Ըստ լեզուների մասին 1992 թ. եվրոպական հայտարարագրի՝ լեզուների «կարմիր գրքում» հայտնվել է ավելի քան 200 լեզու, այդ թվում նաեւ մեր չքնաղ գրական արեւմտահայերենը։ Ընդ որում՝ այս հայտարարագրում Եվրոպան պաշտոնապես ընդունեց, որ լեզուն ազգ է, եւ առանց լեզվի ազգ չկա։ Գլոբալիզմի կոպիտ առաջխաղացման պայմաններում յուրաքանչյուր ազգ պետք է հոգ տանի իր մայրենիի մասին։ Պատմության փորձը ցույց է տալիս, որ ոչ մի հատկանիշ այդքան կարեւոր նշանակություն չունի ազգի գոյատեւման համար, ինչքան լեզուն։
ՀՀ Սահմանադրությունը մեր մայրենին հայտարարել է պետական լեզու, սակայն ֆինների փորձը հուշում է, որ պետական լեզու լինելը դեռ չի ապահովում անվտանգություն։ Հայաստանում կան Լեզվի կոմիտե, միջնակարգ եւ բարձրագույն դպրոց, մտավորականություն, սակայն չկա ազգային հոգատարություն ու պետական հսկողություն լեզվի նկատմամբ։
Համեմատենք խորհրդային շրջանի տասնամյա դպրոցի շրջանավարտների գիտելիքներն այսօրվա տասներկուամյա դպրոցի շրջանավարտների գիտելիքների հետ։ Պատասխանը պարզ է բոլորիս։ Պատճառն ընկալելու համար պետք չեն երկար հաշվարկներ. այն մեր «բարեփոխումների» արդյունքն է։ Կտրուկ փոխվեցին դպրոցի վարչական եւ կազմակերպչական սկզբունքները։ Դպրոցին տրվեց ազատություն, որը իրականում իշխանության կողմից «ընտրված» տնօրենի ազատությունն է՝ իր հայեցողությամբ կադրեր ընտրել, աշխատանքի տեսակն ու գինը որոշել, ֆինանսները ծախսել։ Արդյունքում դպրոցը դարձավ տնավարություն, իսկ կրթությունը՝ ձեւականություն, թուղթ, ատեստատ։ Աշակերտների հոգսերը նվազեցնելու համար բուհական ընդունելության քննություններից վերացվեց հայոց լեզուն, եւ դիմորդները, որոնք տարիներով վարժվում էին դպրոցում եւ վարժապետների մոտ, որոշեցին բավարարվել նվազագույնով՝ գրել, կարդալ իմանալով։ Ակնառու անգրագիտությունը լցվում է բուհ, որտեղ համալսարանների անսահմանափակ տեր դարձած ռեկտորներն աշխատում են բարձրացնել իրենց եւ իրենց շրջապատի աշխատավարձները՝ ուսումնական դասընթացի ժամերն ավելացնելու փոխարեն։ Մայրենիի անգրագիտությունը որպես կանոն իր հետեւից բերում է անհարգի վերաբերմունք օտար լեզուների նկատմամբ։ Արդյունքում մեր ապագա մտավորականությունը մնում է հայերենի խոսակցականի մակարդակին, երբ աշխարհը ձգտում է երկ- եւ բազմալեզվության։ Մեր ծնողները փորձում են զավակներին տալ անգլիական, ֆրանսիական, չինական դպրոց, որպեսզի երեխաները օտար լեզու իմանան։ Զարմանալի չէ, որ նրանք այսօր ավելի կարեւում են լեզուն, քան ֆիզիկան կամ մաթեմատիկան։ Իսկ ինչո՞ւ մենք չսովորեցնենք օտար լեզու հայկական դպրոցում, որ ճապոնական դպրոց գնալու կարիք չլինի։ Ըստ ՄԱԿ-ի տվյալների` 15-ից 5 մլն եւ պակաս բնակչություն ունեցող բոլոր զարգացած եվրոպական ազգերը երկու կամ երեք լեզվակիր են։ Լեզուների իմացությունը թույլ է տալիս օգտվել առաջավոր գիտական գրականությունից (աշխարհի գիտությունից հետ չմնալու համար), աշխատանք փնտրել աշխարհով մեկ, պարզ բացատրել դիրքորոշումը քաղաքական մենամարտերում։ Գաղտնիք չէ, որ մեր պարտությունը միջազգային ասպարեզում բացատրվում է առաջին հերթին մեր ներկայացուցիչների լեզու չիմանալու պատճառով։
«Ազատության» տենչի տգիտությունը բերեց եւս մեկ աղետի. յուրաքանչյուր դպրոց եւ բուհ որոշեցին ինքնուրույն ընտրել դասագրքերը։ Ընտրության հնարավորություն տալը իհարկե ողջունելի է, բայց ոչ այս պարագայում։ Հայկական ԽՍՀ տարիներին գործում էին մեթոդական խորհուրդներ, որոնք եւ, երկար քննարկումներից հետո, որոշում էին դասագրքերի որակը։ Եթե այստեղից ինչ-որ բան պետք էր փոխել, ապա միայն կոռուպցիան եւ կողմնապաշտությունը։ Ասում են՝ հետդարձի ճանապարհ չկա։ Իսկ գուցե մենք բոլոր վերը նշված ուղղություններով գտնե՞նք այն։
Ռուսաստանի գիտնականները, օգտվելով երկրի Սահմանադրության եւ օրենքների դրույթներից, պահանջում են քաղաքական գործիչներից պետական նշանակության ելույթներում կիրառել միայն գրական ռուսերենը։ Դրա համար պնդում են պաշտոնապես նշել ռուսաց լեզվի ակադեմիական եւ այլ կիրառական քերականությունները, բառարանները, որոնց կանոնների եւ տվյալների համաձայն պետական այրերը պետք է կառուցեն իրենց խոսքը։ Հակառակ դեպքում առաջարկվում է կիրառել պատժամիջոցներ։ Դա համաշխարհային լեզվի նկատմամբ։ Հայերենի վերաբերյալ մոտեցումը պետք է ավելի խիստ լինի։
Գլոբալիզմը ստեղծել է հզոր զենք փոքր ազգերի դեմ։ Դա համացանցն է։ Այս «աղետը» իր ճանապարհին վերացնում է գիրը, գրականությունը, դպրոցը։ Մասնավոր ռադիո- եւ հեռուստակայաններն օգտագործում են միայն այն նյութը, որը գումար է բերում։ Գրական հաղորդումները եւս գումար կբերեն, սակայն այստեղ գիտելիք եւ դատողություն է պետք, իսկ դա ամեն մարդու խելքի բանը չէ։ Մենք մի քանի անգամ առաջարկել ենք գիտության եւ կրթության նախարարությանը հայոց լեզվից ուսանողական օլիմպիադաներ անցկացնել՝ առանց գումար ներդնելու։ Պատասխանին սպասում ենք ամեն օր։
Եվս մեկ հանգամանք, որ լրջորեն ազդում է դպրոցի առաջադիմության վրա։ Դա դասագրքերի վիճակն է։ Խորհրդային տարիներին աշակերտը էժան գներով ձեռք էր բերում նոր դասագրքեր եւ առարկաների նկատմամբ դրսեւորում համապատասխան մոտեցում։ Ի՞նչ տրամադրությամբ պետք է սովորի աշակերտը, եթե նրան բաժին է ընկել ճղված, փնթի պահած մի թղթի կույտ։ Դեռ սա էլ է փառք. բուհերում շատ ժամանակակից դասագրքեր բացակայում են իսպառ…
Եվ, ի վերջո, լեզուն մտածողություն է։ Ինչ դպրոց էլ գնանք, մենք հայ ենք մնում։ Զարգացնելով մեր մայրենին, զարգացնում ենք մեր մտածողությունը։ Ուշադրություն դարձրեք, թե ինչպիսի ոլորավուն արտահայտություններով եւ միամիտ դեմքով են ներկայացնում իրենց «սեւ գործերը» արտասահմանյան քաղաքական գործիչները։ Միջազգային ամենաբարձր ատյաններում տիրում է վերացականություն, որը թաքցնում է իրենց անտարբերությունը, անընկալությունը փոքր ազգերի չարիքների նկատմամբ։ Թվում է՝ բութ են, իրականում՝ չար ու անհաղորդ։
Վաղարշակ ՄԱԴՈՅԱՆ
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր