«Շատ շուտ հասկացա, թե ինչ է մահը, որովհետեւ երեք տարեկան էի, երբ հայրս մահացավ: Այն գիտակցությունը, որ մենք հավերժ չենք, ստիպեց մտածել այդ ուղղությամբ: Ինչպե՞ս հաղթահարել անխուսափելի մահը, այլապես ակնհայտ անիմաստ է ծնվել: Ինձ թվում է՝ մնայուն գործերով կարելի է հաղթահարել մահը: Եվ ես ընտրեցի գրելը: Շատ շուտ այդ որոշումն ընդունեցի՝ դեռ 10 տարեկան չկայի…»:
Վիլյամ ՍԱՐՈՅԱՆ
Երեւի մեծերի «մենաշնորհն» է դեռ էն գլխից արժանանալ ճակատագրի հարվածներին, դիմակայել դրանց եւ… զորեղանալ: Որքանո՞վ տրամաբանական չէ նման ընկալումը համաշխարհային գրականության դասականներից մեկի՝ Վիլյամ Սարոյանի պարագայում, որին բախտ էր վիճակված դեռ մանկուց զրկվել հայրական սրտի գորովանքից, նրա բազկի զորակցությունից, ընտելանալ ու չընտելանալ որբանոցային կյանքին, բեռնել իր նկուն ուսերն աշխատանքով, որ գոյատեւել կարողանային ինքը, մայր Թագուհին եւ երկու քույրերը՝ մոռանալով պատշաճ ուսումնառության մասին. «Յոթ տարեկանից սկսեցի լրագրեր վաճառել մայթերին ու խաչմերուկներում: Երրորդ դասարանում առաջին անգամ վաստակեցի դպրոցի ամենաչար տղայի համբավը, ու ինձ հաճախ անկյուն էին կանգնեցնում, հայհոյում, քաշում մազերս ու ականջներս եւ, ի վերջո, վռնդեցին դպրոցից…»:
Աշխատանքը, սակայն, չէր խանգարելու դեռ տասը տարեկանում անմահության մասին մտածող ապագա գրողին տարվել ընթերցանությամբ ու նաեւ ստեղծագործել՝ գրելով փոքրիկ պատմվածքներ: 1933-ին Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթում տպագրվում է առաջին պատմվածքը՝ Սիրակ Գորյան ստորագրությամբ: Մեկ տարի անց լույս է տեսնում անդրանիկ ժողովածուն՝ «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա»՝ միանգամից ճանաչում բերելով 26-ամյա հեղինակին: Գրողն արդեն դեպի Օլիմպոս տանող ճանապարհին էր. 1939 թ. Սարոյանն արժանանում է Նյու Յորքի քննադատների եւ Պուլիցերյան մրցանակների, բայց հրաժարվում վերջինից (10 հզ. դոլար)՝ պատճառաբանելով, որ պետությունը չպիտի խառնվի գրականության գործերին եւ այն չվերածի առեւտրի:
Գրական գործունեության առաջին տասնամյակում Սարոյանը գրել է հարյուրավոր պատմվածքներ, որոնց մի մասը զետեղվել է ավելի քան տասը ժողովածուներում՝ «Փոքրիկ երեխաներ», «Ողջույն քեզ, սեր», «Անունս Արամ է», «Սիրելիս» եւ այլն: Դրանք բնական եւ ճշմարիտ պատկերների ու կերպարների մի ամբողջ շարք են, որոնցում նա իր ընթերցողի հետ խոսում է պարզ ու մատչելի լեզվով, իր բնորոշմամբ՝ «մարդկային սրտի համընդհանուր լեզվով, որը հավերժական է եւ նույնն է բոլորի համար ողջ աշխարհում»:
«Ես չեմ կարող իմ ինքնության մասին մտածել հայությունից դուրս: Ես Կալիֆորնիայի հայ եմ, Փարիզի հայ եմ, Լոնդոնի հայ եմ, Երեւանի հայ եմ, ամեն տեղ հայ եմ եւ ամեն տեղ նույն մարդն եմ»: Ուստի եւ պատահական չէ, որ իր հերոսներից շատերը հայեր են, որոնք ներկայացնում են հայկական միջավայրը՝ ազգային սովորույթներով ու բարքերով, հայրենիքի պատմական հիշողությամբ: Հայրենիքի թեման, նրա դարավոր ավանդույթները պահպանող մարդկանց ինքնատիպ կերպարները հակադրվում են ամերիկյան կենսակերպի համահարթեցնող չափանիշներին: Նրա հերոսները, հատկապես մանուկների ու պատանիների տպավորիչ կերպարները, համաշխարհային գրականություն են մտել որպես հոգու մաքրության եւ անկեղծության խորհրդանիշներ:
Իրականության եւ երազանքի հակադրության, անհատի ներքին ազատության ու հոգեւոր գեղեցկության, սիրո եւ բարու հաստատման մոտիվներն ինքնատիպ լուծումներ են ստացել գրողի դրամաներում՝ «Իմ սիրտը լեռներում է», «Կյանքիդ ժամանակը», «Հե՜յ, ո՞վ կա այդտեղ», «Կոտորածը մանկանց», «Քարանձավի մարդիկ», «Խաղողի այգին», «Մի գավաթ բարություն»՝ գործեր, որոնք ներկայացվել են հայկական եւ մոսկովյան բեմերում:
Երկրորդ աշխարհամարտ. 1942-ին Վիլյամ Սարոյանը զորակոչվել է բանակ, պատերազմն ընկալել որպես մարդկության մեծագույն աղետ ու չարիք: Այդ թեման է արտացոլված «Մարդկային կատակերգություն» վիպակում, որի համանուն ֆիլմի սցենարի համար արժանացել է «Օսկար» մրցանակի: Նույն թեմային է նվիրված նաեւ «Վեսլի Ջեկսոնի արկածները» վիպակը:
Գրողն անցյալ դարի 50-60-ական թթ. ապրել է Եվրոպայում, ստեղծել ինքնակենսագրական բնույթի հոգեբանական վիպակների շարք՝ «Ինչ-որ ծիծաղելի բան», «Հայրիկ, դու խենթ ես», «Մայրիկ, ես սիրում եմ քեզ», «Տղաներ եւ աղջիկներ», «Մեկ օր հետկեսօրյա աշխարհում»: Այդուհետ, երբ վերադարձել էր Միացյալ Նահանգներ, ծնվելու էին հուշագրությունները՝ նվիրված Չարլի Չապլինին, Բեռնարդ Շոուին, Թոմաս Էլիոթին, Ջոն Ստայնբեկին, Պաբլո Պիկասոյին, Եղիշե Չարենցին, դարի այլ մեծերի:
Մեծանուն գրողը հայրենիքում եղել է 4 անգամ: Վերջին այցը 1978-ին էր, իսկ ապրելուն մնացել էր քիչ ժամանակ…
«Ավելի գեղեցիկ ու անուշ տեղ չկա, քան հայրենիքն է». իր խոսքերն են: Եվ մահվանից առաջ կտակել էր, որ իր աճյունափոշու մեկ մասը հավիտենական հանգրվան ունենա այդ «գեղեցիկ ու անուշ» հայրենիքում: Եվ ունեցավ՝ սրբացնելով հայրենի հողի իր բաժին կտոր-տարածքը հայ մեծերի պանթեոնում, որի անմահ ննջեցյալներից մեկի՝ Հրանտ Մաթեւոսյանի խոսքով էլ ամփոփենք. «Մեծերը բացառություններ են, իրենք են ստեղծում իրենց օրենքները, եւ հայի ոգին Սարոյանով է մտել կեցության նոր ոլորտ… Ինքն իր հռչակից մեծ է եւ հռչակված ուրիշներից էլ է մեծ…»: