Յոթ տարի է անցել այն օրվանից, երբ երկնայինի ճանապարհը բռնեց հայ թատրոնի եւ կինոյի վերջին մոհիկաններից մեկը մեծահամբավ դերասան Գուրգեն Ջանիբեկյանի որդին՝ Կարեն Ջանիբեկյանը՝ հակասական մարդը, տաղանդավոր արտիստը, իսկական երեւանցին: Ճշմարտախոս ու անմիջական, ստի ու կեղծիքի մոլեռանդ թշնամի, հող ու հայրենիք պաշտող անհատականություն, ում սիրտը ցավում էր երկրի համար. «Այսօր գաղափար չկա, միտքը, ասելիքը չկա: Երկրի կարեւոր օղակները մերը չեն: Ժողովուրդն ասես օտար երկրում ապրի: Մի բան եղավ՝ վերջ, վեր կենան կգնան: Հայասիրություն, հայրենասիրություն հասկացություններից բան չի մնացել, վերացել են: Եվ մարդիկ գնում են ոչ թե այն պատճառով, որ շատ վատ է, այլ որ հավատ չկա: Նույնն էլ կինոյում է, թատրոնում, արվեստում ընդհանրապես: Իսկ կինոն սինթեզ է, մեծ ֆաբրիկա, որտեղ ամենքը պիտի իրենց ունեցածը ներդնեն: Մինչդեռ հավատ չկա, իսկ շարժիչ ուժն էլ փողն է ու փողը: Այսօր ազգի, երկրի, մարդու հանդեպ սերն ու հավատն են պակասել: Արվեստում էլ մարդը կարեւոր պիտի լինի, եւ այդ կարեւորությունը չպիտի կորչի… Առաջինը, որ պիտի արվեր, ազգին, այսինքն՝ նրա արվեստն աշխարհ հանելու ուղի պիտի ստեղծվեր…»:
Շուրջ տասը տարի առաջվա մտորումներ են, որ այսօր էլ խորապես մտորելու տեղիք են տալիս: Այսպես կարող էր արտահայտվել ազնվասիրտ հոգին, նա, որ միշտ գնում էր հոսանքին հակառակ. սկզբից խաղալու էր տարբեր թատրոններում, հետո միայն ընդունվելու թատերական ինստիտուտ, որպեսզի սովորեր այն, ինչը վաղուց սովորել էր: Ինստիտուտ ընդունվեր այն տարիքում, երբ մյուսներն ավարտում էին: Ծնվեր 1937-ի սոսկումի տարում, երբ շուրջը շատերը մեռնում էին: Երբ բոլորը համոզված էին, որ սովորելուց հետո պիտի աշխատի Սունդուկյանի անվան թատրոնում, քանի որ հայրը՝ Գուրգեն Ջանիբեկյանն այս թատրոնի տնօրենն էր ու թատերական գործիչների միության նախագահը, բայց նա աշխատելու էր Գորիսի շրջանային թատրոնում: Նրա կյանքում ամեն ինչ այդպես էր ընթանալու՝ ընդունված կարգի ճիշտ հակառակը: Ավարտելու էր ռեժիսորական ֆակուլտետը, սակայն դառնալու էր դերասան: Հայտնի ու սիրված դերասան: Իսկ բեմում առաջին դերը համր էր լինելու, բայց՝ կատարյալ…
Շուրջ 50 ֆիլմում է խաղացել ժողովրդական դերասանը: Առաջինը «Ճանապարհն» էր, որին հաջորդելու էին «Արտակարգ հանձնարարություն», «Սովի ժամանակներից», «Չախ-Չախ թագավորը», «Մորգանի խնամին», «Քաոս», «Աշնան արեւ», «Խոշոր շահում», «Արյուն», «Ընկեր Փանջունի», «Անառակ որդու վերադարձը» մշտապես դիտվող ու տասնյակ այլ կինոնկարներ:
«Վերջին գործը, որ արեցի կնոջս՝ Լիաննա Անթառանյանի հետ եւ նրա մտահղացմամբ, թատրոն-հիմնադրամի ստեղծումն էր,- հարցազրույցներից մեկում պատմել է դերասանը,- այն ի պատիվ հորս՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գուրգեն Ջանիբեկյանի, կոչեցինք «ԳուրՋան»: Իմ հայրն ինձ համար տեսիլք էր. որքան մոտենում էի, այնքան հեռանում էր…»: Թատրոն-հիմնադրամի ստեղծումով նա առավել քան մոտեցավ իր առինքնող արվեստում «ժայռեղեն» հորը, որի ոտնահետքերով գնալու էր որդիական արժանապատվությամբ ու սեփական անջնջելի ոտնահետքերը թողնելով:
Երեք ներկայացում է բեմադրվում նորաստեղծ թատրոնում՝ «Սարերում կյանք կա», որն արծարծում է տղա զավակի դաստիարակության, նախորդ տասնամյակներում օրինաչափություն դարձած նախընտրական կոռուպցիայի, հայաթափության վտանգավոր հետեւանքները: Հաջորդը «Անառակ կնոջ վերադարձն» էր եւ վերջինը՝ «Վանա կատուն» ներկայացումը: Այն պատմում է իր տերերի վերադարձին սպասող կատվի մասին, որը, սակայն, կոնֆլիկտի մեջ է, քանի որ տերերն իրենք են իրենց տունը քանդում…
«Այսօր բոլորն անխտիր տաղանդավոր են, պարզապես չկան էն հանճարեղ տղերքը, որոնք «Սարոյան եղբայրներ» ու «Մենք ենք, մեր սարերն» էին նկարում: Էդ մարդիկ ու էդ աշխարհն էլ չկան: Հիմա այլ հարաբերություններ են՝ շուկայական: Մարդիկ էլ այդ հարաբերությունների մեջ չգիտեն ոչ իրենց, ոչ էլ դիմացինի գինը: Իսկ սերիալ՝ արեւածաղկի պես չրթես ու չրթես: Բայց դա կինո չի…». իր մտորումներն են, որ ասես այսօր ասված լինեն:
Այսպիսին էր մեծանուն դերասանի տաղանդավոր զավակը, որի հաջորդները շարունակում են գնալ վաստակաշատ իրենց նախորդների հետքերով: Տա աստված, զորու լինեն մնայուն մի բան հավելել նրանց փառավոր ազգանվանն ու անկորնչելի վաստակին…