ՀՀ վաստակավոր արտիստ, Վանաձորի «Հորովել» երգի, պարի համույթի մեներգիչ Ստեփան Դալլաքյանը, ում լոռեցիք «Լոռվա սոխակ» են անվանում, հանդիպում ունեցավ Վահագնաձորի դպրոցականների հետ:
Հանրակրթական դպրոցներում այս օրերին «Ազգային երգի տասնօրյակ» խորագրով ընթացքի մեջ է «Հայ երգը դպրոցում» նախագծի իրականացումը: Վահագնաձոր գյուղի հիմնական դպրոցի հանրույթն իր լավագույն մասնակցությունն ունենալու համար երկար չմտորեց. հրավիրեցին դպրոցի նախկին սան, Վահագնաձոր համայնքի պատվավոր քաղաքացի, անվանի երգիչ Ստեփան Դալլաքյանին: Նա ներկայացրեց իր անցած ստեղծագործական ուղին, հետաքրքիր եւ ուսանելի պատմություններով վեր հանեց գուսաններ Զաքարյանի, Շերամի, Ջիվանու ստեղծագործական կյանքն ու հաջողությունները, խոսեց նրանց երգերից մի քանիսի ստեղծման, տարբեր կատարումների, հետագայում նոտագրման եւ հանրությանը ներկայացնելու մասին, ապա թավիշ ձայնով կատարեց նրանց սիրված եւ ընդունված երգերից: Վաստակավոր արտիստն առանձնակի հուզմունքով ներկայացրեց իր սիրելի ուսուցիչ եւ գուսան Զաքարյանի եւ նրա ընտանիքի անդամների հետ իր մտերմության, Գուսանի երգերը մոռացումից փրկելու նպատակով նաեւ իր ներդրած ջանքերի մասին: Երգիչը պատասխանեց աշակերտներին եւ ուսուցիչներին հետաքրքրող հարցերին, նրանց նվիրեց իր կատարմամբ գուսան Զաքարյանի երգերի ժողովածուի սկավառակը, ունկնդրեց եւ ակնդրեց աշակերտների երգն ու պարը: Դպրոցի տնօրեն Ա. Պետրոսյանը բոլորի անունից շնորհակալություն հայտնեց Ստ. Դալլաքյանին ուսանելի եւ հետաքրքիր հանդիպման համար:
Ստ. Դալլաքյանը «Հորովել» համույթում իր պարտականությունները գրեթե 50 տարի սրբորեն կատարելուց զատ՝ վաստակավորին վայել մի պարտականություն էլ է ունեցել եւ ունի կամովին ստանձնած՝ հանրահռչակել, սեր ու նվիրում արթնացնել հայոց ժողովրդական, գուսանական անապակ երգ-երաժշտության նկատմամբ: Նա սիրով մասնակցում է մարզային, համաքաղաքային միջոցառումներին, հանդես գալիս ցանկալի որեւէ երգով՝ հաճախ հնչեցնելով լոռեցի հանրահայտ գուսան Զաքարյանի հոգեհմա երգերը, որոնց մոռացումից փրկելու գործում, իրոք, անգնահատելի է նաեւ նրա դերը:
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Լոռի