«Համազգային մեր զորությունը, զորությունը ազգովին՝ ամեն մեկիս մեր տեղը կզորացներ յուրաքանչյուրիս ու ամենքիս, համազգային մեր տկարությունը աղարտում ու աղավաղում է յուրաքանչյուրիս ու գրեթե ամենքիս վերընթացը: Եվ չեն աղարտվում, չեն աղավաղվում, չեն բեկվում, կիսատ չեն մնում մեզնից նրանք, ովքեր այս աշխարհ ոտ են դնում որդու եւ տիրոջ իրավունքով ու կամքով- մի Իսահակյան, մի Չարենց, մի Սարյան ու Խաչատրյան, մի Թումանյան… Նրանք իրենց Մեքքայում եղել են, նրանք իրենց Մեքքայից են գալիս, նրանք պատգամաբեր են, նրանք լեցուն են իրենց աստծու շշուկներով, նրանց կառույցներում այլ կամքերի համար տեղ չկա:
…Ռազմիկ Դավոյանի մուտքը վստահ էր եւ ձայնը՝ հաստատ: Այդքան վստահ մուտք, այդքան արդարացվող վստահություն, միանգամից այդպիսի հասունություն- մեր բանաստեղծությունը նախկինում թերեւս մի քանի անգամ արձանագրել էր, իսկ իմ սերունդը չարձանագրեց: Ռազմիկն այլ ոլորտներից, այլ ժամանակներից էր գալիս…»:
Հրանտ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Լոռվա Մեծ Պարնի գյուղում ծնված բանաստեղծը եթե եղած չլիներ «իր Մեքքայում» եւ ոչ էլ լցված աստծո շշուկներով, ապա դժվար թե ի զորու լիներ սեփական վրանը խփելու հայ արդի պոեզիայի խտաբնակ անդաստանում, որտեղ փառավորապես իշխում էին գրականության Պառնասից իջած իրենից ավագ դասականները՝ Հովհաննես Շիրազ, Համո Սահյան, Պարույր Սեւակ, Վահագն Դավթյան, Սիլվա Կապուտիկյան՝ երեւելիների մի ողջ փաղանգ, որոնց շողարձակ լույսը կարող էր աննկատելիության մշուշում թողնել թեկուզեւ օժտված յուրաքանչյուր հավակնոտի: Սակայն այդպես չեղավ Ռազմիկ Դավոյան բանաստեղծի պարագայում, քանզի ինքը եւս ի վերուստ օծված էր պոեզիայի ավազանում եւ նորովի էր հնչեցնելու հուզառատ ու բազմալար սեփական քնարը՝ նոր գույներ ու երանգներ հավելելով հայոց լեզվին, բազմադարյա հայոց բառուբանին: Առաջին տպագրված բանաստեղծության բերկրանքը վայելելու էր տասնյոթ տարեկանում, առաջին՝ «Իմ աշխարհը» գրքինը՝ քսաներեքում: Այդուհետ իրար էին հաջորդելու նոր ասելիքով, թեմատիկ նոր ընդգրկումներով ու հուզականությամբ մեկը մյուսից էապես առանձնացող ժողովածուները՝ «Ստվերների միջով», «Խաչերի ջարդը», «Ռեքվիեմ», «Մեղրահաց», «Կեղեւդ բաց արա»: Բանաստեղծի հիսունամյակին Համո Սահյանը հիացումով էր հնչեցնելու, որ «եկել է տաղանդավոր իր կրտսեր գրչակից ընկերոջ հազարի ժամանակը»: Ասել է, թե Ռազմիկ Դավոյանն արդեն իր լեռան բարձունքում էր՝ պոեզիայի սիրահարների իր բանակով, գրականագետների «սրի տակով» անցած ու գնահատված տաղանդավոր հեղինակ: Գրելու էր նաեւ մանուկների համար՝ «Ինչ էր եղել», «Տխուր փիղը»: Ու նաեւ արձակ գործերով էր հարստացնելու գրողական իր վաստակը՝ «Թորոս Ռոսլին», վեպ՝ «Եթե Աստված կամենա», տեսական՝ «Կենսական էներգիայի ուսմունքը»: Այսուհանդերձ, «աստծո շշուկներով» շռայլորեն հարուստ բանաստեղծը շարունակելու էր չափածո նոր արարումներով գեղեցկացնել ստեղծագործական իր տաճարը՝ լուսաշխարհ բերելով գիրք-գրքի հետեւից՝ «Տաք սալեր», «Պոեմներ», «Էպոս պատանության», «Քարե բարձ», «Ընտրանի»: Նրա որոշ գրքեր հրատարակվելու էին հայրենիքից հեռու՝ Բեյրութում, Նյու Յորքում, թարգմանվելու էին տարբեր լեզուներով, շատ բանաստեղծություններ մեղեդավորվելու եւ դառնալու էին սքանչելի երգեր:
Անժխտելի է ու ծանրակշիռ բանաստեղծի ստեղծագործական հունձքը՝ արժանացած ամենաբարձր գնահատանքի՝ ՀՀ Պետական մրցանակ, «Մեսրոպ Մաշտոց» շքանշան, Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» մեդալ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալ, մեծարման այլ դրսեւորումներ՝ սկսած տակավին խորհրդային ժամանակներից: Սակայն ամենաարդարամիտ գնահատողը ժամանակն է լինելու եւ, իհարկե, հարատեւող այն ժողովուրդը, որ ծնում է տաղանդավոր իր զավակներին…
Մեծպարնեցի բանաստեղծը նրանց դասում է:
Հակոբ ՍՐԱՊՅԱՆ