ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Լոռու ասպետ», ծննդավայր Մարգահովիտ գյուղի պատվավոր քաղաքացի, «Մովսես Խորենացի» մեդալակիր, գրական բազմաթիվ մրցանակների դափնեկիր բանաստեղծ Հրաչյա Սարուխանն այս տարվա սեպտեմբերին կդառնար 75 տարեկան: Այդ առթիվ Լոռու մարզային գրադարանում կազմակերպվեց քննարկում՝ նպատակ ունենալով մեկ անգամ եւս արժեւորել բանաստեղծի գրական վաստակը:
«Սարուխանի ստեղծագործություններում ակնարկումներ կան հայ եւ համաշխարհային դիցարանից, աղերսներ ու առնչակցություններ կան Աստվածաշնչից, համաշխարհային փիլիսոփաներին ու նրանց ստեղծագործություններին (Նիցշե, Կանտ, Գրիգորի Սկովորոդա, Սյորեն Կերկեգոր, Թոմաս Մոր, այլք), իր ժամանակակիցներին»,- ասաց «Մարգահովիտի Զորավիգ» թերթի խմբագիր Հովհաննես Սարդարյանը՝ նշելով, որ ինքը կարեւոր զուգորդումներ է կատարել Հրաչյա Սարուխանի եւ, մասնավորապես, Ռեյ Բրեդբերիի ու Էդգար Պոյի որոշ ստեղծագործությունների միջեւ եւ Սարուխանի ստեղծագործության վերաբերյալ այլ ընդհանրացումների մասին պատրաստում է բանաստեղծի ստեղծագործության ուսումնասիրությանը նվիրված մի աշխատանք:
Սարուխանի ստեղծագործությունը բարձր գնահատեց եւ արժեւորման խոսքեր ասաց բանաստեղծ, Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի նախագահ Մանվել Միկոյանը:
«Ինչպես շատ գրողների, այնպես էլ Հրաչյա Սարուխանի ստեղծագործությունները կարիք ունեն խորքային ուսումնասիրության: Նրա գործերում կան միայն իրեն հատուկ պատկերային, մետաֆորային, ենթատեքստային եւ այլ լուրջ նորություններ, որոնք բացահայտման ու հանրությանը ներկայացնելու կարիք ունեն»,- ասաց Մ. Միկոյանը:
Հնչեցին նաեւ Հրաչյա Սարուխանի բանաստեղծություններից:
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Լոռի