«Որպես գեղարվեստական գրող՝ Լեոյին, անշուշտ, չի կարելի դասել ռուսահայ գրականության արձակագիր կլասիկների շարքին՝ Րաֆֆիի, Պռոշյանի, Մուրացանի, Շիրվանզադեի, Նար-Դոսի…, սակայն իր պատվավոր տեղն ունի: Նրա վիպակները, օրինակի համար՝ «Կորածները», «Պանդուխտը», «Այծարած Եղոն», «Թաթախման գիշերը» գեղեցիկ իրականացումներ են, միշտ հաճույքով կկարդացվեն: Այստեղ նրա ոճը կտրուկ է, աշխույժ եւ պատկերավոր, ժողովրդական դարձվածքներով հարուստ…»:
Ավետիք ԻՍԱՀԱԿՅԱՆ
Արցախ աշխարհի մեծանուն զավակներից մեկն է վաստակաշատ պատմաբան, արձակագիր, գրականագետ, հրապարակախոս Առաքել Բաբախանյանը, ով հայտնի է Լեո կեղծանունով: Ծնվել է Քարինտակ գյուղում, ավարտել հայրենաշունչ ու շենշող Շուշիի քաղաքային դպրոցը: Շուշիում եւ Բաքվում աշխատել է նոտարային գրագիր, հեռագրիչ, «Արոր» տպարանի կառավարիչ: Պատանեկան տարիներից աշխատակցել է «Մշակ», «Արձագանք», «Արմենիա», «Մուրճ» «Հանդես ամսօրյա», «Տարազ», «Հորիզոն», «Համբավաբեր», «Աղբյուր» եւ այլ պարբերականների, թողել է պատմագիտական, գրական եւ հրապարակախոսական պատկառելի ժառանգություն, հայոց պատմության մեծահատոր աշխատություններ: Գրական գործունեության առաջին տասնամյակում զբաղվել է գրական-հրապարակախոսական աշխատանքներով, գրել վեպեր, վիպակներ, պատմվածքներ, նաեւ պիես՝ «Վարդանանք»: 1906-1907 թթ. դասավանդել է Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում, ապա տեղափոխվել Թիֆլիս եւ նվիրվել գիտական աշխատանքի:
Հայաստանի խորհրդայնացումից հետո՝ 1924-ին հայրենի կառավարության հրավերով բազմաթիվ մեծանուն հայորդիների նման Լեոն նույնպես հանգրվանում է Երեւանում, դասախոսում մայր բուհում: Հայոց պատմության նրա դասախոսությունները տպագրվում են ձեռագրի իրավունքով եւ Հակոբ Մանանդյանի դասախոսությունների հետ միասին դառնում մեր պատմության համալսարանական առաջին դասագրքերը: ԵՊՀ-ում հայագիտական առարկաները գիտական մակարդակի վրա դնելու գործում Հակոբ Մանանդյանի, Մանուկ Աբեղյանի, Հրաչյա Աճառյանի, այլ երեւելիների հետ միասին մեծ երախտիք ունի նաեւ Լեոն: Նա առաջին պատմաբաններից էր, որ ձեռնամուխ եղավ հայ ժողովրդի նոր եւ նորագույն շրջանների պատմության ուսումնասիրությանը՝ հայ ազատագրական շարժումների, հայկական հարցի, առաջին աշխարհամարտի եւ մեր ժողովրդի մեծ ողբերգության հետ կապված հարցերին:
Լեոն գրել է հարյուրավոր քննադատական հոդվածներ, պատմագիտական եւ գրականագիտական ուսումնասիրություններ, նորովի է լուսաբանել հայոց պատմության հանգուցային շատ խնդիրներ: Մեծարժեք են հատկապես «Հայկական տպագրություն», «Գրիգոր Արծրունի», «Սուրբ Մեսրոպ», «Հայոց հարցը», «Հայ գրքի տոնը», «Վանի թագավորությունը», «Հայոց հարցի վավերագրերը», «Անի» աշխատությունները: Նրա գիտական ժառանգության մեջ բացառիկ է «Հայոց պատմություն» եռահատոր մենագրությունը, որտեղ ներկայացրել է հայոց պատմությունը նախապատմական ժամանակներից մինչեւ 18-րդ դարի վերջը՝ բացի 12-15-րդ դարերից: Նրա աշխատությունները պարունակում են հայ եւ օտար պատմիչների, ժամանակագիրների մեծարժեք վկայություններ, հնագիտական, վիմագրական, լեզվագիտական, բանասիրական հարուստ նյութեր, ճանապարհորդական նոթեր ու հուշեր, գիտական ուսումնասիրություններ, վավերագրեր…
Խորագիտակ պատմաբանը գրել է նաեւ գեղարվեստական ու գրականագիտական երկեր: Հայ ժողովրդի պայքարի առանձին դրվագներ արձակագիր Լեոն արտացոլել է «Վահան Մամիկոնյան», «Սպանված հայրը», «Վերջին վերքեր», «Թաթախման գիշերը», «Լեռնցիները» պատմական զրույցներում, «Մելիքի աղջիկը» ավանդավեպում, «Վարդանանք» դրամայում: Նման գաղափարներ են արտահայտված նաեւ «Ուխտավորի հիշատակարանը», «Իմ հիշատակարանը» գործերում:
Լեոն անդրադարձել է Սայաթ-Նովայի, Միքայել Նալբանդյանի, Մատթեոս Մամուրյանի, Ստեփան Ոսկանի, Սրբուհի Տյուսաբի, Մկրտիչ Խրիմյանի, Րաֆֆու, Ղազարոս Աղայանի, այլ հայտնիների դիմանկարներին: Հայ, ռուս եւ համաշխարհային գեղարվեստական երեւույթներին վերաբերող տեսական հոդվածներում, «Ռուսահայոց գրականությունն սկզբից մինչեւ մեր օրերը» եւ նմանատիպ այլ ուսունասիրություններում մեկնաբանել է գրական արժեքները հնագույն շրջանից մինչեւ քսաներորդ դարասկիզբ:
Մեծանուն պատմաբանը, ապրելով վրաց մայրաքաղաքում, հաճախակի է եղել հանճարեղ Լոռեցու «Վերնատանը», մտերիմ հարաբերություններ ունեցել Ամենայն հայոց բանաստեղծի, «Վերնատան» մյուս երեւելիների հետ: Եվ անմոռանալի հուշեր է թողել գալիք սերունդներին: «Հիշողություններ Հովհաննես Թումանյանի մասին» հոդվածում ներկայացնում է բանաստեղծի հետ հանդիպումների շարքը, գորովանքով ընդգծում իրենց երկարամյա բարեկամությունը: «Թումանյանը ինձ շատ ու շատ է կրկնել, թե իր փափագն է գեթ մի անգամ տեսնել Ղարաբաղը: Բայց այդ փափագը, ուրիշ շատերի հետ, նա տարավ գերեզման…»:
Իսկ ի՞նչ տարավ իր հետ անվանի պատմաբանը՝ Արցախի Քարինտակից: Արդյոք այս օրերի հանդեպ տագնա՞պը՝ անցյալ ժամանակների հեռուներից…