Այսօր հայոց «հանճարեղ խելագարի»՝ հայ վշտի երգիչ, հավերժախոս Հովհաննես Շիրազի հիշատակի օրն է, բանաստեղծ, որի գրական ահռելի ժառանգությունն առ այսօր կարոտ է ամբողջացման ու ակադեմիական հրատարակումի: Այդ ուղղությամբ ծանրակշիռ է անվանի գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանի կատարած տիտանական աշխատանքը՝ շիրազյան անտիպների 4-5 ժողովածու՝ ընդարձակ նախաբաններով, նոր որոնումներ, անգնահատելի մասունքների անվերջանալի փնտրտուք, ջանքեր ակադեմիական հրատարակության ուղղությամբ…
Մեր թերթի ընթերցողն արդեն ծանոթ է լայնախոհ ու խորագիտակ գրականագետի հետ եղած զրուցաշարերին, որոնցից որոշակի «պատառիկներ» թողել էինք «լուսանցքում»՝ սպասելով օրվա խորհրդին:
-Պարոն Մուրադյան, նախորդ հարցերից մեկին պատասխանելիս, ակնարկեցիք գրական ազգակցության մասին: Խնդրելու եմ փոքր-ինչ մանրամասնել:
-Մենք սովոր ենք՝ սկսած խորհրդային ժամանակներից, խոսել գրական ազդեցությունների, կապերի եւ առնչությունների մասին, բայց գրական ազգակցությունը որպես երեւույթ՝ ինձնից բացի, կարծեմ, ոչ ոք չի քննարկել. ինչպես է ստեղծվում այս կամ այն ազգի գրական ընտանիքը: Օրինակ՝ ի՞նչ հիմքով են Հոմերոսը, Էսքիլեսը, Սոֆոկլեսը, Եվրիպիդեսը, Սոլոմեն եւ մյուսները հունական գրականություն ստեղծել: Ինչո՞ւ են նրանք հույն գրողներ, միայն հույն ժողովրդի կյանքը պատկերելո՞վ… Բայց չէ՞ որ այդ նույն հեղինակները նաեւ համաշխարհային երեւույթ են: Ինչո՞ւ են Շեքսպիրը, Շելլին, Բայրոնը, մյուսները անգլիական գրականություն ստեղծել: Ի՞նչն է նրանց միավորել անգլիական գրականության մեջ: Ի՞նչն է Գյոթեին, Հայնեին, Շիլլերին միավորում գերմանական գրականության մեջ: Ինչո՞ւ Խորենացին, Նարեկացին, միջնադարի մեր տաղերգուները, Սայաթ-Նովան, հատկապես Աբովյանը, ավելի ուշ՝ Պատկանյանը, Նալբանդյանը, Րաֆֆին, Շիրվանզադեն, Ահարոնյանը, Տերյանը, Մեծարենցը, Սիամանթոն, Վարուժանը, Չարենցը, Սեւակը, Սահյանը, Դավթյանը, Շիրազը հայ գրողներ, միայն հայերեն ու Հայաստանի մասին գրելո՞վ: Եվ, վերջապես, Պուշկինը, Լերմոնտովը, Եսենինը, Կալցովը, Տոլստոյը, Դոստոեւսկին, ռուս գրականության մյուս երեւելի դեմքերը ինչո՞ւ եմ միավորված ռուսական գրական ընտանիքի մեջ… Ես մատնանշել եմ հատկանիշների մի ամբողջ շարք, որոնք, բացի լեզվից, բացի ազգային մտածողության հիմնական դրսեւորումներից, բացի ազգային հիմնախնդիրներից, որ արծարծում են իրենց ստեղծագործություններում, գոյություն ունի շատ ավելի կարեւոր մի բան՝ գրական ազգակցություն ասվածը: Ինչո՞ւ է հայ գրականությունը, վերջիվերջո, առանցք ընդունել Մովսես Խորենացու հիմնական հարցադրումը՝ ովքեր ենք մենք, որտեղից ենք գալիս եւ դեպի ուր ենք գնում: Չարենցն ինչո՞ւ էր «Երկիր Նաիրի» վեպում ասում՝ «ովքե՞ր ենք մենք՝ նաիրցիներս, որտեղի՞ց ենք գալիս, եւ ի՞նչ է լինելու մեր ապագան»: Նույն հարցադրումը չէ՞ արդյոք…: Նույն հարցադրումը կարող ենք տեսնել Շիրազի, Սեւակի, Սահյանի, Դավթյանի մոտ, Րաֆֆու մասին էլ չեմ ասում: Իսկ Նալբանդյա՞նը… Ընդամենը 37 տարի ապրած այս բանաստեղծը, որ անցել էր տառապանքների ու չարչարանաց ճանապարհներով, իր ժամանակին այնպիսի մի խոսք է ասել, որ այսօր էլ կարդալիս սարսռում եմ. «Վախենում եմք եւ իրավունք ունիմք վախենալու, որ մինչեւ հայը արթնանա իր մահանման քնից, լուսինը անդնդասույզ կանցնի հորիզոնի ետեւ…»: Տե՜ր Աստված… Այս մտածողությունը այսօր մեզ համար անլռելի առաջնորդ պիտի լինի: Նույնը եւ շիրազյանը, որի անտիպներում գտել եմ ձեռագիր մի բանաստեղծություն՝ ընդամենը չորս տող: Ահա.
Ասորեստանն հիմա չկա,
Վա՜յ թե իր սեւ բախտը մեզ գա.
Գերի մնանք ծով Հյուսիսին,
Չարժանանանք մեր Մասիսին…
Եկեք մի պահ փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ էր բանաստեղծը հասել նման մտածողության, այն էլ խորհրդային ժամանակներում՝ քառասունական թվականներին: Ինչո՞ւ էր գրում.
Իմ մայր Սեւանի մի աչքն հանողի՝
Երկու աչքն հանել՝ ի սեր մայր հողի,
Կամ իմոնքն հանեք, որ էլ չտեսնեմ
Մեռնող-ցամաքող ծովս բյուրեղի…
1946 թիվ… Ի դեպ, ասեմ, որ իր՝ անտիպների չորրորդ գրքի բանաստեղծությունները տեղ-տեղ, իմ տպավորությամբ, գերազանցում են բանաստեղծի նախորդ գրքերին:
-1942-ին հրատարակած ժողովածուն Շիրազը վերնագրել է «Երգերի գիրք»: Ինչո՞ւ հենց այդ խորագրով, ինչ-որ խորհո՞ւրդ ունի…
-Այս վերնագիրը մեզ ծանոթ է գերմանական գրականությունից՝ դա Հայնեի գիրքն է: Այսինքն՝ Հայնեին Շիրազն իմացել է հրաշալի: Գյոթեին իմացել է հրաշալի: Եվ «Հայոց դանթեականի» առաջաբաններում, որ հանել-կորցրել էին անդրանիկ հրատարակություններում, տեսեք, թե գերման ժողովրդին ինչ էր գրել հայոց բանաստեղծը. «Եվ դու, Հռենոսի ռնգեղջյուր գերման ժողովուրդ, ես ուզում եմ քո ուսերին խաղաղության աղավնի տեսնել եւ ոչ թե ափինյան անգղ: Թող հավիտենապես հնչեն գյոթեական վարդի մեղեդիները, եւ փոքրիկ տղան այլեւս մեծերիդ ձեռքով ուրիշի պարտեզից ոչ մի վարդ չպոկի…»: Եվ սա հանել շպրտել էին՝ ինչպես «Հայոց դանթեականի» մյուս բոլոր 24 գլուխների՝ աշխարհի հզոր տերություններին ուղղված արձակ հզոր առաջաբանները: Հիմա այս ամենն ինչու հիշեցի. որպեսզի համոզվենք, թե Շիրազն ինչպես գիտեր գերմանական գրականությունը, հատկապես Գյոթեին: Ավելին՝ նա տարբեր աղբյուրներից՝ Մարիետա Շահինյանից, Էքերմանի հայտնի գրքից, այլ աղբյուրներից գիտեր, որ Գյոթեի նախնիները հայեր են: Եվ բանաստեղծություն էր գրել, որը ես տպագրել եմ իր գրքերից մեկում.
Արյունակից եմ ես Գյոթեի հետ՝
Պապը դերձակ է եղել Անիում…
Այս նույն գրքում կա նաեւ հետեւյալ բանաստեղծությունը, որում ասում է. «Հայնեն իր անմահ հոգու աչքերով տեսնելով, թե Գերմանիան ինչ մեղսակցություն ունի Հայոց ցեղասպանության մեջ եւ ինչպես է համագործակցել թուրքերի հետ, դրա համար է ոգորել. «Գերմանիա, մենք քեզ պատանք ենք գործում, Գործում ենք, գործում…»: Այնուհետեւ՝ «Իսկ արմենազարմ Գյոթեն գրել է. «Ո՞ւր գնացին ծաղիկները, Սո՜ւս քնած են հողի տակ…»: Սա ընկալելի է ինչպես Հայնեի պարագայում…
Ահա նաեւ սա է Շիրազը՝ իր դարի հանճարն ու մարգարեն: