Ք. ա. առաջին հազարամյակում, երբ հզորացավ Վանի թագավորությունը, այս պետության թագավորներն սկսեցին նվաճողական արշավանքներ եւ իրենց գերիշխանությունը հաստատեցին նաեւ Վանից շատ հեռու։ Իրենց նվաճողական արշավանքների մասին նույն թագավորները նաեւ սեպագիր արձանագրություններ էին թողնում, որոնց մի մասը մեզ է հասել եւ այժմ լավագույն վկայությունն են այդ շրջանի պատմության մասին։
Ք. ա. 8-րդ դարում Վանի թագավորության զորքերը հասել են նաեւ Սեւանա լճի ավազան, անցել Արցախ ու Սյունիք։ Ինչպես Էրեբունիում, Կարմիր բլուրում, Ամավիրում եւ այլուր, այնպես էլ Գեղարքունիքի մարզի մի քանի բնակավայրերում պահպանվել են նման սեպագրեր։ Դրանցից մեկը Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Արծվանիստ եւ Ծովինար գյուղերի մեջտեղում է։ Այն վավերագիր է նաեւ մոտակա ամրոց-քաղաք-բնակավայրի՝ Թեյշեբաինի-Օձաբերդի հիմնադրման մասին։ Այն կառուցվել է նշված գյուղերի միջեւ գտնվող մի բարձրավանդակի վրա: Ամրոցի հյուսիսային կողմի քարաժայռի վրա է փորագրված ուրարտական թագավոր Ռուսա Առաջինի սեպագիր արձանագրությունը, ինչից իմանում ենք, որ նա Ք. ա. 735-714 թթ. գրավել է այստեղ գոյություն ունեցող մի ամրոց, վերակառուցել է այն եւ անվանել «Թեյշեբա աստծո քաղաք»։ Օրերս հնավայր այցելելու հնարավորություն եղավ ։ Մոտ 20 հա տարածք զբաղեցնող այս հնավայրում պահպանվել են պարիսպներ, շինությունների հիմքեր ու պատեր, ճանապարհի հետքեր։
Ամրոցը պահող բարձրավանդակի հյուսիսային կողմում է Սեւանա լիճը, որի ջրերը հնարավոր է՝ Ռուսա Առաջինի օրոք էլ, ինչպես 19-րդ դարում, երբ հայտնաբերվել է այս արձանագրությունը, ողողել են բարձրավանդակի ափերը, որոնք այդ կողմում ժայռակերտ են։ Բարձրավանդակի արեւելյան հատվածը բավականին թեք զառիվայր է, եւ թույլ մասերը ժամանակին ամրացվել են պարիսպներով։ Այժմ այդ կողմում՝ հարթության վրա փռված է Արծվանիստ գյուղը։ Արեւմտյան լանջը թույլ թեքություն ունի, եւ այն ամբողջապես ամրացվել է հաստ պարիսպով։ Ամրոց-բնակատեղին հարավային մասում միացած է Վարդենիսի լեռնաշղթայի ստորոտներին։ Այդ կողմով անցել է ամրոց մտնող գլխավոր ճանապարհը։ Ամրոց-բնակավայրի կենտրոնում է մոտ 1,5 հա տարածք զբաղեցնող ու քառանկյուն մակերես ունեցող միջնաբերդը, որը 4 կողմից շրջափակված է հզոր պարսպապատերով ու իր երկու կողմերում ունի դեպի ներս նայող աշտարակներ: Միջնաբերդի մի մուտքը, որը ժամանակին ծառայել է հիմնականում հետիոտների համար, հյուսիսարեւմտյան պարսպի կենտրոնում է, ունի ավելի քան 2 մ լայնություն եւ ամրացված է աշտարակներով, որոնցից հարավարեւմտյանն ամենահզորն է: Այս մուտքից դեպի բնակավայրի հյուսիսարեւմտյան մուտք անցել է նեղ ճանապարհ՝ ոլորապտույտ իջնելով նշված կողմի լանջով։ Միջնաբերդի եւ ամրոցի մոտ 250 մ երկարությամբ արեւմտյան պարիսպն ընդհանուր է եւ ձգվում է դեպի արեւելք ու թեքվում աջ՝ փակելով հարավային հատվածը, որտեղով անցել է ամրոցի գլխավոր ճանապարհը, որի 2 կողմերում պարիսպներ կան։ Միջնաբերդի շուրջ, հատկապես հյուսիսարեւմտյան կողմում, ժամանակին եղել են շինություններ, որոնք կառուցվել են տարբեր ժամանակներում, եւ որոնցից մի մասի հիմքերն ու պատերը պահպանվել են։ Ամրոցի որոշ հատվածներում գլխավոր պարսպից բացի, կան երկրորդները, երրորդները։
Ընդհանրապես բոլոր պարիսպներն ու պատերը շարված են երկշարք մեծ բազալտե քարերով, իսկ արանքները լցված են մանր քարերով։ Ամրոցի հարավարեւմտյան կողմում պահպանվել է քարանձավ՝ դիմացը մոտ 0,3 հա հարթ տարածքով, որը շրջափակված է եղել պարսպով եւ առանձնացած է միջնաբերդից։ Այս հարթության հարավարեւմտյան կողմում պահպանված ճանապարհի աջ հատվածը նույնպես պարսպապատ է եղել։ Քարանձավից մոտ 20 մ հեռավորության վրա կանգուն է մի մեծ քար, որը հնարավոր է՝ կուռք է եղել։ Միգուցե տարածքը ծառայել է ծիսական-պաշտամունքային նպատակո՞վ։ Այս հատվածի հյուսիսային ու արեւելյան հատվածներում պահպանվել է տարբեր չափերի կրոմլեխներով ընդարձակ դամբարանադաշտը։ Հնագետ Գ. Հ. Միքայելյանը, ով ժամանակին ուսումնասիրել է այս ամրոցը, գրում է. «Օձաբերդը, որը նույն Թեյշեբաինին է, հավանաբար ունեցել է ջուր՝ օգտագործելով Վարդենիսի լեռներից հոսող բազմաթիվ աղբյուրների ջրերը։ Այսպիսով ուրարտական ամրոց Թեյշեբաինին Սեւանա լճի հարավային ափին հանդիսացել է ուրարտական թագավորության հենակետը՝ իր ձեռքում պահելով շրջակա տեղաբնիկ ցեղերին, ինչպես Խալդի քաղաքը Ուելիքուխի երկրում…» («Սեւանի ավազանի կիկլոպյան ամրոցները», Երեւան, 1968 թ.)։ Գիտնականը նշում է, որ ամրոցի տարածքում կան նաեւ նախաուրարտական շրջանի կիկլոպյան շինություններ։ Այն, որ այստեղ եղել է ավելի վաղ շրջանի ամրոց, որը տեղաբնիկներին պաշտպանել են իրենց թշնամիների հարձակումներից, վկայում է նաեւ Ռուսա Առաջինի արձանագրությունը, որում նշված է հնավայրի անունը, որը ուրարտական միապետը ամպրոպի, կայծակի աստված Թեյշեբայի պատվին կոչել է՝ Թեյշեբա աստծո քաղաք:
Հնարավոր է՝ Թեյշեբաինի-Օձաբերդը ուրարտական շրջանից հետո էլ ծառայել է իր նպատակին։ Վերջին տարիներին այստեղ հնագիտական պեղումներ են իրականացվել հայ-իտալական արշավախմբի կողմից։ «Օձաբերդը Սեւանի հարավային ավազանում ուրարտական ամենամեծ ամրոցներից է: Այն հենակետային դեր է կատարում դեպի Սոթքի ոսկու հանք տանող ճանապարհի համար: Մյուս կողմից էլ հսկում է Վարդենյաց լեռնանցքով դեպի Սեւանի հարավային ավազան եկող ճանապարհը: Այսինքն` շատ կարեւոր ռազմավարական նշանակություն ունեցող բնակավայր է…»,- հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է արշավախմբի համաղեկավար, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանը: Ամրոցի հյուսիսային հատվածը վնասվել է, երբ այնտեղով բացել են Մարտունի-Վարդենիս գնացող ճանապարհը։ Հետագայում Սեւանա լճի ջրերն իջել են, եւ նույն ճանապարհն անցնում է արդեն մի քանի հարյուր մետր հեռու հատվածով։ Ճանապարհի ձախակողմում ժայռեղեն բլուր կա, որի վրա Ծովինար գյուղի գերեզմանոցն է եւ հուշարձան։ Հնարավոր է այս բլուրը ժամանակին եղել է կղզյակ ու ծիսա-պաշտամունքային տարածք եւ կապ է ունեցել Օձաբերդի ամրոցի հետ։ Բլրակի վրա կան 2 փոքր մատուռներ, որոնց մեջ պահպանվել են միջնադարյան խաչքարեր։
Հանգստարանի մուտքի մոտ վերջերս կառուցվել է «Ծովինարի հերոսներ» հուշապատը՝ նվիրված արցախյան պատերազմներում մարտիրոսված հերոս ծովինարցիներին։ Փառք տալով մեր հերոսներին՝ շարունակեցինք ճանապարհը դեպի Վարդենիկ գյուղի միջնադարյան սրբատեղի Իշխանավանք։