Երբ հայ անվանի գիտնական, ռադիոաստղագետ Պարիս Հերունին փոխում էր մեր պատկերացումները Քարահունջի մասին՝ ուսումնասիրություններ կատարելով ու ներկայացնելով գիտական ապացույցներ, որ հնավայրն աստղադիտարան է, դեռ խորությամբ չէինք պատկերացնում, թե այն ինչ հսկայական նշանակություն կարող է ունենալ: Շատ ուսումնասիրողներ, այդ թվում՝ նաեւ արտասահմանցի, արդեն հաստատել են, որ այն իր կառուցվածքով նման է անգլիական Սթոունհենջին, սակայն շատ ավելի հին է: Եվ, ընդհանրապես, այն ավելի հին է, քան աշխարհի ցանկացած մասում գտնվող մեկ այլ «հենջ», ինչը նշանակում է, որ Քարահունջի առեղծվածի բացահայտումը լույս կսփռի բազմաթիվ հարցերի վրա, որոնք հուզում են մարդկությանը՝ կապված աշխարհի ստեղծման հետ: Միայն այն փաստը, որ Քարահունջի քարերի շարվածքը նման է Անգղի համաստեղությանը (այդ համաստեղությունն Անգղ են անվանել միայն հայերը եւ շումերները), որն այսօր հայտնի է Կարապի համաստեղություն անվամբ, ստիպում է պահել շունչներս: Ակնհայտ է, որ այն հսկայական գիտելիքներ է պահպանում, որոնք մենք կորցրել ենք, եւ վերադարձը սկզբնական գիտելիքներին կօգնի հասկանալ, թե ովքեր ենք, որտեղից ենք եկել, եւ որն է մեր առաքելությունը:
Այս եւ հարակից այլ հարցերի մասին է «ՀՀ»-ի հարցազրույցը «Քարահունջ» հայագիտական կենտրոնի նախագահ, Պարիս Հերունու դուստր Նանա Հերունու հետ, ով իր առջեւ խնդիր է դրել չթույլատրել հնագույն աստղադիտարանի կործանումը եւ օգնել, որ այն նույն տեսքով հասնի հաջորդ սերունդներին:
-Տիկին Հերունի, ե՞րբ զգացիք, որ աստղադիտարանը պաշտպանության կարիք ունի…
-Ինչ-որ պահի (2018 թ. օգոստոսին) սկսեցին խոսել, որ Քարահունջը սոսկ գերեզմանատուն է, որը պետք է պեղել… Բայց պեղումների փոխարեն իսկական ավերածություն կատարվեց, եւ նրանք, ովքեր դա արել են, ոչ միայն թույլտվություն չպետք է ունենան՝ շարունակելու պեղումներով քողարկված ավերածությունները, այլեւ ընդհանրապես ոտք չպետք է դնեն այնտեղ: Կառույցն աստղադիտարան է, Արեւի տաճար եւ կրթական համալիր: Քարահունջի հետազոտությունները թույլ են տալիս ասել, որ այն կառուցված էր լուսատուները դիտելու համար: Այս ամենի ապացույցը քարերի մեջ արված անցքերն են, որոնք ուղղված են ինչպես դեպի հորիզոն՝ արեւածագը դիտելու, նաեւ երկինք՝ այն ժամանակվա պայծառ աստղերը դիտելու համար: Ընդհանրապես՝ եթե հնավայրում մեկ կամ երկու բան (կառույց) այսօր պեղվում է, մյուսները թողնվում են հաջորդ սերունդներին: Չի կարելի, որ մեկը գա ու ամբողջը միանգամից փորփրի, ավերի: Սակայն այսպես կոչված պեղումներ կատարողները՝ Փիլիպոսյանն ու Արեշյանը, որտեղ պեղել են, այդ հնավայրերն արդեն գոյություն չունեն ոչ մեզ, ոչ էլ պատմության համար: Բահերով, քլունգներով, վերամբարձ կռունկներով ու էքսկավատորներով են պեղումներ կատարում: Նույնը վերջին շրջանում արել են նաեւ Մեծամորում: Այնտեղ արքայական մեծ դամբարաններ են գտնվել: Էքսկավատորով ջարդել, փշրել են դրանք: Թանգարանի աշխատակիցները պատմում էին, որ արժեքավոր շատ իրեր են հայտնաբերվել, եւ այդ ամենը Փիլիպոսյանի մոտ է, հետազոտելուց հետո կտեղադրի թանգարանում: Բայց նա դրանք իր տանն է պահում: Գտածոները չեն հաշվառում: Այս իրավիճակը զայրացնում է ոլորտի ներկայացուցիչներին, բայց նրանք վախենում են բարձրաձայն խոսել այդ մասին՝ հետագայում աշխատանքների ֆինանսավորումից չզրկվելու համար: Մեր պայքարի նպատակն է ստեղծել առողջ միջավայր, այլապես կկորցնենք մեր հնավայրերը: Ի դեպ, վերջերս միտում է նկատվում Հայաստանի պատմությունն սկսել քրիստոնեության ընդունումից: Առավել հին արժեքները քանդելու գործընթաց է սկսվել: Իսկ Քարահունջն ամենահնագույնն է, նա մեր գանձն է, մեր անձնագիրը, մեծ նշանակություն ունի ոչ միայն տարածաշրջանի, այլեւ ողջ աշխարհի համար: Դրա համար են որոշ ուժեր թեւերը քշտած կպել ոչնչացման գործին: Դրսից էլ նրանց իրենց տերերն են խեղդում՝ ոչնչացնելու հնավայրը: Բանն այն է, որ մեգալիթները ճշգրիտ աստղադիտական գործիք են, դրանց դիրքի թեթեւակի խախտումը, տեղաշարժումը անիմաստ կդարձնեն կառույցի նշանակությունը: Մեր խնդիրն է պահպանել ու հաջորդ սերունդներին փոխանցել Քարահունջը: Նրանք տեխնիկապես ավելի հագեցած կլինեն եւ առանց միջամտության, առանց փչացնելու կիրականացնեն այն գործողությունները, որոնք անհրաժեշտ կլինեն հետազոտությունների կատարման ընթացքում:
-Դուք պայքարն սկսեցիք շարժման տեսքով, իսկ այնուհետեւ որոշեցիք ստեղծել հասարակական կազմակերպություն՝ «Քարահունջ» հայագիտական կենտրոնը: Հայագիտական բառի օգտագործումը տրամադրում է ենթադրել, որ ուշադրության կենտրոնում միայն հայտնի «Քարահունջը» չէ…
-Մեր շուրջը հավաքվել են նաեւ շատ հայագետներ, գիտնականներ, ովքեր հետազոտություններն իրականացնում են իրենց տեսանկյունից: Կան նաեւ բժիշկ, երկրաբան, հնագետ, պատմաբան, լեզվաբաններ, քիմիկոսներ: Երբ տարբեր տեսանկյուններից ես ուսումնասիրում, ստացվող պատասխաններն ու հետեւություններն առավել ամբողջական են դառնում: Քարահունջը գաղափար է, այն միայն հնագիտության կամ աստղագիտության տիրույթում չէ: Շատ մեծ եւ ամբողջական հասկացություն է, որի նույնիսկ 10 տոկոսը չգիտենք: Մեր թիրախը Քարահունջն է, բայց մենք որոշեցինք ոչ միայն զբաղվել նրանով, այլ նաեւ այլ հնավայրերի ուսումնասիրությամբ, հիմնականում՝ հնագույն կառույցներով, որոնք ունեն աստղագիտական նշանակություն: Եվ դրանք կան Հայաստանում: Քարահունջը միակը չէ: Մենք զբաղվում ենք նաեւ դրանց ուսումնասիրությամբ: Շատ մեծ քայլ էր, երբ 2020 թ. օգոստոսին Բյուրականի աստղադիտարանն ու Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանը մեկշաբաթյա համատեղ արշավ իրականացրեցին դեպի Քարահունջ, որպեսզի ուսումնասիրեն դրա աստղադիտական նշանակությունը: Դա ինձ համար մեծ իրադարձություն էր, որովհետեւ իմ հոր կատարած աշխատանքներից հետո Քարահունջի գիտական ուսումնասիրությունների հաջորդ քայլն էր: Ամբողջական չափագրումներ արվեցին՝ տարբեր տեսակների, հիմա այնտեղ չափագրված է 20 հա տարածք, ամեն քարն ուսումնասիրված է: Եթե ինչ-որ բան 2 մմ շարժվի, մենք կիմանանք… Քարահունջը դամբարան չէ, իսկ այն հատվածը, որը դամբարան են անվանում, շինություններ են, բնակարաններ՝ իրենց կլոր բակերով, աշխատասենյակներով եւ այլն:
-Իսկ ինչու հայկական հնագույն աստղադիտարանն արտասահմանում ոմանց, պատկերավոր ասած, թույլ չի տալիս քնել:
-Որովհետեւ մեզանից լավ գիտեն, թե Քարահունջն իրենից ինչ է ներկայացնում: Մեր գիտելիքները վերջին երկու հարյուր տարում մեզանից խլել են կամ գողացել, մեր հիշողությունից էլ են ուզում բնաջնջել մեր սեփական պատմությունը: Չնայած մենք ենք ոմանց թիրախը, բայց, ընդհանրապես, հին ազգերի պատմությունը ջնջելու միտում կա աշխարհում: Նպատակն այն է, որ երկու սերունդ անց մոռանաս ակունքներդ: Չէ՞ որ քեզ հեշտ է կառավարել, եթե դու չգիտես, թե ով ես դու: Ինչ եղավ Պալմիրայի հետ, ինչու Իրաք մտնելուց հետո ամերիկացիներն առաջին հերթին հավաքեցին այն, ինչ կար թանգարանում, եւ տարան դուրս, ինչու մի քանի տարի առաջ Բրազիլիայի պատմության թանգարանը հանկարծ վառվեց, ինչու Կահիրեի թանգարանը ավերվեց: Հին ազգերի, հին քաղաքակրթությունների ակունքների բնաջնջումն առնչվում է նաեւ Քարահունջին: Բայց դա չենք թույլատրի: Ունեցել ենք շատ գիտելիքներ, որոնք մոռացել ենք, եւ հիմա կարծես ժամանակն է, որ վերհիշենք մեր ունակությունները, ճանաչենք մեզ ուժ տվող կառույցներն ու հնավայրերը: Այս աստղադիտարանը մեզ կտա գիտելիքներ, որոնք կարեւոր են ոչ միայն անցյալն իմանալու, այլեւ մեր ապագան կառուցելու համար: Ինձ հուսադրում է այն փաստը, որ Բյուրականի աստղադիտարանը եւ ճարտարապետաշինարարական համալսարանը կանգնել են «Քարահունջի մեջքին»: Իհարկե, որքան շատ բան իմանանք, այդ թվում՝ Քարահունջի մասին, դա մեզ տալու է գիտելիք եւ ուժ, նաեւ հնարավորություններ՝ տեր կանգնելու մեր երկրին:
-Նաեւ հնարավորություն՝ միավորելու հայկական մտքերը, որոնք «ցրված» են ողջ աշխարհում եւ, ծառայելով շատերին, հաճախ հայի դեմ են ուղղվում:
-Ցավոք, առայժմ ոչ մի բնագավառում չի ստացվում միավորել դրանք: Կառուցողական չենք, անգամ իրար լսելու ունակություն չունենք, համենայնդեպս՝ այն բնագավառներում, որոնց հետ առնչվել եմ ինքս: Տարակարծության մեջ վատ բան չկա, ճշմարտությունը բանավեճերի արդյունքում է ի հայտ գալիս, սակայն ես չգիտեմ, թե ինչ պետք է տեղի ունենա, որ կարողանանք միավորվել, իրար պարզապես լսել, ագրեսիվ ու թշնամաբար չտրամադրվել միմյանց նկատմամբ…
-Երբ բացահայտվի Քարահունջի առեղծվածը, եւ հայը ճանաչի իրեն, հավանաբար, հպարտության շատ պատճառներ կունենա, որոնք համախմբող դեր կկատարեն:
-Մի օրինակ հիշեցի: Գիտահետազոտական ինստիտուտը, որն ստեղծել էր եւ որտեղ ժամանակին աշխատում էր հայրս՝ Պարիս Հերունին, համամիութենական էր եւ պատկանում էր ԽՍՀՄ «Գոսստանդարտին» եւ անմիջապես Կրեմլին: Այն ռազմական նշանակություն ուներ, որտեղ մասնագետներն աշխատում էին հանուն Խորհրդային Միության ռազմական ներուժի ավելացման: Ես կարող եմ ասել, որ Վիետնամի պատերազմը կանգնեցվեց իմ հոր գյուտի շնորհիվ: Նա այնպիսի համակարգ ստեղծեց, որի օգնությամբ ամերիկյան օդուժին հասցվող հարվածներն առավել արդյունավետ էին: Ամերիկացիներն այլեւս չէին կարողանում օդ բարձրանալ, եւ պատերազմն ավարտվեց: Դրա մասին քչերը գիտեն, ես էլ՝ նրա դուստրը, շատ ուշ եմ իմացել: Նրա գյուտերի շնորհիվ տանկերն ու ինքնաթիռները հագեցած էին կատարյալ սարքավորումներով: Երբ հայրս երիտասարդ էր ու դեռ սովորում էր Մոսկվայի էներգետիկ ինստիտուտում, ստեղծել էր մի սարք, որը տեղադրվել էր արձակված առաջին արբանյակում: Հիշում եմ՝ պատմում էր. «Ես երիտասարդ տղա եմ, քայլում եմ Մոսկվայում, ամենուր հայտարարում են, որ խորհրդային առաջին արբանյակն է արձակվել… Ու ես ոչ մեկին չեմ կարողանում ասել, որ դրա վրա, ախր, իմ սարքն է տեղադրված»… Լավ կլիներ, որ հայկական մտքերը լիարժեք ծառայեին հային:
-Վերադառնանք Քարահունջի թեմային, որի քարերի շարվածքը, ինչպես նշեցիք, համապատասխանում է Անգղի համաստեղությանը…
-Այո: Եվ այն էլ՝ նույնքան ճշգրիտ, որքան այն կլիներ մոտավորապես 32 հազար տարի առաջ: Դա հաշվարկել է Հայկ Մալխասյանը, ով աշխատում է Բյուրականի աստղադիտարանում եւ ղեկավարում է մշակութային աստղագիտության բաժինը: Վաչագան Վահրադյանն ասում էր, որ աստղադիտարանը 12 հազար տարեկան է, նա առաջինն էր, որ բացահայտեց աստղադիտարանի՝ Անգղի համաստեղության տեսքով կառուցված լինելու փաստը, իսկ Հայկը որոշակի հաշվարկների շնորհիվ պարզեց, որ այն կարող է լինել 31200 տարեկան: Այդ մասին նրա աշխատությունը հրապարակված է Բյուրականի աստղադիտարանի կայքում: Հայկը նաեւ մեր կազմակերպության անդամն է: Շատ հետաքրքիր մտքեր է արտահայտում երկրաբան Հովհանես Ազիզբեկյանը: Հիշում եմ՝ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի նախկին տնօրեն Պավել Ավետիսյանն ասում էր, որ երկրաշարժերի պատճառով քարերը փոխել են իրենց դիրքերը, ինչի պատճառով Հերունին, իբր, չէր կարող ճշգրիտ հաշվարկներ կատարել: Իսկ երկրաբան Հովհաննես Ազիզբեկյանը գիտականորեն ապացուցեց, որ այդ տարածքում ոչինչ չէր կարող շարժվել…
Մեր խնդիրն է պահպանել մեր հզոր զենքը՝ Քարահունջը: Գիտելիքները մենք կստանանք ճիշտ ժամանակին: Հիմա ինձ համար ամենակարեւորն այն է, որ կառույցին ձեռք չտան, եւ մենք շարունակենք մեր գիտական ուսումնասիրությունները:
Հ. Գ. Եվ այսպես՝ Քարահունջի քարերի շարվածքը համապատասխանում է Անգղի համաստեղությանը: Հետաքրքիր «զուգադիպությամբ» Անգեղ անունով տեղանուններ կան նաեւ Հայաստանի Ծաղկոտն գավառում (Անգղ), Սյունիք նահանգում (Անգեղի, Անգեղակոթ, Անգեղաձոր), Վանա լճի ափին՝ Արտամետի մոտ (Անգղ) եւ այն: Անգեղտունը հեթանոս հայերի սրբազան վայրերից մեկն էր, Տորք դյուցազնի գլխավոր տաճարատեղը, որին նույնպես Անգեղ էին անվանում: Ուսումնասիրությունները դեռ կբացահայտեն՝ այս անվանումները զուգադիպությո՞ւն են, թե՞ պատմական հիշողության հետեւանք: Մեզ մնում է ավելացնել միայն, որ տարիներ առաջ աստղագետներն սկսել են այլմոլորակային քաղաքակրթություն փնտրել Անգղի (Կարապի) համաստեղության KIC 8462852 աստղի վրա: «Kepler» աստղադիտարանի տվյալները վկայել են, որ աստղի լուսավորությունը վերջին տարիներին ունեցել է կտրուկ եւ անկանոն անկումներ ու վերելքներ, եւ աստղագետները չեն բացառել, որ լուսավորության տատանումները կարող են պայմանավորված լինել այլմոլորակային քաղաքակրթության առկայությամբ: