Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 16, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Բրաբիոն ծաղիկ որոնող ասպետների խնկարկուն

Մայիսի 25, 2023
Մշակույթ
«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
279
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Տաճատ, խնդրում եմ անձամբ հետեւես, որպեսզի Խաչիկ Դաշտենցի գիրքը շնորհքով տպագրվի՝ կազմիր տիտուլ, տուր տառերի սիստեմ (վերնագրեր եւ այլն), հետեւիր լուսանցքներին, որ չափսը տեղը լինի: Խաչիկն ասում է, որ գիրքը ձեւավորել ես, մնում է, որ հետեւես` լավ տպվի. Խաչիկը լավ պոետ է եւ արժանի է, որ նրա գիրքը լույս տեսնի խնամքով: Մնում է շապիկի հարցը: Շավարշի նկարածը վատ է, նորը թող նկարի, տուր նրան ցուցումներ. լավ կլինի, եթե շապիկը լինի երկու գույնի եւ տպվի կլիշեով, որ գործը չբարդանա: Կարծեմ Չոփուրը չի ուզում շապիկի խնդիրը բարդացնել: Մնում է, որ դու իբրեւ ելք նկարել տաս երկու գույնի, բայց գեղեցիկ շապիկ, եւ եթե գործը լիտոգրաֆիայի չընկնի, դժվար թե Չոփուրը դեմ լինի գրքի գեղեցիկ արտաքինին: Լիահույս եմ, որ կանես հնարավորը եւ կփրկես Խաչիկի գիրքը տխուր արտաքինից…

Չարենց»:

Խելագարված ամբոխների հանճարեղ երգչի սրտացավ ու մտահոգ այս տողերը հասցեագրված են Պետհրատի այն ժամանակվա դիրեկտոր Էդվարդ Չոփուրյանին եւ գլխավոր նկարիչ Տաճատ Խաչվանքյանին: Իսկ խնդրո առարկան երիտասարդ բանաստեղծ Խաչիկ Դաշտենցի երկրորդ՝ «Երգերի գիրք» ժողովածուն էր, որ լույս էր տեսնելու իր՝ Չարենցի խմբագրմամբ: Ասել է թե՝ հանձին Դաշտենցի՝ մեծանուն պոետը նրա մեջ տեսնում էր արդեն իսկ կայացող մուսաների ընտրյալի, որի բանաստեղծական հունձքի մարգարիտը «Ֆայտոն Ալեք» չքնաղ պոեմն էր լինելու: Բայց ոչ այս, ոչ «Ծուռ խութեցին» պոեմը, ոչ աղմկահարույց «Բոց» ժողովածուն եւ «Տիգրան Մեծ» չափածո ողբերգությունը, ոչ էլ բազմաթիվ բանաստեղծական շքեղ փնջերը չէին զուգահեռվելու նրա գեղարվեստական արձակ գործերին, որոնցով գրողը դասվելու էր հայ դասական-մեծերի շարքը: Առաջինը 1950-ին որպես վիպակ հրատարակված «Խոդեդանն» էր, գիրք, որը ընտանիքները ձեռքից ձեռք էին խլում, որովհետեւ իրենց պատմությունն էր: Առաջին անգամ գրականության նյութ էր դարձել ամեն ինչ կորցրած գաղթականը՝ վերապրելու, ցեղի շարունակությունն ապահովելու կրքով ու ավյունով: Այդ բուռն ընդունելությունն էր, որ դրդեց հեղինակին մշակել եւ տարիներ անց՝ 1956-ին «Խոդեդանը» հրատարակել որպես ծավալուն վեպ: Բայց գրողի փառքի աստղը ճառագելու էր «Ռանչպարների կանչը» վիպասքով, որը նվիրված է Հայոց ազատագրական պայքարի անձնազոհ մարտիկներին՝ հայդուկներին, ովքեր, ըստ ժողովրդի պատմական հիշողության մեջ հարատեւող ընկալման՝ ամենասովորական, անչար, խաղաղասեր, իրենց արտ ու կալին, հողին ու ջրին գամված ռանչպարներ են եւ միայն դաժան հանգամանքների բերումով ստիպված են զենք վերցնել ու պաշտպանել իրենց խաղաղ կյանքի իրավունքն ու մարդկային արժանապատվությունը: Հայոց դպրեվանքի պատանիներից մեկը՝ Մախլուտո անունով, «ռանչպարների կանչով» դառնում է ազգային շարժման զինվոր եւ այդ կետից սկսած պատմում է իր կյանքի դրվագները՝ «նովելային պատումները», որի հերոսների թվում են ինչպես այդ շարժման առասպելական անունները՝ Արաբո, Աղբյուր Սերոբ, Սոսե, Գեւորգ Չաուշ, Անդրանիկ, այնպես էլ շարքային մասնակիցներ: Մախլուտոյի պատմությունների մեջ ազատագրության հերոսները ներկայանում են հայրենասիրական նվիրական ապրումներով, հանդես են բերում բարոյական առինքնող սկզբունքներ եւ իրենց ռամկական պարզ բնավորությունը համադրում ասպետական վարքագծի հետ: Գեղարվեստորեն պատկերելով հերոսների սխրագործությունները՝ Դաշտենցը  զարմանալի վարպետությամբ միահյուսել է պատմական իրողություններն ու դրանց էպոսակերպ արտացոլանքը ժողովրդի գիտակցության մեջ:

Նախադեպը չունեցող վիպասքը բաժանվում է երեք մասի: Առաջինում 57 նովել է, երկրորդում՝ 23, երրորդում՝ 20: Հեղինակն այն գրելիս օգտվել է բանահյուսական հարուստ նյութից՝ էպիկական եւ քնարական երգերից, ավանդույթներից, թեւավոր խոսքերից:

Ծանրակշիռ է Խաչիկ Դաշտենցի վաստակը թարգմանական գրականության բնագավառում: Գրողն անգլերենից թարգմանել է Շեքսպիրի «Սխալների կոմեդիան», «Անսանձ կնոջ սանձահարումը», «Տասներկուերորդ գիշեր», «Վինձորի զվարճասեր կանայք», «Ռիչարդ Երրորդ», «Հուլիոս Կեսար», «Լիր արքա», «Ռոմեո եւ Ջուլիետ» ողբերգություններն ու պատմական քրոնիկներ, Լոգֆելլոյի «Հայավաթի երգը», «Ռոբին Հուդ», Բրաունինգի «Համելինի նախշուն սրնգահարը», Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է», «Խաղողի այգին» դրամաները: Կազմել է հայկական դպրոցների համար անգլերենի դասագիրք: Անգլերենից: Բայց որտե՞ղ էր նա այդպես խորությամբ յուրացրել այս օտար լեզուն: «Մեղավորը» իր վերոնշյալ «Բոց» խորագրով ժողովածուն էր, դրա հանած մեծ աղմուկը իր անձի շուրջ, որից հոգնած՝ հեռացել էր Մոսկվա եւ խարիսխ նետել օտար լեզուների ինստիտուտի անգլերեն լեզվի բաժնում՝ նախապատրաստվելով թարգմանչի կոչման: Մոսկովյան ուսումնագնացությունը վճռական դեր էր խաղալու նրա ճակատագրում՝ անգլերենն այն հենարանն էր, որով նա գործի էր դնելու ներսում եղած բանաստեղծական կրակները՝ ձեռք մեկնելով հավերժախոս Շեքսպիրին, ապա նաեւ այլ դեմքերի:

Արեւմտյան Հայաստանի Բիթլիսի վիլայեթի Խութ-Բռնաշեն գավառի Դաշտադեմ գյուղում հայրական տունն ու պապենական գերեզմանները թողած, հինգ տարեկանից Հայաստանի որբանոցներում մեծացած էրգրակարոտ բանաստեղծ- վիպասանին բախտ չէր վիճակվելու հասնել խոր ծերության՝ ընդամենը 64 տարի, եւ սրտի ուժգին տագնապից լռելու էր հավիտյանս: «Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում, մաշում: Չեմ կարող ասել, թե ինչ, որովհետեւ երբեք չբացվեց նա, բայց մի վիշտ, տանջող, սիրտը կրծող մի վիշտ ավերումներ էր անում՝ չթողնելով ոչ մի կանգուն սյուն հոգու խորքերում, որին կարողանար ապավինել, երբ ինքն իր հետ մենակ էր մնում…»,- վերհիշել է վաստակաշատ Ռուբեն Զարյանը: Եվ ինչպես Դաշտենցին նվիրված մենագրության հեղինակ, գրող, գրականագետ Կարո Վարդանյանն է հավելում՝ «այդ ցավը հնգամյա մանուկը «Էրգրից» էր բերել: Իր հետագա կյանքում նա երբեք չփորձեց պայքարել դրա դեմ, ընդհակառակը՝ մեկընդմիշտ բովանդակեց իր սրտում, սնեց, փայփայեց ու երգեց իր ստեղծագործություններում.

Մի կարոտ կա, մի կարոտ կա, մի կարոտ կա անծայր,

Որ չի մեռնում, որ չի ցնդում, որ չի դառնում անցյալ,

Հուր է դառնում, սուր է դառնում եւ սրբությամբ ծալ-ծալ

Իմ գրքերում, իմ սրտի մեջ շողում է հար պայծառ…

Ահա այդ ցավը, այդ վիշտը, այդ կարոտն էր, որ զորանալով՝ ճեղքեց նրա քնքուշ սիրտը…»:

Սիրտ, որ խնկարկեց բրաբիոն ծաղիկ որոնող ասպետներին, գնաց նրանց ոտնահետքերով, անմահացրեց նրանց ու ինքն էլ անմահացավ…

Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Բաքվում ավելի շատ հայ է ապրել, քան ողջ Հայաստանում՝ ադրբեջանցի

Հաջորդ Հոդվածը
«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

«Մեծ Թուրքիայի» ուրվականը շրջում է մեր հայրենիքում

«Մեծ Թուրքիայի» ուրվականը շրջում է մեր հայրենիքում

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Գարունը այնքա՛ն հույսեր է բերել…

    37 Կիսվել են
    Կիսվել 15 Tweet 9
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    39 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10
  • Հետաքրքրական է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist