Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Ջահել աստվածների հավերժական երթը

«Ձեր այդքան թանկ անունները քարին գրված չտեսնեի…»

Նոյեմբերի 16, 2022
Մշակույթ
Ջահել աստվածների հավերժական երթը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
210
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Սրերի վրա զինվոր են բերում՝

Ջահել արծիվներ՝ թեւերը բեկված,

Ջահել աստվածներ՝ փակված բիբերում

Արնահունց հողի սերը հրդեհված…

Ես այս տողերը թղթին եմ հանձնել 44-օրյա պատերազմի տագնապալի այն օրերին, երբ մայրաքաղաքի Եռաբլուր պանթեոնում օր-օրի ավելանում էին նահատակված մեր ասպետների  խնկելի շիրիմները: Հետո այդ ուխտատեղին, ավա՜ղ, նեղ էր գալու, ցավալիորեն նեղ… Ինչ իմանայինք, սակայն, որ նահատակների թիվն այնքան է ավելանալու, որ հայրենի գրեթե յուրաքանչյուր գյուղ ու համայնք ունենալու է իր փոքրիկ Եռաբլուրը, որ դեռ նոր գրքեր են գրվելու ու նոր հիշատակարաններ…

Եվ ահա մեր ձեռքին է «Սյունյաց երկիր» պարբերականի հերթական՝ այս անգամ ամսագրա-գրքային տարբերակով լուսաշխարհ եկած հուշամատյանը՝ շապկին՝ մեր հավերժության խորհրդանիշ Արարատ սուրբ լեռան, Արցախի «Մենք ենք, մեր լեռները» հուշակոթողի պատկերներով ու սեղմ նախադասությամբ. «Քաջազուններ Սյունյաց, դուք մարտնչեցիք արիաբար եւ ոգու ամբողջ զորությամբ՝ սեփական արյամբ վերստին սրբացնելով հայրենի հողը…»: Ջահել արծիվները վերստին կռնչացին հայոց լեռներում, ջահել աստվածները վերստին կոփեցին հայոց ժայռեղեն կամքը…

Բացում ես առաջին էջը՝ Տերյանական սքանչացումի երկտողն է.

Երկնի՛ր, իմ երկիր, հավատով անմար,

Սուրբ է քո ուղին եւ պսակըդ՝ վեհ…

Այնուհետեւ՝ Հայոց բանակի հիմնը ՝ «Քոնն են որդիքն իմ ջահել, հայրենի երկիր Հայաստան…»:

Ապա հանճարեղ Չարենցն է՝ իր «Մահվան տեսիլ» անմեռ քերթվածով.

Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,

Ո՛չ մի ստվեր կախաղանին թող մոտ չգա…

Կախաղանը չկար, բայց կար մեր կողերին քոսի նման կպած բորենին, որ նոր արհավիրք էր սանձազերծելու՝ հագեցում տալու փափագով արնախումի իր ծարավին. «Մի քանի տարի առաջ, ամենամղձավանջային երազում անգամ դժվար կլիներ պատկերացնել մի իրավիճակ, երբ մեր օրերում հիշատակի խոսք պիտի ասենք հանուն Հայաստանի եւ Արցախի զոհված մեր հազարավոր հայրենակիցների մասին»,- հիշատակարանի խմբագրականն այսպես է սկսում «Սյունյաց երկրի» վաստակաբեռն խմբագիր Սամվել Ալեքսանյանը եւ շարունակում. «…Բայց եղավ 2020 թ. աղետաբեր աշունը, եղավ տարակուսանքներով լեցուն արցախյան պատերազմը, որը յուրօրինակ մի նոր հերոսամարտ էր Սյունյաց աշխարհի բազմադարյան պատմության մեջ, ինչը, անտարակույս, բացատրելի է. Արցախի անառիկությունը հարյուրամյակներ շարունակ պայմանավորված է եղել եւ է՛ Սյունիքի անպարտելիությամբ, եւ՛ ընդհակառակը…»:

Ինչպես վկայում է խմբագիրը, հերոսական Սյունիքը պատերազմում ունեցել է 228 զոհ, առ այսօր անհայտ է 11-ի ճակատագիրը, մեկն էլ գերեվարվել է ու հորինովի մեղադրանքներով դատապարտվել: Պատերազմի ընթացքում ու մինչեւ դրա՝ մեզ համար ողբերգական ավարտը, պարբերականը մեկ առ մեկ անդրադարձել է նահատակված յուրաքանչյուր զինվորի՝ սրտագին խոսքերով պսակել նրանց հիշատակը: «Եվ, այնուամենայնիվ,- ասվում է խմբագրականում,- մեզ պարտավորված զգացինք սերունդներին թողնել մի ամբողջական մատյան՝ ներառելով սեղմ ու համառոտ շարադրանքով հիշատակություններ մեր բոլոր զոհերի մասին»: Իսկ խոնարհումի արժանի այդ դժվարին աշխատանքը մեկուկես տարվա տքնանք է պահանջել եւ հերոսների հիշատակը անմար պահելու ինքնատիպ մոտեցում. «Պատշաճ համարեցինք դա անել՝ ինչ որ առումով նրանց հետ նաեւ մենախոսելու ձեւաչափով»: Ահա. «…Հրի եւ սրի զոհ մեր եղբայրներ, արեւաբույր մեր տղաներ, մեր զավակներ, նահատակությամբ սրբացած մեր քաջ զորականներ՝ ողբ ու սուգ այստեղ չենք անելու: Ձեզանով հպարտանալու ենք, աղոթելու ենք ձեր հոգիների հանգստության համար, ձեր գործած սխրանքների հերոսապատումն ենք ներկայացնելու՝ երդվելով, որ ձեր անկատար երազներն ու իղձերը կյանքի ենք կոչելու: Իսկ եթե նենգ թշնամին շարունակի իր սուրը մեր գլխին մերկացրած պահել, ի զեն ենք գոչելու, եւ սյունեցիներս՝ ոգեղենացած ձեր գնդերի հետ, մեր սրբազան նահատակներ Սիսակ Նահապետի, Անդովկ իշխանի, Դավիթ Բեկի ու Մխիթար սպարապետի , Զորավար Անդրանիկի ու Արսեն Շահմազյանի, Դրոյի ու Գարեգին Նժդեհի, Վազգեն Սպարապետի դրոշները վեր պարզած, նոր սխրանքների ենք գնալու: Դուք դարձաք ազատաբաղձ հայ ժողովրդի անպարտելի ոգու եւ երազանքների մերօրյա խորհրդանիշը: Դուք ձեր արյամբ նոր պատմություն կերտեցիք… Երիցս օրհնյալ լինեք դուք՝ չպարտված ու նահատակությամբ անմահացած մեր զորականներ, մեր արեւաբույր տղաներ, հրի եւ սրի զոհ դարձած մեր զավակներ, մեր անմարելի փառքեր…»:

Իսկ հայրենյաց պաշտպան «արեւաբույր տղաները» ոսոխի դեմ մարտնչելու էին գնում՝ քաջ գիտակցելով, որ գուցեեւ վերջին համբույրն ու հրաժեշտն են տալիս իրենց սիրելիներին, հարազատ մարդկանց, իրենց մանկության հիշատակներին ու օջախներին ծխացող: Բայց մեկնում էին հայրենիքի կանչով խանդավառված, էրգիր կորցրածի արդար վրիժառությամբ կրակված, որպեսզի հայոց սրբազան հողը վերստին չդառնա հտպիտ ոճրագործների ոտքի կոխան:

Թերթում ես հուշամատյանի լուսեղեն էջերը՝ արեւոտ դեմքեր են՝ ներկայացված ըստ համայնքների՝ Քաջարան, Կապան, Մեղրու, Սիսիանի տարածաշրջաններ, ասել է, թե մեկտեղվել են Սյունյաց անառիկ աշխարհի ազնվարյուն զավակները՝ օծված անմահության լուսապսակով: Ամսագրային սեղմ՝ մեկ էջի վրա նրանցից յուրաքանչյուրն է՝ կենսագրական հակիրճ տեղեկատվությամբ՝ ծննդավայր, ուսումնառություն, նախընտրած մասնագիտություն, զբաղմունք, ընտանեկան կարգավիճակ, բնավորության բնորոշ գծեր, պատերազմին մանակցության վայրեր,  հերոսական դրվագներ, անմահության հանգրվան: Դավիթբեկյան ոգու պահապաններից շատերը դեռ նորաթուխ մորուսով էին, շատերը՝ նորապսակ, շատերն էլ՝ դեռ այդ երջանկությանը չարժանացած: Յուրաքանչյուրի կերպարն ավելի հստակ է ուրվագծվում մարտական ապրող ընկերների, հարազատների, նրանց խորքից ճանաչող մարդկանց, հարեւան-բարեկամի սրտաբուխ խոսքերով, բնութագրական անգամ մեկ նախադասությամբ: Ներկայացված են նաեւ պատերազմում անհայտ ճակատագրի արժանացած թվով 11 սյունեցի տղաների անունները՝ առանց լրացուցիչ տեղեկատվության. ով իմանա, գուցե մի օր ողջ եւ առողջ հրաշքվեն հայրենի եզերքում եւ ցնծություն պարգեւեն ապրողներիս…

Անմահության հուշամատյանի վերջին էջերը նվիրված են արցախյան պատերազմներում նահատակված եւ Սյունյաց հողում ամփոփված քաջազունների հավերժախոս հանգրվաններին՝ Սիսիանի քաղաքային պանթեոն, Քաջարան քաղաքի զոհված ազատամարտիկների հուշահամալիր, Մեղրի քաղաքի հիշատակի պուրակ, նահատակ գորիսեցիների հիշատակը հավերժացնող հուշահամալիր, Կապանի Բաղաբուրջի հուշահամալիր: Հիշատակվում է դրանց ստեղծման ժամանակը, նահատակների թիվը:

Ինչպես միշտ, մեծն Համո Սահյանն է՝ ոգեխորհուրդ իր բանաստեղծությամբ.

Իմ տնավեր լավից լավեր,

Աչքս փակվեր մի բուռ հողով,

Ձեր այդքան թանկ անունները

Քարին գրված չտեսնեի…

Եվ հետո.

Ա՜խ, ինչքան զոհեր ենք տվել,

Որ պահենք այս հողը մի բուռ,

Անունը Հայաստան պահենք…

Հայաստան պահած տղաների անխամրելի հիշատակն հավերժացնող այս հուշամատյանը «Սյունյաց երկրի» խմբագրի եւ խմբագրակազմի խաչքարախորհուրդ արարում է, սրտին սեղմելիք գիրք, որ փոխանցվելու է սերնդից սերունդ:

Խոնահում «արեւաբույր» մեր ասպետներին, նրանց հիշատակն անմահացնող հայրենապաշտ ու երախտագետ նվիրյալ-տքնողներին:

Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Պատմության հետագծով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist