Հայոց միջնադարին ծանոթանալու լավ տարածք է Կոտայքի մարզի Բջնի գյուղը։ Գտնվում է Հրազդան գետ վրա՝ ծովի մակերևույթից մոտ 1500 մ բարձրության վրա։ Պատմական Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Նիգ գավառը մեր պատմության ողջ ընթացքում կարևոր դեր է խաղացել՝ դառնալով ամուր հենակետ բոլոր թշնամիներին դիմադրելու գործում։ Նիգ գավառը հարուստ է եղել թե՛ ամրություններով, թե՛ վանական համալիրներով։
Բջնի գյուղում պահպանվել են միջնադարում հզոր ամրություններ ունեցող անառիկ բերդի ավերակները, որոնք պատմում եմ հազար և ավելի տարի առաջ այստեղ կայացած իրադարձությունների մասին։ Սարահարթի վրա Պահլավունի իշխանները 10-11-րդ դարերում, հնարավոր է՝ ավելի հին ամրոցի տեղում, հիմնել են անառիկ բերդը, որը դարեր ի վեր Նիգ գավառի գլխավոր ամրությունն էր և վերահսկում էր Բջնիի մատույցները, մայրաքաղաք Անի տանող ճանապարհները։ Գյուղում իր վեհությամբ կանգուն է նաև Սբ Աստվածածին վանքի գլխավոր` Սբ Աստվածածին եկեղեցին։ 1031 թ. վանքը հիմնադրել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունին։ Պետրոս 1-ին Գետադարձ կաթողիկոսի կոնդակով ու Հովհաննես Սմբատ թագավորի հրամանով այստեղ եպիսկոպոսական աթոռ է հաստատվել։ Բջնիի Սբ Աստվածածին վանքի թեմը տարածվել է Սևանա լճից մինչև Ախուրյան գետը, Գուգարքից մինչև Բջնի։ Օրերս եղբորս որդու՝ եկեղեցաշինարար Գնելի (բնակվում է Չարենցավանում. տեղի նորակառույց եկեղեցու վարպետներից է) հետ այցելեցինք Բջնի, որտեղ մեզ դիմավորեց նույն գյուղի բնակիչ, տարածքին քաջածանոթ Վարդան Գրիգորյանը։ Հպարտությամբ է Վարդանը պատմում իր ծննդավայրի մասին, հիշում պատմական բազում իրադարձություններ, որոնք մեծ դեր են խաղացել Հայոց պատմության մեջ։
Նախ այցելեցինք Բջնիի պատմական վանքը, որտեղ պահպանվել են Սբ Աստվածածին եկեղեցին, վանական պարիսպների հատվածներ, մեծ համբավ ունեցող վարպետների բազմաթիվ խաչքարեր, այդ թվում՝ Մելիքսեթ վարպետի ստեղծած երկու խաչքար: Վարդանը նշեց՝ եկեղեցին արդեն 1000 տարի է, ինչ նույն ձևով պահպանվել է։ Վանքը հայտնի է նաև «Մագիստրոսի ճեմարան» անվամբ՝ լինելով միջնադարյան հայ գրչության նշանավոր կենտրոն։ Սբ Աստվածածին եկեղեցու ներսից պատերի երկայնքով ձգված քարե դարակները հուշում են՝ նախատեսված էին վանքում ստեղծված բազմաթիվ ձեռագրերի համար։ Վանքը մեծ համբավ ձեռք է բերել 12-րդ դարում, Գրիգոր Մագիստրոսի որդի, Հայոց կաթողիկոս Գրիգոր Գ. Պահլավունու օրոք։ Սբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Արիստակես քահանա Բաղալյանը ծանոթացրեց եկեղեցու պատմությանը, պատերի նախշազարդերին, նշաններին. «Բջնին Հայաստանի հնագույն բնակավայրերից է, որի մասին առաջին անգամ 5-րդ դարում հիշատակություն է թողել Ղազար Փարպեցին՝ նկարագրելով այն որպես ամրոց։ Բջնեցի Աթիկ քահանան հայոց սպարապետ Վահան Մամիկոնյանի հավատարիմ զինակիցներից էր»։
1211 թ. տեր Վրթանեսը վանքում կառուցել է աշխարհիկ շինություններ: Գմբեթավոր դահլիճ է Սուրբ Աստվածածին եկեղեցին. հարավային պատից է մուտքը, որի աջ կողմում 1272 թ. կառուցվել է թաղածածկ մատուռ: Նրա արևմտյան պատի խորշում տեղադրվել է մի մեծ խաչքար: Ընթացքում սրբատունը շատ այցելուներ ունեցավ, և շատերի հետ էր շփվում տեր Արիստակեսը, պատմում հայոց այս բնակավայրի, նրա հնությունների ու սրբավայրերի մասին։ Բջնիի վանքի՝ որպես եպիսկոպոսական նշանավոր աթոռ լինելու մասին վկայում են նաև միջնադարյան պատմիչները։ Միջնադարում մեր ժողովրդին պատուհասած մոնղոլ-թաթարները չեն շրջանցել նաև Բջնին։ Լենկթեմուրի արշավանքի ժամանակ վանքը վնասվել է. վանահայր Վանական վարդապետն սպանվել է եկեղեցում: Սակայն 15-րդ դարում վանքը վերստին վերականգնել է իր երբեմնի փառքն ու հեղինակությունը, կրկին դարձել հայ հոգևոր ու գիտական խոշոր կենտրոններից մեկը: Պատմիչ Առաքել Դավրիժեցին իր «Պատմություն» գրքում հիշատակում է, որ այս վանքը վերանորոգվել է հայ կաթողիկոս Փիլիպոս Ա Աղբակեցու հրամանով և ջուղայեցի Պետրոսի (Բդուզ Պետրոս) միջոցներով: «…Նաև բարձրաբերձ լայնանիստ մեծաշուք տաճարը, որ հանուն Սրբուհի Աստվածածնի շինեց, կար հին և վաղ ժամանակներից Բջնի գյուղում։ Այս տաճարի տանիքն ամբողջովին ավերված, քայքայված էր… Վանքի եպիսկոպոսի անունն էր Փիլիպոս. այդ ժամանակ մեր թվարկության 1092 (1643) տարին էր…» (էջ 277)։ Պատմիչը հիշատակում է նաև՝ հետո վանքի առաջնորդն է եղել Փիլիպոս կաթողիկոսի Մովսես աշակերտը, ով վանքը պարսպապատել է։ Դավրիժեցին Բջնիի մասին հիշատակում է նաև՝ կապված օտարերկրացի ճանապարհորդների հետ։
1637 թ. Բջնիի Ս. Աստվածածին վանքում է գիշերել ֆրանսիացի ճանապարհորդ Շարդենը, որը հետագայում իր ուղեգրություններում տվել է վանքի նկարագրությունը: 1700 թ. վանք այցելել է ֆրանսիացի բնախույզ Պիտտոն դե Տուրնեֆորը, որը նույնպես այդ մասին հիշատակել է իր աշխատանքներում: 13-րդ դարի պատմիչ Կիրակոս Գանձակեցին իր «Հայոց պատմություն» գրքում մի քանի անգամ է անդրադարձել Բջնիին։ «Ապա մեր հայոց աշխարհը մի վայրում հավաքելով՝ հայրապետական աթոռին նստեցնում են տեր Վահրամին՝ Գրիգոր Մագիստրոսի որդուն, որին անվանեցին Գրիգորիս. սա Բջնի քաղաքից էր և նահատակ Վասակի թոռը…» (էջ 77)։ Այստեղից երևում է՝ Բջնին 11-րդ դարում, Վասակ Պահլավունի հզոր իշխանի օրոք, եղել է նրա նստավայր-բերդաքաղաքը։ «Արևելյան Հայաստանի Զաքարե և նրա եղբայր Իվանե իշխանների մասին» (Դ) գլխում Կ. Գանձակեցին դարձյալ հիշատակում է Բջնին՝ կապված 1201 թ. հերոսական իրադարձությունների հետ։ «Սրանք բազմաթիվ հերոսական մարտեր մղեցին, որովհետև պարսիկների և արաբների կողմից գրավված հայոց շատ երկրամասեր խլեցին նրանցից իրենց համար (գրավեցին) Գեղարքունյաց ծովի շուրջ գտնվող գավառները՝ Տաշիրը, Այրարատը, Բջնի քաղաքը, Դվինը, Ամբերդը, Անի քաղաքը, Կարսը, Վայոց ձորը, Սյունյաց աշխարհը…» (էջ 122)։ Նույն իրադարձություններին իր «Սյունիքի պատմություն» գրքում անդրադարձել է նաև միջնադարյան նշանավոր պատմիչ, աստվածաբան, բանաստեղծ, կրոնական և քաղաքական գործիչ, արքեպիսկոպոս, Սյունիքի մետրոպոլիտ (1287-1303) Ստեփանոս Օրբելյանը (մոտավորապես 1250 – 1303)։ Այս իրադարձություններից հետո՝ 1209 թ., Վահան իշխանը վերանորոգել է Սուրբ Աստվածածին վանքը:
Հայ պատմիչ Մաթեոս Ուռհայեցին (11-րդ դարակես-1138 թ.) իր «ժամանակագրություն»-ում Բջնիի մասին գրում է. «Այն ժամանակ դելմիկների թագավորը, զորահավաք անելով, ամսպասելիորեն գալիս հասնում է Հայոց Նիգ գավառը, Բջնի ամրոցի մոտ, ուր մեծ ուրախությամբ հանգստանում էր հայոց սպարապետ Վասակն իր սիրելի որդի Գրիգորի (խոսքը Գրիգոր Մագիստրոսի մասին է.- Զ. Ը.) և անվանի այլ ազատների հետ։ Վասակը նայելով քարքարոտ ճանապարհին, տեսավ, որ հետիոտն գնացողներից մեկն շտապում է, ասաց. «Այս մարդը բոթաբեր է»։ Մարդը, հասնելով Բջնի բերդի դարպասին, աղաղակեց և ասաց. «Ողջ Նիգ գավառը գրավվել է…»։ Անմիջապես առյուծի պես մռնչաց Վասակ քաջ զորավարը և… հինգ հարյուր հոգով առաջ նետվեց դեպի Նիգ գավառը, իր ընտանիքն ու Բջնի ամրոցը հանձնելով իր Գրիգոր որդուն…»։ 1021 թ. թյուրքական դելմիկներ ցեղի դեմ մղած Սերկևիլի ճակատամարտում Վասակ Պահլավունի սպարապետը հաղթանակ է տոնում և հոգնած քուն մտնում լեռան լանջին` ժայռի վրա։ Սակայն, ինչպես գրում է պատմիչը. «…Փախստական գյուղացիները տեսնում են նրան, և ոճրագործ Կայենի նման մեկը, գտնելով նրան վշտահար քուն մտած, ուժգին հարված հասցնելով՝ ժայռից ցած է գլորում։ Ահա այսպես մեռավ Վասակ Պահլավունին…» (էջ 7-9)։
1040-ականների իրադարձություններին անդրադառնալով՝ Ուռհայեցին գրում է. «Այն ժամանակ մեծ իշխան Գրիգորը՝ Վասակ Պահլավունու որդին, սպառազինվեց և զորքի գլուխն անցած՝ գնաց ու բանակեց Հուրաստան (Հրազդան.- Զ. Ը.) գետի ափին՝ Բջնի մեծ ամրոցի մոտ։ …և հայոց զորքը հաղթեց պարսից զորքին, Հուրաստան գետի ափին մեծ ջարդ տվեց և թուրք զորքի հրամանատարներին գերեց…» (էջ 59)։ Հայոց կաթողիկոս (898-929), պատմիչ և գրող Հովհաննես Դրասխանակերտցին (840-ականներ-929, Վասպուրական, Մեծ Հայք) իր «Հայոց պատմություն» մատյանում գրել է Եզր Ա Փառաժնակերտցիի (ծ. թ. անհայտ-641, Նիգ գավառի Փառաժնակերտ գյուղ, ամփոփվել է Դվինում) մասին, ով եղել է Ամենայն հայոց կաթողիկոս 630-641 թթ.։ 633 թ. Կարինում հանդիպել է բյուզանդական Հերակլ Ա կայսեր հետ և ստիպողաբար ընդունել Միակամության գաղափարը, ստորագրել համաձայնեցված դավանաբանական բովանդակությամբ մի փաստաթուղթ, որը ժամանակի որոշ հոգևորականներ, հետագա պատմիչները համարել են անընդունելի։ Եզրի ժամանակակիցներից կաթողիկոսի այդ քայլին բացահայտ ընդդիմացել է հատկապես 7-րդ դ. հայ նշանավոր դավանաբան և աստվածաբան Հովհան Մայրավանեցին (Մայրագոմեցի)։ Նա նույնիսկ չի դիմավորում Կարինից վերադարձած կաթողիկոսին և այդ պատճառով Եզրի հրամանով ծեծի է ենթարկվում, այնուհետև հալածվում։ Դրասխանակերտցին գրում է. «… Եվ գնում դադար է առնում Մայրո վանքում, որը գտնվում է Բջնի ամրոցի ծործորում։ Եվ Հովհանի այնտեղ բնակվելու պատճառով Եզրը փոխում է Մայրո վանքի անունը՝ այն անվանելով Մայրագոմ, իսկ Հովհանին՝ Մայրագոմեցի…»։ Այս հատվածից երևում է՝ Բջնիի ամրոցը եղել է դեռևս 7-րդ դարում։
Վարդանի ու Գնելի հետ բարձրացանք նաև Բջնիի ամրոց, որը վերջին տարիներին որոշակի վերանորոգվել է։ 1977-1978 թթ. ԵՊՀ հնագիտության ամբիոնի արշավախումբը՝ Ի. Ղարիբյանի ղեկավարությամբ, այստեղ պեղումներ է կատարել, որոնց շնորհիվ միջնաբերդում բացվել են 9-10-րդ դարերի կենտրոնագմբեթ Ս. Խաչ եկեղեցու հիմնապատերը, երկու դահլիճներից բաղկացած, թաղակապ պալատական շենքը, վաղմիջնադարյան եկեղեցու մանրամասեր, բնակելի տներ, բազալտով ու կրաշաղախով կառուցված հրաշալի ջրամբարը, գաղտնուղին։ Արևմտյան պարիսպների վերջին մասում է պեղումներից հայտնաբերված և դեպի Հրազդան գետ իջնող գաղտնուղին։ Վարդանն ասաց՝ պահպանված լեգենդների համաձայն գաղտնուղին կապ է ունեցել Սուրբ Աստվածածին վանքի հետ։ Որ այդ գաղտնի ճանապարհով նաև քառաձի սայլեր են անցել՝ սնունդ ու այլ անհրաժեշտ պարագաներ հասցնելով պաշարվածներին։ Գնելի Դավիթ, Տարոն ու Հայկ որդիների հետ մտանք գաղտնուղի, այն թաղակապ է, ունի քարե աստիճաններ։ Ինչ վերաբերում է այստեղով անցնող սայլերին, կարծում եմ՝ չափազանցություն է։ Ընդհանրապես բոլոր բերդ-ամրոցներն են ունեցել գաղտնուղիներ, և դրանք հիմնականում իջել են ջրի վրա։
Արդեն վերևից այլ տեսարան է բացվում՝ ափի մեջ է Բջնի գյուղը։ Առավել գեղեցիկ է երևում Սբ Աստվածածին եկեղեցու գմբեթը՝ շրջապատված բնակելի տներով։ Հյուսիսարևելյան կողմում՝ ցածր բլրի վրա, երևում է գյուղի մեկ այլ սրբատուն։ Վարդան Գրիգորյանը տեղեկացրեց՝ սրբատաշ տուֆից 7-րդ դարում կառուցված Սուրբ Սարգիս խաչաձև գմբեթավոր եկեղեցին է։ Հայաստանի նույնատիպ եկեղեցիներից ամենափոքրն է։ Վերևից ափի մեջ է նաև ողջ տարածքը։ Ամրոցն իր դիրքով նման է Լոռեբերդին, Քարվաճառի և այլ բերդերի, որ խոր կիրճերով առանձնացած հրվանդանների վրա են։ Ամրոցը հարավից, արևելքից և մասամբ արևմուտքից պաշտպանված է վերձիգ, անդնդախոր ժայռերով։ Հյուսիսային և արևմտյան կողմերում են կոպտատաշ որձաքարերով և կրաշաղախով կառուցված, կիսաբոլոր աշտարակները և դրանք իրար միացնող պարիսպները՝ ընդհանուր մոտ 120 մ երկարությամբ։ Մուտքը հյուսիսային կողմից է։ Բջնիի ամրոցը համանուն գյուղը բաժանում է երկու մասի (Մեծ Բջնի և Փոքր Բջնի)։ Բերդը ավերվել և ամայացել է 16-17-րդ դարերում, հատկապես՝ Շահ Աբասի արշավանքներից հետո, երբ ողջ Արևելյան Հայաստանի տարածքից բռնահանվեցին բնակիչները, իսկ մնացածները ենթարկվում էին ավազակների արշավանքներին, սովի։
Այժմ Բջնիի Սուրբ Աստվածածին վանքի գլխավոր եկեղեցին գործում է և ընդունում ուխտավորների, զբոսաշրջիկների։ Ամրոցը զբոսաշրջիկների համար սիրելի վայր է…