած տաղանդավոր բանաստեղծը սեփական վրձնով է ձեւավորել իր բոլոր ժողովածուները՝ յուրօրինակ ներդաշնակությամբ մեկտեղելով աստվածատուր բացառիկ իր շնորհները: Կենսագրության բաղձալի էջ են նրա գրական հանդիպումները հայրենիքում, նախկին միության հանրապետություններում, եվրոպական երկրներում, Մերձավոր Արեւելքում, Միացյալ Նահանգներում: Նկարչական ցուցահանդեսները՝ աշխարհի լայնքով ու երկայնքով մեկ:

Առինքնող, մարդկային բարձր հատկանիշներով շռայլորեն օժտված բանաստեղծը նվիրյալ հայրենասեր է, որքան հոգեսույզ-հոգեբան-առեղծվածախույզ ու փիլիսոփա, նույնքան հասարակ, հողաբույր ու հողեղեն: Հայրենասեր ու հողապաշտ. քաջագիտակ իր ժողովրդի պատմությանն ու մշակույթին, որի անսակարկ մշակներից մեկն էլ ինքն է՝ իր Աշտարակ ծննդավայրի խնկարկուն: Որքանով որդիական անմնացորդ նվիրումի ապացույցը չէ Օշականամերձ իր հողամասը դրախտային այգու վերածելը, որտեղ հայ մշակույթի գործիչները հավաքվում են հասունացող բոլոր բարիքների՝ թթի, կեռասի, ծիրանի, խնձորի, դեղձի, խաղողի, ընկույզի ավանդական դարձած տոներին՝ համեմված պոեզիայով, երգով ու ցնծությամբ: Յուրօրինակ մի հանգրվան, որտեղ բանաստեղծի երազանքն է կառուցել յոթ մուսաները համատեղող «Մաշտոցատուն» կենտրոնը՝ ի նպաստ հայ մշակույթի զարգացման ու աշխարհասփռման: Հավատանք, որ այս մտահղացումը, ի վերջո, կարժանանա անհրաժեշտ վերաբերմունքի եւ հոգածության, եւ գեղեցիկ մի օր «Մաշտոցատունն» էլ, դրախտային այս այգու նման, կբացի իր դռները ամենքի առջեւ:

Արեւշատ Ավագյանը շուրջ երեք տասնամյակ է, ինչ նախագահում է Մշակույթի հայկական ֆոնդը: Տողերիս հեղինակին բազմիցս բախտ է վիճակվել մասնակից լինել գեղեցիկ այն հանդիպումներին, որոնք մեր մեծերից շատերի հետ էին՝ Պարիս Հերունի, Սիլվա Կապուտիկյան, անվանի գեղանկարիչներ, գիտնականներ, հայ մշակույթով ու երկրի ճակատագրով մտահոգ անհատներ: Հետո ստեղծելու էր «Ծիր կաթին» գիտամշակութային միավորումը ու նաեւ Մշակութային խորհրդարանը: Այդ միջոցառումները շարունակվում են առ օրս՝ գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ մշակույթի ոլորտի մարդկանց հետ, քննարկումներ, շահախնդիր զրույցներ առկա մարտահրավերների շուրջ:

Երկու մուսաների պատվախնդիր սպասարկու մտավորականը, որ ստեղծել եւ ղեկավարում  է «Արագածոտն» գրական-մշակութային միավորումը, բարձր պարգեւների պակասը չունի՝ «Մովսես Խորենացու» մեդալ, «Գրիգոր Նարեկացի», «Հակոբ Մեղապարտ» հուշամեդալներ, գրական տարբեր մրցանակներ: Եվ այս ամենը՝ հայ գրին ու գրչությանը անմնացորդ նվիրումի, ծանրակշիռ իր վաստակի համար: Նա զբաղվել է նաեւ թարգմանությամբ՝ հայացնելով ֆրանսիացի, լեհ, ռուս, վրացի, ուկրաինացի, այլազգի այլ հեղինակների բազմաթիվ ստեղծագործություններ:

Մեր՝ տոհմածառերի երկրի բանաստեղծը, գրում է. «Բառ առ բառ, տող առ տող մենք պետք է կառուցենք մեր լեզվաշխարհի հոգեշունչ ամրոցները՝ մեր բանաստեղծական, գեղանկարչական, երգարվեստի համերգասրահները, ցուցասրահներն ու լսարանները, Բարձր Հայքի, Արարատյան երկրի աստվածահաճո խոսքը մարդկությանն ասելու համար: Հայոց մշակույթի մրգահասը դեռ առջեւում է…»:

Այս հավատով, համոզմունքով է ապրում եւ ստեղծագործում Արեւշատ Ավագյանը՝ հայ պոեզիայի ամենաինքնատիպ դեմքերից մեկը, որի ծննդյան օրը շնորհավորենք երկօրյա ուշացումով:  Նրա, ով շատերին է հիացրել, որոնց թվում եւ հանճարեղ Պարույր Սեւակին. «Միայն ճշմարիտ բանաստեղծը կարող է անկենդան նատյուրմորտը ներկայացնել այնքան կենդանի, ասես ոչ թե գրիչ է բանեցրել, այլ՝ վրձին՝ երկրորդ անգամ նկարելով այն, ինչ մենք չենք տեսել…»: 

Թեգեր: Արեւշատ Ավագյանբանաստեղծ
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Ուսուցիչ, որը չէր ուսուցանում

Ուսուցիչ, որը չէր ուսուցանում

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist