ՍԿԻԶԲ
Ընդունայն ու աննշան
Անփառունակ գոյության
Ապաշնորհ կատարում-
Վաթսուն ձմեռ-մի ամառ-
Ոչինչ-չապրած տարիներ՝
Անբովանդակ ու օտար,
Թերի, չնչին, անկատար …
Անպատեհ-կույր ժամանակ
Հեռուներից ուշ եկար,
Այցելեցիր-հեռացար,
Հեւքդ եղավ հույլ-տկար.
Մտածություն ու հորդոր
Չտվեցիր-ետ տարար,
Անգիտություն ցանուցիր,
Դատարկ ու փուչ մնացիր-
Քառասուն ամ-մի ամառ-
Չարչարական անջրպետ,
Չգոյություն ու նահանջ,
Ունայնություն անպահանջ …
Պահ է երկար, է մի դար-
Քսան գարուն-մի ամառ-
Հրաշք եղավ` հայտնեցիր,
Երանություն բերեցիր.
Անհուշության թեւերով
Երկա՜ր-երկա՜ր ճախրեցիր,
Ցավասիրտ ոք փնտրեցիր,
Գտար-կորցրիր, չգտա՛ր …
… Այլեւ բախտի քմայքին՝
Թափառումներ զուր ու ցիր,
Անհայտություն, մոռացում,
Հավերժություն մեկնեցիր …
ԲԱՆ
Բազմաշնորհ քո էության աջով օրհնի՛ր
Վերերկրային ընթացքը իմ իմաստնություն,
Ամենակար հրաշքների նվիրումով
Մաքրագործի՛ր-բյուրեղացրո՛ւ
Մտածումը` արարչագործ ու արարող,
Մի՛ թող մարի ու անթեղվի
Հուրհրատող մաքառումը ստեղծագործ,
Օգնի՛ր մնամ ինքնահատուկ,
Գտնեմ քանքար-շնորհների
Շեմը տանող միակ ճամփան …
Տո՛ւր ինձ կորով ու ողջություն՝
Դիմանալու դարագլուխ հուլությանը,
Ողորմելի անգիտությանն համատարած,
Բրտությանը՝ արծաթասեր նյութապաշտի,
Ժանտությանը՝ ճիվաղադեմ մեծավորի …
Զորությո՛ւն տուր, կարողություն՝
Արգահատել-կարեկցելու-սատարելու
Մերձավորին ու օտարին,
Տնանկ, նոթի դեգերողին,
Օրահացը դողդողահար մուրացողին …
Օգնի՛ր խոսքով խորախորհուրդ
Բարեբանեմ խիզախումը իմանալի,
Կյանքեր փրկող անձնուրացի,
Ընդդիմանամ
Արյունակցին դավել փորձող ադամորդուն
Ու նմանին ոտնատակող ապիկարին,
Անարգությամբ պատկառանքի տիրացողին,
Ուրացողին՝ պատերազմներ հրահրող …
… Թո՛ղ լույս լինի հավերժավառ
Գոյությունս՝
Իբրեւ փարոս ու ուղեցույց մոլորյալին
Ու ողորմած-առաքինի վարքս լինի՝
Իբրեւ պատգամ ու պատվիրան
Ամենեցուն …
ՏԵՂ
ԿՐԿԻՆ ԳԱՐՈՒՆ
Կրկին գարուն,
Նոր արբունք,
Արթնացումի լո՜ւյս բացվեց …
Համբերանքի վերջին ձյան հետ
Եղյամածին շաղը հալվեց
Արեգակի բարկ ու տաքուկ շողերից:
Ակունքների կարկաչյունը զորացավ,
Ծիածանված փաթիլների
Ցոլքը խայտաց կաթիլներում
Թեթեւ հովից դողդողացող ցողերի:
Օդը խաղաց անտառների օրորից,
Ոստը թեքվեց տաք բովից,
Զեփյուռի թեժ համբույրներից
Բողբոջների շուրթերը փակ ճաքեցին:
Հողը տնքաց արմատների ավյունից,
Ցողունն ի վեր տաք ավիշը բարձրացավ,
Դալար ճյուղին պսակները շարվեցին,
Կոնը ճայթեց
Ու հոնենու դեղին հուլունք ծաղիկները ժպտացին:
Ակոսը բաց իր մեջ առավ հունդը նոր,
Ծիլը ճեղքեց սերմնահատկի պատիճը պիրկ ու ճկվեց,
Նրբաթեւիկ շյուղը ճոճվեց ու ձգվեց,
Հերկերի մեջ զմրուխտ թերթեր փռվեցին:
Ծաղկաբուրմունք ելավ բացվող հանդերից,
Հեզահամբույր մեղմ սյուքի հետ
Գորովանքի բույրը հպվեց
Գագաթների ճերմակածածկ լանջերին:
Մեղուն օրոր գլուխն հանեց արկանոցի նեղ անցքից,
Պարեց, խաղաց ու ճախրեց,
Ու ժրաջան գիժ-խենթության
Պարսը հյուսվեց ու կախվեց գեջ շիվերից …
… Իրիկնացավ,
Արփին դանդաղ աչքը փակեց լեռներում,
Ստվերները երկարեցին քարերին,
Թիթեռնիկի օրն ավարտվեց
Ու կարոտից գլուխը կախ տխուր թախծեց
Թավուտներում թաքուն ծաղկած մորենին…
ԳՈՐՈՎ
Թո՛ղ կրկնվի առգոյության հրաշքը մեծ,
Ու Գալստյան չսպասելով՝ նորից հառնեմ,
Ու լինի՛ նա, ով միակն է ու եզակին,
Ու չքանա՛ զգացումը ժամանակի:
Հաճությունը ամեն գարնան հետ բողբոջի
Ու չուշանա՛ հրապույրը երանելի,
Խինդը հոգու ընդլայնանա ու հրդեհի,
Հավերժ ձգվի ակնթարթը սքանչանքի:
Ու բորբոքվի վայելքը խել ու խելահեղ
Ու ալեհույզ լինի անբավ ու չընդմիջվի,
Խանդաղանքը արտահեղվի ափերից դուրս,
Ու ավյունի խայտանքը ջերմ հորդառատվի:
Հեշտությունը անուշ լինի ու մեղրածոր,
Ու հույզերի հորձանքը հորդ վեր կոհակվի,
Ցնծությունը լինի անդուլ ու անդադար,
Ու արբունքի բերկրանքը հար շարունակվի:
Ծագում լինի, պայծառացում ու հաշտություն,
Զվարթություն անդորրության շոյանքներից,
Անմեղության փայլքը ձուլվի շողանքի հետ
Երկնաստղերի ու հարամիշտ լուսարձակի …
Ու կրկնվի՛ առգոյության հրաշքը մեծ
Ու Գալստյան չսպասելով՝ նորից հառնեմ,
Ու լինի՛ նա, ով միակն է ու եզակին,
Ու չքանա՛ զգացումը ժամանակի …
ՀԱՎԱՏ
Հանի՛ր սրտիցս կրքի բանալին,
Թող նաեւ սիրեմ …
Ու չվերծանվի լուռ ծածկագիրը
Երգ-հառաչանքի.
Թող մնա գաղտնի, մենալսելի:
Ու անանձնական մղումը դարձրու
Հույսի սփոփանք՝
Սպասումների ու կարոտների ակնթարթներում.
Իմ լռության մեջ շեփորաձայնի արձագանքներ են՝
Ետդարձի կանչող,
Մի՛ խլացրու աղաղակներով:
Անկանգ կրկնվող բառաշարքերում
Զգացմունքներիս խոստովանանքը
Հասցրու այնտեղ,
Ուր սկսվում է անվերջությունը,
Ուր անգիտակից ուշաթափվածիս
Հիշողությունը վետվետումներով
Չի կարողանում ետ բերել գիրը
Իմաստավորված …
Անհայտության մեջ մոռացված շնչիս
Թաղումն են գուժում՝
Ապրելու կարոտ ողջ արարածիս,
Ու անժամանակ.
Ե՛տ տար, հեռացրո՛ւ մահիկը մահվան,
Օգնի՛ր ինձ բառով սպանել մահը …
ՔՈՒՐԱ
Մտամոլությունը պատատվեց կրկին.
Անկերպ օրեր են դատարկության մեջ,
Հար պիտի սուրալ հասնելու համար.
Մշտնջենությունը չի ունենա վերջ:
Անտարբերությունը տիրացավ չորսդին,
Վհատությունն է ծածուկ մոտեցել,
Ելքի ելք չկա անհուսության մեջ.
Չարսրտությունն է դռները գոցել:
Մտատանջանքն է գալարվում անքուն.
Հոսանքը անկարգ ու՞ր պիտի տանի,
Ընթացքն է հասել եզրին գեհենի.
Անխղճությունը մեզ կկործանի:
Շողոմությունն է անպատվար իշխում.
Փակվել է միտքը ահեղ զնդանում,
Ընչաքաղցությունն է անդուլ հոշոտում,
Կյանքեր է կլլում ու չի հագենում:
Շուրջը խավար է ու խակմտություն.
– Բերկրության լույսը ե՞րբ կճառագի,
Ոգեշնչումը մարում է անհուր.
– Մի՞թե տաղերը կյանքը չեն փրկի …
ՀՈՒՅՍ
Աստվածատուր իմաստնություն
Ու բարեմիտ ու բարեկամ խոհեմություն`
Խոլ ու մոլար երկրավորի
Հոգեդարձի
Հավատավոր սպասումի հույսը մարեց
Վերջին կաթիլ անձրեւի հետ սփոփանքի՝
Անձկությունից մարմրացող սրտիս վրա,
Ու անանուրջ,
Շուրջ-ամենուր տիրեց խավար ու լռություն,
Ու հիասթափ հոգուս շիջող
Կամկար իջավ ամայություն …
Հո՜ւյլ հառաչանք …
Ու համրացած, ժամանակը ետ շրջելու
Անզորության զգացումից ուժահատված՝
Առանձնության հոգենորոգ խորհրդի մեջ որոնեցի
Հնարանքը՝
Հավատուրաց մեղապարտին
Արարչախոս խրատներով
Ուղղահավատ դարձի կոչման …
… Ու ճչացի՛ որոտաձայն,
Այսահարված ու խոլացած.
-Ե՞րբ կբացվի ու կցոլա
Բոսորափայլ ու հրաբորբ
Երանության արշալույսը պայծառացման,
Ու կզարթնեն տարփանքների խոր թմբիրից
Ու մրափից լեթարգիական
Անդավանանք ու մեղապարտ
Կույր սրտերն ու հոգիները պատրանախաբ …
… Ու համասփյուռ լո՜ւյս կլինի հավերժավառ,
Ու արթնացում՝ համայնական …