Խորհրդային Հայաստանի տարածքում ադրբեջանական Բարխուդարլու ու Սոֆուլու գյուղերի անկլավը ձեւավորվել է 1929-ից հետո, երբ լուծարվեց Անդրկովկասի երեք հանրապետությունները միավորող Անդրֆեդերացիան, եւ ձեւավորվեցին առանձին խորհրդային հանրապետությունները: Մինչ այդ վերոհիշյալ գյուղերը ներառված էին Դիլիջանի գավառի մեջ: Հայկական գավառի տարածքում էր ներառված նաեւ Ջողազի ջրամբարի հարեւանությամբ գտնվող Գավազան ամրոցը, որի ստորոտում մինչ օրս պահպանված է հայկական խաչքարերով գերեզմանոցը:
Մահմեդական այդ գյուղերը հայկական տարածքների քարտեզի վրա հայտնվել են դեռ 19-րդ դարի վերջերին: Ինչպես Դաշտային Ղարաբաղի որոշ հատվածներ, այնպես էլ բուն Հայաստանի վերոնշյալ հատվածն ադրբեջանցիները զավթել են աստիճանաբար՝ արածատեղիների որոնման նպատակով քոչելով եւ հաստատվելով բարենպաստ հարթավայրային գոտիներում: Տեղաբնակների հետ անընդմեջ էթնիկ բախումների հետեւանքով մեծաքանակ ադրբեջանցիներին հաջողվել է հայերին դուրս մղել հարթավայրերից դեպի լեռնային եւ անտառային գոտիներ:
Նման բնակատեղիներ էլ առաջացել են ներկայիս Ազատամուտ, Ոսկեպար, Աճարկուտ եւ Կիրանց գյուղերի հարեւանությամբ: Խորհրդային տարիներին Հայաստանի Տավուշի մարզում ձեւավորվեցին Ազատամուտ եւ Կայան բնակավայրերը, որոնց մի քանի շինություններ, ըստ ԽՍՀՄ քարտեզների, նախկին ադրբեջանական անկլավային հատվածներում են:
Տեղի բնակիչները պնդում են, որ իրենք ոչ մի խնդիր չունեն եւ չեն էլ պատկերացնում, որ իրենց բնակավայրերի որոշ շենքեր կարող են անցնել ադրբեջանական վերահսկողության ներքո: Կայան բնակավայրի բնակիչներն իրենց այցելած լրագրողներին հայտնեցին, որ սեփական հողերն են մշակում հայ-ադրբեջանական շփման գծի հենց հարակից տարածքում եւ երբեք չեն լքի դրանք: Ազատամուտ գյուղի մշակովի հիմնական հողերը նախկին անկլավային տարածքներում են: Կայանի բնակչի խոսքով, ով չցանկացավ ներկայանալ, այդ տարածքները միշտ էլ հայկական են եղել, եւ եթե հողերի վերադարձման խնդիր լինի, ապա Ադրբեջանը պետք է վերադարձնի հենց իրենց բանավանի ուղղությամբ սահմանից այն կողմ՝ Ղազախի հարեւանությամբ գտնվող հին հայկական խոշոր բնակատեղիները:
Կայանի բնակիչը հայտարարեց, որ երբեք չեն համակերպվի նման որոշման հետ եւ ինչպես 30 տարի հաստատակամորեն պաշտպանել են իրենց բնակավայրի հարակից սահմանները, այդպես էլ շարունակելու են պաշտպանել մինչեւ վերջ:
Նախկին անկլավային տարածքների հարակից գյուղերի բնակիչները երկու աղետալի պատերազմներից հետո չեն պատկերացնում, որ հնարավոր է խորհրդային տարիների նման հարեւանությամբ ապրել ադրբեջանցիների հետ՝ միեւնույն ժամանակ հիշելով, որ այն տարիներին նույնպես խնդիրներ էին լինում էթնիկ հողի վրա: Նրանք չեն հավատում, որ սահմանազատման գործընթացի հետեւանքով իրենց բնակավայրերը եւ հողատարածքները կարող են տուժել:
Առաջին արցախյան պատերազմից հետո ՀՀ Տավուշի մարզի հատվածում Ադրբեջանի հետ գծվել է շփման գիծ, որը գործում է մինչեւ այսօր: Ձեւավորվելով պատերազմական իրավիճակում՝ ներկայիս սահմանը ավելի շատ Հայաստանի համար լուծում է անվտանգային խնդիրներ՝ պաշտպանության համար անհրաժեշտ բարձունքների առկայությամբ: Այդ շփման գծից այն կողմ են մնացել ոչ միայն Արծվաշենը, այլեւ Հայաստանի այլ տարածքներ, որոնք ամրագրված են նաեւ խորհրդային քարտեզներով: Հայկական պատմական ահռելի տարածքների կորստի մասին խոսելու դեպքում, պատմաբանները կարող են հիմնավոր փաստարկներով հարցականի տակ դնել Ադրբեջան պետության գոյությունն ընդհանրապես: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ բոլոր դեպքերում սահմանների դեմարկացիայի գործընթացը տասնամյակներ է տեւում, եւ եթե դրանում հաշվի առնվի աշխարհագրական նպատակահարմարության գործոնը, ապա Հայաստանի նպաստավոր սահմանային դիրքերը կարող են բարելավվել: