«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի «Դեմ առ դեմ» խորագրի ներքո նորամուտ տարվա առաջին հյուրը վաստակաշատ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի գրականության ամբիոնի նախկին, այժմ՝ պատվավոր վարիչ Սամվել Մուրադյանն է: Իսկ զրույցի առանցքում մեծն Շիրազն է, որի հետ գրականագետի մտերմությունը շարունակվել է տասնամյակներ անընդմեջ, եւ որին վստահել է բանաստեղծը՝ գրել իր մասին…
-Պարոն Մուրադյան, մենք շատ ուրախ ենք Ձեզ հետ համագործակցության համար ու թեեւ արդեն հանդիպել ենք մեր թերթի էջերում, այդուհանդերձ, այս անգամ փորձենք զրուցել ավելի հանգամանալից: Քաջատեղյակ ենք գրականագիտական Ձեր վաստակին՝ «Գրական հանգրվաններ» քառահատորյակներ, «Հարություն Սուրխաթյան», «Երվանդ Օտյան. կյանքը եւ գործը», Հովհաննես Շիրազին նվիրված ծավալուն երկու գրքեր, նրա անտիպների՝ Ձեր ջանքերով արդեն հրատարակված չորս ժողովածու… Ուստի, առաջին հարցը՝ երբվանի՞ց է սկսվել Ձեր մտերմությունը մեր պոեզիայի «հանճարեղ խելագարի հետ»:
-Շիրազի հետ իմ ծանոթությունը վաղ մանկուց է, իսկ երբ 1954-ին՝ արդեն խելահաս տարիքում առաջին անգամ լսել եմ «Սիամանթո եւ Խջեզարե»-ի ռադիոբեմականացումը, այդ ժամանակներից ի վեր Շիրազն ինձ համար դարձել է հարազատ անուն:
-Ինչո՞ւ, ինչպե՞ս:
-Որովհետեւ գյուղը, որտեղ ես եմ ծնվել, բնակեցված էր Արեւմտյան Հայաստանից եկած գաղթականներով, եւ երբ հաղորդվում էր, թե երբ է լինելու նշածս պոեմի հերթական ռադիոներկայացումը, բոլորը հավաքվում էին մեր ընտանեկան բակում, ռադիոյի շուրջ եւ ուշադրությամբ ունկնդրում: Եվ եզրակացությունն այն էր, որ այս խոսակցությունը, որ արվում է ռադիոյով, պետության կարծիքն է, երեւի թե մենք վաղը, մյուս օր նորից կվերադառնանք մեր Վան, մեր Սիփան… Ահա այդ օրերից էլ սկսած «Սիամանթո եւ Խջեզարե»-ն գրեթե ամբողջությամբ անգիր գիտեի սկզբից մինչեւ վերջին տողը: Հետագայում, երբ 1979 թ. Շիրազը հրատարակեց այս պոեմի տասնհինգերորդ՝ լրամշակված տարբերակը, ես հասկացա, թե ինչ փոփոխություններ է արել հեղինակը եւ որն է նրա հետապնդած նպատակը, ինչի մասին գրել է իր «Մի փետուր իմ արծիվ կյանքից» գրքում. «Իմ «Սիամանթո եւ Խջեզարե» պոեմը մի հայելի է, որ դրված է Արաքսի այս ափին, բայց ցույց է տալիս Արաքսի այն ափին գտնվող մեր կորուսյալ ամբողջ հայրենիքը՝ վերադարձնելու հույսով…»:
-Հետաքրքիր է վերհիշել Ձեր առաջին հանդիպումը բանաստեղծի հետ…
-Երբ 1961-ին Երեւան եկա եւ ընդունվեցի էլեկտրոնային հաշվիչ մեքենաների տեխնիկումի մաթեմատիկ ծրագրավորողների բաժին, շատ արագ հասկացա, որ սխալ մասնագիտություն եմ ընտրել, իմ գործը մաթեմատիկական մեքենաները չէին, նրանց ծրագրերը չեն, սխալներ հայտնաբերող եւ ուղղող կոդերը չեն՝ դա իմ ավարտական աշխատանքն է եղել տեխնիկումում՝ «Սխալներ հայտնաբերող եւ ուղղող կոդերի գործածությունը ժամանակակից էլեկտրոնային հաշվիչ մեքենաներում»: Ինչեւէ, եղավ այնպես, որ մեր կրթօջախում հանդիպում կազմակերպեցին Շիրազի հետ: Շատ հետաքրքիր եւ զարմանալի օր էր ինձ համար. այդ օրը ես իմ գրական շնորհները ցուցադրեցի Շիրազի առաջ: Նա հարցրեց տեխնիկումի տնօրենին՝ քանի՞ ուսանող ունեք: Պատասխանը, թե՝ 400: Պաշտելի բանաստեղծն ասաց. «399-ը քեզ, էս մեկը՝ ինձ»: Եվ այդտեղից սկսվեց իմ եւ Շիրազի անձնական մտերմությունը, որը հետագայում այնքան խորացավ, որ արդեն առանց ինձ ուրիշ տեղեր հանդիպումների չէր գնում: Ինչո՞ւ: Որովհետեւ ես նրա բոլոր ստեղծագործություններն արդեն գիտեի ըստ էության: 1967-ին Աբովյան քաղաքի կինոյի դահլիճում հերթական հանդիպումն էր Շիրազի հետ: Թղթի փոքրիկ կտորների վրա գրված հարցեր էին տալիս նրան: Հարցերից մեկը հետեւյալն էր. «Որ մեծ բանաստեղծ եք՝ հասկացանք: Որ ժողովրդի սիրելի բանաստեղծն եք՝ հասկացանք: Պատասխանեք՝ ինչպե՞ս հայտնաբերեցիք Սամվել Մուրադյանին»: Նա էլ իրեն բնորոշ անկեղծությամբ պատասխանեց. «Այո, երեսուն տարվա տարբերություն կա իմ եւ Սամվել Մուրադյանի միջեւ, բայց ես նրան համարում եմ իմ հարազատը, իմ մտերիմը, որովհետեւ այս ուսանող-պրոֆեսորը (ես այդ ժամանակ մայր բուհի բանասիրականի երկրորդ կուրսի ուսանող էի) ոչ միայն գիտի իմ այն բոլոր տողերը, որ գրել եմ, այլեւ գիտի այն բոլոր տողերը, որոնք դեռ նոր պիտի գրեմ…»: Իմիջիայլոց, սա շատ պարտավորեցնող խոսք էր՝ ասված հանրության առջեւ, թեկուզ դահլիճում, բայցեւայնպես՝ պարտավորեցնող: Հետագայում մեր մտերմությունն այնքան խորացավ, որ հանդիպում էինք գրեթե ամեն օր: Այն ժամանակ հանդիպումները ընթերցողների հետ Շիրազի համար շատ կարեւոր էին, որովհետեւ այն գործերը, որոնք գրում էր ժողովրդին կարեւոր բան հասկացնելու համար, չէին տպագրվում, եւ ինքը ուզում էր հենց դրանք հաղորդել ժողովրդին: Դրա համար ձեւավորվել էր ասմունքողների մի փոքրիկ խմբակ, որտեղ լուրջ մրցակցություն կար, եւ ես, խնդրում եմ, գլուխգովել չհամարեք, շահել էի առաջնությունը երեւի թե շնորհիվ իմ հիշողության եւ ասմունքելու ձիրքի: Եվ իմ անունը դրել էին «Շիրազի կենդանի քայլող տպարան»: Այսինքն՝ Շիրազը լայն լսարանների հետ հանդիպում էր իր «կենդանի տպարանների» միջոցով: Ահա այսպես է ստեղծվել իմ եւ Շիրազի մտերմությունը:
-Հիմա գանք Ձեր՝ բանաստեղծին նվիրված երկու տարողունակ գրքերին, անտիպներից կազմած ու հրատարակած մեծարժեք ժողովածուներին:
-Ասեմ. նախապես ծրագրել էի գրել «Քառորդ դար Հովհաննես Շիրազի հետ» հուշագրական գիրք, սակայն հետագայում տարբեր պատճառներ, հանգամանքներ խանգարեցին: Դրանք կենցաղային էին, ընտանեկան, նաեւ աշխատանքային. բուհն ավարտելուց հետո անմիջապես աշխատանքի անցա համալսարանի հայագիտական կենտրոնում՝ իմ ուսուցիչներ Էդուարդ Աղայանի, Հրանտ Թամրազյանի ու Մկրտիչ Մկրյանի երաշխավորությամբ: Հայցորդ ձեւակերպվեցի սովետահայ գրականության ամբիոնում, գիտական աշխատանքի թեմա ընտրեցի՝ Հարություն Սուրխաթյան: Ինչո՞ւ Սուրխաթյան, երբ տարբեր կողմերից խորհուրդ էին տալիս հեռու մնալ ընտրածս թեմայից: Դե ես էլ, ինչպես արգելված պտուղի պարագայում է՝ կպա Սուրխաթյանին, որի ողջ՝ 248 միավոր պարունակող արխիվն ու նախորդ դարասկզբի մամուլն ուսումնասիրելուց հետո հասկացել էի, որ նա է այդ դարաշրջանի մեծագույն գրական քննադատը, ով առաջինն էր արձագանքել գրական նորագույն երեւույթներին եւ հայտնաբերել իրական տաղանդներին: Բերեմ օրինակ. տպագրվում է Տերյանի «Մթնշաղի անուրջներ»-ը՝ առաջին գրախոսողը Հարություն Սուրխաթյանն է: Պոլսում ծավալվում է հեթանոսական գրական շարժումը Դանիել Վարուժանի գլխավորությամբ, եւ այդ գրականության առաջին խելամիտ գնահատողը կրկին Սուրխաթյանն է: 1918-ին լույս է տեսնում Ստեփան Զորյանի «Տխուր մարդիկ» պատմվածքների առաջին ժողովածուն՝ առաջին անդրադարձողը նույն քննադատն է: Եղիշե Չարենցն արդեն հրատարակել էր վեց-յոթ գիրք, եւ երբ 1918-ին լույս է տեսնում նրա «Սոմա» պոեմը, 1919-ին «Մշակ» թերթում հրապարակվում է Սուրխաթյանի գրախոսությունը պոեմի մասին: Իսկ մեկ տարի հետո գրում է. «Չարենցի հորիզոնը համաշխարհն է, մոտիվները՝ միջազգային: Հեռու չէ այն օրը, երբ Չարենցը կդառնա նոր շկոլայի հիմնադիրը հայ քնարերգության մեջ Վահան Տերյանից հետո՝ որպես ըմբոստ պրոլետարիատի հեղափոխական երգիչ»: Եվ պիտի շեշտեմ, որ Չարենցի կյանքում շատ մեծ դեր է խաղացել Հարություն Սուրխաթյանը: Տեսեք, անգամ այսօր շատերը վիճում են՝ «Ես իմ անուշ Հայաստանի արեւահամ բառն եմ սիրում թե բարն եմ սիրում»-ի վրա: Այդ կնճիռը կարելի է լուսաբանել նաեւ Սուրխաթյանի միջոցով. 1922-ին Թիֆլիսում նա հրատարակում է «Գրական գոհարներ» քրեստոմատիան, որտեղ չարենցյան նյութերը վերցրել է հենց Չարենցից: Գրաքննադատի գրքում տպված «Ես իմ անուշ Հայաստանի»-ն նույնպես վերցված է հենց բանաստեղծի ձեռագրից, որտեղ գրված է «բառն եմ սիրում», ոչ թե «բարը»: Հետագայում՝ «Երեքի դեկլարացիայի» շրջանում Սուրխաթյանը եղել է Չարենցին սթափեցնող, զգաստացնող լրջագույն քննադատներից մեկը: Նույն Սուրխաթյանն է կազմակերպել Ալեքսանդր Մյասնիկյանի միջոցով Չարենցի արտասահմանյան ուղեւորությունը: Նա է գրախոսել «Էպիկական լուսաբաց»-ը, «Գիրք ճանապարհի»-ն, եւ 30-ական թվականներին, երբ մոլեգնել էին Չարենցի հակառակորդները եւ նրան մեղադրում էին քաղաքական զանազան հորինածո մեղքերով, դարձյալ Սուրխաթյանն էր նրան պաշտպանում Թիֆլիսից, որտեղ ապրում էր: Ի դեպ, նրան առաջարկել էին գալ եւ որպես ռեկտոր ղեկավարել համալսարանը, բայց այս բարձր մտավորականը հրաժարվել էր՝ քաջ իմանալով, թե ինչ մթնոլորտ է Երեւանում: Բայց նույն Թիֆլիսից, երբ մոլեգնում էին չարենցանենգները, նա գրում է. «Հավատացնում եմ ձեզ, ընկերական ամենաջախջախիչ քննադատությունն անգամ ընդունակ է ուղղել դարուս սխալը, բայց սմբակի հարվածը հանճարեղին էլ կարող է անդունդը գլորել…»: Երկար կարելի է խոսել այս մեծ գրաքննադատի անուրանալի վաստակի մասին, մեկ առ մեկ ներկայացնել նրա աշխատությունները, որոնք անփոխարինելի են, ուղենշային, եւ շնորհիվ որոնց ես ծանոթացել եմ հայ եւ համաշխարհային գրական նոր երեւույթներին… Շիրազից շեղվելս հենց սրանով էր պայմանավորված:
-Այո, շեղվեցինք, բայց անչափ հետաքրքիր «շեղում» էր սա, սակայն նորից դեպի «Հայոց դանթեականի» հանճարեղ հեղինակը գանք:
-Շիրազի մահից հետո նրա մասին երկար ժամանակ չէի հանդգնում գրել, մտածում էի՝ ինչ գրել, որ արժանի լինի նրա հիշատակին: 2000 թ. Աբգար Ափինյանը կազմել էր շիրազյան մի հատընտիր, որի համար 15 էջանոց առաջաբան գրեցի: Սակայն հետո մտածեցի ու համոզվեցի, որ Շիրազի մասին ես գիտեմ այնքան բան, որ ուրիշները չգիտեն, եւ եթե ես չգրեմ, ուրիշը չի գրելու: Նույնիսկ երբ հրատարակեցի «Հովհաննես Շիրազ. բանաստեղծը եւ մարդը» գրքի առաջին՝ հինգ հարյուր էջից ավելի հատորը, վերջում նշել էի՝ «վերջ Ա գրքի»: Ընկերներս կշտամբեցին ինձ, թե՝ Շիրազը այդքան մեծ բանաստե՞ղծ է, որ մի մեծ հատոր գրել ես հերիք չէ, հիմա էլ երկրորդ հատոր գրելով ես սպառնում: Ասի՝ լսեք, ես գրել եմ նրա մասին այն, ինչը դուք չեք կարող գրել: Եվ հետո՝ ես պարտավոր եմ դա անել, մանավանդ որ ունեմ Շիրազից գրավոր պահանջ, որ իր մասին ե՛ս գրեմ: Դա 1975-ին ինձ նվիրած էքսպրոմտ բանաստեղծությունն է, որը դեռ կներկայացնեմ: Բացի այս՝ ես Շիրազի հանդեպ ունեմ նաեւ որդիական պարտք. մեր մտերմությունը հոր եւ որդու մտերմություն է եղել… Ու հետո, երբ խորացա Շիրազի միայն տպագրած ու նաեւ առաջինն ինձ կարդացվող ստեղծագործությունների մեջ՝ ինքս ինձ սկսեցի յուրովի բացահայտել նրան ու առավել ամուր կապվեցի այս հանճարին: Շատ հաճախ ես էի լինում նրա առաջին ընթերցողը: Օրինակ՝ «Հայոց դանթեականը» պոեմը, երբ 1962 թ. տվեց ինձ, որ հանձնեմ Գեւորգ Հայրյանին՝ նա պիտի լիներ պոեմի հնարավոր հրատարակիչը եւ խմբագիրը… Շիրազն ինձ հանձնեց վերջինիս հասցեագրված նամակը, որի բնագիրը դեռ չեմ գտել, բայց բառ առ բառ հիշում եմ 17 տարեկանում իմ կարդացածն այդ նամակում…
Շարունակելի