Արցախյան երրորդ պատերազմից հետո մեզ թշնամի Ադրբեջանի ԶԼՄ-ներում Հայաստանին ու Արցախին վերաբերող հատվածների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արհեստածին պետության սլաքներն ավելի շատ ուղղված են Հայաստանին, քանզի այնտեղ Արցախի հարցն արդեն լուծված են համարում։ Սյունիքը, Սեւանն ու Երեւանը «ադրբեջանական պատմական հողեր» համարելով՝ նրանք պետության ղեկավարի մակարդակով հայտարարում են, որ շուտով «հետ են բերելու իրենց հողերը», որովհետեւ արդեն հաղթել են «հայկական ֆաշիզմին», եւ իրենց ճանապարհն այլեւս բաց է։ Թուրքիան, հասկանալի է, սատարում է ադրբեջանական այս գործողությունները։
Հեռահար նպատակով մտածված այլ թեզեր էլ են շրջանառվում, օրինակ՝ իբր հումանիտար եւ տնտեսական համագործակցությունը կլուծի քաղաքական հարցերը։ Իբր ենք ասում, քանզի չկա նման բան, չկա՛ն զուտ տնտեսական հարցեր, դրանք բոլորն էլ քաղաքական փաթեթավորում ունեն։ Ավելին՝ այս տարածաշրջանում բոլոր հարցերը՝ մշակութայինից սկսած, կրթականով շարունակած եւ տնտեսականով ավարտած, ունեն աշխարհաքաղաքական պատճառներ։ Երբ տարիներ առաջ ահազանգեցինք, թե պետք է զգոն լինել, քանզի Ադրբեջանը հայերենի խորացված ուսուցմամբ դասընթացներ է սկսում, խորքությամբ առումով ուշադրության չարժանացանք։ Թե ինչ եղավ արցախյան պատերազմի ընթացքում, շատերս լսած կլինենք մեր զինվորներից, երբ հաճախ չեն տարբերել թշնամուն, որովհետեւ վերջինս հայերեն է խոսել եւ այլն…
Գործարար շրջանակների հետ մեր զրույցները ցույց են տալիս, որ նրանց մեծամասնությունը խորքային գիտակցում է թուրք-ադրբեջանական տանդեմի հետ համագործակցության անհնարինությունն ու վտանգավորությունը` հենց այդ տանդեմի իսկ նպատակներից ելնելով։ Հստակեցնենք՝ գործարար շրջանակներ ասելով նկատի ունենք իրապես գործ արարողներին, ոչ թե զուտ առ եւ տուր անողներին։
«Աշխարհագրական առումով Զանգելանը Արեւելյան Զանգեզուրի մաս է կազմում եւ գտնվում է Արեւելյան Զանգեզուրում։ Արեւմտյան Զանգեզուրը եւս մեր պատմական հողն է եւ այդ տարածքով անցնելու է Զանգեզուրի միջանցքը»,- այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահը 2021 թ. ապրիլի 27-ին: Հայատյացության թյուրքական այս բացահայտ քաղաքականության պայմաններում համագործակցություն հնարավո՞ր է։ Տնտեսագետները միանշանակ պնդում են՝ ո՛չ, այդ «համագործակցությունը» քաղաքական ու տնտեսական բռնածավալում է Հայաստանի հանդեպ։ Եվ, ի դեպ, ոչ միայն Հայաստանի։ Պատմական փաստերի բացահայտ աղավաղումը նշանակում է, որ այսօր խաթարված է եւ ապագայում շարունակելու է խաթարվել անվտանգությունը տարածաշրջանում։
ՀՀ ՄԻՊ-ը մայիսի սկզբին հայտարարեց, որ ավարտել է 297 տեսանյութի ու լուսանկարի վերլուծությունը հայկական կողմի զինծառայողների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական վայրագությունների, հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացման ու անարգանքի վերաբերյալ: Այդ տեսանյութերն ու լուսանկարները, մասնավորապես, վերաբերում են (լրացում` նույն մարդու կամ հուշարձանի կարող է մեկից ավելի տեսանյութ կամ լուսանկար վերաբերել). ա) 98-ը կենդանի վիճակում գերիներին խոշտանգելուն ու արժանապատվությունը նվաստացնելուն, բ) 17-ը գլխատումներին ու սպանություններին, գ) 32-ը զոհվածների մարմինների նկատմամբ անարգանքին եւ մարմնի մասերի անդամահատումներին (օրինակ՝ ձեռք կամ ականջ կտրել), դ) 54-ը գերեվարվածների սոցիալական ցանցերի էջերի կառավարմանը, այդ թվում՝ ատելության տարածմանը եւ գլխատված զինծառայողի լուսանկարը վերջինիս էջով տարածելուն, ե) 49-ը Արցախի քաղաքացիական բնակավայրերի ու անտառածածկ տարածքների դեմ արգելված, այդ թվում՝ քիմիական տարրեր պարունակող զանգվածային ոչնչացման զինատեսակների կիրառությանը, զ) 26-ը հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության, այդ թվում՝ հուշարձանների եւ եկեղեցիների ոչնչացմանն ու վանդալիզմին, է) 12-ը այն կայքերի ու սոցիալական ցանցերի (Տելեգրամ, Ինստագրամ եւ այլն) էջերի, որոնցով տարածվում էին ատելություն, թշնամանք բորբոքող, ինչպեսեւ հայկական կողմի գերիների նկատմամբ ադրբեջանական դաժանությունների տեսանյութեր կամ լուսանկարներ, ը) 9-ը պատերազմին վարձկան ահաբեկիչների ներգրավմանը կամ մասնակցությանը:
Ըստ ՄԻՊ-ի` ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական կողմի գերիների նկատմամբ խոշտանգումներն ու դաժանությունները, անմարդկային վերաբերմունքը կատարված են էթնիկ ատելության շարժառիթներով: Այսինքն՝ դրանք կատարվել են միայն այն պատճառով, որ զոհերը հայ են եղել: Նույն սկզբունքով ոչնչացվել ու վանդալիզմի են ենթարկվել հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգությունը, այդ թվում՝ հուշարձաններն ու եկեղեցիները:
Եվ թյուրքական տարրն այս ամենից հետո խոսում է, որ պատրաստ է համագործակցությա՞ն եւ մեր հանրության մի շերտ էլ հավատո՞ւմ է, որ տնտեսական «համագործակցությունը» լավ կլինի մեզ համար։ Թե՞ մեր ռազմագերիների ու քաղաքացիական անձանց գլխատումներն ու խոշտանգումները «համագործակցության» նախադրյալ են։ Կամ միգուցե թշնամու հայատյացության համակարգված քարոզն ու ցեղասպան քաղաքականությո՞ւնն են «համագործակցության» անհրաժեշտ գրավականը:
Ցավոք, ստիպված ենք ի մի բերել այս փաստերը: Հասկանում ենք, որ նորից ու նորից մեզ բոլորիս հոգեկան տառապանք ենք պատճառում: Բայց այս ցավն անհրաժեշտ է՝ հասկանալու, որ պատերազմն իրապես դեռ չի ավարտվել եւ, ըստ այդմ, զգոն լինելու: Մենք հոգնատանջ լինելու եւ թմրելու իրավունք չունենք: Շատ գործ կա անելու: Տնտեսապես հզորանալ է պետք: Մեր երկիրը տարեկան միայն շուրջ 3 մլրդ դոլարի եկամուտ ունի, այն պարագայում, երբ պետական պարտքն արդեն 9 մլրդ դոլարի սահմանագծին է մոտենում: Եվ այս լրջագույն խնդիրները լուծելու փոխարեն մտածել «համագործակցության» ոչ ճիշտ ուղղությունների մասին առնվազն հայավնաս է: Կան այլ ուղղություններ՝ ձեւավորված սահմանակարգերով, հստակ կառուցվածքով, ներուժով, հեռանկարներով եւ, ինչու ոչ, նոր՝ մեզ ձեռնտու հարթակներով: Եթե ուշադիր լինենք, նաեւ մեզ առաջարկվող նպաստավոր ծրագրերով (հնդկական, իրանական ու չինական կողմերի «մեսիջներին» վերջերս ենք անդրադարձել,- Ա.Մ.): Պարզապես աշխատե՛լ է պետք: