«Արվեստը մի անավարտ կամուրջ է՝ գցված կյանքի անեզրության վրա, որի մեկ ոտքը հենված է կյանքի վրա, իսկ մյուս ոտքը մեկնված է դեպի անզորությունը… Ամեն մի հանճար երկարացնում է այդ ոտքը, որպեսզի գտնի երկրորդ հենարանը: Եվ այդպես անվերջ… Դրա համար արվեստը մարդկության լավագույն իղձերի անվախճան պատմությունն է…»:
Երվանդ ՔՈՉԱՐ
Պատմում են, որ ռուս գրող Վ. Գրոսմանը գնացքով եկել է հայոց մայրաքաղաք, կայարանամերձ հրապարակում տեսել Սասունցի Դավթի հուշարձանը, հիացած դիտել է այն, պտտվել նրա շուրջը եւ հանկարծ նկատել, որ քանդակի կախարդիչ տպավորության տակ մոռացել է վայր դնել ձեռքի ծանր ճամպրուկները… Երվանդ Քոչարի՝ ազատատենչ հայ ժողովրդի ցասումը, ուժն ու թափը խորհրդանշող հանճարեղ ձիարձանն իրականությունից կտրել էր գրողին…
Քանդակագործը, սակայն, նույնքան հանճարեղ է նաեւ գծանկարչության եւ գեղանկարչության տիրույթներում: Թիֆլիսի նկարչական դպրոցում մեծանուն Եղիշե Թադեւոսյանի երբեմնի սանը, որ եղել էր Վենետիկում, ապա մինչեւ 1936 թ. հաստատվել արվեստների մայրաքաղաք Փարիզում, նկարչի համբավ ու ճանաչում է ձեռք բերում հենց Ֆրանսիայում՝ ստեղծագործաբար հայտնագործելով «տարածական նկարչությունը»:
Չանդրադառնալով արվեստագետի անցած ճանապարհին ու անժամանցելի ստեղծագործական հունձքին՝ նշենք, որ արվեստագետի երեւանյան տուն-թանգարանում մեծ շուքով բացվեց նրա աշխատանքների ցուցահանդեսը: Ինչպես բացման խոսքում ասաց տուն-թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը, սա առաջինն է Քոչարի 125-ամյակին ընդառաջ կազմակերպվող միջոցառումների շարքում: Ցուցահանդես, «որ իրականություն դարձավ Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համագործակցության արդյունքում»: Ինչպես ընդգծեց տնօրենը՝ ցուցադրությունում ընդգրկված են գլուխգործոցային աշխատանքներ պատկերասրահի հավաքածուից, ինչպես նաեւ մի քանի ստեղծագործություն՝ մասնավոր հավաքածուներից:
Միջոցառմանը նոր շուք հաղորդեց «Այդ արարչագործ Քոչարը» գրքի շնորհանդեսը: Գիրքը տպագրվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ֆինանսավորմամբ: «Եվ մենք մեր առանձնահատուկ եւ խորին շնորհակալությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոթին, դեսպան Անն Լույոյին, դեսպանատան նախկին մշակութային պատասխանատու Հաննա Մովիոյին, մշակույթի եւ համագործակցության հարցերով խորհրդական, մեր թանգարանի մեծ բարեկամ Գիյոմ Նարժոլեին՝ մեր երազանքի իրագործմանն աջակցելու համար»,- իր երախտագիտությունն այսպես արտահայտեց Կարինե Քոչարը:
Գրքում ներառված նյութերն առնչվում են Քոչարի ստեղծագործական կյանքի փարիզյան շրջանի գործունեությանը, մասնավորապես անհատական ցուցահանդեսներին եւ դրանց վերաբերյալ հայտնի հրապարակումներին: Առաջաբանը գրել է արվեստի պատմության դոկտոր, Հուշագրությունների արդի հրատարակության ինստիտուտի գեղարվեստական արխիվների տնօրեն Իվ Շեվրֆիս Դերիոլը:
Ասենք, որ միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան էին ժամանել եւ ցուցահանդեսի բացմանը ներկա էին Երվանդ Քոչարի մտերիմ բարեկամ, նշանավոր արվեստաբան Վալդեմար Ժորժի թոռը՝ հայտնի լուսանկարիչ Ալեն Յարոցինսկին, գրքի առաջաբանի հեղինակ Իվ Շեվրֆիս Դերիոլը:
«Ի դեպ, այս կարեւոր անձանց հրավերը հնարավոր է դարձել ՀՀ ԿԳՄՍ նախարարության հատկացրած դրամաշնորհի շնորհիվ, ինչի համար մեր երախտագիտությունն ենք հայտնում»,- չմոռացավ հիշատակել Կարինե Քոչարը:
Ցուցահադեսի բացմանը հանճարեղ արվեստագետի ստեղծագործության առանձնահատկությունների, փարիզյան շրջանի նրա արարումների մասին ընդգրկուն ելույթներով հանդես եկան բարեկամ երկրից ժամանած պատվարժան հյուրերը: Ելույթ ունեցավ նաեւ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը:
«Իմ հույսը ժամանակի վրա է»,- մի առիթով արտահայտվել է Երվանդ Քոչարը: Եվ ժամանակն արդարացրել է նրա հույսը, քանզի հավերժության կնիքով է դաջված աշխարհաճանաչ նրա արվեստը՝ օծված երվանդքոչարական հանճարով…