«Իր մեջ ներառելով ուսուցչին, դերասանապետին, բեմադրողին եւ թարգմանչին, Մնակյանն իր անհատական նկարագրով ամենից առաջ եղել է դերասան: Չունենալով իր կրտսեր ժամանակակցի՝ Պետրոս Ադամյանի տաղանդի ուժը եւ արվեստի ընդգրկման սահմանները, միակն է եղել, որին մի շրջան փորձել են համեմատել նրա հետ: Այդպիսի համեմատության հարկ չկա այսօր: Արվեստը համեմատություններ չի սիրում: Մի արվեստագետի մեծությունը չի փոքրացնում մյուսին, եւ յուրաքանչյուր արվեստագետ ինքն է սահմանում իր արվեստի չափանիշները: Բայց չդիմելով համեմատությունների, չենք էլ կարող ուշադրության չառնել, որ Վահրամ Փափազյանն իր ուսուցիչներին՝ Նովելլիին, Ձակոնիին եւ Ջիռոլամո Գոցցիին հիշելիս, նրանց շարքն է դասում եւ Մնակյանին…»:
Հենրիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
1837-ին Պոլսի Բալաթ թաղամասում ծնված Մարտիրոս Մնակյանը դերասանական իր կարիերան սկսել է սիրողական թատրոնում, սակայն 22 տարեկանում բեմ բարձրացել որպես կայացած ու առաջատար դերասան՝ խաղալով «Արեւելյան թատրոնում»: Առաջին լուրջ դերը «Արիստոտեմ» պիեսում էր, որին հաջորդում է աշխատանքը Իզմիրի թատրոնում: 1864-ին վերադառնում է ծննդավայր՝ նախընտրլով ելույթներ ունենալ ֆրանսիական օպերետներում: Որոշ ժամանակ անց որոշում է ընդմիջել բեմական գործունեությունը, ընտանիք է կազմում եւ տեղափոխվելով Կեսարիա՝ զբաղվում ուսուցչությամբ: Մանկավարժի աշխատանքը եւս կարճ է տեւում՝ կրկին կանչում է Պոլիսը: Վերադառնում է եւ փորձում հին խմբերի հետ նորից ներկայացումներ ունենալ: Այդ խմբերը, սակայն, շուտով լուծարվում են: Մնակյանը եւ նրա ընկերները ընդգրկվում են «Գեդիկփաշա» թատրոնում, որտեղ հիմնականում աշխատում եւ ստեղծագործում էին հայեր, եւ որոնց գործունեության շնորհիվ է, որ հետագայում ձեւավորվում է օսմանյան թատրոն կոչվածը: Արդյո՞ք այս իրողությանը տեղյակ են երախտամոռ մեր հարեւանի ժամանակակից քաղաքակիրթ սերունդները…
Ռուս-թուրքական պատերազմի ընթացքում դերասան Մնակյանը Ադրիանապոլսում օպերաներ եւ օպերետներ է բեմադրում, հետպատերազմյան տարիներին սալոնային դերեր մարմնավորում Թիֆլիսի հայ թատերախմբերի ներկայացումներում՝ ժանաչվելով որպես մելոդրամայի վարպետ:
1880 թ. արդեն հեղինակություն վայելող արվեստագետը Պոլսում զբաղեցնում է օսմանյան թատրոնի ղեկավարի պաշտոնը, սակայն շուտով լքում է այն՝ գերադասելով դերասանական աշխատանքը: Դասական խաղացանկում նրան լայն ճանաչում են բերում բնահատուկ դերերի կերպավորումները՝ Պետրուչիո, Շայլոկ՝ Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը», «Վենետիկի վաճառականը», Ֆամուսով՝ Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս», Դոն Ժուան՝ Մոլիերի նույնանուն պիեսում, Արբենին՝ Լերմոնտովի «Դիմակահանդես»-ում, գլխավոր դերեր Ալեքսանդր Դյումա-հոր, Շիլլերի գլուխգործոցային ռոմանտիկական դրամաներում ՝«Քին»-ում, «Ավազակներ»-ում:
1884 թվական. Մնակյանը Պոլսում ստեղծում է օսմանյան դրամատիկ թատերախումբ, որտեղ ինքը եւ տնօրեն էր, եւ ռեժիսոր, եւ առաջնակարգ դերասան: Այստեղ բեմադրում է շուրջ 250 օպերա, պիես եւ օպերետ: Շուտով թատերախումբը ողջ կայսրության մեջ դառնում է ամենահայտնին ու ամենահեղինակավորը: Այս իրողությունը, սակայն, անհաճո էր իշխանություններին, ինչը եւ պատճառ է դառնում թուրքական կառավարության հետապնդման համար: Թատրոնն ընդհատումներով գործում է մինչեւ 1908 թ.: Այդ ընդհատումներն սկսվել էին այն բանից հետո, երբ 1904-ին Շեհրեմինի Ռիդվան փաշան թատրոնների գործունեությունն ապօրինի էր հայտարարել, քանի որ դրանք ստեղծել եւ ղեկավարում էին հայերը…
1909-ին դերասանը միանում է «Թասֆիյեի Ահլակ» ընկերությանը, մի քանի տարի անց ձեւավորում 80 հոգանոց թատերախումբ: 1912-ին հանդիսություն է կազմակերպում իր թատերական գործունեության 50-ամյա հոբելյանի առթիվ: Եվ, ով զարմանք, Մեհմեդ Ռիշադ իշխանական պաշտոնյան նրան շնորհում է գիտության շքանշան:
1916 թ. Մարտիրոս Մնակյանն ընդմիշտ հրաժեշտ է տալիս թատրոնին: Տարիներ հետո թուրքական «Թամաշա» ամսագիրը հարց է ուղղում իր ընթերցողներին, թե 50 տարվա ընթացքում ով է թուրքական թատրոնում ամենանշանակալի դերը կատարել: Հաղթող է ճանաչվում հայազգի արվեստագետը:
Թատերական անվանի գործիչը զբաղվել է նաեւ թարգմանությամբ. խաղալով եվրոպական մելոդրամաներում, թուրքերենի է վերածել դրանք, երբեմն թարգմանել նաեւ հայերեն: Հավելենք, որ Մնակյանի խումբը պոլսահայ վերջին թատերախումբն էր, որն էապես նպաստել է նաեւ թուրք արհեստավարժ դրամատիկական թատրոնի ստեղծմանն ու զարգացմանը: