Շիրազյան թեմաներով եռաշար մեր հարցազրույցի վերջին հատվածը՝ երախտաշատ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ:
-Պարոն Մուրադյան, վստահ ենք, որ բանաստեղծի անտիպներից դեռ նոր հրատարակումներ կլինեն: Իսկ այժմ ի՞նչ եք ծրագրում:
-Հիմա փորձում եմ, համագործակցելով Շիրազի Վանանդ որդու հետ, տպագրել գոնե այն ձեռագրերը, որոնք պահպանվում են, եւ նախապատրաստել շիրազյան երկերի ակադեմիական հրատարակությունը: Ի դեպ, այդպիսի ծրագիր կար. 2015-ին՝ բանաստեղծի 100-ամյակի առիթով այն ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նաեւ իմ հորդորով, տոնակատարության շրջանակներում ընդգրկել էր Շիրազի երկերի ակադեմիական լիակատար հրատարակությունը, բայց, ցավոք, մատնվեց մոռացության: Մինչ օրս ես հրատարակել եմ անտիպ էջերի երեք հատոր, չորրորդը պատրաստ է, հինգերորդը պատրաստման ընթացքի մեջ է: Հրատարակել եմ Շիրազի «Անի», «Թոնդրակեցիներ» պոեմները, «Հայոց դանթեականը»՝ համեմատելով պահպանված վեց սկզբնաղբյուր-ձեռագրեր եւ տպագրված գիրքը՝ վերականգնելով բոլոր այն հատվածները, որոնք կրճատել էին գլավլիտը եւ այն օրերի խմբագիրը: Եվ ստացվել է 412 էջանոց պոեմ՝ ծավալուն իմ առաջաբանով:
Չմոռանամ խոսել Շիրազի քառյակների մասին, որոնք ապշեցուցիչ երեւույթ են. թումանյանական քառյակների թիվը 80-ի սահմաններում է, Աբովյանը գրել է նույնքան բայաթի, որը նույն քառյակն է, մի քանի քառյակ գրել է Հովհաննես Հովհաննիսյանը, մի երկու քառյակ՝ Իսահակյանը, մինչդեռ Շիրազը գրել է թեմատիկ բաժանումներով քառյակների մի ամբողջական գիրք՝ «Յոթնապատում» վերնագրով: 2015-ին, երբ ես գրում էի «Շիրազի քառյակների աշխարհը» ուսումնասիրությունը, իմ ձեռքի տակ կար 600 քառյակ: Դրանից հետո «Անտիպ էջերում» տպագրել եմ հարյուրավոր քառյակներ եւ մի մեծ բաժին էլ պահել եմ 5-րդ հատորի համար: Երբ դրանք գումարում եմ իրար, հազարից անցնում են: Ընդ որում՝ դրանց մեջ կան բացարձակ գլուխգործոցներ: Ես չեմ ուզում համեմատել Թումանյանի քառյակների հետ, բայց նրա կողքին պետք է տեսնել ու գնահատել նաեւ շիրազյան քառյակների ուժն ու գեղարվեստական արժեքը: Հիշեմ մեկ քառյակ.
Իմ մայր ազգին թեկուզ ինքս մոր պես ծնած լինեի,
Աստվածային ամբրոսների կաթով սնած լինեի,
Ես լինեի թեկուզ ծնած անմահությունն իմ հայոց՝
Էլի պիտի պարտք մնայի՝ թեկուզ Աստված լինեի…
Հզոր է, չէ՞… Ահա այս ուժի, այս մակարդակի քառյակներ լիքն են տպագրվելիք անտիպների 4-րդ գրքում:
-Այժմ խոսենք Ձեզ հասցեագրված շիրազյան գրավոր ձոն-պատգամի մասին…
-Խոսենք, բայց մինչ այդ կարեւոր մի բան էլ ասեմ. ինչո՞ւ է հայ գրականությունը, վերջիվերջո, առանցք ընդունել Մովսես Խորենացու հիմնական հարցադրումը՝ ովքեր ենք մենք, որտեղից ենք գալիս եւ դեպի ուր ենք գնում: Չարենցն ինչու էր «Երկիր Նաիրի» վեպում ասում. «Ովքեր ենք մենք՝ նաիրցիներս, որտեղից ենք գալիս, եւ ինչ է լինելու մեր ապագան»: Նույն հարցադրումը կարող ենք տեսնել Շիրազի, Համո Սահյանի, Վահագն Դավթյանի ստեղծագործություններում: Ես դեռ Րաֆֆու մասին չեմ ասում: Իսկ Նալբանդյանը ժամանակին այնպիսի խոսք է ասել, որն այսօր կարդում ու սարսռում եմ. «Վախենում եմք եւ իրավունք ունենք վախենալու, որ մինչեւ հայը կարթնանա իր մահանման քնից, լուսինը անդնդասույզ կանցնի հորիզոնի ետեւ…»: Այս մտածողությունը այսօր մեզ համար առաջնորդող պիտի լինի: Ահա նաեւ Շիրազինը՝ ընդամենը չորս տող.
Ասորեստանն հիմա չկա,
Վայ թե իր սեւ բախտը մեզ գա,
Գերի մնանք ծով Հյուսիսին,
Չարժանանանք մեր Մասիսին…
Եկեք փորձենք հասկանալ, թե ինչու էր բանաստեղծը հասել նման մտածողության՝ այն էլ խորհրդային ժամանակներում…
Այժմ գանք ձեր հարցին. 1975 թ. մայիսի 15-ին Շիրազն ինձ զանգեց «Հայաստանի բանբերի» խմբագրություն, թե. «Սամվել, քեզ մի խնդրանք ունեմ. լույս է տեսել Էքերմանի «Զրույցներ Գյոթեի հետ» գիրքը, որը բնագրից թարգմանել է գերմանագետ Հակոբ Հակոբյանը: Այ տղա, էդ պրոլետ պոետը չէ: Էդ գիրքը, ասաց, բաժանորդագրական է, միայն բաժանորդներին են տալիս, իրավունք չունեն ինձ տալու: Դու մի ծանոթ գտիր, որ կարողանաս կամ գնել էդ գիրքը, կամ էլ բաժանորդ, որ կկարողանա մեզ տրամադրել: Շատ եմ ուզում այդ գիրքը կարդալ: Որովհետեւ մեկ անգամ փորձել եմ գերմաներեն կարդալ, չի տպավորվել, ռուսերեն թարգմանությունն էլ դուրս չեկավ: Հիմա բնագրից հայերեն թարգմանել են, ուզում եմ անպայման դա կարդալ…»: Այդ պահին խմբագրությունում էին իմ երկու գրականագետ ընկերները՝ Արշակ Մադոյանը եւ Խաչատուր Վարդանյանը: Ասի՝ տղերք, ձեզնից ով կարող է ինձ օգնել, որպեսզի կարողանանք այդ գիրքը գնել Շիրազի համար: Ես ու Խաչիկը փող չունեինք, Արշակը տվեց 3 ռուբլի 40 կոպեկը, եւ գիրքն առանք: Երբ տարանք Շիրազին՝ ասաց՝ մի շաբաթ հետո կգաս, կտանես: Ես առաջարկեցի գնալ մեկ ամիս հետո: Հունիսի 15-ին՝ ճիշտ մեկ ամիս անց, զանգահարեց. «Գիրքդ պրծել եմ, արի տար»: Գնացի, տեսնեմ թիկնոցը հագին, մի ոտքը տան շեմից ներս, մյուսը դուրս՝ սպասում է: Առաջարկեց գնալ «Արմենիա» հյուրանոց՝ ճաշելու: Քայլելիս հարցնում եմ գրքից ստացած տպավորության մասին: «Հոյակապ՛»,- ասաց: Այսի՞նքն՝ հարցրի: «Այսինքն՝ ես կուզեի, որ ամեն մի հայ մեծ գրող այսպիսի մի մեծ կենսագիր ունենար: Էսպիսի ազնիվ կենսագիր պիտի ունենար Մովսես Խորենացին, էդ դեպքում նրան դարից դար՝ մինչեւ իններորդ դար չէին տեղափոխի: Կուզեի էդպիսի մեծ կենսագիր ունենար Նարեկացին. նրա հրաշապատում վարքը կասկածների տեղիք է տալիս: Էսպիսի մեծ կենսագիր Սայաթ-Նովան պիտի ունենար: Չէ, Պարույրի գիրքը լավն է՝ Սայաթ-Նովան արդեն ունի»:
Ի դեպ, այս կապակցությամբ հիշեցի հետեւյալը. Մուշեղ Նարյան անունով գրականագետ կար, իրեն սայաթնովագետ էր համարում: Մի օր Շիրազի տանը սա ասաց. «Էդ Պարույր Սեւակին ես պիտի ջարդե՛մ, ջարդե՛մ»: Շիրազը շուռ եկավ ու. «Ծո՛, մժե՛ղ, էնոր խելքից ես կվախենամ, դու ո՞վ ես, որ էնոր ջարդես»:
Հիմա վերադառնանք. «Էսպիսի մի կենսագիր պիտի Րաֆֆին ունենա, մեկըմ Իսահակյանը պիտի ունենա, Վարուժանը պիտի ունենա, մեկըմ Սիամանթոն պիտի ունենա, Տերյանը պիտի ունենա մեկըմ, մեկըմ Չարենցը պիտի ունենա եւ, ինչու չէ՝ մեկըմ ես պիտի ունենամ…»: Ես այդ պահին մտածեցի, որ Շիրազն ամրագրում է իր տեղը հայ քնարերգության զարգացման շրջագծում: Ասի՝ գրիր: «Ո՞ւր գրեմ՝ ի՞նչըղ գրեմ, գրիչ չունիմ, սեղան չկա»: Ինձ մոտ կանաչ գրիչ կար՝ իրենից էի սովորել այդ գույնով գրելը, ասացի. «Էս քեզ կանաչ գրիչ, էս էլ՝ գիրքը, սրա կողին գրիր»: Ասաց. «Ինձի չնայես, չխանգարես…»: Գիրքը դրեց ձախ ծնկին, աջ ոտքը՝ ներքեւի աստիճանին: Ես սպասում էի, որ կենսագիրների մասին ասածս պիտի գրի: Վերջացրեց, գիրքը տվեց ինձ եւ ասաց. «Հիմա չկարդաս, հանկարծ կուզեմ փոխել՝ ափսոս է… Տանիս տունը կկարդաս, փողոցում էլ չկարդաս…»: Գնացինք «Արմենիա» ճաշելու: Այդ օրը միակ դեպքն էր, երբ ցանկանում էի արագ բաժանվել բանաստեղծից, որպեսզի րոպե առաջ Էքերմանի գրքի կազմին իր գրածը կարդամ: Հասա հանրակացարան, կարդացի ու ապշեցի: Գրել էր.
Էքսպրոմտ
Սամվել, երանի այս մարդու նման,
Դու մատյանեիր մտքերս անսահման,
Որ շաղ եմ տալիս անդուլ ու անվերջ,
Այն էլ բյուրերի ունայնության մեջ,
Այն էլ այս անհող քարերի վրա
Միտք-խոյանքներս, գանձերս առօրյա,
Որ չեն վաստակում ոչինչ ու ոչինչ,
Իմաստուններս եւ խենթերս ջինջ,
Սուրբ արցունքներս ապստամբության,
Անհող հունդերս, հողերս անգութան,
Ծովս, որ ազգիս մաղով եմ տալիս,
Ահա թե ինչու եւ ինչ եմ լալիս…
Երնեկ շռայլիս դու մատյանեիր,
Որ դարեր հետո քեզ էլ գտնեիր…
Եվ Շիրազի ստորագրությունը: Սա առավել քան պարտավորեցնող էր:
-Այսինքն՝ Դուք դեռ շատ անելիքներ ունեք:
-Այո, ես Շիրազի առջեւ ունեմ եւ հոգեկան, եւ մարդկային պարտք ու պարտավորվածություն: Իմ այս ամբողջ տաժանակիր աշխատանքը, որ իրականացնում եմ բանաստեղծի ձեռագրերը գիրք դարձնելու ուղղությամբ, այսինքն՝ ստեղծում եմ ակադեմիական հրատարակության նախապատրաստական քայլը, այդ պարտքի գիտակցությամբ է պայմանավորված: Եվ եթե իմ կյանքի տարիները ներեն, եւ եթե պետականորեն որոշվի, որ պետք է հրատարակվեն Շիրազի երկերի ակադեմիական հատորյակները, ու դա դառնա իրականություն, այդ ժամանակ ես իմ պարտքը կատարած կհամարեմ…