Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում արձանագրված միջադեպն Ադրբեջանի հրահրած սահմանային սրացումների օրինաչափ հետեւանքն է: Բոլորովին վերջերս պատերազմի մեջ գտնվող պետությունների զինված ուժերի ստորաբաժանումների՝ միմյանց այդքան մոտ տեղակայումը եւ ադրբեջանական սադրանքները ուշ թե շուտ բերելու էին ծայրահեղ հետեւանքների:
Դատելով պաշտոնական Բաքվի արձագանքներից՝ վերջինս գիտակցել է հայ զինծառայողի սպանության դեպքի ամբողջ լրջությունը: Թերեւս, դրանով է բացատրվում այն փաստը, որ պաշտոնական հաղորդագրություններում ադրբեջանցիները փորձում են հերքել միջադեպը: Չի բացառվում նաեւ, որ Ադրբեջանի պլանների մեջ ամենեւին չէր մտնում նման զարգացումը, սակայն այդ պետության առաջնորդի ռազմատենչ ու ագրեսիվ հայտարարությունները եւ հայկական բանակի գոյություն չունենալու մասին պարբերաբար հնչեցվող միֆերն իրենց ազդեցությունն են ունենում ադրբեջանցու՝ հատկապես իր զինծառայողի գործելակերպի վրա, եւ սա այն դեպքում, երբ Ալիեւը չունի մեխանիզմ վերահսկելու սահմանային յուրաքանչյուր իրավիճակ: Այս վարկածները, սակայն, չեն մեղմացնում միջադեպի ծանրության աստիճանը: Այն, ըստ էության, դասական իմաստով «կարմիր գծերի» հատում է, եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարության համարժեք հայտարարությունն իրեն սպասեցնել չտվեց:
ՀՀ ԱԳՆ-ն Ադրբեջանի զինված կազմավորումների կողմից արձակված կրակահերթերից զոհված ՀՀ զինծառայող, կրտսեր սերժանտ Գեւորգ Խուրշուդյանի սպանությունը որակեց Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի անդամ պետության՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված բացահայտ զինված ոտնձգություն, ինչը միջազգային իրավունքի նորմերի խախտում է: «Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում ռազմական գործողությունների իրականացումն իրավունք է տալիս Հայաստանի Հանրապետությանը՝ ձեռնարկելու անհրաժեշտ եւ համարժեք քայլեր՝ իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, բնակչության անվտանգությունն ապահովելու համար»,- ասվում է մեր երկրի արտաքին գերատեսչության տարածած հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ Ադրբեջանը փորձում է քողարկել Հայաստանի տարածքում ապօրինի ռազմական գործողությունները՝ կեղծ տեղեկատվության շրջանառմամբ, եւ հայկական կողմը պատրաստ է ներգրավել միջազգային հետաքննություն՝ մահաբեր միջադեպի հանգամանքները պարզելու նպատակով: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ նույն օրը հայտնեց, որ ՀՀ-ն դեպքի առիթով դիմելու է ՀԱՊԿ-ին: Այս ռազմաքաղաքական կառույցի միացյալ շտաբում նույն օրը տեղի ունեցավ անդամ պետությունների ներկայացուցիչների պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նիստ, որի ժամանակ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը հանդես է եկել զեկույցով եւ նշել, որ հայ-ադրբեջանական սահմանին արձանագրված վերջին սրացումը պահանջում է հրատապ քաղաքական ու դիվանագիտական բնույթի միջոցառումների իրականացում: Մայիսի 25-ի օրվա վերջում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց ունեցավ Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ:
Արցախյան պատերազմի ավարտից հետո հայ-ադրբեջանական սահմանում արձանագրվեց առաջին զոհը: Միանշանակ է, որ Հայաստանի ուժային կառույցների օրակարգում է զինված ուժերի կողմից Ադրբեջանին պատասխանելը, եւ ինչպես նախկինում էր, իրականացվելիք պատժիչ գործողություններն անհամեմատ ավելի խիստ են լինելու: Պաշտոնական Բաքվի սադրող պահվածքը փաստում է, որ վերջինս է հայկական կողմին հրահրում պատասխանի: Միջադեպի փաստն ընդունելու եւ ներողություն խնդրելու դեպքում Հայաստանի պատասխանը հնարավոր է նաեւ այլ լիներ: Ադրբեջանի պահվածքն ուղիղ ճանապարհ է դեպի ռազմական բախումների վերսկսումը, եւ ստեղծված իրավիճակում այլընտրանքները խիստ սահմանափակված են:
ՀՀ սահմաններին սկսված ռազմական գործողություններն անխուսափելիորեն իրենց մեջ կներգրավեն տարածաշրջանի մյուս երկրներին եւ առաջին հերթին՝ ՀԱՊԿ-ին: