Հայոց հոգեւոր մայրաքաղաք Վաղարշապատ-Էջմիածնի պատմաազգագրական թանգարանում վերջերս բացվեց ինքնուս նկարիչ Նարեկ Գեւորգի Գարաքյանի «Ինքդ քեզ հետ» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը։ Ներկա էին Վաղարշապատի փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանը, կրթության եւ մշակույթի բաժնի պետ Լիլիթ Հակոբյանը, նկարիչներ, արվեստասերներ, հյուրեր։ Թանգարանի տնօրեն Անժելա Թադեւոսյան-Գնունին ողջունեց ներկաներին։ Ասաց, որ սիրով է տարածք տրամադրել ցուցահանդեսի կայացման համար՝ հաշվի առնելով երիտասարդ նկարչի տաղանդը, ստեղծագործական նվիրումը։ Ներկայացնելով Նարեկ-նկարչին՝ ասաց, որ սա նրա հերթական ցուցադրությունն է, եւ մաղթեց, որ լինի շարունակական։
Բանասեր-թարգմանիչ Էդվարդ Հախվերդյանը, ով նաեւ նկարում է, ասաց՝ արդեն 10 եւ ավելի տարի ծանոթ է Նարեկի ստեղծագործությանը, եւ ինքը, Նարեկին ճանաչող երիտասարդ ու տարեց արվեստագետները միշտ էլ հիացել են նրա գործերով։ Սակայն այս ցուցադրությամբ Նարեկը հանդես է գալիս արդեն նաեւ որպես դիմանկարիչ։ Եվ այդ դիմանկարներում յուրաքանչյուրը կարող է իրեն գտնել։ «Ընդհանրապես բոլոր նկարներում կա խորհրդավորություն, առանձնակի ոճ, գույներ»,- ասաց Էդ. Հախվերդյանը՝ հույս հայտնելով, որ դեռ ավելին ենք տեսնելու։ Վաղարշապատի փոխքաղաքապետ Ա. Պետրոսյանի համար կարեւոր է, որ այս ցուցադրությամբ հանդես եկավ տաղանդավոր համաքաղաքացի, ով ասելիք ունի։ Իսկ քաղաքապետարանի խնդիրներից է նաեւ ամեն կերպ աջակցել տաղանդավոր երիտասարդներին, բացահայտել նրանց գործունեությունը։
Թանգարանի աշխատակից Կարինե Ամիրխանյանը տեղեկացրեց, որ իրենց մշակութային օջախի լավագույն բարեկամներից է եւ միշտ աջակցել է Նարեկի հայրը՝ նկարիչ Գեւորգ Գարաքյանը։ Թանգարանի մուտքի մոտ կա մեծ չափերով գեղանկար, որը Գեւորգի՝ տարիներ առաջ կատարած գործերից է։ Բացի այդ, ներսում Գեւորգը ժայռապատկերներ է նկարել ցուցասրահի պատերին։ Ընթացքում զրուցեցի նկարիչ, Նարեկի հոր ընկեր Հրաչյա Բունիաթյանի հետ։ Ասաց՝ ինքնուս նկարչի գործեր են եւ՝ ստացված։ Նկարիչն ստեղծագործել է ինքնաոգեշնչմամբ։ Նարեկի մայրը՝ Աղավնի Շաղոյանը, տեղեկացրեց, որ որդին ծնվել է 1987 թ. սեպտեմբերի 30-ին, Էջմիածին քաղաքում։ Ավարտել է տեղի Մ. Մաշտոցի անվ. միջն. դպրոցը (1994- 2004 թթ.): 2004-2010 թթ. ուսանել է Խ. Աբովյանի անվ. մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետի իրավագիտության բաժնում: Նարեկը մշտապես շրջապատված է եղել արվեստագետներով, հատկապես նկարիչներով, եւ այս ամենն ազդել են, որ ստեղծագործի դեռեւա դպրոցական տարիներից։ Մանուկ հասակում մասնակցել է ցուցահանդեսների՝ անհատական ու խմբային։ Հատկապես կարեւորեց 1999 թ. ապրիլի 23-ին Երեւանի գեղագիտական դաստիարակության կենտրոնում կազմակերպված «Ի սկզբանե էր գույնը», 1999 թ. հոկտեմբերի 8-ին Երեւանում «New century youth union»-ի կազմակերպած «Աշխարհի 6.000.000-րդ բնակչին» նվիրված ցուցահանդեսները:
2012 թ. օգոստոսի 14-ին հայրենի քաղաքում կայացած ցուցահանդեսի ժամանակ արժանացել է «Լավագույն երիտասարդ նկարիչ» պատվոգրին: Մասնակցել է նաեւ Երեւանում «Փյունիկ» միությունում, Գյումրիի «Սթիլ» պատկերասրահում կազմակերպված ցուցահանդեսներին։ Վերջում զրուցեցի Վաղարշապատի քաղաքապետարանի կրթության եւ մշակույթի բաժնի պետ Լ. Հակոբյանի հետ։ Նա տեղեկացրեց, որ այժմ Վաղարշապատում գործում են 5 թանգարան, որից 2-ը՝ Հովհ. Հովհաննիսյանի տուն-թանգարանը եւ պատմաազգագրականը, քաղաքային համայնքի ենթակայությամբ։ Համայնքապետարանը մշտապես աջակցում է այս մշակութային օջախներին։ Կարեւորեց նաեւ նման միջոցառումները։