Բուրջ Համուդ՝ քաղաք եւ մունիցիպալ շրջան Լիբանանում, գտնվում է Բեյրութից հյուսիս-արեւելք, Մաթնի շրջանում։ Քաղաքը համարվում է բնակելի, արդյունաբերական եւ առեւտրային տարածք, Մերձավոր Արեւելքի ամենախիտ բնակեցված վայրերից մեկը, բնակչության մեծամասնությունը հայեր են։
Բուրջ Համուդը հիմնադրվել է 1915 թ. Հայոց ցեղասպանությունից փրկվածների կողմից եւ զարգացել է 1930-ական թթ., երբ հիվանդ եւ ուժասպառ հայերը, որոնք փրկվել էին Դեր Զորի մահվան երթից, Օսմանյան կայսրության անկումից հետո հասել են Բեյրութ։ Նրանց իրավունք է տրվել խրճիթներ կառուցել Բեյրութում՝ գետի աջ ափին, որը ճահճոտ տարածք էր։ Հետո հայերին արտոնեցին տներ եւ շենքեր կառուցել, որոնք առ այսօր էլ կանգուն են։ 1952 թ. Բուրջ Համուդն ունենում է իր քաղաքապետարանը եւ այժմ Հյուսիսային Մաթնի քաղաքապետարանների խմբի անդամ է։
Բուրջ Համուդ քաղաքի եւ քաղաքապետարանի հիմնադիրն է Հայ կաթողիկե եկեղեցու հայրերից հայր Պողոս Արիսը, ով նպաստել է լիբանանահայ կենտրոնի հիմնադրմանը, ինչպես նաեւ երկար տարիներ ստանձնել է քաղաքապետի պաշտոնը։ Քաղաքապետարանը Բուրջ Համուդի կենտրոնական թաղամասերից մեկը կոչել է նրա անունով՝ իրենց երախտագիտությունը հայտնելով մեծ ներդրումների, քաղաքի հիմնադրման եւ կառուցման համար։
Բուրջ Համուդի շատ թաղեր կոչվում են հայկական քաղաքների անուններով, ինչպես՝ Երեւան, եւ գետերի անուններով՝ Արաքս։ Նրանցից շատերը հիշեցնում են նախահայրերի բնակավայրերը եւ Կիլիկիան, որտեղից եկել է լիբանանահայերի մեծամասնությունը։