«Զարմանալի բազմակողմանի է Լեւոն Բլբուլյանը. Նա ե՛ւ բանաստեղծ է, ե՛ւ ակնարկագիր, ե՛ւ թարգմանիչ: Նաեւ՝ երգերի լավագույն տեքստերի հեղինակ, մի բան, որ շատ կարեւոր է մեր ժամանակներում, երբ շատ երգեր գրվում են չգիտես ինչ լեզվով ու ինչ մակարդակով… Լեւոնը այդ իմաստով, իրոք, դասական է: Առհասարակ, բանաստեղծի, գրական գործչի նրա կերպարը դասականն է. իր բանաստեղծության ձեւով, բովանդակությամբ, իր կեցվածքով նա շարունակում է հայոց բանաստեղծների վարքն ու բարքը, նրանց նվիրվածությունը գործին, ժողովրդին: Եվ հետո` իր ստեղծագործությամբ նա զարմանալի բարի է. Բլբուլյան ազգանունը շատ համապատասխանում է նրա էությանը, ողջ գործունեությանը»: Սա մեծանուն բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի խոսքն է «ՀՀ» օրաթերթի հյուրի մասին: Իսկ մեր կողմից ավելացնենք, որ Լեւոն Բլբուլյանը գրական մի շարք մրցանակների դափնեկիր է, նրա ստեղծագործական վաստակը արժեւորվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե, ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալներով: Արժանացել է նաեւ Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալին: Նա Հայաստանի գրողների միության եւ Գրողների միությունների միջազգային ընկերակցության նախագահությունների անդամ է: 2014-ից Համահայկական գրական հիմնադրամի գործադիր տնօրենն է:
-Պարոն Բլբուլյան, այո, դիպուկ է ասել Ձեր մասին Սիլվա Կապուտիկյանը, բայց համաձայնեք, որ Ձեզ սովորաբար ներկայացնում են որպես բանաստեղծի: Ուստի խոսենք նախ պոեզիայից. ի՞նչ է նշանակում այն Ձեզ համար:
-Իրարից տարբեր բազմաթիվ բնորոշումներ կան պոեզիայի ու բանաստեղծների մասին, բայց ինձ ամենամոտը Բեռնարդ Շոուի խոսքերն են. «Բանաստեղծները բարձրաձայն զրուցում են իրենք իրենց հետ, իսկ աշխարհը լսում է նրանց»: Հաճախ եմ հիշում նաեւ Բուլատ Օկուջավայի խոսքերը. երբ նրան հարցրել են, թե առաջին հերթին ինչ է համարում իրեն (իսկ նա երգիչ էր, կոմպոզիտոր, արձակագիր, բանաստեղծ), պատասխանել է. «Ես ինձ պարզապես զրուցակից եմ համարում»։ Այո, իմ պատկերացմամբ էլ բանաստեղծն առաջին հերթին զրուցակից պիտի լինի, զրուցակից՝ նախ իր երկրորդ «ես»-ի հետ։ Եվ եթե դա անկեղծ ու անմիջական խոսակցություն է, առանց որեւէ ձեւ ու կեցվածքի, ընդ որում՝ այնպիսի բաների մասին, որոնք ի սկզբանե հուզել ու հուզում են մարդ արարածին, ապա նրան լսում են շատերը: Մեծ բանաստեղծներին՝ իրոք, աշխարհը: Իմ ցանկությունն ու երազանքն է եղել ընթերցողական գոնե որոշակի շրջանակի համար հաճելի, սպասված զրուցակից լինել…
-Կարծում եմ՝ 20-ից ավելի գրքերով դա Ձեզ հաջողվել է: Իսկ հետաքրքիր է՝ ինչպե՞ս նաեւ թարգմանական ասպարեզ մտաք: Ի վերջո, Դուք այսօր պոեզիայի ճանաչված թարգմանիչներից մեկն եք մեզանում, թարգմանական երկու ամենակարեւոր՝ «Կանթեղ» եւ «Հովհաննես Մասեհյան» մրցանակների դափնեկիր…
-Առաջ ես թարգմանում էի միայն տարբեր առիթներով. որոշ խմբագրությունների առաջարկով կամ եթե որեւէ բանաստեղծություն շատ հավանում էի: Բայց կամաց-կամաց այդ զբաղմունքն ինձ այնքան դուր եկավ, որ սկսեցի իսկական ստեղծագործական հաճույք ստանալ: Եվ դա տեղի ունեցավ հիմնականում Վլադիմիր Վիսոցկի թարգմանելիս: Նրա հայերեն առաջին՝ «Ես, ինչ խոսք, ետ կգամ» ժողովածուն էլ իմ թարգմանական առաջին գիրքը դարձավ ու, բարեբախտաբար, լավ ընդունվեց, այլապես հազիվ թե այսօր լինեին իմ տասից ավելի թարգմանական գրքերը, բազմաթիվ հրապարակումները մամուլում…
-Հետաքրքիր է՝ ինչպե՞ս եք ընտրում այն հեղինակներին, որոնց պիտի թարգմանեք:
-Բնական է, որ ոճով, տրամադրությամբ քեզ հարազատ բանաստեղծները հաջող թարգմանության առավել հուսալի երաշխիք են ապահովում։ Հիշում եմ՝ Գեւորգ Էմինը ժողովածուներից մեկում իր թարգմանություններն ամփոփել էր «Այն, ինչ ես պիտի գրեի» խորագրի ներքո։ Այո, թարգմանիչները նախընտրում են այնպիսի գործեր, որոնք «իրենք կուզենային գրել», եւ ես նույնպես հետեւում եմ այդ սկզբունքին։ Բայց ասեմ, որ երբեմն եւ հակառակն է լինում. ընտրում ես հեղինակի, ով ոճ ու մտածողությամբ այնքան էլ մոտ չէ քեզ, բայց հետաքրքիր է, ձգում, գրավում է խորհրդավոր, դեռ ոչ լիովին ըմբռնելի ինչ-որ բանով։ Սա յուրատեսակ մարտահրավեր է՝ թարգմանաբար ներկայացնել քեզանից բոլորովին տարբեր ներաշխարհի ու մտածողության մարդու…
-Վերջերս հաճելի նվեր արեցիք պոեզիայի սիրահարներին՝ հրատարակելով ռուս մեծ դասականի՝ Աննա Ախմատովայի հայերեն գեղեցիկ մի հատոր: Սա Ձեր ասած դեպքերից ո՞րն էր…
-Որ անկեղծ ասեմ՝ ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը, ու հենց դրանով էլ գրքի ծնունդը թե՛ հաճելի, թե՛ միաժամանակ բավականին դժվար ընթացք էր: Ռուս հրաշալի բանաստեղծուհին առաջին հայացքից պարզ, հասարակ թվացող իր տողերի տակ այնքան խորք, թաքուն շերտեր ունի, կանացի էության այնքան նրբին ելեւեջներ, որ ակնհայտորեն դժվար թարգմանվող հեղինակների «ցուցակում» է: Հենց ինքն է իր բանաստեղծությունների մասին գրել. «Դուք՝ գովական, դուք՝ փնովված,/ Ձեր ձայնը՝ թե՛ պարզ, թե՛ վայրի:/ Դուք աշխարհի որեւէ մի/ Լեզվի համար անմատչելի»: Բայց պիտի ասեմ, որ ես թարգմանական դժվարություններ հաղթահարել սիրում եմ, մանավանդ՝ սիրելի հեղինակի թարգմանելիս։ Շատ հաճելի զգացողություն ես ապրում, երբ տեւական ջանքերից հետո վերջապես հասնում ես նպատակիդ. ամեն անգամ սկսում ես էլ ավելի շատ սիրել հայոց լեզուն, նորովի ես գնահատում նրա գեղեցկությունը, հարստությունն ու ճկունությունը։ Հուրախություն ինձ, բավական նպաստավոր կարծիքներ եմ լսել գրքի մասին՝ ընդ որում հենց գրական աշխարհի հեղինակավոր, խստապահանջ մարդկանցից, իմ մի խումբ գրչընկերներից:
-Կարծես թե վերջին շրջանում թարգմանիչը Ձեր մեջ առավել ակտի՞վ է:
-Չեմ կարող չհամաձայնել. վերջին գրքերս հիմնականում թարգմանական են։ Այսպես. Ախմատովայի գրքից առաջ, որ վերնագրված է «Տարվա հինգերորդ այն եղանակը», նույն «Անտարես» հրատարակչությունը տպագրեց Օմար Խայամի քառյակների ժողովածուն: Շատ գեղեցիկ գիրք ստացվեց եւ նույնիսկ ճանաչվեց տարվա լավագույն թարգմանական գիրք: «Խայամը» իմ թարգմանությամբ այնքան լավ ընդունվեց ընթերցողի կողմից, որ նույնիսկ վերահրատարակվեց։ Իսկ ահա բոլորովին վերջերս ավարտեցի ու արդեն հրատարակության եմ հանձնել Բուլատ Օկուջավայի ժողովածուն: Մինչեւ տարեվերջ կտպագրվի, ընդ որում՝ հայերեն եւ ռուսերեն զուգադրությամբ: Այն, կարծում եմ, գեղեցիկ նվեր կլինի հրաշալի բանաստեղծի ծննդյան 100-ամյակին: Բայց բանաստեղծի ու թարգմանչի ստեղծագործական ուղիներն ինձ մոտ ընթանում, զարգանում են զուգահեռաբար, ոչ թե խանգարում, այլ օգնում, լրացնում են իրար: Հուսով եմ՝ այդպես էլ կշարունակվի։
-Ի դեպ, Ձեր գործերն էլ թարգմանվել եւ թարգմանվում են տարբեր լեզուներով, մասնավորապես, Մոսկվայի «Վեչե» հրատարակչությունը վերջերս տպագրել է Ձեր բանաստեղծությունների ռուսերեն ընտրանին: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս եք վերաբերվում, երբ Ձեզ են թարգմանում, գո՞հ եք այդ գրքից:
-Դե, հաշվի առնելով, որ ինքս թարգմանիչ եմ եւ հասկանում եմ, որ կատարյալ, բնագրին լիովին համապատասխան թարգմանություն չի լինում, ես ներողամիտ եմ որոշ անճշտությունների համար։ Գրքում կան տարբեր թարգմանություններ մի քանի թարգմանիչների կողմից։ Ու ես այս առիթով եւս մեկ անգամ համոզվեցի, որ միշտ չէ, որ բնագրին ճշգրտորեն մոտ լինելը հաջողության չափանիշ է, մանավանդ պոեզիայի դեպքում: Ես տեսա, որ թարգմանիչը կարող է եւ արտաքուստ ինչ-որ չափով հեռանալ տեքստից, բայց… ոգուն ու տրամադրությանը, բուն ասելիքին ավելի մոտենալու համար: Ինքս էլ ավելի շատ այդ մոտեցման կողմնակից եմ ու իմ գրքում նման թարգմանություններն ավելի եմ արժեւորում, քան խիստ ճշգրիտները, որոնց դեպքում հաճախ կարեւոր մի բան կորչում է կարծես: Ուրախ եմ, որ, ընդհանուր առմամբ, ժողովածուի մասին դրական արձագանքներ եմ լսում:
-Արդեն երկար տարիներ Դուք որոշակի ներկայություն ունեք նաեւ մեր երգարվեստում: Նոր երգեր շարունակո՞ւմ են ծնվել:
-Բարեբախտաբար, այո: Եվ մեր օրերում, երբ մարդիկ բանաստեղծական ժողովածուներ գրեթե չեն գնում եւ ընդհանրապես շատ քիչ են կարդում, դա ինձ համար որոշ մխիթարություն է: Ոչ առաջվա պես հաճախ, բայց բոլոր դեպքերում իմ խոսքերով նոր երգեր ծնվում են ու հների հետ միասին հնչում ռադիոյով ու հեռուստատեսությամբ: Հիմա համագործակցությունս առավել ակտիվ է քրոջս՝ երգահան Ժաննա Բլբուլյանի հետ, ով գեղեցիկ շատ երգերի հեղինակ է: Հենց վերջերս Փարիզում լույս տեսավ նրա երգերի «Սա է կյանքը» հայերեն-ֆրանսերեն ալբոմը, որի հինգ երգերը իմ խոսքերով են գրված:
-Իսկ որպես, այսպես ասած, «տանու մարդ», ի՞նչ կասեք մեր երգարվեստի ներկայիս վիճակի մասին: Կարծես թե հաճախ են դժգոհություններ հնչում…
-Ավաղ, ես էլ դժգոհողների թվում եմ ու մխիթարական քիչ բան կարող եմ ասել: Այս ոլորտում շատ է խոտանը, իշխում է հիմնականում սիրողական մակարդակը, որի դեմ կարծես անզոր են, իրոք, Աստծո շնորհով օժտված, արվեստի բարձր չափանիշներով առաջնորդվող, ազգայինն իրենց մեջ կրող փոքրաթիվ նվիրյալները: Ու սա լրջորեն պիտի անհանգստացնի բոլոր նրանց, ովքեր պատասխանատու են հայ երգի ապագայի համար: Նման սրտացավություն դեռ որ չի երեւում… Ինձ, որպես բանաստեղծի, պարզապես ապշեցնում է, թե բանաստեղծական ինչպիսի «գլուխգործոցներ» են հնչում մերօրյա երգերում՝ միանգամայն անարգել, եւ ռադիոյով ու հեռուստատեսությամբ, եւ բեմերից: Այսօր ով ասես խոսքեր է գրում երգերի համար, ու դա արդեն օրինաչափություն է դարձել: Բանաստեղծական շնորհ, գեղեցիկ խոսք չէ, որ պահանջվում է նրանցից. ընդամենը՝ որ կարողանան ինչ-ինչ բառեր չափ ու ռիթմին հարմարեցնել, եւ վե՛րջ: Եվ ահա իրար ետեւից ասպարեզ են մտնում երգեր, որոնցում հաճախ բացակայում է որոշակի ասելիքը, ու միայն պիտի գուշակել, թե ինչի մասին է երգը, իսկ եթե դրանք, այնուամենայնիվ, պարզունակ, մակերեսային որեւէ իմաստ պարունակում են անգամ, շատ դեպքերում բնավ չեն համապատասխանում երաժշտության տրամադրությանը, ասելիքին: Օրինակներն անթիվ են: Ուղղակի ցավալի է, ես կասեի՝ աղետալի, թե երաժշտական ինչպիսի՜ ճաշակ ու մտածողություն է դաստիարակվում մեր երեխաների, երիտասարդության մեջ…
-Պարոն Բլբուլյան, կյանքում, բազմակողմանի Ձեր գործունեության մեջ ունե՞ք սկզբունք կամ նշանաբան, որին երբեք չեք դավաճանի:
-Ինձ համար, որպես ստեղծագործող մարդու, դա նշանակում է երբեք թանկ ժամանակն անօգուտ ու աննպատակ չկորցնել, թույլ չտալ, որ հոգիդ թմրի, ու միտքդ ծուլանա, գրիչդ՝ ժանգոտվի: Այսինքն՝ պիտի միշտ որեւէ օգտակար բանով զբաղվել, ինքնադրսեւորվել: Իմ նշանաբանն ավելի կարճ այսպես կարելի է ձեւակերպել. «Ապրածդ ամեն օրվան քեզանից ինչ-որ բան պիտի տաս ու նրանից ինչ-որ բան վերցնես անպայման»: Ըստ իս, միայն այս դեպքում է հնարավոր զգալ, որ, իրոք, կաս, ապրում ես:
-Եվ վերջին, գրեթե ավանդական դարձած մի հարց. ի՞նչ կփոխեիք Ձեր կյանքում, եթե մի հրաշքով հնարավորություն տրվեր:
-Եթե աշխարհում գտնվի մի մարդ (ամենաերջանիկն անգամ), ով համարձակ կասի, որ տարբեր առիթներով անցյալին հետադարձ հայացք նետելիս իր կյանքի այս կամ այն հատվածում խմբագրելու, սրբագրելու բաներ չի գտել, խորապես կկասկածեմ: Իհարկե, ես էլ նման անհավանական բան ասել չեմ կարող. լավն էլ, վատն էլ տեսել ու ճաշակել եմ իմ ճանապարհին, մերթ գոհ, մերթ դժգոհ եղել ինձնից ու իմ բախտից (բանաստեղծություններս էլ, երեւի, մատնում են այդ մասին): Բայց որքան էլ մեծ ու փոքր, գուցեեւ ճակատագրական սխալներ թույլ տված լինեմ, միեւնույն է, վերջին հաշվով, կյանքս էապես փոխել չէի ցանկանա, հավանաբար, նույնը կթողնեի ամեն ինչ: Այն, ինչ հիմա ես կամ, ճիշտ ու սխալ իմ քայլերի, դրական ու բացասական արարքների, հաջողությունների, ձախողումների արդյունքն ու հանրագումարն է, առանց իմ ինչ-ինչ վրիպումների էլ ես ե՛ս չէի լինի պարզապես: Եվ հետո՝ մի՞թե ձանձրալի, անհետաքրքիր չէր լինի կյանքը, եթե նրանում հեշտ լիներ, հարթ ու սահուն ընթանար ամեն ինչ, ու մենք նաեւ դժվարությունների, սխալների մեջ չճանաչեինք, չհայտնաբերեինք թե՛ ինքներս մեզ, թե՛ մեկմեկու: Ժամանակին այսպիսի տողեր եմ գրել ու հիմա էլ նույնը կասեի. «Կորցնելով, գտնելով` գտա ինձ կարծես, /Ճանաչեցի ինձ մի քիչ, մի քիչ հասկացա:/ Լա՞վն եմ, վա՞տն եմ, չգիտեմ-այսպիսի՛ն եմ ես./ Երկար փնտրելուց հետո այսպե՛ս ինձ գտա»: Ըստ իս՝ շատ խորը մարդ է արտահայտել այն միտքը, թե «Սխալները կյանքի կետադրական նշաններն են, առանց որոնց, ինչպես տեքստում, կկորչեր իմաստը»: Կարծում եմ՝ խելացի այս մոտեցման դեպքում ոչ ոք իր անցյալի հետ տեղի-անտեղի կռիվ չի տա, թեեւ դասեր քաղելը, իհարկե, պարտադիր ու անհրաժեշտ է միշտ: Ավելի ուշ նաեւ այսպիսի տողեր եմ գրել. «Այսպես-քայլել ու չդողալ,/ Որ առջեւում` թաքուն, անհայտ,/ Ե՛վ սերն է քո ճամփան պահում,/ Ե՛վ ցավն է միշտ հսկում վրադ:/ Քայլել ու… գոհ ժպտալ սիրուն,/ Ժպտալ… ցավին դարանակալ»: