Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Ապրիլի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Թեյշեբաինի-Օձաբերդ

Հունվարի 13, 2023
Մշակույթ
Թեյշեբաինի-Օձաբերդ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
71
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ք. ա. առաջին հազարամյակում, երբ հզորացավ Վանի թագավորությունը, այս պետության թագավորներն սկսեցին նվաճողական արշավանքներ եւ իրենց գերիշխանությունը հաստատեցին նաեւ Վանից շատ հեռու։ Իրենց նվաճողական արշավանքների մասին նույն թագավորները նաեւ սեպագիր արձանագրություններ էին թողնում, որոնց մի մասը մեզ է հասել եւ այժմ լավագույն վկայությունն են այդ շրջանի պատմության մասին։

Ք. ա. 8-րդ դարում Վանի թագավորության զորքերը հասել են նաեւ Սեւանա լճի ավազան, անցել Արցախ ու Սյունիք։ Ինչպես Էրեբունիում, Կարմիր բլուրում, Ամավիրում եւ այլուր, այնպես էլ Գեղարքունիքի մարզի մի քանի բնակավայրերում պահպանվել են նման սեպագրեր։ Դրանցից մեկը Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Արծվանիստ եւ Ծովինար գյուղերի մեջտեղում է։ Այն վավերագիր է նաեւ մոտակա ամրոց-քաղաք-բնակավայրի՝  Թեյշեբաինի-Օձաբերդի հիմնադրման մասին։ Այն կառուցվել է նշված գյուղերի միջեւ գտնվող մի բարձրավանդակի վրա: Ամրոցի հյուսիսային կողմի քարաժայռի վրա է փորագրված ուրարտական թագավոր Ռուսա Առաջինի սեպագիր արձանագրությունը, ինչից իմանում ենք, որ նա Ք. ա. 735-714 թթ. գրավել է այստեղ գոյություն ունեցող մի ամրոց, վերակառուցել է այն եւ անվանել «Թեյշեբա աստծո քաղաք»։ Օրերս հնավայր այցելելու հնարավորություն եղավ ։ Մոտ 20 հա տարածք զբաղեցնող այս հնավայրում պահպանվել են պարիսպներ, շինությունների հիմքեր ու պատեր, ճանապարհի հետքեր։

Ամրոցը պահող  բարձրավանդակի հյուսիսային կողմում է Սեւանա լիճը, որի ջրերը հնարավոր է՝ Ռուսա Առաջինի օրոք էլ, ինչպես 19-րդ դարում, երբ հայտնաբերվել է այս արձանագրությունը, ողողել են բարձրավանդակի ափերը, որոնք այդ կողմում ժայռակերտ են։ Բարձրավանդակի արեւելյան հատվածը բավականին թեք զառիվայր է, եւ թույլ մասերը ժամանակին ամրացվել են պարիսպներով։ Այժմ այդ կողմում՝ հարթության վրա փռված է Արծվանիստ գյուղը։ Արեւմտյան լանջը թույլ թեքություն ունի, եւ այն ամբողջապես ամրացվել է հաստ պարիսպով։ Ամրոց-բնակատեղին հարավային մասում միացած է Վարդենիսի լեռնաշղթայի ստորոտներին։ Այդ կողմով անցել է ամրոց մտնող գլխավոր ճանապարհը։ Ամրոց-բնակավայրի կենտրոնում է մոտ 1,5 հա տարածք զբաղեցնող ու քառանկյուն մակերես ունեցող միջնաբերդը, որը 4 կողմից շրջափակված է հզոր պարսպապատերով ու իր երկու կողմերում ունի դեպի ներս նայող աշտարակներ: Միջնաբերդի մի մուտքը, որը ժամանակին ծառայել է հիմնականում հետիոտների համար, հյուսիսարեւմտյան պարսպի կենտրոնում է, ունի ավելի քան 2 մ լայնություն եւ ամրացված է աշտարակներով, որոնցից հարավարեւմտյանն ամենահզորն է: Այս մուտքից դեպի բնակավայրի հյուսիսարեւմտյան մուտք անցել է նեղ ճանապարհ՝ ոլորապտույտ իջնելով նշված կողմի լանջով։ Միջնաբերդի եւ ամրոցի մոտ 250 մ երկարությամբ արեւմտյան պարիսպն ընդհանուր է եւ ձգվում է դեպի արեւելք ու թեքվում աջ՝ փակելով հարավային հատվածը, որտեղով անցել է ամրոցի գլխավոր ճանապարհը, որի 2 կողմերում պարիսպներ կան։ Միջնաբերդի շուրջ, հատկապես հյուսիսարեւմտյան կողմում, ժամանակին եղել են շինություններ, որոնք կառուցվել են տարբեր ժամանակներում, եւ որոնցից մի մասի հիմքերն ու պատերը պահպանվել են։ Ամրոցի որոշ հատվածներում գլխավոր պարսպից բացի, կան երկրորդները, երրորդները։

Ընդհանրապես բոլոր պարիսպներն ու պատերը շարված են երկշարք մեծ բազալտե քարերով, իսկ արանքները լցված են մանր քարերով։ Ամրոցի հարավարեւմտյան կողմում պահպանվել է քարանձավ՝ դիմացը մոտ 0,3 հա հարթ տարածքով, որը շրջափակված է եղել պարսպով եւ առանձնացած է միջնաբերդից։ Այս հարթության հարավարեւմտյան կողմում պահպանված ճանապարհի աջ հատվածը նույնպես պարսպապատ է եղել։ Քարանձավից մոտ 20 մ հեռավորության վրա կանգուն է մի մեծ քար, որը հնարավոր է՝ կուռք է եղել։ Միգուցե տարածքը ծառայել է ծիսական-պաշտամունքային նպատակո՞վ։ Այս հատվածի հյուսիսային ու արեւելյան հատվածներում պահպանվել է  տարբեր չափերի կրոմլեխներով ընդարձակ դամբարանադաշտը։ Հնագետ Գ. Հ. Միքայելյանը, ով ժամանակին ուսումնասիրել է այս ամրոցը, գրում է. «Օձաբերդը, որը նույն Թեյշեբաինին է, հավանաբար ունեցել է ջուր՝ օգտագործելով Վարդենիսի լեռներից հոսող բազմաթիվ աղբյուրների ջրերը։ Այսպիսով ուրարտական ամրոց Թեյշեբաինին Սեւանա լճի հարավային ափին հանդիսացել է ուրարտական թագավորության հենակետը՝ իր ձեռքում պահելով շրջակա տեղաբնիկ ցեղերին, ինչպես Խալդի քաղաքը Ուելիքուխի երկրում…» («Սեւանի ավազանի կիկլոպյան ամրոցները», Երեւան, 1968 թ.)։ Գիտնականը նշում է, որ ամրոցի տարածքում կան նաեւ նախաուրարտական շրջանի կիկլոպյան շինություններ։ Այն, որ այստեղ եղել է ավելի վաղ շրջանի ամրոց, որը տեղաբնիկներին պաշտպանել են իրենց թշնամիների հարձակումներից, վկայում է նաեւ Ռուսա Առաջինի արձանագրությունը, որում նշված է հնավայրի անունը, որը ուրարտական միապետը ամպրոպի, կայծակի աստված Թեյշեբայի պատվին կոչել է՝ Թեյշեբա աստծո քաղաք:

Հնարավոր է՝ Թեյշեբաինի-Օձաբերդը ուրարտական շրջանից հետո էլ ծառայել է իր նպատակին։ Վերջին տարիներին այստեղ հնագիտական պեղումներ են իրականացվել հայ-իտալական արշավախմբի կողմից։ «Օձաբերդը Սեւանի հարավային ավազանում ուրարտական ամենամեծ ամրոցներից է: Այն հենակետային դեր է կատարում դեպի Սոթքի ոսկու հանք տանող ճանապարհի համար: Մյուս կողմից էլ հսկում է Վարդենյաց լեռնանցքով դեպի Սեւանի հարավային ավազան եկող ճանապարհը: Այսինքն` շատ կարեւոր ռազմավարական նշանակություն ունեցող բնակավայր է…»,- հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է արշավախմբի համաղեկավար, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանը: Ամրոցի հյուսիսային հատվածը վնասվել է, երբ այնտեղով բացել են Մարտունի-Վարդենիս գնացող ճանապարհը։ Հետագայում Սեւանա լճի ջրերն իջել են, եւ նույն ճանապարհն անցնում է արդեն մի քանի հարյուր մետր հեռու հատվածով։ Ճանապարհի ձախակողմում ժայռեղեն բլուր կա, որի վրա Ծովինար գյուղի գերեզմանոցն է եւ հուշարձան։ Հնարավոր է այս բլուրը ժամանակին եղել է կղզյակ ու ծիսա-պաշտամունքային տարածք եւ կապ է ունեցել Օձաբերդի ամրոցի հետ։ Բլրակի վրա կան 2 փոքր մատուռներ, որոնց մեջ պահպանվել են միջնադարյան խաչքարեր։

Հանգստարանի մուտքի մոտ վերջերս կառուցվել է «Ծովինարի հերոսներ» հուշապատը՝ նվիրված արցախյան պատերազմներում մարտիրոսված հերոս ծովինարցիներին։ Փառք տալով մեր հերոսներին՝ շարունակեցինք ճանապարհը դեպի Վարդենիկ գյուղի միջնադարյան սրբատեղի Իշխանավանք։

ԿիսվելTweetԿիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Ձայների աշխարհի ու մոգական փայտիկի հրաշագործ տիրակալը

Ձայների աշխարհի ու մոգական փայտիկի հրաշագործ տիրակալը

Մարտի 31, 2023
Հովհաննես Թումանյանի սիրտը

Հովհաննես Թումանյանի սիրտը

Մարտի 31, 2023

Մեծ գրողի արժանավոր զավակը

Ավերված, բայց՝ վկայող ու ներկայացնող

Հայ օպերային երգարվեստի ադամանդը

Նուրբ հզորության ելեւէջները

Գիրք, որի էջերում արեւելքի լույսն է ու ջերմությունը

Հպարտ ենք ձեզնով

Հաջորդ Հոդվածը
Չառլի Չապլինի եւ Ադրբեջանի ոսկու տենդերը

Չառլի Չապլինի եւ Ադրբեջանի ոսկու տենդերը

Նա մարդ եկավ ու մարդ գնաց աշխարհից…

Նա մարդ եկավ ու մարդ գնաց աշխարհից…

Ամենաընթերցվածը

  • Կեցության՝ բնակարանի խնդիր

    Կեցության՝ բնակարանի խնդիր

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    74 Կիսվել են
    Կիսվել 30 Tweet 19
  • Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist