Այսօր, երբ հայոց ազատատենչ լեռնակղզին՝ Արցախ աշխարհը, հայտնվել է մեր դարավոր ոսոխի օձագալար շրջափակման մեջ, երբ փակվել է նրան կյանք տվող միակ զարկերակը, երբ ռուս խաղաղարարների հսկողության ներքո օր օրի ավելի է սաստկանում սպառնացող վտանգը, առավել քան արդիական է հնչում նույն ռուս ժողովրդի մեծանուն զավակ՝ բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ, հասարակական գործիչ եւ մեր ժողովրդի նվիրյալ բարեկամ Սերգեյ Գորոդեցկու՝ 1919 թ. «Կավկազսկոե սլովո» ամսագրում հրապարակած մեծարժեք հոդվածը, որը ներկայացնում ենք որոշակի կրճատումներով:
«Յուրաքանչյուր երկիր, յուրաքանչյուր ազգ ունի իր նվիրական ամրությունները: Երբ ժողովրդի պատմությունը բարեհաջող ընթացք է ստանում, դրանք վերածվում են մշակութային ու քաղաքական կյանքի առանցքի: Երբ ճակատագիրը հետապնդում է ազգին, այն դառնում է ազգային կյանքի պատվարը, հույսի կղզին, վերածննդի գրավականը: Հայ ժողովրդի համար հենց այդ վերջին դերն է ունեցել եւ շարունակում է ունենալ Ղարաբաղ լեռնային շրջանը: Բնությունն ինքը հսկայական նշանակություն է տվել նրան: Այնտեղ՝ Ղարաբաղի անմատչելի բարձունքներում, որոնք Կարսի ու Սեւանի լեռնաշղթաների շարունակությունն են, ավելի քան 2000 տարի հայ ժողովուրդը դիմակայում էր քոչվոր ցեղերի ճնշումներին՝ պահպանելով իր մշակույթը, իր ազգային դիմագիծը: Ազգային առումով, տնտեսությամբ ու լեզվով միատարր լինելով՝ Ղարաբաղը Հայաստանի միջնաբերդն է դարձել, նրա արեւելյան թեւը: Այդպիսին էր նա անցյալում, այդպիսին է հիմա, այդպիսին կլինի ընդմիշտ, քանի որ Հայաստանի սիրտը՝ Արարատյան դաշտավայրը, չի կարելի պաշտպանել՝ առանց տիրելու Ղարաբաղին: Դարերի ընթացքում ներխուժումների ալիքները բազմիցս են փշրվել Ղարաբաղի ժայռերին՝ ներթափանցելով միայն գետահովիտներով, այստեղ էլ, սակայն, երկար չեն մնացել: Սյունիքի մելիքությունը, ինչպես կոչվել է Ղարաբաղը հնում, մեկ անգամ չէ սեփական ուժերով դիմադրել թշնամուն: Պատմությունը կրկնվում է, եւ վերջին անգամ դրա ականատեսը մենք ինքներս էինք:
Բնությունն ու պատմությունը կերտել են ղարաբաղցու վառ արտահայտված տեսակը: Աշխարհով մեկ սփռված ղարաբաղցիներին ամենուր կարելի է հեշտությամբ ճանաչել. գործունեության մեծ թափ, անձնուրաց քաջություն, ռիսկի դիմելու հակում, ինքնավստահություն, յուրատեսակ համառություն, շիտակ հաստատակամություն, ընտանեկան կենցաղում՝ նահապետական. ահա ղարաբաղցու համակրելի գծերը, որոնք ասես հայկական հնագույն առաքինությունների խտացումը լինեն՝ պատմության դաժանություններից ինչ-որ տեղ խամրած ու իրենց անաղարտ վիճակում Ղարաբաղում պահպանված: Վեհանձն, ամրակազմ մարդիկ, ովքեր կյանքը փրկելու համար ծվարել են լեռներում, կոփվել լեռնային օդում ու անվնաս մնացել վարակներից, որոնց ենթակա են հարթավայրում ապրողները:
Հայաստանի ազգային հիշողությունն իր մեջ պետք է որ ղարաբաղցիների ոչ քիչ կարկառուն անուններ ամփոփած լինի: Չկա մի բնագավառ, որտեղ նրանք չդրսեւորեին իրնց նախաձեռնողականությունն ու տաղանդը: Քաղաքականություն, գրականություն, հասարակական գործունեություն, առեւտուր՝ այս ամենը նրանց համար գործունեության ասպարեզ էր ծառայում: Կարելի է բազմաթիվ օրինակներ բերել… Աշխարհին այդքան հայտնի տղամարդ գործիչներ տված Ղարաբաղը կերտել կամ ավելի ճիշտ՝ իր անաղարտ վիճակում պահպանել է նաեւ հին հայուհու կերպարը, որի հոգեբանության ու կենցաղի մեջ շատ բան է անխաթար մնացել հայրիշխանության շրջանից: Իր մշակույթով ու կենցաղով հղկված՝ Ղարաբաղը մեր օրերում էլ չի արատավորել իր հնամենի փառքը: Ինչպես Թամերլանի ժամանակներում, հավաքելով իրենց ջոկատները, մելիքները պաշտպանեցին Ղարաբաղի անկախությունը: Շուշիի դրվագը չփոխեց Նուրի փաշայի պարտության ընդհանուր պատկերը, եւ պաշտպանական գիծը հիմնականում անմատչելի մնաց, ինչպես նախկին ներխուժումների ժամանակ:
Այդպիսին է Ղարաբաղի նշանակությունը Հայաստանի համար: Անկասկած, եթե նա կորցներ այդ նշանակությունը, ազգերի ինքնորոշման գաղափարը մեծապես կտուժեր: Եվ հակառակը՝ տիրելով Ղարաբաղին, Հայաստանը զորավոր մշակութային այնպիսի առատ ներհոսք կստանա, որը, ողողելով Հայաստանի ամայի տարածքները, կբեղմնավորի դրանք մշակույթով՝ այդպիսով իսկ ամբողջացնելով Ղարաբաղի բազմադարյա փառապանծ պատմությունը…»:
Հավելենք, որ Սերգեյ Գորոդեցկին քաջատեղյակ էր հայոց մեծ ողբերգությանը, անձամբ եղել էր Արեւմտյան Հայաստանում, ցնցվել տեսածից եւ ցավագնորեն արձագանքել. «Ժամանակակից համամարդկային, միջազգային խիղճը, եթե այն հնչում է՝ ապա ոչ թե պղնձի, այլ ուրիշ մետաղի հնչյուններով: Մարդիկ փակել են իրենց ականջները, կոպերն էլ իջեցրել են աչքերի վրա, որ չտեսնեն ու չլսեն ահաբեկող իրադարձությունները… Մարզը մարզի հետեւից անցնում է թշնամու ձեռքը՝ Վայոց ձոր, Վասպուրական, Տաշիր, հայոց պատմական հողերը… Երկիրը կորցնում է իր գլխավոր հարստությունը՝ իր ժողովրդին…»:
Իսկ ո՞ւր են այսօրվա Սերգեյ Գորոդեցկիները, ո՞ւր է «աչքերի վրա կոպերն իջեցրած համամարդկային խիղճը», երբ բորենին ցեղասպանության նոր տարբերակ է ընտրել եւ փորձում է ջնջել հային ու հայության հետքը հազարամյակներով հայաշունչ ու հայապատկան պատմական իր հայրենիքում…