30 տարի առաջ ապրիլի 6-ին Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ: Երեկ Երեւանում անցկացվեց «Հայաստան-Չինաստան. վերաիմաստավորելով դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը» խորագրով գիտաժողովը։ Այն կազմակերպվել էր «Չինաստան-Եվրասիա» քաղաքական եւ ռազմավարական հետազոտությունների խորհրդի (Հայաստան), Համաշխարհային սոցիալիզմի ինստիտուտի, Միջազգային հետազոտությունների դպրոցի, Ռենմին համալսարանի (Չինաստան) կողմից ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության աջակցությամբ։ «Չինաստան-Եվրասիա» քաղաքական եւ ռազմավարական հետազոտությունների խորհրդի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու Մհեր Սահակյանի խոսքով՝ գիտաժողովի նպատակն է քննարկումների ընթացքում մշակել կոնկրետ առաջարկներ երկկողմ հարաբերությունների զարգացման բնագավառում։
Շանհայի համագործակցության կազմակերպության հարեւանության, բարեկամության եւ համագործակցության գծով կոմիտեի գլխավոր քարտուղար Ջեն Վեյի համոզմամբ՝ անցկացվող միջոցառումն իր ներդրումը կունենա նոր դարաշրջանում հայ-չինական հարաբերությունների զարգացման հարցում։ «Այս երեսուն տարվա ընթացքում մեծացել է սերունդ, որը մեծ դեր է կատարում Հայաստանի եւ Չինաստանի հարաբերությունների զարգացման գործում։ Ինչպիսի միջազգային իրադրություն էլ լինի, մենք միշտ իրար հասկանում ենք, հարգում եւ աջակցում»,-ասաց Վեյը։ Նա հայ-չինական լավ համագործակցության գաղտնիքը համարում է երկու ժողովուրդների եւ երկրների դավանած համամարդկային բարձր արժեքներ կրելը։
Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, կարեւորելով դիվանագիտական հարաբերությունների 30-ամյա հոբելյանի նշումը, ընդգծեց, որ մենք ունենք հազարավոր տարիների մարդկային հարաբերությունների պատմություն. «Հայերը եւ չինացիները երկու հնագույն ժողովուրդներ են, եւ մենք շատ բան ունենք՝ կիսվելու միմյանց եւ աշխարհի հետ»։ ՀՀ նախկին վարչապետը նշեց, որ հեռանկարում պետք է մտածել երկու պետությունների միջեւ ներդրումային գործունեությունը խթանելու մասին, որը կնպաստի ենթակառուցվածքների, ճանապարհների, երկաթգծերի զարգացմանը։
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանն ընդգծեց, որ ֆորմալ առումով կարող ենք խոսել հարաբերությունների երեսուն տարվա պատմության մասին, սակայն մշակութի եւ կրթության մասով ժողովուրդների փոխհարաբերությունները հաշվվում են հազարամյակներով։ «Բազմաթիվ աղբյուրներ կան, որոնք վկայում են հայ-չինական հարաբերությունների մասին։ Անկախացումից հետո մեր երկրների միջեւ հարաբերությունները միայն զարգացել են եւ ընդգրկել նոր ոլորտներ»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ նախարարությունն ունի ուսանողների փոխանակման հատուկ ծրագիր, որի շնորհիվ հայ ուսանողները հնարավորություն ունեն սովորելու Չինաստանի բուհերում, որտեղից վերադառնալով՝ կարող են իրենց գիտելիքներով աջակցել երկու երկրների միջեւ փոխհարաբերությունների զարգացմանը։ Իրականացվում են նաեւ բազմաթիվ կրթական եւ մշակութային միջոցառումներ։
Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանի համոզմամբ՝ հայ-չինական հարաբերությունները ներկայումս առավել քան երբեւէ ունեն վերարժեւորման անհրաժեշտություն։ Արեւելագիտության ինստիտուտը նշանակալի ներդրում ունի այս ոլորտում, կան փոխգործակցության երկարաժամկետ գիտական ծրագրեր Չինաստանի եւ Հայաստանի գիտական կենտրոնների հետ։
ՀՀ-ում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յունը լրագրողների հետ զրույցում նշեց, որ օրերս երկու կողմերը ստորագրել են համաձայնագիր, որը վերաբերում է ոչ միայն անցած երեսուն տարվան, այլեւ առաջիկա տարիների համար շարունակական համագործակցությանը։ Դեսպանը շատ մեծ կարեւորություն տվեց երկու երկրների խաղաղ հարաբերությունների զարգացմանը բոլոր ուղղություններով՝ դիվանագիտական, քաղաքական, տնտեսական։
Վերջին տարիների ընթացքում նկատել են Չինաստանի կատարած ներդրումները Հայաստանում, հատկապես հանրային ավտոբուսների մասով։ Այս պահին չինական գործարանները պատրաստվում են ներդրումներ կատարել Հայաստանի ենթակառուցվածքների, մասնավորապես՝ արեւային էներգիայի ոլորտում։ Հարց հնչեց, թե արդյոք Չինաստանը հետաքրքրություն ունի՞՝ համագործակցելու Հայաստանի հետ ռազմարդյունաբերության ոլորտում, ինչին Ֆան Յունը արձագանքեց, որ իրենք մեզ հետ համագործակցում են տարբեր ոլորտներում, բայց երրորդ երկրներին չվնասելու սկզբունքով։ «Երկկողմանի հարաբերություններում շատ կարեւոր է փոխադարձ հարգանքը։ Հաշվի առնելով, որ վերջին 30 տարիներին մեր համագործակցությունը շատ ամուր է եղել, ակնկալում ենք, որ առաջիկա երեսուն տարիների ընթացքում եւս միայն լավ հարաբերություններ կունենանք։ Երբեւիցե բախումներ չեն եղել մեր երկու երկրների միջեւ»,-ընդգծեց դիվանագետը՝ հավելելով, որ շատ հայ երիտասարդներ են հետաքրքրություն ցուցաբերում չինարենի եւ չինական մշակույթի հանդեպ, ինչը նպաստելու է երկու երկրների միջեւ հարաբերությունների էլ ավելի ամրապնդմանն ու խորացմանը։