«ՀՀ» օրաթերթի «Դեմ առ դեմ» խորագրի շրջանակներում խմբագրության հերթական հյուրն անվանի գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանն է: Ծանրակշիռ է նրա վաստակը հայ գրականագիտության տիրույթում, որում առանձնանալի է մանավանդ հանճարեղ Չարենցին նվիրված հունձքը:
Շնորհավորելով հյուրի 75-ամյակը՝ խնդրեցինք ի մի բերել իր արած-չարածը՝ նկատի ունենալով, որ յուրաքանչյուր հոբելյան նաեւ ծանրութեթեւ անելու հանգրվան է ենթադրում, անցած ճանապարհին հետադարձ հայացք ձգելու պատեհ առիթ:
-Սեփական վաստակը գնահատելը, թերեւս, ամենադժվար բանն է, իրոք, դժվար է հայացք ուղղել իր արածին,- այսպես սկսեց գրականագետը՝ շարունակելով,- դժվար է այնքանով, որ մի տեսակ ամոթի զգացողություն ես ունենում՝ խոսել, մտածել քո մասին: Ամեն դեպքում, եթե մի պահ վերանանք այս ամենից, ինձ համար կարեւոր է, որ դեռեւս ծրագրեր ունեմ իրագործելու՝ անկախ հրատարակածս շուրջ յոթանասուն գրքերի, հազար երեք հարյուր հոդվածների: Նոր գաղափարներ կան, արխիվներ կան, մամուլ կա ուսումնասիրելու, անելու, ստեղծելու այն, ինչ գիտես: Բացի քեզանից, ուրիշ ոչ ոք չի անելու: Իսկ տարիքդ զգում ես՝ նայելով մեծացած քո զավակներին, նրանց ժառանգներին, տարիների տքնանքով ստեղծածդ ստվարածավալ աշխատություններին…
-Եվ այդ աշխատություններում առանձնակի տեղ ունի մեծն Չարենցը. երբվանի՞ց «դարերից եկած եւ դեպի դարեր գնացող» բանաստեղծը դարձավ Ձեր պաշտամունքը: Ե՞րբ «ձեռք մեկնեցիք» նրան:
-Շատ լավ հարց եք տալիս, որի պատասխանը կա, ասեմ. հինգերորդ կուրսում դիպլոմային աշխատանքներ պիտի գրեինք, նաեւ պատրաստվեինք պետական քննությանը: Դիպլոմայինների թեմաները բաժանելիս, թեեւ ես բացակայող ուսանող չեմ եղել, բայց այդ պահին բացակայել եմ: Հաջորդ օրը մնացել էր միայն մի թեմա, բարդ, որից բոլորը հրաժարվել էին՝ Եղիշե Չարենցի «Գիրք ճանապարհի» ժողովածուի տաղաչափությունը: Սա հայ պոեզիայի ամենաբարդ գիրքն է, տաղաչափությունն էլ՝ գրականության տեսության ամենախրթին ու նորից բարդ բնագավառներից մեկը: Հիշեմ, որ նաեւ լեզվից էր թեմա մնացել: Ես նախընտրեցի Չարենցը, ինչը շատ ծանր նստեց ինձ վրա. շատ դժվար էր հաղթահարել եւ տեսական մասը, եւ բուն գիրքը՝ ուսանողի կարգավիճակում: Ինչեւէ, արդեն ընտրել էի: Մեր տանը մեծ գրադարան կար՝ հայրս մանկավարժ էր, գրքի սիրահար, բայց եղած գրականությունը բավարար չէր. է՛լ Արսեն Բագրատունի, է՛լ Ավետիք Բաթրյան, է՛լ Մանուկ Աբեղյան: Նաեւ Չարենցին վերաբերող քննադատական գրականություն: Ուսումնասիրեցի, ի վերջո, դիպլոմայինը գրվեց, բավական լուրջ նյութ ստացվեց: Հաջողությամբ պաշտպանեցի եւ համալսարանն ավարտելուց հետո աշխատանքի անցա գրականության ինստիտուտում: Այստեղ հանձնարարվեց գրել աշխատություն «Սովետահայ պոեզիայի տաղաչափությունը» խորագրով: Գրեցի, գրքով տպագրվեց: Գրքում զետեղեցի նաեւ դիպլոմային աշխատանքս՝ վերանայված, նորովի, ավելի ընդգրկուն: Հետո գրեցի խորհրդային շրջանի հայ գրականության պատմությունը, որում նաեւ Չարենցն էր: Թեկնածուականն ստանալուց հետո դոկտորականը պաշտպանեցի «Չարենցը եւ 20-ական թվականների պոեզիան» ուսումնասիրությամբ, որը հնարավորություն էր տալիս նրան դիտարկել ողջ խորհրդային գեղարվեստական գրականության համակարգում: Նաեւ եվրոպական գեղարվեստական մտքի: Եվ զգացողությունս ավելի խորացավ: Այսօր բարձրաձայն ասեմ՝ այնպիսի խոշոր երեւույթ, ինչպիսին Չարենցն է, երբեմն տանում դնում են Ազատ Վշտունու, Ալազանի, Հարություն Մկրտչյանի, չգիտեմ, սրա-նրա կողքը: Այո, նրանց ժամանակի մեջ է ապրել, դա իր հերթին, բայց Չարենցին գնահատելու չափն ու չափանիշը էն ստեղծագործական մակարդակն է, էն թռիչքն է, որը պատկերացնելու համար պիտի տանք Սալվադոր Դալիի, Պաբլո Պիկասոյի, Ապոլիների, Մայակովսկու, Պաստեռնակի, Եսենինի, Բուլգակովի անունները: Սրանք դարը պսակող անուններ են: Չարենցն այս բարձրության պոետ է, չերկարացնեմ: Հետո հրատարակեցի նրա անտիպների երկու ժողովածու՝ «Նորահայտ էջեր» եւ «Գիրք մնացորդաց» վերնագրերով: Հրատարակեցի Չարեցի մասին հուշերի երկու նոր գիրք, որոնք եկան լրացնելու եղած երկու գրքերը: Հրատարակեցի Չարենցի «Երկերի ժողովածու»՝ չորս հատորով: Էլի բաներ կան, իսկ ամենակարեւորը, որ այդ գործն ընթացքի մեջ է՝ նախատեսել եմ երեք հատորով հրատարակել «Եղիշե Չարենց» մենագրությունը:
-Դրանք առանձի՞ն խորագրերով կլինեն:
-Առաջինը՝ «Չարենցի կյանքը եւ ժամանակը»՝ 804 էջ, այս տարի լույս կտեսնի: Երկրորդը կլինի նրա ստեղծագործությունը, երրորդը՝ արվեստը: Եթե այլ կերպ ձեւակերպենք, կլինի ինքը, ինչը, ինչպեսը: Ինքը՝ գրողը, ինչը՝ ստեղծագործությունը, ինչպեսը՝ արվեստը: Չմոռանամ ամենակարեւորը՝ սկսել ենք Չարենցի գիտական հրատարակությունը՝ 13 հատորով:
-Հետաքրքիր է, դրանցով վերջնականապես կամփոփվի՞, արդյոք, Չարենցը, թե՞ դարձյալ ինչ-ինչ մասունքներ կմնան:
-Տեղին հարց եք տալիս. ճիշտ է, դրանք կարող են կոչվել ամբողջական երկեր, բայց ո՛չ երբեք երկերի լիակատար ժողովածու: Այդպես չի կարող կոչվել, որովհետեւ այսօր էլ ոմանց ձեռքին չարենցյան մասունքներ կան, ես հասցեները գիտեմ: Այդ մասունքները դարձել են իրենց ունեցվածքի մաս, սակայն այդ մարդիկ պիտի գիտակցեն, բարի լինեն օր առաջ հանձնել կամ վաճառել պետությանը, որպեսզի պահպանվեն թանգարաններում, եւ ուսումնասիրողները կարողանան ուսումնասիրել:
Այն էլ ասեմ, որ Չարենցի ձեռագրերը երկար ժամանակ հողի տակ մնալով՝ ածխացել էին: Ռեգինա Ղազարյանը երբ հողի տակից հանեց, մոտ 10 տոկոսը խոնավությունից գրեթե հիմնավորապես ոչնչացել էր, փշրվել, մոխիր էր դարձել: Իսկ մնացածն էլ՝ բարակ թուղթ, չորացած լավաշի նման փշրվում էր: Երբ ես ուսումնասիրում էի նրա ֆոնդի ձեռագրերը, տեսա, որ ինչ-որ տոպրակի մեջ նրա ձեռագրերի փշրանքներն են, յուրաքանչյուր փշրանքի վրա՝ մեկ կամ երկու տառ: Դա բանաստեղծի ձեռագրերի աճյունն էր: Երկար, ծանր մտածողություններ ունեցա. Չարենցի գերեզմանն էինք որոնում, տեղանքը գիտեինք, փորեցինք, բայց առարկայական ոչինչ չգտանք: Եվ հիմա ես այն կարծիքին եմ, որ առաջիկայում ձեռագրերի այդ աճյունափոշին Կոմիտասի անվան այգու պանթեոնում պիտի հանձնենք հողին, եւ այդտեղ պիտի լինի Չարենցի գերեզմանը: Եվ այդ գերեզմանը կդառնա սուրբ ուխտատեղի: Հիշենք հեռավոր Օրենբուրգում մահացած Վահան Տերյանին, որի գերեզմանն արդեն քանդված էր, երբ գնացել էին աճյունը բերելու: Ստիպված մի բուռ հող բերեցին, եւ ունեցանք նրա հիշատակի հանգրվանը: Այդպես պիտի վարվենք նաեւ Չարենցի հետ:
-Դուք նշեցիք բանաստեղծի գերեզմանի որոնումների մասին: Կարծում ենք՝ Ձեզնից լավ ուրիշ որեւէ մեկը դժվար թե կարողանա նշել Չարենցի անհայտ գերեզմանի հավանական վայրը…
-Ամենահավանական ստույգ տեղը Երեւանից Էջմիածին տանող ճանապարհին, մինչեւ ոստիկանական ակադեմիա հասնելը՝ «Ոսկե համբույր» հանդիսությունների սրահը կա: Այդ տեղանքում դեռեւս 1937-ին գտնվում էր ՆԳ պանսիոնատը: Ըստ հավաստի տվյալների՝ Չարենցին թաղել են այդտեղ: Դա փաստողը բանաստեղծին թաղողներից մեկն է՝ Լյուդվիգ անունով հրազդանցի մի մարդ, որն անկախության առաջին տարիներին դեռ ողջ էր, ում մինչ այդ ահաբեկել էին, որ եթե տեղն ասես, կողքին կպառկես նաեւ դու: Տասնամյակներ լռել էր, հետո կարողացավ խոսել: Այդ մարդը 1937-ին զինվորական ծառայության մեջ է եղել: Մենք նրան բերեցինք նշված վայր, տեղանքը հիշեց, ասաց՝ այստեղ ընկույզի ծառ կար: Նայեցինք՝ ծառի բունը ասած տեղում նկատելի էր: Ասաց՝ դեղձի ծառ կար: Մնացել էր նաեւ սրա բունը: Եվ երկար որոնումներ կատարեցինք՝ չգտանք, այդպես էլ մնաց: Մնաց, որովհետեւ ժառանգներից Արփիկը չկամեցավ՝ ասելով, թե չեն ուզում, որ հոր գերեզմանը հայտնվի: Մինչ այդ ինձ դիմեց լուսահոգի արքեպիսկոպոս Մեսրոպ Աշճյանը, ասաց, որ տեղյակ է մեր որոնումներին, եւ խնդրեց իրեն ցույց տալ գերեզմանի հավանական տեղանքը: Գնացինք, ցույց տվեցի: Առաջարկեց այդտեղ խաչքար տեղադրել՝ որպես Չարենցի հիշատակ: Ոգեւորվեցինք: Բայց անցավ մի երկու օր՝ սրբազանը լռում էր: Ստիպված եղա հարցնել պատճառը: Ցավով պատասխանեց, որ հանդիպել է Արփիկին, նա խաչքարին էլ էր դեմ եղել՝ ասելով՝ գերեզման չենք ուզում, Չարենցի գերեզմանը երկնքում որոնեք, իր ստեղծագործության մեջ որոնեք: Եվ այդպես էլ մնաց: Իմ համոզմամբ՝ մենք պարտավոր ենք կրկին որոնելու: Ի դեպ, Բակունցի գերեզմանի տեղանքը, որ նույնպես անհայտ էր, ես գտել եմ, բայց այդ մասին մեկ այլ առիթով:
-Պարոն Գասպարյան, Ձեր գրքերից մեկը վերնագրված է «Ողբերգական Չարենցը». խոսենք բանաստեղծի ողբերգության մասին:
-Նախ ասեմ, որ Չարենցն իրենով խորհրդանշում է մեր անցյալը, թե որտեղից ենք գալիս՝ մինչեւ Խորենացի եւ այն կողմ, եւ ուղենշում է ապագան: Դրա համար է նրա գրքերից մեկը վերնագրված «Գիրք ճանապարհի»: Գալով հարցին՝ ասեմ հետեւյալը. մեր անկախության նախաշեմին ես հրատարակեցի Ձեր հիշատակած գիրքը: Այն տպագրվեց եռակի տպաքանակով՝ 15 հազար օրինակ: Սա, որպես գրականագիտական գիրք, նախադեպը չունեցող երեւույթ էր՝ հիմա տպագրում են 2- 3 հարյուր օրինակով: Իմը սպառվեց շաբաթների ընթացքում. նորություն էր, սկզբից մինչեւ վերջ նորություն: Ահա այս գիրքը Չարենցի ողբերգության արտահայտումն էր: Գրում էին՝ հեղափոխական Չարենցը, կարմիր Չարենցը, չգիտես ինչ Չարենցը: Այ մարդ, այս մարդը ողբերգական մարդ էր, բայց հետո ինքս ինձ ուղղեցի՝ նա ամբողջական մարդ է: Իսկ նրա ողբերգությունն սկսվեց 1933-ից հետո, երբ արգելեցին նրա «Գիրք ճանապարհին»: Մեկ տարի տառապանքի մեջ էր, նամակ է գրում Ստալինին: Ստալինը արձագանքում է ԽՍՀՄ գլավլիտի միջոցով: Որոշ գործեր հանվում են, ինչպես «Աքիլլե՞ս, թե՞ Պիեռոն», դրանց փոխարեն Չարենցը նոր շարքեր է գրում՝ «Գիրք իմացության», «Արվեստ քերթության», եւ մեկ տարվա ուշացումով այն տպագրվում է: Այդ մեկ տարվա սպասումների ժամանակ բանաստեղծն անգամ ինքնասպանության փորձ է արել՝չի դիմացել ստորացմանը, բութ բոլշեւիկյան մոլոխին, որ պատել էր իրեն: Որից հետո վիճակը կարծես թե լավ էր: Բայց 1935-ից նորից վատանում է՝ անընդհատ հարցաքննություններ. նրան մեղադրում էին որպես ահաբեկչի: Հետո ազատում են աշխատանքից, նույն այս թվականին՝ իր ծննդյան օրը հեռացնում են գրողների միությունից. թափթփուկները պիտի մնային, իսկ հանճարեղ գրողը պիտի հեռացվեր միությունից: Ծանր տարավ, ահավոր ծանր: Անգամ մոտիկ մարդիկ ժողովներում իր դեմ էին խոսում: Բայց Չարենցը Չարենց չէր լինի, եթե այդպես մնար. հուլիսին վերականգնվեց որպես ԳՄ անդամ, սակայն առողջությունն արդեն քայքայված էր. 1929-ին երիկամի վիրահատությունից թմրադեղեր էր ընդունում՝ ցավերը սոսկալի էին: Ընդ որում՝ այն ժամանակ թմրադեղերի վաճառքն ազատ էր, բժշկի ցուցումով՝ թույլատրված: Մի բան էլ. քանի դեռ կար Աղասի Խանջյանը, եւ Չարենցի, եւ Բակունցի վիճակը լավ էր, Թիֆլիսում նրա սպանությունից հետո՝ 1936-ի հուլիսի 9-ին, վիճակը շատ ծանրացավ. նրանց համարեցին խանջյանականներ՝ ժողովրդի թշնամի, եւ բոլորին հավաքեցին ոչնչացնելու միտումով: Նաեւ մի պայծառ մարդու՝ Ներսիկ Ստեփանյանին, ով համարձակություն էր ունեցել քննադատելու Բերիայի մի գիրքը: Խանջյանի օրոք նախատեսված էր նաեւ, որ Չարենցին ուղարկեն արտասահման բուժվելու՝ թղթերը պատրաստ էին: Խանջյանից հետո դա էլ ձախողեցին, Չարենցը մնաց, ընկերներին ձերբակալեցին, գնդակահարեցին, աքսորեցին, իրեն ձերբակալեցին վերջում: Այս ստոր գործում դարձյալ իրենց դերն ունեցան մեր գրողները. Կենտկոմի առաջին քարտուղարի՝ Ամատունի Վարդապետյանի մոտ են մտնում Հմայակ Սիրասը, Հովիկ Մելիքյանը, Հրաչյա Քոչարը, Նաիրի Զարյանը եւ առաջարկում՝ Չարենցին, էդ խուլիգանին ձերբակալի: Սադրում են, եւ Ամատունին հրաման է տալիս ձերբակալության: Իսկ Չարենցն ասում էր՝ որտեղ իմ ընկերներն են, այնտեղ էլ ես: Եթե ես ազատության մեջ եմ, նրանք ոչ, ուրեմն նրանք ճիշտ են, ես եմ սխալը…
-Կարո՞ղ ենք ասել, որ Չարենցի ողբերգության մեջ ահռելի է նաեւ վերոնշյալ գրողների «վաստակը»:
-Նաեւ այդպես:
-Խոսե՞նք Բակունցի, Մահարու, մեր մյուս դասականների մասին:
-Դա առանձին խոսակցության թեմա է, թողնենք առաջիկային: