Օրեր առաջ իր հորդորով հոբելյանս էր նշվել «Գրիգոր Նարեկացի» համալսարանում՝ չնայած ընդդիմանում էի, որ շրջափակման պայմաններում դրա կարիքը չկա։ Ասաց՝ «Չի իմացվի, էսօր, էգուց, մեկ էլ տեսար»… «Լավ, լավ, ինձ համոզեցիր, բայց տխուր բաներ մի ասա»,- երեխայի պես լուռ համաձայնեցի ես։ Դահլիճը շատ ցուրտ էր, մարդիկ գրեթե կուչ էին եկել։ Ջեռուցում որտեղի՞ց, թուրքը եւ՛ գազը, եւ՛ լույսն է անջատել։ Մեղավորի պես նայում էի դահլիճում հավաքվածներին եւ մի տեսակ նեղվում, ինձ մեղավոր էի զգում անհարմար վիճակի համար։ Րոպեներ անց զարմանալիորեն վերափոխվեց ներկաների տրամադրությունը։ Վարդանի աստվածային խոսքից դահլիճը ջերմացավ։ Մարդկանց դեմքերին ժպիտներ տեսա, հավատ եւ ոգեւորություն։ Անդրադառնալով մեր վաղ անցյալի հիշողություններին, «մեր 50-ամյա ախպերությանը», նա նույնիսկ սրտաբուխ կատակեց՝ շարժելով բոլորի ուրախ տրամադրությունը։ Ապա իրար հաջորդեցին գրչընկերներիս՝ սիրտ շոյող ելույթները, գրական ընտանիքի նահապետ 94-ամյա Սոկրատ Խանյանի սրնգի մեղմ, անուշ նվագը։ «Տեսա՞ր,- ասաց,- որքան ոգեւորված են հանդիպումից։ Իսկ դու անհանգստանում էիր…»:
Վերջում՝ իր առաջարկությամբ, միասին լուսանկարվեցինք։ Ի՞նչ իմանայի, թե դա մեր «հրաժեշտի» լուսանկարն է լինելու… Վերջին օրերին հաճախ էր անդրադառնում գերեվարված Դիզակի, ծննդավայր Արփագետուկի դառը ճակատագրին։ Տառապում էր կորստի ցավից, մտատանջվում։ «Կարոտը խեղդում է,- ասուր էր,- չեմ դիմանում։ Գրեթե ամեն օր երազիս մեջ մանկությանս արահետներով քայլում, հայրական տան ճամփան եմ փնտրում։ Իսկ անցած գիշեր երազում՝ Արեւսարի փեշերին եմ քնել եւ մայրս վերմակով ծածկել էր ինձ, որ չմրսեմ»…
Երբեմն օրվա մեջ մի քանի անգամ զանգում եւ իր գրած նոր ստեղծագործությունն էր կարդում՝ դաժան ճակատագրի դատապարտված երկրի, Արցախ աշխարհի, հարազատ հողի համար պատերազմում նահատակված հայորդիների, մարդկային ծանր հոգեվիճակների վերաբերյալ, թախծախառն, բանաստեղծական նոր հնարքներով եւ գունեղ պատկերներով։ Ու զարմանում եմ, թե, առողջական լուրջ խնդիրներ ունենալով հանդերձ, որքան անսպառ էներգիա ուներ իր հոգում կուտակած։ «Հոգնել երբեք չգիտեի,- ասում էր։- Իսկ հիմա… Հավատո՞ւմ էս, եթե թեկուզեւ մի գիշեր հանգիստ քնեմ, հաշվիր՝ նորից եմ ծնվել։ Ցավը, տառապանքը, կարոտը խեղդում են։ Իսկ ես՝ անզոր եմ…»:
Այս վերջին խոստովանությունը մահից մեկ օր առաջ էր։ Երեկոյան 4-5 անգամ զանգեց ինձ եւ ասաց, թե շատ է անհանգիստ, կարծես թթվածինը չի հերիքում։ Հետո հարցրեց, թե ինչ լուր ունեմ Արցախի շրջափակման հետ կապված։ Ես փորձեցի հանգստացնել՝ նորից հիշեցնելով Հաագայի դատարանի որոշման մասին։ «Եվ դու միամտաբար հավատո՞ւմ ես,- ասաց։- Այդ սրիկաները, միեւնույն է, ճանապարհը չեն բացելու։ Վախենամ՝ թուրքերն ավելի ստոր գործողությունների դիմեն։ Միշտ զգոն պիտի լինենք։ Մեզ քնել չի կարելի։ Քանի դեռ Արցախն ու Հայաստանը վտանգված են, մենք մշտարթուն պիտի մնանք»…
Վարդան, եղբայրս, առաջին անգամ խոսքդ դրժեցիր, ու դեռ լույսը չծագած՝ խոր քնով անցար։ Իսկ դու այնքա՜ն երկար էիր պահում գարնան ճամփան։ Առանց քեզ, էլ ի՞նչ գարուն…
Գրիչս մոլորվել է…
Վարդան Հակոբյանին
Ներբողներ գրելու փոխարեն,
Գրիչս մոլորվեց ափիս մեջ
Եվ արտասվեց
Ճերմակ թղթի վրա…