Լրացավ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 90-ամյակը: Արժանապատվորեն կատարելով Արցախի թիվ 1 ստեղծագործական. մշակութային օջախի իր առաքելությունը թատերասեր հասարակության առաջ, այն դժվարին ու տատասկոտ, սակայն փառավոր ճանապարհ է անցել: Թատրոնի հիմնադիրն անվանի դերասան եւ բեմադրիչ, արվեստի վաստակավոր գործիչ Կարո Ալվարյանն է, որի հրավերով, Բաքվի Լ. Երեմյանի անվան պետական Կարմրադրոշ թատրոնը՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից փակվելուց հետո, Ստեփանակերտ են գալիս մեկ տասնյակից ավելի առաջատար դերասաններ: Սկզբնական շրջանում դրամատիկական իր գործունեությունը ծավալում էր «Արհմիութենական ակումբում», որն ուներ փոքրիկ բեմ եւ 300 տեղանոց դահլիճ: 1932 թ. օգոստոսի 11-ին Վաղարշ Վաղարշյանի «Օղակում» պիեսի բեմադրությամբ տրվում է թատրոնի պաշտոնական բացման մեկնարկը: 1950 թ. գարնանը սկսվում է նոր շենքի շինարարությունը, որը, ականատեսների պնդմամբ, վերածվում է համաժողովրդական կառույցի: Այն շահագործվում է երկու տարի անց՝ 1952-ի հոկտեմբերին՝ հանդիսավորությամբ: Հատկանշական է, որ իբրեւ առաջնախաղ, նորակառույց թատրոնի բեմում արվեստի վաստակավոր գործիչ Արտաշես Հովսեփյանի բեմադրությամբ հանդիսատեսին է ներկայացվել թուրքմեն դրամատուրգ Հ. Մուխթարովի «Ընտանիքի պատիվը» պիեսը: Կոլեկտիվի անցած ճանապարհի մասին՝ թատրոնի ավագ սերնդի ներկայացուցիչ, հանրապետության ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանի հետ հանդիպել եւ զրուցել է Արցախում «ՀՀ» օրաթերթի սեփական թղթակիցը:
-Ծնունդ առնելով բարդ ու դժվարին ժամանակներում,- ասաց նա,- երբ Ադրբեջանի իշխանությունը խտրական քաղաքականություն էր վարում հայ բնակչության նկատմամբ՝ Բաքվում աստիճանաբար փակելով հայկական կրթամշակութային օջախները, թատրոնի կոլեկտիվը տոկաց եւ մաքառեց՝ պաշտպանելով իր ինքնությունը, բեմական արվեստի շնորհիվ նվաճեց հանդիսատեսի սերն ու հարգանքը, վստահաբար շարունակեց ավագներից ժառանգած ավանդույթները եւ դրանք փոխանցեց սերունդներին: Ինչպես թատերագետ, դրամատիկականի գրական մասի ղեկավար, երջանկահիշատակ Իսահակ Ալավերդյանն է իրավացիորեն նշել, շահագործելով ճարտարապետական ուշագրավ լուծումներով կառուցված շենքը, առաջին իսկ օրերից նոր մշակույթ ձեւավորվեց մայրաքաղաք Ստեփանակերտում, «Թատրոն էին հաճախում գլխավորապես մտավորականության ներկայացուցիչները՝ կոկիկ, ճաշակով հագնված, ովքեր դահլիճ էին մտնում հանդերձարանում թողնելով ոչ միայն վերարկուներն ու գլխարկները, ձեռքի փոքրիկ պայուսակները, այլեւ կրկնակոշիկները, որ այդ ժամանակ նորակառույց, հատկապես ծայրամասային կեղտոտ փողոցներում կրելը պարտադիր էր»: Շատ հաճախ նրանք առաջնախաղին ներկայանում էին նոր զգեստներով: Իսկ ընդմիջմանը մարդիկ ճեմում էին եւ աշխույժ հաղորդակցվում, կարծիքներ փոխանակում ներկայացման ու նրանում ընդգրկված դերասանների անզուգական խաղի վերաբերյալ, առավել ազդեցիկ տեսարանների շուրջ կիսում իրենց տպավորությունները: Թատրոնը թե ստեղծագործական կազմի եւ թե հանդիսատեսի համար հարազատ օջախ էր դարձել, որի կամարների տակ նորանոր ավանդույթներ էին ձեւավորվում, բեմում հորդաբուխ հնչում էր անաղարտ եւ ոսկեղենիկ հայերենը՝ խորհրդանշելով մեր ժողովրդի հավերժությունը…
-Հե՞շտ է դիմակայել ժամանակի դժվարություններին եւ փորձություններին՝ հաշվի առնելով հայրենիքը պահելու իր իրավունքների համար մարտնչող արցախցիներին բաժին հասած ճակատագիրը… Այդ առումով, հավանաբար, անառարկելի է ավագ սերնդի առաքելությունը, որը վճռորոշ դերակատարություն է ունեցել հայապահպանության խնդրում:
-Անկասկած: Շնորհիվ թատրոնի երեւելիների, ովքեր մեծ հեղինակություն ունեին հասարակության, մասնավորապես՝ մտավորականության շրջանում, արծարծվում էր ազգային ինքնագիտակցության գաղափարը: Չնայած իշխանությունների «հորդորներին», թատերացանկում գլխավորապես ներառվում էին հայ դասականների հայրենասիրական ստեղծագործությունները, որոնք ջերմորեն էին ընդունվում հանդիսատեսի կողմից: Այդ շարքում կարելի է դիտարկել Րաֆֆու «Սամվելը», Մուրացանի «Գեւորգ Մարզպետունին», «Ռուզանը», Ն. Զարյանի «Արա Գեղեցիկը», Ս. Խանզադյանի «Մխիթար սպարապետը», Լ. Միքայելյանի «Վարազդատը», Գ. Թավրիզյանի «Մելիքի աղջիկը» պիեսների բեմադրությունները, որոնց առաջնախաղերն անցան ցնծությամբ եւ ոգեւորությամբ: Ակնհայտ է, որ գլխավոր դերերում հանդես էին գալիս դրամատիկականի երախտավորները, ովքեր իրենց համոզիչ խաղով կախարդում էին լեփ-լեցուն դահլիճը, ու տարիներով այդ ստեղծագործությունները դուրս չէին մնում ծրագրից: Ես այն դերասաններից եմ, ում բախտ է վիճակվել խաղալ այնպիսի պայծառ դեմքերի հետ, ինչպիսիք են ժողովրդական արտիստներ Միքայել Կորգանյանը, Գուրգեն Հարությունյանը, Նինա Հովսեփյանը, Իվան Հովհաննիսյանը, Բենիկ Օվչյանը, Թամարա Մելքումյանը, Մարգո Բալասանյանը, Ռաֆիկ Հարությունյանը, Զինավոր Գեւորգյանը, Մամիկոն Միքայելյանը, Նվարդ Ասատրյանը, Սուրեն Համզոյանը, Միքայել Հարությունյանը եւ այլք, որոնցով հպարտանում եմ: Նրանք արժեքներ են ստեղծել, մնայուն հետք թողել թատրոնի տարեգրության էջերում, նպաստել երիտասարդ սերնդի ընդունակությունների դրսեւորմանը, անմոռանալի հիշողություններ կտակել մեզ եւ հանդիսատեսներին: Անհնար է չհիշել ռեժիսորներ, երժանկահիշատակ Կարո Ալվարյանին, Հովհաննես Կարապետյանին, Արտաշես Հովսեփյանին, Ռեմ Սարգսյանին, Ալֆրեդ Հակոբյանին, որոնց շնորհիվ բեմ են բարձրացել հայ եւ արտասահմանյան դասականների ու ժամանակակից գրողների, դրամատուրգների տասնյակ պիեսներ: Ժամանակին մի շարք բեմադրություններ է իրականացրել թատրոնի ռեժիսոր, արվեստի վաստակավոր գործիչ Լեոնիդ Հարությունյանը:
-Որքան հայտնի է, հայ բեմի վարպետներից ոչ քչերին է հյուրընկալել Ստեփանակերտի թատրոնը, որոնց ներկայությունը, անզուգական խաղը ոգեւորել, քաջալերել է Արցախի խաղընկերներին: Հատկանշական է, որ այսօր էլ այդ հիշողությունները «շրջանառվում» են արվեստասերների շրջանում, իսկ Ստեփանակերտի դրամատիկականի ճեմասրահում տեղադրված մեծադիր, խմբային լուսանկարները երանելի այդ ժամանակների հիշարժան պահերն են հավերժացրել…
-Այո, մեր թատրոնի պատմության էջերը լի են նման ուշագրավ դրվագներով, որոնց իրենց գրքերում անդրադարձել են թատերագիրներ Իսահակ եւ Կարինե Ալավերդյանները: Ականատեսներն առանձին դրվագներ են հիշում Օթելլոյի կերպարը մարմնավորող Վահրամ Փափազյանի եւ Դեզդեմոնայի դերակատարի՝ փոքրամարմին, սակայն հմայիչ Մարգո Բալասանյանի ներդաշնակ խաղից, որ գերել են դահլիճը, եւ հանդիսատեսները «ստիպված» են եղել շուրջ 10 րոպե հոտնկայս ծափահարել: Ստեփանակերտի բեմում խաղացել են այնպիսի երեւելիներ, ինչպիսիք են Հրաչյա Հովհաննիսյանը, Ավետ Ավետիսյանը, Դավիթ Մալյանը, Կարպ Խաչվանքյանը, Գուրգեն Ջանիբեկյանը, Բաբկեն Ներսիսյանը, Մետաքսյա Սիմոնյանը, Վարդուհի Վարդերեսյանը… Ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ Դավիթ Մալյանը Արցախի մայր թատրոնում բեմադրել է Գ. Գրիգորյանի «Ա՜խ ներվեր, ներվեր» կատակերգությունն ու Ս. Բաբայանի «Ինչպես մեծացար, որդիս» դրաման, որոնք ջերմորեն են ընդունվել արվեստասեր հասարակության կողմից եւ, ինչպես ասում են, «երկար կյանք են ունեցել»…
-Այսօր, երբ պատերազմի, տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական բարդ իրադրության պատճառով խախտվել է անդորրը, եւ, մի շարք հանգամանքներով պայմանավորված, թատրոնը ոչ քիչ դժվարություններ է ստիպված հաղթահարել, ինչպե՞ս է հաղորդակից լինում հանդիսատեսի հետ: Դյուրի՞ն է հոգեկան ծանր իրավիճակներում հայտնված մարդկանց վերստին ներկայացումների հրավիրել ու վերականգնել երբեմնի ջերմ հարաբերությունները…
-Հաշվի առնելով այդ իրողությունները, մենք վերանայել ենք մեր ծրագրերը, եւ հանդիսատեսի համար նախընտրել այնպիսի ներկայացումներ, որոնք հոգեբանորեն չեն խաթարի նրանց՝ առանց այն էլ զարկված ու վիրավոր սրտերը… Բավականին «թեթեւ» ու հետաքրքիր գործեր ենք ընտրել եւ երեխաների համար՝ առաջնահերթությունը տալով հեքիաթներին: Եվ, հավատացեք, արդարացվել են մեր ու հանդիսատեսի ակնկալիքները: Ցուցադրումները հիմնականում անցկացվում են լեփ-լեցուն դահիճներում, եւ արձագանքները, բնականաբար, լավատեսություն են ներշնչում… Միաժամանակ նախապատրաստվում ենք հայրենասիրական ստեղծագործությունների բեմականացմանը: Ասել է թե՝ կոլեկտիվին լուրջ քննություն է սպասվում…
-Խոսելով դժվարությունների մասին, հնարավոր չէ շրջանցել թատրոնի հին շենքի հիմնանորոգման խնդիրը, որ ահա 10 տարուց ավելի է, ինչ ձգձգվում է: Կա՞ հիմնավորված պատճառ…
-Շատ ցավոտ հարց տվեցիք: Ճարտարապետական եւ մշակութային արժեք ներկայացնող օջախն, իրոք, տարիներով մոռացության է մատնված: Չնայած պետական մակարդակով խնդիրը քննարկվել է մասնագետների մասնակցությամբ, նախագիծ է պատվիրվել, սակայն առայսօր այդ ուղղությամբ ոչ մի քայլ չի արվել: Ներկայացումները կազմակերպվում են Ստեփանակերտի մշակույթի պալատի փոքրիկ դահլիճում, ուր բացակայում են ամենատարրական պայմանները: Ես առաջին հերթին նկատի ունեմ նեղլիկ բեմը, որտեղ անհնար է լիարժեք ձեւավորում իրականացնել եւ դերասանական հորդաբուխ, համոզիչ խաղ ցուցադրել: Մենք մեր հիմնական, նորոգ տունը վերադառնալուն անհամբերությամբ ենք սպասում:
-Թատրոնում սերնդափոխության խնդիրը միշտ էլ զգայուն թեմա է եղել: Ովքե՞ր են այսօր բեմի վրա: Ինչպե՞ս է լուծվում դերասանական կադրերի համալրման խնդիրը:
-Ազնիվ չի լինել ասել, թե այդ առումով ամեն ինչ կատարյալ է: Տարիներ առաջ թատրոնին կից գործող դերասանական ստուդիայում շնորհալի երիտասարդներ էին ուսանում եւ անգամ ընդգրկված էին որոշ ներկայացումներում: Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներից եւս գործուղվում էին Ստեփանակերտ, եւ սերնդափոխության հարցը կարծես կարգավորվում էր: Վերջին շրջանում, սակայն, հոսքը Երեւանից նվազել է, իսկ ստուդիան քանի որ վաղուց դադարել է գործել՝ երիտասարդ կադրերի սուր խնդիր ունենք: Հիմնականում բեռն իրենց ուսերին են կրում ավագ եւ միջին սերնդի ներկայացուցիչները: Այդ բացը շտկելու նպատակով Մ. Մաշտոցի անվան համալսարանի ղեկավարությունն ընդառաջել է մեր խնդրանքին եւ, դերասանական բաժին բացելով, այս ուսումնականից դիմորդների ընդունելություն է կազմակերպել: Հուսանք, որ անցնցում սերնդափոխություն կունենանք, եւ բեմում ավագներն իրենց կողքին արժանի խաղընկեր կունենան նաեւ ապագա դերասաններին: Ինչ վերաբերում է ներկայումս ստեղծագործական կոլեկտիվում ընդգրկված երիտասարդներին, պիտի խոստովանել, որ լիարժեք խաղ են ցուցադրում, ու նրանցից շատերն արդեն վայելում են հանդիսատեսի սերն ու համակրանքը: Իսկ դա նշանակում է, որ վաղվա օրվա նկատմամբ վստահություն են ներշնչում եւ կարող են կանխորոշել թատրոնի ապագան…
Զրուցեց Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ
Ստեփանակերտ