Հայաստանի գրողների միության հերթական միջոցառումը նվիրված էր օրերս լույս տեսած «Սրտագիր» խորագրով բանաստեղծական ժողովածուի քննարկմանը: Մինչ կներկայացվեր նորընծա գիրքը, միության նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանն անդրադարձավ ադրբեջանցիների կողմից Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի արգելափակմանը, դրա շարունակման դեպքում՝ սպասվելիք ծանրագույն հետեւանքներին: Այնուհետեւ հրապարակեց ՀԳՄ վարչության եւ նախագահության ընդունած կոչը՝ ուղղված աշխարհի գրական-մշակութային կազմակերպություններին, որը ներկայացնում ենք.
«Արդեն չորրորդ օրն է, ինչ ադրբեջանցի չակերտավոր բնապահպանները փակել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը բնապահպանական հորինովի խնդիրներով, որոնք հետո վերաճեցին քաղաքական պահանջների: Զարմանալի է, ո՞ւր էին այդ բնապահպանները, երբ ֆոսֆորի ռումբեր էին նետում Լեռնային Ղարաբաղի անտառների, բեկորային ռումբեր էին նետում քաղաքացիական շենքերի, մանկապարտեզների, դպրոցների, հիվանդանոցների վրա: Երեւի այդ ժամանակ սելֆի էին անում Ռամիլ Սաֆարովի հետ: Բարեբախտաբար, աշխարհի բարեսիրտ մարդիկ, օրինասեր միջազգային կազմակերպությունները եւ երկրները իրենց ձայնն են բարձրացնում Ադրբեջանի այս անմարդկային, ցեղասպան, դարերով մշակված գործողությունների դեմ: Լեռնային Ղարաբաղում գրողների միության անդամները գտնվում են ծանր սոցիալ-տնտեսական եւ բարոյահոգեբանական վիճակում: Նրանցից ոմանք ծեր են, հիվանդ եւ կարիք ունեն բուժօգնության եւ աջակցության:
Հայաստանի գրողների միության վարչությունն ու նախագահությունը դիմում են աշխարհի գրական-մշակութային կազմակերպություններիին, գործիչներին եւ ակնկալում նրանց ձայնի ուժգին ալիքը: Այլապես այսպիսի «բնապահպաններ» մի օր հայտնվելու են իրենց երկրների ճանապարհներին. Աստված հեռու պահի նման «բնապահպաններից»…
Ինչ վերաբերում է «Սրտագիր» խորագրով բանաստեղծական ժողովածուին, ապա դրան կանդրադառնանք «ՀՀ»-ի հերթական համարում: