Մինչեւ հոկտեմբերի 15-ը Սեւանից լրացուցիչ 50 տոննա սիգ կորսվի։ Այս տարվա սեպտեմբերի 2-ի՝ կառավարության նիստում փոփոխություն արվեց 2019 թ. նոյեմբերի 21-ի եւ 2020 թ. սեպտեմբերի 29-ի որոշումներում, եւ, ըստ շրջակա միջավայրի նախարարության հիմնավորման, այդ փոփոխությունները պայմանավորված են 2021 թ. մարտի 25-ից մեկնարկած՝ Սեւանա լճում սիգի արդյունագործական որսի գործընթացի իրականացման կարգավորման անհրաժեշտությամբ։
2021 թ. Սեւանա լճում արդյունագործական որսի իրականացման համար սահմանված է եղել 250 տոննա չափաքանակ, արդյունագործական որսն իրականացվել է 2021 թ. մայիսի 14-ից, եւ, ըստ ՇՄՆ-ի, կնքվել է 303 պայմանագիր 221164 կգ սիգի արդյունագործական որս իրականացնելու համար. որսն իրականացնելու համար սահմանվել եւ կահավորվել են 25 կետեր, փաստացի որսն իրականացվել է 19 կետից։ Որսի իրականացման վերջնաժամկետ էր սահմանվել 2021 թ. սեպտեմբերի 1-ը: Սահմանված չափաքանակից շուրջ 29 տոննա սիգի համար հայտ չի ներկայացվել: Ներկայացված հայտերի շրջանակներում 2021 թ. օգոստոսի 31-ի դրությամբ առկա է որոշ չափաքանակ (շուրջ 20 տոննա), ինչը պայմանագիր կնքած ձկնորսները չեն հասցրել որսալ մինչեւ սեպտեմբերի 1-ը: Արդյունագործական որսի կազմակերպման եւ իրականացման ընթացքում աշխատանքային կարգով շարունակական քննարկումներ են կայացել շրջակա միջավայրի նախարարի, Գեղարքունիքի մարզը ներկայացնող ԱԺ պատգամավորների, Գիտությունների ազգային ակադեմիայի, «Սեւան» ազգային պարկի, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցների, ձկնորսների եւ այլ շահագրգիռ անձանց հետ ընթացքում ծագած խնդիրները հասկանալու եւ դրանց լուծման համար անհրաժեշտ փոխհամաձայնեցված տարբերակի որոշման ուղղությամբ։ Եվ քննարկումների արդյունքում առաջարկվել է որսի ժամկետները սեպտեմբերի 1-ը սահմանելու վերաբերյալ ձկնորսների կողմից հնչեցված դժգոհությունների, ինչպես նաեւ սոցիալական խնդրի կարգավորման նպատակով վերանայել օգտագործման համար սահմանված չափաքանակը եւ պայմանագրերի գործունեության ժամկետները։ Ձեռք է բերվել համաձայնություն 2021 թ. համար սիգի արդյունագործական նպատակներով չափաքանակն ավելացնել եւս 50 տոննայով, ու որսի իրականացման ժամկետը երկարաձգել մինչեւ հոկտեմբերի 15-ը՝ հնարավորություն ընձեռելով օրինապահ ձկնորսներին՝ սահմանված կարգավորումներին համապատասխան իրականացնել սիգի արդյունագործական որս:
Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը համաձա՞յն է այս որոշմանը, եւ արդյոք լրացուցիչ որսը չի վտանգի ռազմավարական առումով առանց այդ էլ ոչ լավ վիճակում գտնվող մեր սիգի գոյապաշարը։ Այս հարցերի պատասխանները ստանալու համար «ՀՀ»-ն դիմեց կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանին։
Նա նախ տեղեկացրեց, որ ինքն այդ ժամանակ Հայաստանում չի եղել, բայց իր հետ կապ է հաստատել նախարարը եւ խոսել իրավիճակից։ Նախարարը լրացուցիչ որսի անհրաժեշտությունը բխեցրել է նաեւ սոցիալական գործոնից։ «Մեր գիտական կենտրոնին օգոստոսի 30-ին նամակ էին ուղարկել, եւ մենք պատասխանել ենք նախարարին, որ խիստ հսկողության դեպքում չենք առարկում սիգի որսաչափն ավելացնել եւս 50 տոննայով: Միաժամանակ հարկ ենք համարում շեշտել, որ սիգի որսի տեւողությունը պետք է սահմանել մինչեւ 2021 թ. հոկտեմբերի 15-ը, քանի որ ժամկետների երկարաձգման դեպքում կվտանգվեն սիգի նախաձվադրային կուտակումները, որոնց ձեւավորումը սկսվում է հոկտեմբերին, իսկ դա, բնականաբար, բացասաբար կանդրադառնա սիգի ձվադրող վտառի, իսկ հետագայում նաեւ սիգի ողջ պոպուլյացիայի վրա»:
Բ. Գաբրիելյանը տեղեկացրեց նաեւ, որ նախարարը ցանկացել է որսի տեւողությունը սահմանել մինչեւ նոյեմբերի 1-ը, բայց ինքը բավարար է համարել 1.5 ամսվա ժամանակահատվածը՝ սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 15-ը։ «Բայց, կրկնում եմ, խիստ հսկողության պայմանով միայն»,- շեշտեց գիտական կենտրոնի ղեկավարը։ «Բայց այդ, այսպես կոչված, «խիստ հսկողության» պատկերը Երեւանում մենք տեսնում ենք անգամ որսի արգելված շրջանում, երբ սիգի վաճառքը փողոցներում ազատ է, ու «ՀՀ»-ն մեկ անգամ չէ, որ այդ մասով ահազանգեր է հնչեցրել»՝ «ՀՀ»-ի դիտարկմանն ի պատասխան՝ Բ. Գաբրիելյանը նկատեց, որ չի կարող չհամաձայնել մեզ հետ։ Մեկ այլ դիտարկում եւս. արդյո՞ք նախարարությունն ունի այդ խիստ հսկողության հնարավորությունը։ «Նախարարը վստահեցրեց ինձ, որ պայմանավորվել է ոստիկանության հետ, եւ խիստ հսկողությունն անպայման կլինի»,- շեշտեց կենտրոնի ղեկավարը։
Գանք սիգի ռազմավարական պաշարի վտանգման մասին վերոհիշյալ մեր հարցին։ «Եթե վերահսկողությունը ըստ պատշաճի արվի, լրացուցիչ 50 տոննան խնդիր չի առաջացնի։ Բայց դրանից ավելին մենք ոչ մի դեպքում չենք համաձայնի։ Նախարարին ասել եմ այս մասին, խոսել եմ նաեւ նախորդ չպահպանված նորմերի մասին, երբ մանրաձուկ էր որսվում, բոլորս ենք նաեւ տեսել ձկնկիթի վաճառքը, եւ, ի դեպ, ձեր թերթն էլ է այդ մասին ահազանգել ու ոչ մեկ անգամ… Ինչեւէ, համենայնդեպս, նախարարը վստահեցրել է, որ խիստ հսկողություն անպայմա՛ն կլինի, եւ սիգի ձվադրումն էլ կապահովվի»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ, ըստ «Սեւանա լճում սիգի արդյունագործական փորձարարական ձկնորսության» կարգի, ձկան քաշը պետք է լինի 400 գրամից ոչ պակաս, որսը պետք է իրականացվի 40 մմ եւ ավելի ցանցավանդակի կառուցողական քայլ ունեցող դնովի ցանցերով, դեկտեմբեր-հունվարին սահմանվելու է խիստ հսկողության ռեժիմ՝ ձկների ձվադրման գործընթացն ապահովելու համար, ձկնորսական լողամիջոցները լիճ մուտք եւ ելք են կատարելու դրանց համար հատուկ առանձնացված տեղամասերից, մուտքի եւ ելքի տեղամասերում հսկողություն իրականացնող տեսուչը համապատասխան մատյանում լրացնելու է տվյալ օրը լիճ մուտք գործած լողամիջոցի, ձկնորսի տվյալները։