«Հենց այնպես մարդուն պետք չէ վիրավորել, քանի որ դա շատ, շատ վտանգավոր է: Իսկ եթե նա Մոցա՞րտն է եւ դեռ չի հասցրել ոչինչ ստեղծել, անգամ չի գրել իր «Թուրքական երթը»… Դուք կվիրավորեք նրան, եւ նա ոչինչ չի գրի: Չի գրի մեկը, չի գրի մյուսը, եւ աշխարհում ավելի քիչ երաժշտություն կլինի, ավելի քիչ լուսավոր մտքեր եւ, հետեւաբար, ավելի քիչ լավ մարդիկ կլինեն…
…Ես հոռետես անձնավորություն չեմ, սակայն երբեմն ինձ շատ տխուր եմ զգում; Իհարկե, տխրությունը հուսահատության հետ ոչ մի ընդհանրություն չունի: Ավելին ասեմ՝ իմ կարծիքով, չափից շատ կայտառությունը հիմարության նշան է…»:
Լեոնիդ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ
Բոլոր ժամանակների ուրախ եւ տխուր ծաղրածուն, որ ապրեց ընդամենը 37 տարի, բայց հասցրեց անել այն, ինչ շատերին բախտ է վիճակվում մինչեւ ծերունազարդ հասակ կամ բնավ էլ չի հաջողվում: Նաեւ մեր սիրված արտիստի պարագայում է հիշատակելի հայտնի այն խոսքը, թե ծնվելիս Աստված համբուրել էր նրան…
Իսկ նա ծնվել էր Մոսկվայում, «Մետրոպոլ» ռեստորանի հայազգի շեֆ-խոհարար Գեորգի Ենգիբարովի եւ ռուս Անտոնինա Անդրիանովնայի հարկի տակ: Դա շեֆ-խոհարարի երրորդ ամուսնությունն էր. Լեոնիդն ունեցել է երկու ավագ եղբայր հոր նախորդ ամուսնություններից՝ Միխայիլը, որ ճանաչված քանդակագործ է դարձել Օդեսայում, եւ Հրաչյան (Ղափլանյան)՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Երեւանի դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր:
Դեռ մանկուց Պուշկինով ու Անդերսենի հեքիաթներով հրապուրված Լեոնիդը դպրոցահասակ տարիքում սկսել է զբաղվել բռնցքամարտով, փորձել մի քանի այլ մասնագիտություններ: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ձկնային տնտեսության ինստիտուտ, որտեղ ուսանել է ընդամենը կես տարի, ապա սովորել ֆիզկուլտուրայի ինստիտուտում: Այդ ժամանակ նա արդեն ակնհայտ արդյունքների հասած պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր: 1952-1953 թթ. մրցաշրջանում Մոսկվայի բռնցքամարտի առաջնությունում տոնում է 9 հաղթանակ եւ պարտվում ընդամենը մեկ անգամ: 1954-ին արդեն առաջին կարգային բռնցքամարտիկ էր:
Գուցեեւ այս մարզաձեւը Ենգիբարյանին տաներ դեպի փառքի բարձունքներ, եթե շարունակեր մնալ այդ ասպարեզում եւ 1955-ին չընդունվեր կրկեսային արվեստի պետական ուսումնարանի նորաբաց կլոունադայի բաժին եւ չավարտեր այն: 1959-ին նա արդեն Երեւանում էր, հայկական կրկեսախմբի կազմում: Իսկ մինչ այդ նկարահանվել էր կինոյում՝ «Կոմունիստ» ֆիլմում մարմնավորելով գլխավոր հերոսին սպանող հանցագործներից մեկի դրվագային կերպարը: Ավելի ուշ՝ 1962-ին, արտիստին առաջարկում են կինոյում խաղալ ինքն իրեն: Մեկ տարի անց Հենրիկ Մալյանը եւ Լեւոն Իսահակյանը նկարահանում են ծաղրածուին նվիրված ֆիլմը՝ «Ճանապարհ դեպի կրկես»:
1964 թվական՝ հաղթական տարի. Պրահայում տեղի ունեցած ծաղրածուների միջազգային մրցույթում Ենգիբարյանն արժանանում է բարձրագույն մրցանակին՝ Է. Բասի անվան գավաթին: Ընդհանուր առմամբ, վաթսունականների վերջերից սկսած՝ նոր էջ է գրվում արտիստի ստեղծագործական կյանքում՝ հյուրախաղեր «կարմիրով երիզված» Միության սահմաններից դուրս՝ Ռումինիա, Լեհաստան, Չեխոսլովակիա, «Մնջախաղային երեկոներ» էստրադայում, գրվում են արձակ փայլուն էջեր: Իսկ կինոաշխարհը չի մոռանում նրան, նկարահանվում է Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները», Ռոլան Բիկովի «Այբոլիտ-66», Վասիլի Շուկշինի «Վառարան-նստարաններ», Թենգիզ Աբուլաձեի «Վզնոց իմ սիրելիի համար» եւ այլ ֆիլմերում: 1972-ին նկարահանվում են տաղանդավոր ծաղրածուի ստեղծագործության մասին պատմող ֆիլմեր՝ «Ծանոթացեք՝ Լեոնիդ Ենգիբարյան», «Երկու-Լեոնիդ-երկու»: Որպես գրող՝ նա ընթերցողին է հանձնել «Առաջին ռաունդ» եւ «Վերջին ռաունդ» գրքերը՝ արժանանալով արձակագիր, կինոռեժիսոր Վասիլի Շուկշինի «հիանալի գրող» բարձր գնահատանքին:
Լեոնիդ Ենգիբարյանը դեռ երկար կմնար կրկեսում, եթե իր գործընկեր Բելովին թույլատրեին իր հետ հյուրախաղերի մեկնել արտասահման: Այդ իսկ պատճառով նա ինքն էլ հրաժարվում եւ 1971-ին հրաժեշտ է տալիս «Սոյուզգոսցիրկին»:
Ստեղծագործական կարճատեւ կյանքի ընթացքում հայոց ուրախ եւ տխուր ծաղրածուն հասցրել է ստեղծել մնջախաղի էստրադային թատրոնը՝ սկզբնավորելով ինքնատիպ ու նոր՝ «Ենգիբարյանական ուղղությունը»: Անմոռաց ու տպավորիչ են նրա լավագույն ներկայացումները՝ «Աստղային անձրեւ», «Ծաղրածուի տարօրինակությունները», նրա ստեղծած ողբերգական, կատակերգական տեսարանները, բազմազան կերպարներն ու իրավիճակները, կիրառած բարդ ու անսպասելի հնարքները կրկեսային մանեժում: Չմոռանանք «Փողոցային ակրոբատ», «Քայլեր», «Բռնցքամարտ», «Սիրտը ափի մեջ», «Հովանոց», «Ջութակ», «Լույս եւ ստվեր» խոհափիլիսոփայական երանգով շնչող մանրապատումները: «Նա առանց որեւէ բառ արտասանելու հանդիսատեսի հետ խոսում է սիրո ու ատելության, մարդու նկատմամբ հարգանքի, ծաղրածուի հուզառատ սրտի, մենության եւ ունայնության մասին: Եվ այս բոլորը նա անում է մաքուր, նուրբ, անսովոր…»,- ասել է հանրահայտ ծաղրածու եւ դերասան Յուրի Նիկուլինը հայ կրկեսի անխամրելի աստղի մասին, նրա, որին հաճախ նաեւ հենց այդ կերպ մեծարողներն էին նախանձում:
Իսկ ինքը նախանձելու ոչինչ չուներ՝ երկնայինն էր օրհնել նրա ծնունդը՝ շռայլելով բազում շնորհներ: Ցավոք, Ամենազորն «աչքաթող» էր արել միայն մեկ բան՝ երկար ու երկար տարիների երկրային կյանք… Ինչեւէ: Այսօր նմանակը չունեցող, հավերժ երիտասարդ ծաղրածու-արտիստի լուսաշխարհ գալու օրհնյալ օրն է, խնկարկենք եւ իր մտորումներից մեկով էլ ամփոփենք ասվածը. «Ես գրպանի գող եմ, ես գրպանի գողերի թագավորն եմ, ես հարուստ եմ եւ երջանիկ: Ո՛չ, ավելի ճիշտ կլինի ասել, որ ես գրեթե երջանիկ եմ, միայն ափսոսում եմ, որ ոչ ոք իր սիրտը գրպանում չի պահում… Ես կմեռնեմ, եթե ոչ ոք չասի, որ սիրում է ինձ…»:
Հակոբ ՍՐԱՊՅԱՆ