44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակին աջակցության կարգով տրամադրված սպառազինության համալրումն առաջնային է երկու հանրապետությունների անվտանգության մակարդակը բարձրացնելու տեսանկյունից: Ավելին` այն պարտադրված քայլ է՝ հաշվի առնելով սպառազինության այն մրցավազքը, որում ներգրավված են մեր երկու հարեւանները: Տարածաշրջանային զարգացումներն Իրանին նույնպես ստիպել են առաջին պլան մղել ռազմական արդյունաբերությունը եւ դրա ժամանակակից բաղադրիչը՝ ռազմական նանոտեխնոլոգիաները. վերջինի զարգացածության մակարդակով մեր հարավային հարեւանն աշխարհում 6-րդ հորիզոնականում է: Առերեւույթ պակաս ռազմականացված թվացող Վրաստանն ահռելի աջակցություն է ստանում ՆԱՏՕ-ի եւ նրա անդամ պետությունների ռազմական ոլորտներից:
ՀՀ ռազմական պոտենցիալը մեծացնելու համար ոչ միայն պետք է պաշտպանական բյուջեն ավելացվի, այլեւ ռազմական արդյունաբերությունը խթանող օրենսդրական եւ ինստիտուցիոնալ հիմքերը զարգացվեն: Ժամանակակից սպառազինության համատեքստում Հայաստանն ունի մեծ պոտենցիալ, այն զարգացնելու եւ իրացնելու համար ընդամենն անհրաժեշտ է բավարար պայմաններ ստեղծել: Նոր տեխնոլոգիաներով ռազմական արդյունաբերության զարգացման համար Հայաստանում կա առաջնային բաղադրիչը՝ գիտական տեխնոլոգիական ներուժը, եւ այդ ոլորտում կան արդեն իսկ գործող տնտեսավարողներ: Վերոնշյալ ներուժն արդյունավետ օգտագործելու դեպքում այն կարող է դառնալ արդյունաբերության առաջատար ճյուղերից մեկը եւ մրցակցային լինել նաեւ աշխարհում օրեցօր աճող ռազմարդյունաբերական արտադրանքի շուկայում:
Հետպատերազմյան եւ համավարակով պայմանավորված իրավիճակում ՀՀ պետական բյուջեում մոտ 12 տոկոս ռազմական բաղադրիչն ավելացնելը նշանակալի է, սակայն այն վերականգնվող ոլորտի համար բավարար չի կարող լինել՝ հաշվի առնելով նաեւ փաստը, որ Ադրբեջանն իր ռազմական բյուջեն ավելացրել է 50 տոկոսով, ինչին զուգահեռ ռազմական անհատույց աջակցություն է ստանում նաեւ Թուրքիայից եւ Իսրայելից:
Կառավարության վերջին նիստում չզեկուցվող հարցերի թվում ընդունվեց մի որոշում, որով գործադիրը պահուստային ֆոնդից 3.903.812.7 հազ. դրամի չափով ավելացումներն ուղղեց պաշտպանության նախարարության կողմից իրականացվող «Ռազմական կարիքների բավարարում» միջոցառմամբ նախատեսվող ծախսերի ֆինանսավորմանը: Բնականաբար, որոշումը շատ կարեւոր եւ ողջունելի է: Նման քայլերը նպատակաուղղվելու են ՀՀ պաշտպանունակության բարձրացմանը, ինչը հատկապես հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի կատարած ագրեսիվ քայլերի համատեքստում առաջնային անհրաժեշտություն է:
Պատերազմից հետո ադրբեջանաթուրքական զույգը շատ արագ գիտակցեց, որ օկուպացնելով Արցախի զգալի տարածքը` ավելի է խորացրել հակամարտությունը, եւ ներկայում մտահոգություն ունի, որ հայկական կողմը ռազմական գործողություններով հետ կվերցնի այդ տարածքները: Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ վարչապետը մի քանի անգամ հայտարարել է, թե Հայաստանը տարածքներ գրավելու նպատակ չունի, թյուրքական զույգը մտահոգված է ՀՀ բանակի հզորացմամբ եւ պաշտպանունակության բարձրացմամբ: Ինչպես նոյեմբերի 23-ին իր ասուլիսում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ադրբեջանական կողմը, իր «ավագ եղբոր» հորդորով, բանակցություններում պարբերաբար պնդում է, որ Հայաստանի կողմից սեփական իրավունքների, ինքնիշխանության պաշտպանությունը վտանգավոր է: Թյուրքական կողմի այս մտահոգությունը հասկանալի է եւ հիմնավոր, եթե նպատակադրված են հետագայում էլ հարաբերությունների հարթեցման գործընթացում առաջնորդվել ապակառուցողական թեզերով: Իսկ Հայաստանի Հանրապետության բանակը եղել է նորանկախ Հայաստանի կայացման կանթեղը եւ մնալու է նրա անվտանգության հիմնական գրավականը: Հայաստանի զարգացումը հնարավոր չէ պատկերացնել առանց պաշտպանունակության մակարդակի բարձրացման: