Առանց Տիրոջ մենք չենք կարող մեզ ապահովագրել շուրջբոլորը տիրող բացասական ներգործություններից ու թեժացող կրակներից։ Միայն Աստված կարող է մարել կրքերի ու արատների կրակները։ Հաղթանակները մենք պետք է հանձնենք Տիրոջը, ապա նոր դրանք հետ կստանանք որպես մե՛ր հաղթանակներ։ Եթե մենք ասում ենք, թե այդ ես եմ հաղթել, ապա Աստված կասի՝ ո՛չ, եթե ես չլինեի, դու չէիր հաղթի։ Բայց եթե մենք ասենք, թե Դո՛ւ հաղթեցիր, Նա կասի՝ հաղթանակը քոնն է, ես պարզապես օգնել եմ քեզ։ Այդպես է, պետք է տա՛լ Տիրոջը, որպեսզի ստանալ։
«Ալելուիա» բառը այս գլխում հնչում է չորս անգամ։ Մեկնաբանները կարծում են, որ դա աշխարհի չորս ծագերից հնչող բարբառումներն են։ «Ալելուիա»-ն փառաբանությունն է առ Աստված։ Տիրոջը պետք է փառաբանել առանց որեւէ ակնկալիքի։ Իսկ ի՞նչ է փառաբանությունը։ Դա խոստովանություն է. Քոնն է փառքը, Տեր, քոնն է պատիվը, Տեր, Քոնն է գովաբանությունը Տեր, եւ խոնարհումը Քոնն է, Տեր։
«Որ մեծ ձայնով ասում էին. Արժանի է մորթուած Գառն առնելու եւ զօրութիւն, եւ կարողութիւն, եւ պատիւ, եւ փառք, եւ օրհնութիւն։ Եւ ամեն ստեղծուած, որ երկնքումն է, եւ երկրի վերայ, եւ երկրի տակ, եւ ծովումը. եւ նորանք ամենը, որ նորա մէջ են, լսեցի, որ ասում էին. Աթոռի վերայ նստողին եւ Գառին լինի օրհնութիւնը, եւ փառքը, եւ կարողութիւնը յաւիտեանս յաւիտենից»։ Հայտնություն 5։13-14
Տասնիններորդ գլխի առաջին տասը համարներում պատմվում է այն ցնծության մասին, որ կատարվելու է երկնային Երուսաղեմում, երբ նեռի թագավորությունը խորտակվելու է, բաբելոնյան կեղծ կրոնը՝ վերանալու։ Եվ տիրելու է Հիսուսի թագավորությունը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Եվ փրկվածները ցնծում են Փեսայի եւ Հարս եկեղեցու միավորման համար։
«Որովհետեւ ճշմարիտ եւ արդար են նորա դատաստանները. որովհետեւ նա այն մեծ պոռնիկին դատեց նորա պոռնկութիւնումը, եւ իր ծառաների արիւնի վրէժն առաւ նորա ձեռքիցը»։ Հայտնություն 19։2
Ո՞րն էր այս բաբելոնյան այլասերվածի ամենամեծ գայթակղությունը մարդկանց. դա առաջին հերթին նրանց հեռացնելն է Աստծուց, մոլորության մեջ գցելը։ Որովհետեւ կռապաշտությունը բոլոր մեղքերի արմատն է։ Աստված միակն է եւ ամենաբարձրյալը։ Մարդ պետք է իր մեջ ունենա իրական Աստծուն։ Եթե դա բացակայում է, ապա մարդը ծառայում է կեղծ կուռքերի՝ գիտությանը, մշակույթին, պետությանը… այսինքն՝ լավ բաների, սակայն եթե նրա մեջ չկա իրական Աստված, ապա նա դրանցով փոխարինում է Տիրոջը, այսինքն՝ ծառայում է կեղծ աստվածների։ Պետք է Աստված լինի ամեն ինչից վեր, ամեն ինչից բարձր։ Եթե դուք ինչ-որ բան վեր եք դասում Աստծուց, կամ դասում եք Նրան հավասար, ապա դրանք կուռքեր են։
Բաբելոնուհին վարպետ է բոլորին շեղելու ճշմարիտ ուղուց, տալու կեղծ գաղափարներ, վառելու կեղծ փարոսներ։ Մեկին հաջողակ բիզնես է ուղղորդում, մեկին՝ քաղաքական փառքի, մեկին գեղեցկության մրցույթի հաղթող դարձնում… տալիս է կեղծ գաղափարներ, միայն թե շեղի Աստծո ճանապարհից։ Եւ ժողովուրդը ծառայում եւ պաշտում է ում ասես, բայց ո՛չ կենդանի Աստծուն։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ