«Հարգելի երաժիշտ պարոն Մակար Եկմալյանը մեր երգեցողության ամայի անդաստանի մեջ ներդաշնակության անդրանիկ բուրաստանը տնկեց: Սրտանց ուրախ ենք, որ հայերս էլ կարող ենք պարծենալ, թե մենք էլ հետ չենք մնացել գեղարվեստի եւ կատարելագույն երաժշտության զարգացումից…»:
ԿՈՄԻՏԱՍ
1895 թ. Գեւորգ արքեպիսկոպոս Սուրենյանցի միջնորդությամբ Ամենայն Հայոց վեհափառ Մկրտիչ Վանեցին հատուկ կոնդակ հրապարակեց, որով հայ եկեղեցին պաշտոնապես ընդունեց նոր մշակած «Պատարագը», եւ սկիզբ դրվեց բազմաձայն «Պատարագի» կատարմանը: Թեեւ այն ականավոր կոմպոզիտորի ստեղծագործական գլուխգործոցն է, սակայն սքանչելի են նաեւ նրա ժողովրդական եւ հոգեւոր երգերի ու մեղեդիների խմբերգային մշակումները: Խոսքը Մակար Եկմալյանի մասին է, նրա, ով, Ռոմանոս Մելիքյանի բնութագրմամբ, «անմահ է, ինչպես անմահ, հավիտենական է գեղեցիկը միայն…»:
Հայոց պատմական Ալաշկերտի Եկմալ գյուղից գաղթած եւ Վաղարշապատում հաստատված ընտանիքում է ծնվել ապագա մեծանուն կոմպոզիտորը, մանկավարժն ու խմբավարը: Դեռ մանուկ հասակից սիրել է ինքնուս թառ նվագել, բաց չի թողել առիթը լսելու գյուղ եկած շրջիկ աշուղներին, տարվել ծննդավայրում թեւածող հոգեւոր երգերով ու ինքն էլ մասնակցել եկեղեցու ժամերգություններին: Փոքրիկ երգչի ընդունակություններն անտարբեր չեն թողնում ունեւոր հարեւանին, որի միջոցներով էլ սովորում է տեղի ծխականում: Այնուհետեւ Էջմիածնի սինոդի իրավաբան Կարապետ Վասակյանի միջնորդությամբ ընդունվում է Մայր Աթոռի ժառանգավորաց վարժարան: Արագորեն հմտանում է հոգեւոր երգերի կատարման մեջ, յուրացնում պաշտոներգությունը, դառնում դպիր, ապա եւ՝ կիսասարկավագ: Նույն այդ տարիքում սկսում է գրի առնել ժողովրդական երգեր: Գեւորգ 4-րդ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը որոշում է, որ պիտի նոտագրվեն «Պատարագը», «Ժամագիրքը» եւ «Շարակնոցը»՝ նպատակ ունենալով այդ կերպ ձերբազատել հոգեւոր երգասացությունը տեղային եւ օտար ազդեցություններից: Այդ առաքելությամբ Պոլսից հայոց հոգեւոր կենտրոն է հրավիրվում երաժշտագետ Նիկողայոս Թաշճյանը, որին օգնելու համար ընտրվում է աչքի ընկնող 25 ուսանող: Երաժշտագետն ընտրում է միայն մեկին՝ Մակար Եկմալյանին: Թաշճյանը եւ օգնականը նոտագրում են «Պատարագը», «Ժամագիրքը», «Շարակնոցը» եւ հանձնում տպագրության: Թաշճյանը վերադառնում է Պոլիս, իսկ երիտասարդ Եկմալյանը դառնում է նորաբաց Գեւորգյան ճեմարանի առաջին երաժշտության ուսուցիչը, անուհետեւ՝ կաթողիկոսի խորհրդականն ու վանքի երաժշտական պատասխանատուն: Դասավանդելուց բացի, Եկմալյանը լրացնում, վերամշակում է նոտագրված «Պատարագն» ու «Սաղմոսագիրքը», աշխատում «Շարակնոցի» հրատարակության վրա: Այդ շրջանում միաձայն «Պատարագը» բազմաձայնեցնելու առաջին փորձերն է անում, ինչը մասնագիտական կրթություն չունեցող Եկմալյանի համար դժվարին փորձություն էր: Ինքնուս երաժշտին լուրջ ուսումնառություն էր անհրաժեշտ: Եվ նա դիմում է Վեհափառին: Վերջինիս հանձնարարությամբ Եկմալյանը գործուղվում է Սանկտ Պետերբուրգ՝ տեղի կոնսերվատորիայում սովորելու, բայց դա հաջողվում է երկու տարի անց միայն: Այդ երկու տարին թեեւ նրա կյանքի ամենադժվարին ժամանակաշրջանն էր լինելու, սակայն ինչ-որ կերպ ապրել, սովորել էր պետք: Մասնագիտական աշխատանքի փնտրտուքները ոչինչ չեն տալիս: Ստիպված նամակով դիմում է Էջմիածնի Սինոդին, խնդրում մի քանի ամսվա աշխատավարձ՝ խոստանալով, որ «կսնվի երկու օրը մեկ անգամ, միայն թե չդադարեցնի կոնսերվատորիա ընդունվելու համար մասնավոր դասեր ստանալը»: Զրկանքներն ու գործադրած ջանքերը բաղձալի արդյունք են տալիս՝ ընդունվում է կոնսերվատորիայի կոմպոզիցիայի տեսության բաժին՝ այն էլ անվճար ուսուցման իրավունքով: Վեցամյա ուսումնառությունից հետո տեղափոխվում է գործնական ստեղծագործության բաժին:
1887-ին գալիս է Էջմիածին, հատվածներ ներկայացնում եռաձայն «Պատարագից», արժանանում հոգեւոր խորհրդի հավանությանը եւ կրկին վերադառնում Սանկտ Պետերբուրգ: Շուրջ մեկուկես տասնամյակ ապրելով ռուսաց հյուսիսային մայրաքաղաքում՝ հրավեր է ստանում՝ դասավանդելու Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: Թիֆլիս է գալիս Չայկովսկու եւ Ռուբենշտեյնի երաշխավորագրերով: Համբավավոր այս դպրոցում առաջինն ինքն է ներդնում եվրոպական նոտագրությունը, ավելացնում երաժշտության դասաժամերը, մեծացնում երգչախմբի կազմը: Մեկ տարի անց ավարտում է «Պատարագի» քառաձայն տարբերակը եւ Սանկտ Պետերբուրգում ներկայացնում պալատական երգչախմբի ու կոնսերվատորիայի գեղարվեստական խորհրդի քննությանը: Արդյունքում արժանանում է Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի գլխավորած հանձնաժողովի բարձր գնահատականին: Հետագայում Եկմալյանի «Պատարագին» հիացական գնահատականներ էին տալու նաեւ աշխարհահռչակ Ֆերենց Լիստը, Կամիլ Սեն Սանսը, Ջուզեպպե Վերդին:
Վերադառնալով Էջմիածին՝ Եկմալյանը երգչախմբի կատարմամբ հատվածներ է ներկայացնում «Պատարագից»: Սակայն «Պատարագն» ամբողջությամբ առաջին անգամ հնչեցնելու էր Ներսիսյան դպրոցի երգչախումբը:
… 1904 թվական. հոգեկան հիվանդությունը, որից տառապում էր 49-ամյա տաղանդավոր արվեստագետը, սրվում է: Մեկ տարվա մաքառումներից հետո նա հրաժեշտ է տալիս երկրային կյանքին եւ հավերժական նինջը գտնում Թիֆլիսի Խոջիվանքի հայկական գերեզմանոցում:
Թե ողջության օրոք, թե մահվանից հետո, մեծարողներից զատ, քիչ չեն եղել նաեւ նրա հակառակորդները: Այդպիսին է նենգ, չարամիտ մարդկանց վերաբերմունքը աստվածատուր շնորհներով օժտվածների, նորարարների հանդեպ: «Նույն Ժառանգավորացի սանը մնաց, կուսակրոն հոգեւորական դառնալու ճանապարհից միայն ձեւական հետ կանգնեց, սակայն, իրոք, մինչեւ կյանքի վերջն էլ հավատարիմ մնաց իր համոզմունքներին իբրեւ անվեղար հոգեւորական…». ահա այսպես էին փնովում չնչիններն այս նվիրյալին, որին աշակերտել էին բազմաթիվ երախտավորներ՝ Կոմիտասը, Արմենակ Շահմուրադյանը, Շարա Տալյանը, Արմեն Տիգրանյանը, մեզ համար թանկ ու խոշոր այլ դեմքեր:
Ամփոփելուց առաջ վերհիշենք մեղվաջան կոմպոզիտորի ժողովրդական եւ աշուղական երգերի մշակումներից մի քանիսը, որոնք նաեւ այսօր են այնքան սիրված. «Ջան գյուլում», «Լուսնյակ գիշեր», «Անձրեւն եկավ», «Հով արեք, սարեր ջան», «Վարդ կոշիկս», «Ձայն մը հնչեց», «Կեցցե Զեյթուն»: Ռոմանսներից՝ «Ով հայոց աշխարհ», «Պաղ աղբյուրի մոտ», «Սիրուհիս», այլ գործեր:
Եվ վերջակետենք մեծավաստակ Ռոմանոս Մելիքյանի սքանչացման անկրճատ խոսքով. «Նա ապրեց իր մեծ առաքելության նախօրեին եւ գերեզման իջավ, երբ դեռ չէր իրագործել այդ առաքելությունը: Անմահ է Մակար Եկմալյանը, ինչպես անմահ, հավիտենական է գեղեցիկը միայն…»: