Այս օրերին անընդհատ խոսվում է հայ-ադրբեջանական սահմանի որոշման, զատման մասին, ավելի ստույգ եւ մասնագիտական ձեւակերպմամբ՝ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի: Ընդհանրապես, այս գործընթացը միջազգայնորեն կարգավորված է, եւ դրանից առաջ պետք է բացառվեն ուժի կիրառումը եւ ուժի կիրառման սպառնալիքը: Այսինքն՝ դելիմիտացիան եւ դեմարկացիան վատ բան չեն, բայց դրանք խաղաղ ընթացք են ենթադրում, իսկ Ադրբեջանը օրեցօր ավելի ու ավելի ագրեսիվ է դառնում մեր նկատմամբ…
Մասնագետները բացատրում են, որ դելիմիտացիան սահմանազատումն է, դեմարկացիան՝ սահմանանշումը: Դելիմիտացիան սահմանազատման համար անհրաժեշտ նախնական գրասենյակային աշխատանքն է, որի ժամանակ որոշվում են քարտեզները, մեթոդները եւն: Ընդգծենք՝ դելիմիտացիայի ժամանակ հստակ կոորդինատներ չեն որոշվում: Սրան արդեն հաջորդում է դեմարկացիան՝ երբ սահմանը դաշտում տեղանքով ամրացվում է: Եվ այս ամբողջ գործընթացը տարիների աշխատանք է: Եվ մեկ մասնագետի կամ մեկ գերատեսչության աշխատանք չէ: Դա համալիր աշխատանք է, որի լուծումները GPS-ը չէ, որ տալիս է:
«ՀՀ»-ի հետ զրույցում նախկին «Գեոդեզիա եւ քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի աշխատակից, ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական բաժնի պետ, այժմ՝ ԷԼՄԱ քարտեզագրման նախագծի հեղինակ, տ.գ.թ. Շահեն Շահինյանն ընդգծում է, որ սահմանների դելիմիտացիան եւ դեմարկացիան «միջազգային իրավունքում փոխադարձ համաձայնությամբ» հարեւան պետությունների սահմանագծի որոշումն են համապատասխան քարտեզի (դելիմիտացիա) եւ սահմանագծի անցկացումը երկրի մակերեւույթի (դեմարկացիա) վրա։ Ուշադրություն դարձնենք՝ «միջազգայի՛ն իրավունքում փոխադա՛րձ համաձայնությամբ»…
Մասնագետները բացատրում են նաեւ, որ միջազգային փորձի եւ համապատասխան իրավական գործիքների համաձայն՝ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներն իրականացնելու համար նախ եւ առաջ պետության ներսում ստեղծվում է աշխատանքային խումբ, որը կառավարության պահանջով զեկույց է ներկայացնում սահմանների փոփոխության/հաստատման հետ կապված իրավական, քաղաքական, տնտեսական եւ տեխնիկական խնդիրների վերաբերյալ։ Սա առավելապես մասնագիտական մարմին է լինում, որի ներկայացրած զեկույցն ու աշխատանքը հիմք են ծառայում հաջորդիվ ստեղծվող հանձնաժողովի աշխատանքների համար։ Եվ կառավարության համապատասխան հրամանով ստեղծված հանձնաժողովի կազմում ընդգրկվում են արտաքին, պաշտպանական գերատեսչությունների, ազգային անվտանգության ծառայության, այլ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ, միջազգային իրավունքի մասնագետներ, քարտեզագրության, երկրաբանության ոլորտի մասնագետներ։ Նույնատիպ հանձնաժողով ստեղծվում է նաեւ սահմանակից երկրում, որից հետո միայն սկսվում են համատեղ աշխատանքները, բանակցությունները, քննարկումները՝ սահմանների հստակեցման ուղղությամբ։ Շ. Շահինյանը ներկայացնում է, որ սահմանազատման աշխատանքները պետք է տարվեն միջպետական հանձնաժողովների միջոցով, որ սահմանազատման գործընթացն արվում է միջպետական պայմանագրերի կամ միջկառավարական համաձայնագրերի հիման վրա, որ սահմանազատումից առաջ պետք է ուսումնասիրվեն նախկինում գոյություն ունեցած բոլոր նյութերը, քարտեզները, տեքստային, այլ տիպի տվյալները: Եվ որ պետք է ճշգրտեն, թե սահմանային կոորդինատները ինչ թույլատրելի շեղում են ունենալու, նույնիսկ՝ թե ինչ սարքավորումներով, ինչ մեթոդներով են աշխատելու:
Միայն դելիմիտացիան շատ բարդ ու երկարատեւ գործընթաց է: Երբ տարբեր պետությունների օրինակները նայում ենք, պարզ է դառնում, որ այն կարող է տեւել մինչեւ տասը եւ ավելի տարի: Մի գործընթաց է, որ ենթադրում է նաեւ տարածքի օդային լուսանկարում, տեղագրական քարտեզի կազմում, թարմացում, աշխատանքային քարտեզի նախապատրաստում, հրապարակում, դելիմիտացիոն քարտեզի պատրաստում, փաստաթղթերի համաձայնեցում եւն։ Այս ամենից հետո սկսվում է դեմարկացիան: Պետություններ կան, որ դեռ չեն ավարտել վերջնական սահմանազատման աշխատանքները: Եվ միջազգային փորձը ցույց է տալիս, որ պետությունները, որպես կանոն, հրաժարվում են այս գործում շտապողականությունից, որպեսզի կարողանան սեփական շահերի տեսանկյունից ավելի ճիշտ որոշումներ կայացնել: Օրինակ՝ հայ-վրացական սահմանազատման աշխատանքները դեռ ավարտված չեն, թեեւ հայ-վրացական սահմանի հանձնաժողովը ստեղծվել է հենց վարչապետի որոշմամբ 1996 թ., հետո՝ 2000 թ. այդ որոշումը չեղյալ է համարվել, ընդունվել է նոր որոշում՝ ոչ թե հայ-վրացական սահմանի մասով, այլ ընդհանրապես՝ Հայաստանի Հանրապետության սահմանների սահմանազատման եւ սահմանանշման: Ի դեպ, 2000 թ. ստեղծված հանձնաժողովն էլ է ստեղծվել վարչապետի որոշմամբ (նոյեմբերի 16, թիվ 763 որոշում): Ընդ որում՝ նույն որոշմամբ ոչ միայն ստեղծվել է ՀՀ պետական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքների կազմակերպման նպատակով հանձնաժողովը, այլեւ՝ հաստատվել է այդ հանձնաժողովի անհատական կազմը…
Ինչեւէ, ահա այս ամենը հաշվի առնելով է, որ մասնագետները նշում են՝ հիմա Ադրբեջանի հետ ճիշտ չէ այս գործընթացները սկսելը, որովհետեւ միջազգային բազմաթիվ նորմերի խախտումներ կան: Միայն նրանց զինված ոտնձգությունը մեր ինքնիշխան տարածքի նկատմամբ բավարար է, որպեսզի դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթաց չսկսվի:
Այս շղթայում մի հարց էլ կա՝ GPS-ի կիրառմանը վերաբերող: Երբ նախորդ տարի անդրադարձանք Սոթքի հանքավայրի խնդրին, GPS-ով աշխատանքի միջազգային մեկ օրինակ բերեցինք՝ Նիկարագուայի եւ Կոստա Ռիկայի, բայց չմանրամասնեցինք։ Սահմանների որոշման գործում GPS-ով աշխատանքի մեր օրինակը 2010 թ. տվյալ է, բայց՝ շատ խոսուն։ Բանն այն է, որ «Google Maps» քարտեզագրման ծառայության պատճառով քիչ էր մնացել պատերազմ բռնկվեր Նիկարագուայի եւ Կոստա Ռիկայի միջեւ։ Նիկարագուայից մի զորամաս էր ներխուժել Կոստա Ռիկա: Եվ զորամասի հրամանատարը դա բացատրել էր այն հանգամանքով, որ ինքը ոչ մի սխալ թույլ չի տվել եւ առաջնորդվել է բացառապես նշված ծառայության քարտեզով։ Նրա խոսքով՝ Կալերո կղզին, որը Սան Խուան գետի կենտրոնում է, պատկանում է Նիկարագուային: Իրենց գործողության ընթացքում զինվորականները ստիպված էին ժամանակավոր ճամբար կառուցել կղզում, որի վրա էլ ծածանվել էր Նիկարագուայի դրոշը: Կոստա Ռիկայի եւ Նիկարագուայի սահմանը ավելի շատ անցնում է Սան Խուանի աջ ափով, բայց որոշ շրջաններում սահմանագիծը անցնում է անմիջապես գետի երկայնքով: Ըստ պաշտոնապես գրանցված քարտեզների, Կալերո կղզին պատկանում է բացառապես Կոստա Ռիկային: Դեպքը մեծ իրարանցում առաջացրեց Կոստա Ռիկայում: Իսկ «Google»-ի ներկայացուցիչները այդպես էլ չկարողացան բացատրել քարտեզի վրա սխալի պատճառը…
Մեզ մոտ պատերազմից հետո այդ «միջադեպերը» շարունակական են՝ հօգուտ թշնամու։ Ստորեւ ավելի պարզ կբացատրենք, թե ինչու GPS-ը հօգուտ մեզ չի «աշխատում»: Մասնագետները բացատրում են նաեւ, որ այդ GPS կոչվածը պարզապես ֆիզիկական գործիք է, տեխնոլոգիա: Եվ այն կիրառելու համար էլ մասնագիտական ունակություն է պետք: Ավելին՝ թե ինչ սահմաններ ցույց կտա այդ գործիքը, կախված է այն բանից, թե ինչ տվյալներ կմուտքագրվեն: Ձեռքի հպումով այս ու այն կողմ կարող են անցնել ռազմավարական նշանակության բարձունքները, լեռները, գետերն ու լճերը: «GPS-ը կախարդական փայտիկ չէ, որ քո փոխարեն աշխատի, եւ սահմանը որոշում է ոչ թե այդ գործիքը, այլ՝ այն մասնագետը, որ կիրառում է այդ գործիքը»,- ասում է Շ. Շահինյանը:
Ռուս ռազմական փորձագետներն ու վերլուծաբանները նույնպես նշում են, որ ուժի կիրառման եւ կիրառման սպառնալիքի դեպքում դելիմիտացիայից ու դեմարկացիայից չեն խոսում: Սա խաղաղ գործընթաց է ենթադրում, իսկ այս պարագայում Ադրբեջանը ներխուժել է Հայաստան (Վլադիմիր Եվսեեւ, ԱՊՀ ինստիտուտի եվրասիական ինտեգրացիայի բաժին)։
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հատուկ ընդգծում է. «Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը` առանց անվտանգության գոտու, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլեւ կդառնա նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ, քանի դեռ կան առնվազն այս պայմանները` ադրբեջանական բարձրագույն իշխանությունները ոչ միայն չեն դադարեցրել, այլեւ ավելի են խորացրել հայատյացության ու ֆաշիզմի հասնող թշնամանքի քաղաքականությունը Հայաստանի ողջ բնակչության, ողջ հայ ժողովրդի նկատմամբ: Խոսքն իրական ցեղասպան քաղաքականության մասին է»:
Ա. Թաթոյանը նկատում է, որ այո, «սահմանազատումն ինքնին ցանկացած երկրի համար ունի հիմնարար կարեւորություն: Դա նաեւ մարդու իրավունքների երաշխիք է: Բայց սահմանազատումը կարող է տեւել տարիներ, եթե ոչ տասնյակ տարիներ, իսկ քանի դեռ կան թվարկվածս պայմանները, ՀՀ սահմանային բնակիչների, ՀՀ քաղաքացիների իրավունքների իրական երաշխավորման հրատապությունը պահանջում է Ադրբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներով Գեղարքունիքի ու Սյունիքի շուրջ անվտանգության գոտու ստեղծում»:
Իբրեւ ամփոփում կրկին ընդգծենք՝ սահմանների որոշումը «միջազգայի՛ն իրավունքում փոխադա՛րձ համաձայնությամբ» աշխատանք է, որից առաջ պետք է բացառվեն ուժի կիրառումը եւ ուժի կիրառման սպառնալիքը: