Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը, ինչպես նաեւ Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատը երեկ համագործակցության պայմանագրեր ստորագրեցին Չինաստանի արտաքին առեւտրի կենտրոնի հետ, որի առանցքային ուղղություններից մեկը լինելու է աջակցությունը Չինաստանի ներմուծման եւ արտահանման տոնավաճառի (Canton Fair) կազմակերպմանը: Ըստ կնքված երկկողմ համաձայնագրի՝ երեկ անցկացված Կանտոնի տոնավաճառի առցանց իրազեկման միջոցառման շրջանակներում Հայաստանի գործարար համայնքին ներկայացվեց անհրաժեշտ տեղեկատվություն տոնավաճառին մասնակցելու պայմանների ու հնարավորությունների վերաբերյալ:
Չինաստանի ներմուծման եւ արտահանման ապրանքների 131-րդ տոնավաճառը՝ «Համատեղելով ներքին եւ միջազգային կրկնակի շրջանառությունը» թեմայով, այս տարի անցկացվում է ապրիլի 15-24-ն առցանց ձեւաչափով։ Այս տարվա տոնավաճառին ներկայացված են ռեկորդային՝ ավելի քան 2.9 միլիոն ապրանքներ, ներառյալ ավելի քան 900 000 նոր ապրանքներ եւ 480 000 ցածր ածխածնային կանաչ արտադրանք:
Հայաստանում ՉԺՀ-ի դեսպանության առեւտրատնտեսական հարցերով խորհրդական Վան Ռուջուանի խոսքով, Կանտոնի տոնավաճառի 65 տարվա պատմության ընթացքում տեղի են ունեցել բավականին շատ իրադարձություններ. արագ զարգացել են առեւտրային հարաբերությունները տարբեր երկրների հետ, ինչը նպաստել է, որ այդ տարիների ընթացքում սրընթաց զարգանա նաեւ Չինաստանի տնտեսությունը։ «Չինաստանը Հայաստանի համար համարվում է երկրորդ ամենամեծ առեւտրային հարթակն ու գործընկերը։ Երկար տարիներ շարունակ այդ միտումը պահպանվում է։ Հայաստանի ապրանքանիշները բավականին մրցունակ են չինական շուկայում։ Ուրախ եմ, որ այժմ հնարավորություն ունենք անմիջապես համագործակցելու, որպեսզի հայ արտադրողները հնարավորություն ունենան ներկայացնելու իրենք ապրանքները չինական շուկայում»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ այս համագործակցությունը կնպաստի երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը։
ՉԺՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանության առեւտրային ներկայացուցիչ Արտաշես Պետրոսյանի գնահատմամբ, փաստաթղթի ստորագրումը կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը արդյունաբերական, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ոլորտներում։ «Նոր հիմք դրվող հարաբերությունների շնորհիվ կատարվելու է փորձի փոխանակում, որը շատ կարեւոր է Հայաստանի համար, քանի որ աշխարհի առաջատար տնտեսություն ունեցող երկրի փորձի կիրառումը կարող է խթան դառնալ Հայաստանի տնտեսության զարգացման գործում»,- շեշտեց նա։
«Համագործակցության հուշագրի ստորագրմամբ հնարավորություն կստանանք մեկ անգամ եւս խորությամբ հասկանալու չինական շուկայի առանձնահատկությունները, ներկայացնելու հայկական ապրանքները չինական շուկայում, եւ ամենակարեւորը՝ երկու երկրների գործարարները կփորձեն փոխհամագործակցության միջոցով ավելացնել ապրանքաշրջանառությունը»,- ասաց Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։ Այնուհետեւ նա անդրադարձ կատարեց հայ-չինական պատմական առնչություններին տնտեսական ոլորտում՝ հիշեցնելով, որ երբ ճանապարհորդ Մարկո Պոլոյին վերջապես հաջողվում է Մետաքսի ճանապարհով հասնել Չինաստան, զարմանում է, որ հայ վաճառականներն արդեն իսկ այնտեղ աշխատում են եւ կապ ստեղծում եվրոպական շուկաների հետ։ Կարեւորելով ներկայումս վերաբացվող եւ վերագործարկվող Մետաքսի ճանապարհը՝ որպես չինական կառավարության ռազմավարական ծրագիր, Ղազարյանը նշեց, որ Հայաստանը եղել է խաչմերուկ, եւ այսօր պետք է փորձենք մեր դերը վերականգնել, ինչպես նաեւ նպաստենք արեւմուտք-արեւելք տնտեսական կապերի եւ ծրագրերի ամրապնդմանն ու վերագործարկմանը։
Չինաստանի արտաքին առեւտրի կենտրոնի գլխավոր ֆինանսական տնօրեն, Կանտոնի տոնավաճառի գլխավոր քարտուղարի տեղակալ Յե Ջիջյանի ներկայացմամբ, Կանտոնի տոնավաճառը կարեւոր հարթակ է Չինաստանի եւ աշխարհի այլ երկրների ու տարածաշրջանների հետ տնտեսական, առեւտրային համագործակցություն իրականացնելու համար եւ հայտնի է որպես «Բարեկամության կապ» ու «Առեւտրի կամուրջ» անուններով։ Տոնավաճառն իրականացվում է առցանց, օգտագործելով առաջադեմ տեղեկատվական տեխնոլոգիաները, ինչը թույլ է տալիս հաղթահարելու ժամանակի եւ տարածության սահմանափակումները։ Միաժամանակ հնարավորություն է ստեղծվում ապահովելու 24-ժամյա անխափան ցուցադրություն, նաեւ բանակցություններ կազմակերպելու եւ անցկացնելու ավելի մեծ հարմարավետություն եւ ավելի ցածր ծախսատարություն։ «Դրա շնորհիվ գնորդներն ու ցուցադրողները կարող են տանը նստած գնել եւ վաճառել ամբողջ աշխարհում»,- ընդգծեց Կանտոնի տոնավաճառի գլխավոր քարտուղարի տեղակալը։
Նշենք, որ Չինաստանի ներմուծման եւ արտահանման տոնավաճառը, որը հայտնի է որպես Կանտոնի տոնավաճառ, հիմնադրվել է 1957 թ. եւ կազմակերպվում է Չինաստանի արտաքին առեւտրի կենտրոնի համակարգմամբ: Այն անցկացվում է յուրաքանչյուր տարվա գարնանն ու աշնանը՝ Չինաստանի Գուանչժոու քաղաքում եւ համարվում է Չինաստանի ամենահեղինակավոր ցուցահանդեսը` իր պատմությամբ, մասնակիցների քանակով, ոլորտների ընդգրկմամբ, արդյունքներով: 65 տարվա ընթացքում այն առեւտրային հարաբերություններ է հաստատել աշխարհի ավելի քան 220 երկրների եւ տարածաշրջանների հետ: Ընդհանուր արտահանման ծավալը կազմել է մոտ 1.5 տրլն ԱՄՆ դոլար, իսկ արտասահմանյան գնորդների ընդհանուր թիվը հասել է 9 միլիոնի։
Ինչ վերաբերում է այս տարվա ցուցահանդեսին, ապա այստեղ ներգրավված է մոտ 25 հազար ձեռնարկություն Չինաստանից եւ արտերկրից, այդ թվում՝ ավելի քան 2100 բրենդային ձեռնարկություններ եւ 20 հազար հայտնի ձեռնարկություններ։ Ստեղծված են 50 ցուցահանդեսային տարածքներ՝ ըստ ապրանքների 16 կատեգորիաների, որոնք ներառում են 8 հիմնական ոլորտներ՝ էլեկտրոնիկա, շինանյութեր եւ տնային կահավորում, արդյունաբերական արտադրություն, կենցաղային՝ տնային սպառում, տեխնիկա, նորաձեւություն, առողջություն եւ ժամանց, առեւտրի ծառայություններ: Կանտոնի պաշտոնական կայքը հնարավորություն է տալիս ծանոթանալու առցանց ցուցահանդեսին, ապահովում է սպառող-գնորդների կապը եւ միջազգային էլեկտրոնային առեւտրի իրականացումը: Հնարավոր է նաեւ մասնակցել կոնֆերանսներին, տեղեկատվություն ստանալ նոր արտադրանքի թողարկման մասին, միանալ վիրտուալ ցուցասրահին եւ այլն: