Սցենարիստ եւ բեմադրիչ Էդուարդ Զորիկյանի «Անմահների երկիրը» պիեսի ներկայացմամբ է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը սկսել 90-րդ թատերաշրջանը, որն անցել է լեփ-լեցուն դահլիճում: Ստեղծագործությունը բեմականացրել է Երեւանից հրավիրված երիտասարդ ռեժիսոր Վահան Խաչատրյանը, որն, ի դեպ, նրա երրորդ համարձակ քայլն է Արցախի մայր թատրոնում:
Ներկայացման հիմքում ընկած է մի ուշագրավ պատմություն արցախյան երկրորդ՝ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ կամավորական ջոկատի տղաների կատարած սխրագործության եւ անձնուրաց նվիրումի մասին: Խոսքն այն տղաների առաքելությանն է վերաբերում, ովքեր գիտակցելով հայրենիքին պատուհասած վտանգը, առանց հապաղելու շտապում են առաջնագիծ՝ դիրքապահ տղաների հետ թշնամուն դիմադրելու, եւ անհավասար մարտերում նրանցից շատերն ընկնում են քաջի մահով՝ կրծքով պաշպանելով հող հայրենին: Ցուցադրելով հերոսության բազում օրինակներ, վտանգելով կյանքը եւ կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը, ավագներն առաջին հարվածը վերցնում են իրենց վրա՝ խնայելով երկրորդ գծում գտնվող երիտասարդների կյանքը:
Ներկայացման գլխավոր դերակատարներից է երիտասարդ լրագրող Անահիտը, ով զինադադարի պայմաններում առաջնագիծ է հասել ռեպորտաժ պատրաստելու, բայց սկսվում է պատերազմը, եւ այնտեղ անցկացրած մի քանի ժամվա ընթացքում հասկանում է, թե ինչ գնով են դիրքապահները յուրաքանչյուր թիզ հողի համար մահուկենաց կռիվ տալիս, որպեսզի թշնամին չկարողանա ճեղքել մեր պաշտպանությունը: Աղջիկը հայտնվում է շրջափակման մեջ: Նա ծանր փորձությունների է ենթարկվում, անցնում դժոխքի միջով: Ու կատարված նկարահանումներում նորովի են բացվում հերոս զինվորների պատմության շերտերը…
Ռեժիսորը խոստովանում է, որ ժամանակն իրեն պարտադրել է պիեսը նորովի մատուցել հանդիսատեսին: Եվ «Անմահների երկիրը» ձեւավորվել է ու կոչվել «Անմահների դիրքը»: Նրա համոզմամբ, «Ժամանակակից թատրոնում պետք է արտացոլվեն ժամանակակից հեղինակի մտածելակերպը», ժամանակակից խնդիրները: «Այսօր թատրոնը շատ է կտրվել կոնտեքստից, թատրոնը իրականության հայելին է, իրականության արտացոլանքը: Թատրոնը մարդկանց պետք է ստիպի բացել աչքերը, թեկուզ անցնել դժոխքով, բայց ցույց տալ իրականությունը»,- ասում է Վ. Խաչատրյանը:
Ռեժիսորի համար բեմադրությունն առանձնահատոկ կարեւորություն ունի, քանի որ խոսվում է այն մասին, թե ով ենք մենք, որտեղից ենք եկել եւ ուր ենք գնում. «Մենք փորձել ենք ներկայացմամբ մարդկանց բերել իրական գիտակցության: Ինչպես ասում են, մարդու հիշողությունն է նրան կենդանուց տարանջատում: Ես կցանկանայի, որ այս ներկայացման կարիքը չլիներ, բայց տեսնում եմ, որ կարիքը կա, որովհետեւ, թող ների, երբեմն մարդը սկսում է կենդանուց չտարբերվել ու ամեն ինչ մոռացության տալով`՝ հիմարությամբ է զբաղվում: Մի մասը չի էլ գիտակցում, թե՝ ինչ է կատարվում շուրջը: Չենք գիտակցում, թե ինչ տարածաշրջանում ենք ապրում: Սա առաջին հերթին իմ բողոքն է հասարակության անտարբերության դեմ: Սա լոկ ներկայացում չէ պատերազմի մասին: Ներկայացումը մեր խղճի, մեր հոգու պատմությունն է: Պատահական չէ, որ փորձի ժամանակ լռության րոպեներ հաճախ էինք ունենում եւ ինքներս մեզ հարց էինք ուղղում, թե արդյո՞ք, մենք շիտակ եւ ազնիվ ենք անցնում մեր ճամփան, արդյո՞ք հավուր պատշաճի ենք արժեւորում նահատակված մեր եղբայրների ու զավակների հիշատակը»:
Ներկայացման մեջ, ինչպես միշտ, այս անգամ եւս իր համոզիչ, արհեստավարժ խաղով աչքի է ընկնում ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանը, ով մարմնավորում է սահմանամերձ բնակավայրերից մեկի ավանդապահ գյուղացու կերպարը: Նա արցախյան առաջին ազատամարտի մասնակից է: Երկու տղաներն էլ պաշտպանության բանակի դիրքապահ, քաջարի զինվորներից են եղել: Սակայն ճակատագիրն անողոք է գտնվել նրանց նկատմամբ: Երկուսն էլ հրադադարի ժամանակ զոհվել են թշնամու դավադիր գնդակից՝ դիպուկահարի կրակոցներից: Հայրը երդվել է փոխարինել որդիներին եւ խնդրել է իրեն «այնտեղ ծառայության տանել», որտեղ նրանք են դիրքավորվել… Ասել է թե՝ տարիքն առած վերստին զենք է վերցրել ձեռքն ու հիմա երիտասարդների հետ է սահման պահում…
Հուզիչ է նաեւ վաստակավոր դերասան Մարատ Դավթյանի կողմից գումարտակի հրամանատարի դերի մարմնավորումը, ով պատանեկության տարիներին է անդամագրվել կամավորականների ջոկատին եւ «մի ամբողջ կյանք ապրելով» զինվորականի առօրյայով, յուրաքանչյուր բանակայինի կորուստ ծանր է տարել՝ ինչպես հայրը կկորցնի հարազատ զավակին: Ցնցող է հատկապես այն պատկերը, երբ նա հայացքով մեկ-մեկ ընթերցում է խրամատում փորագրված այն տղաների անունները, ովքեր սահմանը պահելիս հերոսաբար նահատակվեցին: Հրամանատարն անչափ դժվար է հաշտվում այդ իրողության հետ: Առավոտյան, ամեն անգամ այցելելով դիրքեր՝ խոնարհվում է տղաների հիշատակի առաջ եւ աղոթում նրանց հոգու հանգստության համար. «Յուրաքանչյուր թիզ հող արյունով է ներկված, եւ դիրքապահների հետ նրանց արյունոտ հոգիներն են հայրենիքի սահմանները հսկում»…
Հանդիսատեսը ջերմ ծափերով վարձահատույց եղավ բեմադրության մասնակիցներին՝ դահլիճից հեռանալով թախծոտ, սակայն լուսավոր լավատեսությամբ…
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ