Երբ հայ ժողովուրդը 1988 թ. ոտքի կանգնեց հանուն Արցախի հետ վերամիավորման, ըստ էության՝ դրսեւորեց ոչ թե հակախորհրդային գործունեություն, այլ ազատություն տվեց տասնամյակներով անթեղած իր ազատատենչ զգացումներին: Հայն իր պատմության ընթացքում երբեք չի գործել «դեմ» սկզբունքով, միշտ հանդես է եկել «հանունի» դիրքերից եւ նույնիսկ սեփական ազատության համար սկսած պայքարում, որը նրա համար բարձրագույն արժեք է, երբեք միտված չի եղել ուրիշների դեմ, չի ատել, սակայն ցանկացել է հասնել արդարության եւ ունենալ այն, ինչն իրենն է եղել պատմականորեն: Հայը ոչ թե գողացել է, այլ պահանջել է իրենից գողացվածը: Այդ պահանջը հաճախ միամտաբար արել է առանց զենքի՝ հավատալով համամարդկային արժեհամակարգի սկզբունքներին: Առավել եւս, որ արցախյան նոր շարժման դեպքում խոսքը նույն պետության շրջանակներում պատմական արդարության վերականգնման մասին էր, ինչը հեշտ լուծելի էր թվում: Պարզվեց՝ թվում էր…
Գողը ձգտում էր պահպանել գողացածը: Դրա համար գործի էին դրվում տարբեր զենքեր: Հայի դեմ ելնում էին՝ փորձելով ստրկացնել, փորձելով հեռացնել նրան իր ազգային ակունքներից եւ այդ կերպ նրա մեջ սպանելով ազատատենչ ոգին, ձգտելով նրան պարտադրել կեղծ պատմություն, այն պատմությունը, որն իրենք են հորինել, ձգտելով ուժեղների հետ հարաբերություններում կենտրոնանալ տնտեսական շահերի վրա ու դրանց օգնությամբ մարել հայ ժողովրդի՝ հանուն ազատության սկսած շարժումները: Կենտրոնը՝ Մոսկվան, տրամադրված չէր լուծել հարցը, իսկ դրանից թեւեր առած Բաքվին թվում էր, թե հայոց ազատագրական շարժումը կարող է խեղդել արյան մեջ: Ոսոխը զենք կիրառեց հայ ժողովրդի դեմ, իսկ մեր պայքարը սկսվեց «քարից ու քարով»: Դա մեր առաջին զենքն էր, մեր ինքնապաշտպանության առաջին միջոցը: Թշնամուց խլեցինք իր զենքն ու օգտագործեցինք մեր ինքնապաշտպանության նպատակով: Եվ ազատության համար պայքարն ուղղվեց անկախության համար պայքարի հուն: Դա նշանակում էր, որ այլեւս չէինք հավատում, թե ուրիշները կարող են լուծել մեր ազգային խնդիրները: Հայ ժողովրդի իղձերը թանկ են միայն իր համար, եւ նա պետք է իր խոսքն արտահայտելու հնարավորություն ունենա: Առանց քաղաքական անկախության դա հնարավոր չէր անել, ինչի մասին են խոսում նաեւ նախորդ դարասկզբին տեղի ունեցած իրադարձությունները, երբ ուրիշները սեփական բանակցությունների ու դրանց արդյունքում ստորագրված համաձայնագրերում առուծախի ենթարկեցին հայկական հողերը՝ դրանք նվիրելով նրա թշնամիներին, որոնք առանց այդ էլ ապրում էին հայոց հողերի վրա:
1991 թ. սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդն անցկացրած հանրաքվեով ի լուր աշխարհի հայտարարեց, որ այլեւս երբեք ուրիշներին թույլ չի տա որոշումներ կայացնել իր փոխարեն, որ սկսած այդ պահից՝ ինքն է իր տերը, ինքն է որոշելու, թե ինչպես է ուզում ապրել: Անկախությունը նշանակում է բացարձակ ազատություն որոշումների կայացման եւ դրանց իրականացման գործում, եւ հայ ժողովուրդը պատրաստ էր ստանձնել պատասխանատվությունն իր իսկ ապագայի համար:
Այն մասին, ինչ տեղի ունեցավ մինչեւ 1994 թ., երբ ստորագրվեց կրակի դադարեցման համաձայնագիրը, բոլորին է հայտնի: Հայ ժողովուրդը ջարդեց իր վրա բարձրացված ձեռքը, բայց չոչնչացրեց բարոյալքված թշնամուն՝ համաձայնվելով դադարեցնել իր ռազմական գործողությունները, որոնք հենց թշնամու կողմից էին պարտադրվել: Ընդամենը մի քանի օր, եւ սարսափելի արագությամբ ճողոպրող հակառակորդը կապիտուլյացիայի կենթարկվեր, սակայն Ադրբեջանին հնարավորություն տրվեց վերագնահատել սեփական մոտեցումները: Կրկին ապավինեցինք բարոյականության սկզբունքներին, որոնք հասանելի չէին ադրբեջանական «ուղեղներին»: Տեղի ունեցավ նոր պատերազմ, մենք թանկ արյուն թափեցինք եւ կորցրեցինք հայրենիքի մի մասը: Այդպես էլի է եղել, երբ բարձրացել ենք ծնկած տեղից, բայց այն, ինչ տեղի ունեցավ թշնամու կողմից, պարզապես անմարդկային երեւույթ է: Մեզ փորձում են զրկել հայրենիքից, ազատությունից, անկախությունից, խոսքի իրավունքից, բայց թշնամական ճամբարից ոչ ոք չի անհանգստանում, որ այդ կերպ մեզ ստիպում են ատել իրենց: Դա հետեւանքներ անպայման կունենա: Թուրքական, պակիստանյան զենքի ու զորքի, վարձկանների, իսրայելական զինական աջակցության շնորհիվ առաջընթաց արձանագրած Ադրբեջանին թվում է, թե նրանք միշտ օգնության կգան: Կամ գուցե դրա անհրաժեշտությունը չեն զգում, որովհետեւ իրենք փաստացի արդեն Թուրքիայի մի մասն են դարձել: Ադրբեջանը 1918 թ. ստեղծվել է ցեղասպան Թուրքիայի կողմից՝ որպես պլացդարմ օգտագործման հեռահար նպատակով: Թուրք Նուրի փաշայի կողմից նրան տրված Ադրբեջան անվանումը քաղաքականություն է՝ ուղղված Իրանի դեմ, որովհետեւ նրանք ցանկանում են տարածքային պահանջներ ներկայացնել Իրանին՝ կապված Ատրպատականի հետ: Եվ դա այսօր կատարվում է: Այսպիսով՝ Ադրբեջանի նպատակն արցախյան պատերազմի դեպքում թուրքական ծավալապաշտական քաղաքականությանը ծառայելն էր, դա էր նրա պարտականությունը: Եվ նրա զավակների արյունն ամենեւին էլ կարեւոր չէ թուրքերի համար, որոնք առանց խղճի խայթի թափում են այն՝ քանզի դրա իրավունքն ունեն. ժամանակին մի կտոր ոսկոր են նետել նրան:
Անկախության կորուստն այդ երկրի համար ցավագին չէ, որովհետեւ նրա բնակիչները ազգ չեն, հետեւաբար, չունեն ազգային նպատակներ: Չկարողանալով հիմնավորել իրենց ակունքները՝ «տառապելով» տարբեր հորինված վարկածների արանքում, նրանք որոշել են, որ ավելի լավ է՝ թուրք լինեն: Միանգամից մոռացել են իրանական ադրբեջանցիներին, աղվանական արմատների փաստարկը հօդս է ցնդել… Բայց ժամանակավորապես: Մինչեւ այն պահը, երբ իրադարձությունները կհուշեն լինել մեկ ուրիշը… Իսկ մեզ համար անկախությունը բացարձակ արժեք է: Ուրեմն՝ անհրաժեշտ է վեր կենալ ծնկած տեղից ու հնչեցնել սեփական խոսքը: Հանուն նաեւ այն բանի, որ մենք անկախ պետություն ենք ու ինքնուրույն ենք որոշումներ կայացնում:
Որպես անկախ պետություն՝ Հայաստանի Հանրապետությունն անհրաժեշտ քայլեր կանի իր ժողովրդի անվտանգության հաստատման համար: Այդպես չի կարող չլինել, անկախ նրանից, թե որ ուժերն են իշխանության ղեկին: Բայց որպեսզի դա այլընտրանք չունենա, մենք ունենք գործեր, որոնք կիսատ ենք թողել:
Անհրաժեշտ է երիտասարդության մեջ սերմանել, որ անկախությունը առաջին հերթին սեր է սեփական ժողովրդի յուրաքանչյուր զավակի նկատմամբ, իսկ առանց այդ սիրո հնարավոր չէ հայրենասեր լինել: Փողոցում, հերթի մեջ, աշխատավայրում, բնակավայրում, մի խոսքով՝ ամենուր մենք պետք է մտածենք միմյանց մասին, հոգ տանենք, խնայենք իրար: Հեռանանք բառերից ու արտահայտություններից, որոնք մեր առօրյայի մասն են դարձել, բայց չեն բխում մեր էությունից: Արարենք՝ հարգելով ու սիրելով միմյանց, այն արժեքները, որոնց համար հպարտանում ենք: Դա անենք իրականում, այլ ոչ թե խոսքերով: Այդպես կզգանք մեր միասնության ուժը, վստահ կլինենք, որ հզոր ենք, անպարտելի, եւ թշնամին վախից չի համարձակվի հարձակվել մեր անկախության վրա: Այլ կերպ ասած՝ մենք պետք է փոխենք մեր վերաբերմունքը բոլոր հարցերում: Մեր հնարավորությունների սահմաններում վեր բարձրացնենք նրան, ով ընկել է: Որովհետեւ տարիներ անց նրա սերունդներից մեկը կարող է տաղանդավոր գիտնական, զորահրամանատար, մշակութային գործիչ, մարզիկ լինել եւ փառք բերել մեր երկրին: Երբ խնայում ենք միմյանց, փրկում ենք ապագա գիտնականներին, գյուտարարներին, մարշալներին եւ այլոց, ովքեր կարող են նոր մակարդակի հասցնել մեր երկիրը եւ նոր շունչ հաղորդել միացյալ հայրենիքում ազատ եւ անկախ ապրելու մեր իրավունքին: Նաեւ առաջ մղենք նրանց, ովքեր կարող են հաջողություններ արձանագրել այս կամ այն ոլորտում: Նախանձելու փոխարեն՝ հպարտանանք, հրելու փոխարեն՝ օգնենք:
Թշնամական քաղաքականության մեջ առանցքայինը մեզ հորինված պատմություն պարտադրելն է: Մենք պետք է կատարյալ տիրապետենք լեզվին ու մեր պատմությանը, ոչ միայն հպարտանանք մեր պատմամշակութային ժառանգությամբ, այլեւ դրանց մասին ամեն ինչ իմանանք ու փոխանցենք մեր սերունդներին: Կրթական համակարգը պատասխանատու է, թե այդ առումով ինչպիսին է վիճակը մեր հասարակության մեջ:
Կարեւոր է նաեւ այն, թե ովքեր են այսօր առաջնորդում մեր երիտասարդներին: Խորհրդային դպրոցն անցած մարդիկ հաճախ են նշում, որ երբ իրենք դուրս էին գալիս զբոսնելու Աբովյան փողոցում, որոշակի ժամերի կարող էին հանդիպել մեր մեծերին՝ Իսահակյանին, Չարենցին, Շիրազին, Սեւակին եւ այլոց: Եվ զբոսնելու էին գնում հենց այդ ժամերին: Նրանք՝ այդ մեծերը, մեր կյանքի օրինակներ էին. խորհրդային դաստիարակությունն ստեղծել էր արժեքներ, որոնց հետ հանդիպումներն իսկական տոն էին, որոնց նմանվելը, նրանց ճանապարհով գնալը ձգտում էր ցանկացած մարդու, ցանկացած ծնողի համար: Մենք հիմա պետք է ինքներս մեզ հարց ուղղենք, թե արդյոք ստեղծե՞լ ենք այնպիսի օրինակներ, ովքեր անհրաժեշտ պահին կարող են առաջնորդել մեր ժողովրդին խավարով լի այս աշխարհում, ովքեր կարող են օրինակ լինել, թե ում պետք է ցանկանանք նմանվել: Գուցե ստեղծել ենք, բայց այդ օրինակներն արդյոք դարձե՞լ են Անկախության շենքի հիմքի մի մասնիկը: