Այսուհետ հարկատուն երկու դիմումի փոխարեն մեկով կարող է հետ ստանալ գերավճարները։ Այս հարցի հետ կապված փոփոխությունների մասով որոշ պարզաբանումներ՝ ՊԵԿ-ից։
Ինչպես «ՀՀ»-ին տեղեկացրեց ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը, փոփոխություն է արվել կառավարության 2017 թ. հոկտեմբերի 5-ի որոշումում, եւ փոփոխությունը վերաբերում է մինչեւ 2018 թ. հունվարի 1-ը ունեցած հարկ վճարողների գերավճարները եւ դրանցից տարբերվող գումարները վերադարձնելու պարզեցված ընթացակարգ սահմանելուն։
2017 թ. որոշմամբ սահմանված էր, որ գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարները 2018 թ. հունվարի 1-ից հարկ վճարողին վերադարձվում են հարկ վճարողի դիմումի հիման վրա այդ գումարները միասնական հաշվում հաշվառելու (միասնական հաշվին փոխանցելու) միջոցով։ Եվ որ գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարների հաշվին հարկ վճարողի հարկային պարտավորությունները (բացառությամբ սոցիալական վճարի) սահմանված կարգով հաշվանցվում (մարվում) են գանձապետարանի կողմից վարվող՝ պետբյուջեի միջոցների առանձին ենթահաշվից՝ առանց այդ գումարները միասնական հաշվում հաշվառելու (միասնական հաշվին փոխանցելու): 2018 թ. հունվարի 1-ի դրությամբ առկա գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի մնացորդը հարկ վճարողին վերադարձնելու համար, նախ, այդ գումարը հարկ վճարողի դիմումի հիման վրա փոխանցվում էր վերջինիս միասնական հաշվին, որից հետո՝ միասնական հաշվում առկա գումարը հարկ վճարողին վերադարձվում էր նրա կողմից հարկային մարմին ներկայացված դիմումի հիմամբ՝ 20 օրվա ընթացքում:
Ըստ ՊԵԿ-ի, ստացվում է, որ հարկ վճարողի՝ մինչեւ 2018 թ. հունվարի 1-ը գործող օրենսդրության շրջանակներում առաջացած գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի մնացորդի վերադարձման գործընթացի համար հարկ վճարողից պահանջվում էր երկու անգամ հարկային մարմին ներկայացնել դիմում, որի արդյունքում ձգձգվում էր նշված գումարի վերադարձման ընթացակարգը։ Խնդիր էր նաեւ այն, որ 2018 թ. հունվարի 1-ի դրությամբ առկա՝ հարկ վճարողի գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարների հաշվին չէին մարվում վերջինիս սոցիալական վճարի գծով պարտավորությունները: Այդ պարտավորությունները 2018 թ. հունվարի 1-ից հետո մարվում են միայն միասնական հաշվում առկա գումարների հաշվին:
Իսկ փոփոխության համաձայն՝ 2018 թ. հունվարի 1-ի դրությամբ առկա գերավճարի եւ գերավճարից տարբերվող գումարի մնացորդը կվերադարձվի հարկ վճարողի միասնական հաշվին՝ առանց հարկ վճարողի դիմումի ներկայացման:
Քանի՞ գերավճար ունեցող հարկատուներ ունենք։ Ըստ ՊԵԿ-ի, իրենց տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ 2021 թ. մայիսի 1-ի դրությամբ գերավճար ունեցող հարկ վճարողների թիվը 35935 է, իսկ գերավճարի գումարը՝ 4549.3 հազար դրամ։ Ընդ որում, գերավճար ունեցող հարկ վճարողների շուրջ 89 տոկոսն ունեն 1 դրամից մինչեւ 100 հազար դրամ գերավճարներ, իսկ 35 հարկ վճարողներ ունեն 10 մլն դրամից ավելի գերավճարներ, որի ընդհանուր հանրագումարը կազմում է մոտ 1.800.0 հազար դրամ։
Մի խոսքով, այսուհետ 2018 թ. հունվարի 1-ի դրությամբ առկա գերավճարի եւ գերավճարից տարբերվող գումարի մնացորդը հարկ վճարողի միասնական հաշվին կփոխանցվի առանց հարկ վճարողի դիմումի ներկայացման, եւ հարկատուին հնարավորություն կընձեռնվի այդ գումարի հաշվին մարել նաեւ սոցիալական վճարի գծով պարտավորությունները: Նախորդ որոշմամբ սոցիալական վճարները մարվում էին բացառապես սոցիալական հաշիվներում առկա գումարներից: Հիմա գումարներն ավտոմատ կփոխանցվեն հարկատուների հաշիվներին, որոնք միայն մեկ անգամ դիմում ներկայացնելուց հետո կարող են դրանք վերցնել կամ տնօրինել: