Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Վիրավոր Թաղավարդի ոգու կանչը…

Գիրք՝ փշալարերով պատված գյուղի մասին

Հունվարի 7, 2023
Մշակույթ
Վիրավոր Թաղավարդի ոգու կանչը…
8
ԿԻՍՎԵԼ ԵՆ
796
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վերջին շրջանում, մասնավորապես 44-օրյա պատերազմից հետո շուրջ մեկ տասնյակ պատմագիտական գրքեր, աշխատություններ են հրատարակվել Արցախի մի շարք բնակավայրերի վերաբերյալ, որոնք հեղինակել են ինչպես գիտական շրջանակներում հայտնի, այնպես էլ գրական նախասիրությունների տեր անձինք: «Թղթին հանձնելով» հայրենի բնօրրանի, հարազատ ծննդավայրի մասին ունեցած պատմություններն ու հիշողությունները, հերոսական դրվագները, ավանդույթներն ու սովորությունները՝ նրանք փորձում են արժեւորել դարեր շարունակ հինավուրց պատմական հողի վրա ապրող ու արարող արցախցու նկարագիրը, դժվարություններն ու փորձությունները հաղթահարելու, հրոսակներին դիմակայելու եւ ամեն գնով Արցախը հայ պահելու ժողովրդի կամքը, սերունդներին պատմել այն հոգեւոր, պատմամշակութային արժեքների մասին, որոնք քաջարի հայորդիների հերոսական պայքարի, նրանց կյանքի ու արյան գնով պահպանվում են, իսկ մի մասը շարունակվում է բռնագրավված մնալ թշնամու կողմից: Ուշագրավ է հատկապես այն, որ թախիծով շղարշված բոլոր պատմություններն ավարտվում են լավատեսությամբ եւ լուսավոր երանգներով՝ չկորցնելով հավատն Արցախի ապագայի, նրա վաղվա օրվա նկատմամբ:

Նման մտորումների եւ խորհրդածությունների առիթն ինձ ընձեռեց հասարակության շրջանում հարգանք եւ հեղինակություն վայելող մտավորականներից մեկը՝ վաստակավոր իրավաբան Վլադիմիր Հովսեփյանը, ով, ի դեպ, գիտական մի շարք աշխատությունների հեղինակ է: Այս անգամ նրա հետաքրքրությունների եւ մտահոգությունների հասցեատերը հարազատ ծննդավայրն է՝ Թաղավարդ պատմական գյուղը, որի մասին հիշատակվում է հայ հին պատմիչների եւ հոգեւորականների կողմից: 44-օրյա պատերազմից հետո, դաժան ճակատագրի բերումով, Արցախի մի շարք բնակավայրերի թվում ողբերգական իրադարձությունների հորձանուտում է հայտնվել նաեւ այն:

Գիրքը, որ «Հայրենականչ. Վիրավոր Թաղավարդ» խորագիրն է կրում, հրատարակության է երաշխավորել Հայաստանի գիտությունների ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի գիտական խորհուրդը: Խմբագիր, հրապարակախոս Միքայել Հաջիյանը, ում երկու զավակները՝ Նորայրն ու Երվանդը, հերոսաբար նահատակվել են արցախյան ազատամարտում, իրավացիորեն յուրօրինակ հանրագիտարան է կոչել աշխատությունը, որ նվիրված է Վարանդա գավառի հինավուրց Թաղավարդ բնակավայրի անցյալին ու ներկային:

Դատելով գրքում տեղ գտած բաժիններից եւ ծանոթագրություններից՝ դժվար չէ համոզվել, որ հեղինակի ուսումնասիրությունների շրջանակը բավական լայն է, բազմաշերտ եւ ընդգրկուն: Նրա տեսադաշտում են գյուղի պատմությունը՝ հին ժամանակներից մինչեւ մեր օրերը, պատմամշակութային հուշարձանները, վանքերն ու մատուռները, հին սրբավայրերը, ժողովրդի կենցաղն ու սովորությունները, Մեծ հայրենականի, արցախյան պատերազմների արհավիրքները, Թաղավարդից սերված նշանավոր մարդիկ, հայրենիքի համար իրենց կյանքը զոհած համագյուղացիները… Եվ այս ամենի մասին Վ. Հովսեփյանը պատմում է փաստերին եւ իրողություններին քաջատեղյակ հեղինակի գեղարվեստական հնչեղ, համեմված խոսքով, ուշագրավ նկարագրություններով, որդիական սիրով, ցավով եւ տառապանքով:

«Անվիճելի է, որ Արցախի գյուղերի լուսաբանման գործընթացը՝ պատմաաշխարհագրական եւ լեզվաբանական նրբությունների առումով, չափազանց պատասխանատու գործ է, եւ դրանով զբաղվողները պետք է ունենան մասնագիտական անհրաժեշտ գիտելիքներ, լիարժեք տիրապետեն նյութին: Տարիների ընթացքում հավաքելով հավաստի նյութերի որոշակի պաշար եւ ուսումնասիրելով Թաղավարդ բնակավայրին առնչվող արխիվային նյութերը մեր պատմագիրների արձանագրությունները, գրողների, տարեց համագյուղացիների, նշանավոր մարդկանց հիշողությունները՝ սկիզբ առած գյուղի անվան ստուգաբանությունից մինչեւ վերջին իրադարձությունները, ընդհուպ՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ին թշնամու սանձազերծած ագրեսիան՝ իր ծանր հետեւանքներով՝ փորձել եմ ընթերցողներին ներկայացնել խոցված ու վիրավոր ծննդավայրիս անցյալն ու ներկան, որ բարբարոս թուրքի «կամքով» տխուր ճակատագրի արժանացավ՝ դաժանաբար կիսվելով երկու մասի… Դժվար է հաշտվել այս իրողության հետ»,- խոստովանում է հեղինակը եւ համոզմունք հայտնում, որ աշխարհն անարդարությունների նկատմամբ աչք չի փակի, Արցախի բռնազավթված բնակավայրերը կազատագրվեն…

Անդրադառնալով գյուղի կորսված արժեքների եւ հնությունների ճակատագրին, Վ. Հովսեփյանը ափսոսանքով է նշում, որ «հայտնի իրադարձությունների» հետեւանքով բացառիկ շատ նյութեր «թաքնված են հողի տակ, մի մասն էլ անհասկանալի պատճառներով Բաքվի, Մոսկվայի, Թեհրանի եւ մի շարք քաղաքների արխիվային պահոցներում են, բնականաբար, կարոտ մասնագիտական հետազոտման»…

Ողբերգական համարելով հարազատ գյուղի մի մասի կորուստը՝ Վլադիմիր Հովսեփյանն արձանագրում է, որ չնայած Թաղավարդի հերոս զավակների անկոտրում կամքին եւ դիմադրությանը, անհավասար ուժերի պատճառով այն «կիսված է»: Ցածրադիր գոտում գտնվող Կալեր թաղամասը մեր ձեռքին է, իսկ վերին Թաղավարդը, որտեղ զինված ասկյարներն են վխտում, մնացել է «փշալարերից այն կողմ»: Բարձունքում նախնիների գերեզմանոցն է, հին վանքերն ու եկեղեցիները, սրբավայրերը՝ միջնադարյան խաչքարերով, կուսական անտառներով ու մշտակարկաչ սառնորակ աղբյուրներով: Եվ կորստի ցավը խեղդելով՝ հեղինակն ահազանգում է, որ թշնամին արդեն պղծած եւ ավերած կլինի գյուղի պատմամշակութային հուշարձանները: «Ոչնչացրած կլինի հին խաչքարերը, վանքերի ու եկեղեցիների ճակատից, անկասկած, քերվել են հայկական արձանագրությունները, որպեսզի դրանք հետագայում աղվանական հուշարձանների վերածվեն»,- տագնապը չի թաքցնում նա:

2020 թ. հոկտեմբերի 23-ին ադրբեջանցիները՝ վարձկան ահաբեկիչների հետ ծանր հրետանիով պաշարել էին Թաղավարդը, եւ ծանր մարտեր էին ընթանում մատույցներում: Գյուղի պաշտպանների հետ կենաց եւ մահու կռիվ էին տալիս Թալիշի 2-րդ եւ պաշտպանության բանակի կենտրոնական պաշտպանական շրջանի գումարտակները, Մարտակերտի աշխարհազորայինները: Անհավասար մարտերում թշնամուն հաջողվեց ճեղքել մեր պաշտպանությունը: Ռազմագործողությունների ժամանակ հայկական կողմը 49 զոհ եւ 101 վիրավոր տվեց: 44-օրյա պատերազմում 14 թաղավարդցի նահատակվեց, 18 հոգի տարբեր աստիճանի ծանր վիրավորում ստացան, ու այսօր մխում են հաշմանդամ դարձած տղաների վերքերը…

«Պատերազմի ավարտից երկու տարի է անցել: Չնայած վիրավոր է Թաղավարդի սիրտը, սակայն այն շարունակում է բաբախել»,- գրում է Վ. Հովսեփյանը: Կալերի հատվածում վերացվում են ավերածությունները: Ասֆալտապատվել է գյուղամիջյան ճանապարհը: Վերականգնվել են ենթակառուցվածքները, պետական միջոցներով նորոգվել պատերազմից տուժած տները: Երեխաները դպրոց են հաճախում եւ թշնամուց ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա գտնվող մարզադաշտում, արհամարհելով բարձրախոսներից հնչեցվող ահաբեկչական ձայները, շարունակում են խաղալ ու երազել…

«Հուսանք՝ կգա հատուցման ժամը: Կգա մի օր, երբ գերության մեջ գտնվող Արցախի բոլոր բնակավայրերը, այդ թվում՝ Թաղավարդ գյուղի բարձրադիր մասը թշնամուց կազատագրվեն: Տարագիր բնակիչները, ովքեր հարկադրաբար դեգերում են աշխարհով մեկ, ձեռք ձեռքի տված կվերադառնան իրենց հայրենի օջախները, եւ նոր գիրք կգրվի թաղավարդցիների մասին»,- ընթերցողի հետ իր լավատեսությունն է կիսում Վ. Հովսեփյանը:

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 Ստեփանակերտ

Թեգեր: ԱրցախգիրքԹաղավարդ
Կիսվել3Tweet2Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Գիտությունը մեր վերջին հույսն է

Գիտությունը մեր վերջին հույսն է

Ամենամսյա յուրօրինակ «հաշվետվություն»

«ՀՀ» օրաթերթի ամենամսյա յուրօրինակ հաշվետվությունը

Ամենաընթերցվածը

  • Հերոսների ոգին անմահ է

    Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Հիշողության խոսք

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist