Համաշխարհային բանկի վերջին զեկույցի համաձայն՝ Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշը 4 անգամ պակաս է այդ կառույցի՝ այս տարվա հունվարի կանխատեսումից։ Փոխարենը ավելի բարձր են Վրաստանի եւ Ադրբեջանի ցուցանիշները։ Ինչի հետ է կապված մեր ցուցանիշի նվազումը, եւ որն է իրական պատկերը։ Համենայնդեպս, ինչպես մեզ հետ զրույցում հավաստեց տնտեսագետ Կարեն Սարգսյանը, իրականում պատկերն ավելի բարվոք է միջազգային այդ կառույցի կանխատեսումից։
Բանն այն է, որ, ըստ մասնագետի, Համաշխարհային բանկի գարնանային զեկույցի համաձայն՝ Հարավային Կովկասում կանխատեսվում է 2022 թ. տնտեսական աճի թուլացում մինչեւ 2.4 տոկոս՝ 2021 թ. այս տարածաշրջանի աճի գրեթե մեկ երրորդը: Մասնավոր սպառումը կնվազի տրանսֆերտների կորստի եւ գնաճային ճնշումների պատճառով՝ պարենային ապրանքների կտրուկ բարձր գների պայմաններում: Ուկրաինայում ընթացող պատերազմը խաթարում է նաեւ առեւտրի եւ դրամական փոխանցումների բնականոն հոսքերը, իսկ ապրանքների արտահանման ոլորտը բավական մեծ չափով կտուժի ինչպես պատերազմից առաջացած արժեշղթաների խաթարումից, այնպես էլ Ռուսաստանի տնտեսության թույլ արտաքին պահանջարկով պայմանավորված: Նմանապես սպասվում է, որ ծառայությունների արտահանումը եւս կթուլանա պատերազմի եւ հետագա ճանապարհորդական սահմանափակումների պատճառով, մասնավորապես ռուս զբոսաշրջիկների, որոնք կազմում են Վրաստանի զբոսաշրջիկների ավելի քան 10 տոկոսը եւ Հայաստանի՝ 33 տոկոսը (2018-21 թթ. միջին ցուցանիշներով):
Հարավային Կովկասի տարածաշրջանի հաջորդ տնտեսական հարվածն առնչվում է հիմնական ապրանքների ներկրումներին եւ առաջ է բերում կարճաժամկետ հեռանկարում մատակարարումների հետ կապված ռիսկեր՝ հաշվի առնելով Հարավային Կովկասի կախվածությունը ռուսական ներմուծումից, մասնավորապես՝ ցորենից։
Անդրադառնալով Հայաստանին՝ Համաշխարհային բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշը 2022 թ. կանխատեսվում է 1.2 տոկոս, ինչը 4 անգամ պակաս է այս կառույցի 2022 թ. հունվարի կանխատեսումից: Ընդ որում՝ Վրաստանում այս ցուցանիշը կանխատեսվում է 2.5 տոկոս, իսկ Ադրբեջանում՝ 2.8 տոկոս:
«Համաշխարհային բանկն ինչով է պայմանավորում այն հանգամանքը, որ հարավկովկասյան 3 հանրապետություններից Հայաստանն առաջիկայում ավելի շատ է բախվելու տնտեսական անբարենպաստ հետեւանքների հետ՝ զուտ ռուսական կողմից տնտեսական կախվածությա՞ն գործոնով».- «ՀՀ»-ի հարցին ի պատասխան Կարեն Սարգսյանը նշեց. «Ըստ ՀԲ զեկույցի՝ հարավկովկասյան 3 հանրապետություններից Հայաստանն առաջիկայում ավելի շատ կբախվի տնտեսական անբարենպաստ հետեւանքների հետ՝ պայմանավորված Ռուսաստանի հետ ունեցած իր առավել սերտ կապերով՝ ապրանքների առեւտրի, տրանսֆերտների, ՕՈՒՆ-ի, ֆինանսական գործարքների եւ զբոսաշրջության ոլորտներում։ Բացի այդ, Ռուսաստանի կողմից հայտարարված մի շարք գյուղատնտեսական ապրանքների, մասնավորապես հացահատիկի գծով արտահանման սահմանափակումները որոշ երկրների համար, այդ թվում՝ Հայաստանի, կարող են ավելի ուժեղացնել սպառողական շուկայում գնաճային ճնշումները: Այնուամենայնիվ, ըստ Համաշխարհային բանկի՝ նշված բացասական ազդեցությունների մի մասը կարող է չեզոքացվել ռուս միգրանտների, մասնավորապես, կրթված եւ հմուտ աշխատուժի մեծ ներհոսքի դրական ազդակի հաշվին, ինչը մոտ ապագայում կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ մասնավոր սպառման աճի, իսկ միջնաժամկետ եւ երկարաժամկետ հատվածում՝ աշխատաշուկայում աշխատուժի առաջարկի ընդլայնման միջոցով»։
Ըստ էության, Համաշխարհային բանկի կանխատեսումը Հայաստանի մասով բավական վատատեսական է, սակայն իրականում, ինչպես շեշտեց տնտեսագետը, «պատկերն համեմատաբար ավելի բարվոք է»:
Փաստացի, նրա խոսքերով, թեեւ ռուս-ուկրաինական հակամարտությունն իր բացասական ազդեցությունն անշուշտ թողնում է մեր տնտեսության վրա, սակայն Ռուսաստանից եւ Բելառուսից զբոսաշրջիկների աննախադեպ մեծ հոսքը, որոնց թվաքանակը 2022 թ. առաջին եռամսյակում կազմել է շուրջ 249000, էապես կնպաստի մասնավոր հատվածի պահանջարկի աճին՝ մանրածախ առեւտրի եւ ծառայությունների ոլորտում։
«Իսկ եթե հաշվի առնենք, որ դրանց զգալի մասը նաեւ ՏՏ ոլորտի մասնագետներ են եւ մտադիր են ՀՀ-ում գործունեություն ծավալել, ապա կարծում եմ՝ մոտ ժամանակ ականատես կլինենք այս ոլորտում աճի բարձր ցուցանիշի: Հաշվի առնելով վերոգրյալը, կարծում եմ՝ Հայաստանում 2022 թ. տնտեսական աճի միջին ցուցանիշը կլինի տարածաշրջանի համար նախատեսված տնտեսական աճին մոտ»,- եզրափակեց Կ. Սարգսյանը: