Երեւանի Մատենադարանի «Վիրտուալ Մատենադարան սրահում» ապրիլի 18-ին տեղի ունեցավ ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագրով 2022 թ. հրատարակված 5 գրքի շնորհանդեսը: Ծրագիրը մեկնարկել է 2022-ին՝ ԿԳՄՍ նախարարության գրահրատարակչության ոլորտի համատեքստում: Նպատակն է հայկական մշակույթի տարածումն ու հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս, պատմաիրավական խեղաթյուրումների եւ ապատեղեկատվության չեզոքացումը: Այս նպատակով ուսումնասիրվել եւ ցանկավորվել է արտերկրում գործող մոտ 500 գրադարան, որոնք համալրվելու են ծրագրի շրջանակներում հրատարակված գրականությամբ: Որպես նախընտրելի թեմաներ՝ նախանշվել են հետեւյալ ուղղությունները՝ Արցախի պատմամշակութային ժառանգություն (ներառյալ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքների ժառանգությունը), hայկական գորգարվեստ (նաեւ ոչ նյութական մշակութային ժառանգության այլ դրսեւորումներ), hնագիտական ժառանգություն, ուրարտագիտություն, հայկական ճարտարապետական ժառանգություն, դասական արժեքների միջազգայնացում:
Շնորհանդեսին ներկայացվեց 5 գիրք՝ «Ռուսական ազգագրության թանգարանի հայկական հավաքածուները» (ռուսերեն եւ անգլերեն), «Արցախի վտանգված հայկական քրիստոնեական ժառանգությունը» (անգլերեն), «Արտակ արք. Մանուկյանի անվան Թեհրանի հայոց ազգային-ազգագրական թանգարանի հավաքածուն» (պարսկերեն), «Արցախի եւ Ուտիքի ձեռագրային ժառանգությունը» (ֆրանսերեն)։ Գիտնականների, ընթերցողների լայն շրջանակների համար նախատեսված «Ռուսական ազգագրության թանգարանի հայկական հավաքածուները» գիրքը Ռուսական ազգագրության թանգարանի ազգագրագետ-նկարիչ Կ. Զ. Քավթարաձեի՝ Շուշի եւ Թիֆլիս քաղաքների էքսպեդիցիայի նյութերի վերաբերյալ առաջին ուսումնասիրություն-հրատարակությունն է: Րաֆֆի Քորթոշյանի հեղինակած անգլերենով եւ 2 բաժնով հրատարակված «Արցախի վտանգված հայկական քրիստոնեական ժառանգությունը» գիրքը նպատակ ունի մերկացնել Ադրբեջանի Հանրապետության մշակութային ցեղասպանության քաղաքականությունը, ինչպես նաեւ օտար հանրությանը ներկայացնել Արցախի վտանգված հայկական մշակույթը: Առաջին բաժնում ներկայացվում են 1991 թվականից ցարդ Ադրբեջանի ենթակայության տակ գտնվող տարածքներում հայկական պատմաճարտարապետական հուշարձանների ոչնչացումը փաստող նյութեր (իրականությունն ավելի տեսանելի դարձնելու համար որդեգրվել է նոր մոտեցում, փաստերը ներկայացնել նաեւ թվային տարբերակով՝ QR կոդերի միջոցով): Երկրորդում՝ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո անցած եւ վտանգված պատմամշակութային հուշարձանները՝ ըստ շրջանների (Հադրութ, Քարվաճառ, Քաշաթաղ, Ասկերան, Մարտակերտ, Մարտունի, Շուշի): Հրատարակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհով, ՀՃՈՒ հիմնադրամի գիտական խորհրդի երաշխավորությամբ եւ արվեստի պատմության պրոֆեսոր Թալին Գրիգորի խմբագրությամբ: «Այս գրքով Արցախի վտանգված քրիստոնեական հուշարձանների մասին մեր մտահոգությունը փոխանցում ենք աշխարհին։ Այս ալբոմը թերթելով՝ օտարները պիտի տեսնեն, թե ինչպիսի գանձեր են հայկական հուշարձանները, որ դրանք այսօր վտանգված են ու իրականում համամարդկային մշակույթի մասնիկն են»,- ասում է գրքի հեղինակը՝ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը։
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանը, ներկայացնելով «Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը» գիրքը, ասաց. «Ժողովածուում ներառված է 12 հոդված՝ Հայաստանի ժայռապատկերներ, հնագիտական ճարտարապետություն, գորգագործություն եւ այլ ոլորտներ։ Հեղինակները ոլորտի հայտնի մասնագետներ են, ովքեր իրենց աշխատություններով արդեն վաղուց հայտնի են գիտական աշխարհին։ Սակայն մենք խնդրել ենք, որպեսզի նրանք գրեն ավելի շատ հանրամատչելի լեզվով, որպեսզի ընթերցողները կարողանան հեշտությամբ մարսել նյութը։ Հրատարակվել է ընդամենը 1000 օրինակ, որի կեսը հատկացվելու է ազգային գրադարանին, մնացածը՝ աշխարհի տարբեր երկրներում գործող հայագիտական կենտրոններին։ Ցանկում են Լյուվենի կաթոլիկ համալսարանը, ամերիկյան նահանգային բոլոր գրադարանները, իտալական գրադարանները, այդ թվում՝ Վատիկանի, Բոլոնիայի համալսարանը եւ այլն։ Գիրքը եւս գործիք է՝ մեր մշակույթը հանրայնացնելու նպատակով»։ «Արտակ արք. Մանուկյանի անվան Թեհրանի հայոց ազգային-ազգագրական թանգարանի հավաքածուն» Իրանի հայկական մշակույթի վերաբերյալ պարսկերեն գիրքը նույնպես հրատարակվել է ՀՃՈՒՀ-ի կողմից։ Գրքի պարսկերեն թարգմանիչը ներկայացրեց նաեւ Իրանում գործող հայկական մշակութային օջախները։ Գրքի 1 օրինակ նվիրվեց ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի ներկայացուցչին։ Նշվեց նաեւ, որ գրքի շնորհանդեսը կկայանա Երեւանի իրանական Կապույտ մզկիթում։
2022 թ. մայիսի 20-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը եւ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) կազմակերպեցին «Արցախի եւ Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» անգլերեն ուսումնասիրություն-պատկերագրքի շնորհանդեսը: Աշխատությունը հեղինակել են Հրավարդ Հակոբյանը, Թամարա Մինասյանը եւ Վահե Թորոսյանը, խմբագրել է Կարեն Մաթեւոսյանը: Հրատարակությունն իրականացվել է ՀԲԸՄ արցախյան թեմաներով հետազոտությունների դրամաշնորհային ծրագրի շրջանակներում՝ ՀԲԸՄ-ի Լորենս Թերզյան հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Գիրքը նվիրված է պատմական Հայաստանի երկու հարակից նահանգների պատմությանն ու ձեռագրական ժառանգությանը: Հատորի սկզբում աղբյուրագիտական հարուստ տվյալներով ներկայացվում է Արցախ-Ուտիքի համառոտ պատմությունը հնագույն ժամանակներից մինչեւ 19-րդ դար: Երկրորդ գլխում ներկայացվում է Արցախի եւ Ուտիքի գրչության կենտրոնների պատմությունը: Միջնադարում գրչատները գործել են գրեթե բոլոր մեծ վանքերին կից: Մեզ են հասել 13-18-րդ դդ. ստեղծված ձեռագիր մատյաններ: Դրանց մի զգալի մասը պահվում է Մաշտոցյան Մատենադարանում, մի մասն էլ ցրված է աշխարհի տարբեր թանգարաններում եւ ձեռագրատներում: Գրքի երրորդ մասը նվիրված է Արցախի մանրանկարչական արվեստին ու զարդանկարչությանը, որն ամբողջական պատկերացում է տալիս Արցախ-Ուտիքի մանրանկարչական դպրոցի եւ այնտեղ ձեւավորված ձեռագրական ավանդույթների մասին: Գիրքը ներկայացնելիս կարեւորվեց նաեւ այն հանգամանքը, որ փաստերը վերցված են հայ եւ օտարազգի հնագույն ժամանակների հեղինակների՝ Փավստոս Բուզանդ (5-րդ դար), Մովսես Կաղանկատվացի (7-րդ դար), Մովսես Դասխուրանցի (10-րդ դար), Ստրաբոն (Ք. ծ. ա. 1-ին եւ մ. թ. 1-ին դարեր), Պլինոս Ավագ (1-ին դար), Կլավդիոս Պտղոմեոս (2-րդ դար) եւ Կվադրատոս (4-րդ դար) վկայություններից։ Հաշվի առնելով այս կարեւոր աշխատության դերը՝ Մատենադարանի տնօրինության որոշմամբ այն թարգմանվել է նաեւ ֆրանսերեն։ Գրքի կարեւորության մասին խոսեց Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը։
Բոլոր գրքերը տպագրվել են 1000 օրինակով, եւ յուրաքանչյուրից 500 օրինակ կառաքվի արտերկիր՝ համապատասխան գրադարաններին։ Հոդվածագրերից հնագետ Սիմոն Հմայակյանը, ով ներկայացրել է ուրարտագիտության մասին, անդրադարձավ դեռեւս 200 տարի առաջ հայագիտական այս ոլորտն ուսումնասիրող ֆրանսիացի գիտնականների դերին։ Նշեց նաեւ, որ նման գրքերը պետք է ավելի մեծ քանակով տպագրվեն։ Շնորհանդեսի ընթացքում նշվեց. «Ծրագրի գաղափարն ի հայտ է եկել եվրոպական երկրների մեծ մասի քաղաքային, շրջանային եւ համալսարանական գրադարանների տվյալների բազան ուսումնասիրելիս. արձանագրվել է այն փաստը, որ ֆոնդերում առկա Հայաստանին ու հայերին առնչվող հայ կամ օտար հեղինակների աշխատանքներ կամ չկան, կամ խիստ սակավ են»: Հայաստանի մասին տեղեկատվության հասանելիությունը շարունակաբար ապահովելու համար ծրագիրն իրականացվելու է նաեւ 2023 թ. եւ հաջորդող տարիներին։ Շնորհանդեսին ներկա էին գիտնականներ, արվեստագետներ, հնագետներ, պատմաբաններ եւ այլ ոլորտների ներկայացուցիչներ։